вторник, 16 августа 2016 г.

Հարազատ գնդակը սրտում հեռացած բոլոր Ոստիկանների հիշատակին

Չէ՜,
Մա՛հ չէր դա -
Սա՜ռն, անարյո՜ւն,
Արտացոլա՛նք չէր ներապրած,
Մի աստղիկ էր տիեզերքում,
Որ փայլփլեց ու…թվաց թե
հեռացավ:

Չէ՜,
Աստղը վերից հողին չընկա՜վ,
Որ ցավ չտա սպասումների աչքերին,
Պողպատն առած իր սրտի տակ
Լո՜ւռ  միացավ ամպերին:

Չէ՜,
Չե՛մ սխալվում,  տա՜ք էր, այրո՜ղ,
Սի՛րտը մտած գնդակը,
Դրանի՛ց էր, որ ամաչե՜ց
Ուսին փայլող մետաղը…

Չէ՜,
Գնդակը օտարի՛ չէր,
Որ արյան մեջ թունանար -
Հարազա՜տ էր, բայց և մա՛հ էր՝
Դրանի՜ց էր ցավը շատ:

Չէ՜,
Չի՛ քայլի՝
Հողի վրա Ոտնահետքեր էլ չի թողնի-
Ուրիշ մեկի կյանքի համար թրթռացող հևքը,
… Քեզ խավարից տո՞ւն կտանի
Օտար մեկի ձեռքը…

Չէ՜,
Անսիրտ չէ՝
Հյուրընկալ է հողը մեր՝
(Մենք էլ գիտենք իր գինը)
Չարի հոգին է  ընդունում,
Բարու – միայն մարմինը…

Չէ՜,
Չի խամրի ուսադիրի
Չվայելած տարիների լույսը…           
Կայրի՛, Մոխի՛ր կդարձնի
Թմբիրի մեջ գտնվող
Արյան ծարավ հույսը…

Չէ՜,
Մա՛հ չէր դա -
Սա՜ռն, անարյո՜ւն,
Արտացոլա՛նք չէր ներապրած,
Մի աստղիկ էր տիեզերքում,
Որ փայլփլեց ու…թվաց թե
հեռացավ:


Ս.Ումառ-Հարությունյան

Комментариев нет: