воскресенье, 29 ноября 2015 г.

Դու կլռե՞ս…



Լռությունը դատա՜րկ աշխարհ է՝
Անկյանք մի հայացք ուղղված առաստաղին,
Լռությունն անկեղծություն է-
Սառն ինչպես մատներն անցյալի:

Մենախոսությունը տխուր աչքերը չեն,
Որ նայում են չոր պատերին ու զրուցում,
Մենախոսությունը մենությունն է,
Երբ սիրտն է կոկորդում բաբախում:

Երբ դատում ես քեզ, որ այսօր ուրի՛շ ես,
Այսօր մի գի՛րք ես կարծես քրքրված,
Մի քիչ տխո՜ւր ես…
Մի քիչ ուրա՜խ ես…
Բայց չես հասկանում -
Ինչո՞ւ են էջերդ խառնվել այսքան…

Լռությունը հիշողության  լեզուն է՝
Փաղաքշական խոսքի սպասող  շան քոթոտ,
Տրտունջի նման լավագույն -
Մութի ու լույսի սահմանագծի մի նեղ արանքում:

…Աչքերդ կփակես -
Լուսնին տեսնելով,
Երբ դրսում արև է՝ անցյալի նման,
Կփակվես մենության ծածկոցով ՝
Չլսելու հոգոցը հարբած գիշերվա:

Դու կլռե՞ս
Թե՞ կբղավես լեզվով լռության.
- Ցմահ անիծվես դու
«Սպասո՜ւմ»,-
Լռությունն անկեղծությո՞ւն է,
Թե՞ ատամներովդ սեղմված լեզուն:


Ս.Ումառ-Հարությունյան


Комментариев нет: