среда, 21 октября 2015 г.

Թող ճախրի բազեն

Թող ճախրի բազեն

Թող ճախրի բազեն,
Գեղեցիկ է ճախրում՝ բազեյին վայել,
Ինչո՞ւ ես նրան ցած բերում,
Ընտելացնո՜ւմ,
Փորձում ստրկացնել:
Թե՞ մտածում ես, որ բազեի համար
Մարդ արարծը սողուն է թվում:

Ի՛նքդ թևեր առ, ի՛նքդ բարձրացիր,
Ինչպես հոգիդ է թռչում առանց երթուղի,
Առանց կանգառի,
Առանց ուղեկցորդ,
Թե՞ համոզվել ես, որ
Սողալու համար ծնված էակը
Թռչել չի՛ կարող:

Գե՛տն էլ է հոսում
(Կասեի սողում)
Ջրաղացներ է պտտում հսկա,
Ծայրեր չունեցող դաշտեր է ջրում
և պղտորվում է և պարզ է լինում՝
Այնքա՜ն,
Որ աչքի բիբի պես նայում է վրադ,
Մեկ ծո՛վ է դառնում,
Մե՛կ՝ օվկիան ազատ,
Մեկ հոգուդ նման հանկարծ կատաղո՜ւմ,
Ափերից ելնում
Ու ավերում է ամե՜ն սարքած բան,

Փորձի՛ր ստրկացնել՝ ճահիճ կդառնա…

Այդպե՛ս է կյանքում՝
Ստրուկ սարքելը վայել չէ մարդուն,
Ցանկացա՛ծ ստրուկ
Պահը երբ որ գա,
Դաշույնը ձեռքին
Մա՛հդ կդառնա…


Ս.Ումառ-Հարությունյան



Комментариев нет: