Երբ մայրը կա՝ հենա՛կ ունես, պատվա՛ր ունես անսասան,
Տառապանքդ ո՛չ թե կիսող -
Չեզոքացնող ուրվական:
Քեզ համբուրող մոր շուրթերը ուրիշ գո՜ւյն ունեն, ուրիշ
բո՜ւյր,
Մորդ քեզ ծածկող մատները
Ունեն մեկ ուրիշ ջերմություն:
* * *
Լռությո՞ւն է,
թե՞ թվում է, որ մեծ «աղմուկ» է լսվում,
…Դա մայրական քնքո՜ւշ սիրտն է,
Միայն քեզ համար բաբախում:
Քեզ փորձանքից հեռու պահող Մոր շուրթերն են
մրմնջում,
Խոնավ աչքն է՝ քեզ կարոտող
Առանց արցունք լաց լինում:
Խաչակնքող մո՛ր ձեռքերն են այդքան «աղմուկ»
բարձրացում,
Մորդ սպասող
տա՜ք հայացքն է
Քեզ անընդհատ տուն կանչում:
Մոր անցկացրած ամբողջ կյանքը՝ կա՜նչ է, կարո՜տ
ահռելի,
Մոր սրտի զարկն արձագանքն է
Քո կատարած քայլերի:
* * *
Թող անիծվի վերջին պահը, երբ մոր «աղմուկն» է լռում,
Երբ մայրերի ուրվականը
Մեր մեջ կարոտ է դառնում:
… Հիմա գիտեմ թե կարոտը ի՞նչ հզո՛ր է ու դաժա՜ն,
Գիտեմ ի՞նչ է հեռո՜ւն, մո՜տը,
Կարոտո՜ւմ եմ քեզ, մա՜մ ջան:
Վաղո՜ւց եմ ես դարձել հայրիկ, պա՛պ եմ դարձել,
մայրի՜կ ջան,
Բայց վերմակս ծածկող ձեռքիդ
Կարոտո՜ւմ եմ անսահման:
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий