суббота, 27 августа 2016 г.

Քո սիրո աշխարհը

Դու քո աշխարհն ունես Սիրո,
Գիտես զարտուղի  ճանապարհները նրա,
Իսկ աշխարհն այս բի՜րտ,
Անբարո՜,
Քեզ չի ընդունում որպես հարազատ…

Փո՛ս ես փորում, որ ծառ տնկես -
Իրականում դու երկրի արգանդն ես քչփորում,
Ի՞նչ դուրս կգա
Դեռ չգիտե՜ս
Չէ՞ որ հյուր ես այս կյանքում:

Հյո՜ւր ես,
Հյո՜ւր ես, մի՛ կասկածիր -
Քեզ հյուրի պես չես պահում…
Մեկ աստղին ես ձեռքդ գցում,
Մեկ լույս փնտրում  խավարում…

Մի սիրտ ունես, այն էլ հիվանդ,
(Չգիտես ե՞րբ կանգ կառնի)
Դու՛ռն ես փնտրում հավերժության
Մոռանալով՝
Տիեզերքում մի ստվեր ես մրջյունի…

Քեզ անծանո՜թ է երկրի կյանքը…
Եվ առանց Սեր՝
Երեկոն է անծանոթ…

Խաբվում ես բախտի նվերի
փաթեթավորմանը -
Նվերն առանց բացելու շպրտում մի կողմ:


Ս.Ումառ-Հարությունյան


Комментариев нет: