Դրսում
ամառը դեռ պայքարում է իր գոյության համար…
Չհեռանալու համար…
Ներկայության համար…
Ամառն իր շոգ ձեռքերով
կախված աշնան կոկորդից փորձում է երկարացնել
իր տիրապետության ժամանակը…
Կծում է, հարվածում,
անձրևի տեսքով թափում է իր վերջին տաք արցունքներն ու
այնպիսի բղավոցներով է հարվածում ասֆալտին,
որ նորածին,
դեռ իրեն շատ թույլ զգացող աշունը,
ամռան հարվածներից
մի կերպ ծածկելով դեղնականաչավուն դեմքը՝
ցածրաձայն լաց է լինում,
անընդհատ կրկնելով.
- Վախենո՜ւմ եմ….
* * *
Հարգելի պատճառներով,
ձեռքդ ձեռքիս մեջ է…
Այլ կերպ լինել չի կարող,
քանի որ ես հովանոց չունեմ ու
քո հովանոցի տակ եմ…
Քո ձեռքը բռնել է հովանոցը,
իսկ անձրևն անընդհատ անհաջող փորձեր է անում մեզ թրջելու…
Զգում եմ զարկերակդ…
Զգում եմ քո շուրթերից
դեպի իմ շուրթերն
ընկած այն ահռելի հեռու ճանապարհը,
որը փողոցում
չի կարող կարճանալ ու
համբերությամբ
սպասում է իր ավարտին տաք ու կոկիկ քո սենյակում,
որտեղ արդեն
քանի հազար տարի է չեմ եղել…
Քամին պտտվում է մեր շուրջը,
հովանոցի տակ մազերդ բարձրանում ու հարվածում են
դեմքիս:
- Սիրո ձաղկումներ…
Հայացքդ հարցական բարձրանում է ուսիս վրայով հասնում աչքերիս:
- Ի՞նչ:
- Մազերիդ հետ եմ:
- Ա՜…
Անձրևախառը քամին կարծես իր անճարակությունից կատաղում է ու
մի նոր խաղ սկսում
շրջազգեստիդ հետ:
Այլ խոսքեր շշնջալու համար աշխարհ եկած շուրթերդ
ներողամտորեն
շշնջում են.
- Ապո՛ւշ…
- Ի՞նչ:
- Քամու հետ եմ, բարձրացնում է շրջազգեստս:
- Թո՛ղ խաղա,
ես էլ լինեմ չեմ դիմանա:
Հեռվից՝ մի
երեսուն քայլի վրա երևում է քո շենքի շքամուտքը՝
այնքա՜ն
հեռու,
այնքա՜ն
մոտ,
մի ամբողջ
հավե՜րժ ճանապարհ:
- Դու չե՞ս
հեռանա, անցած անգամվա նման:
- Ո՜չ:
- Իրո՞ք,
վախենո՜ւմ եմ…
* * *
Գիտեմ, որ քնած ես ձևանում…
մատներիդ բարձիկները գիշերվա նուրբ շուրթերի փափկությամբ
ուսս ձգել հպել են կրծքերիդ:
Մազերիդ ավելի համարձակ մի փունջ
հանգստանում է ականջիս վրա:
Արտաշնչածդ գոլ ու դուրեկան օդը
զարնվում է պարանոցիս:
Դեմքդ թաղել ես բարձին
ու չեմ կարողանում հասկանալ թե ի՞նչ ես տեսնում:
Ոտքերդ փաթաթվել են ոտքերիս
ու
չեմ կարողանում հասկանալ, թե որոնք են իմ ոտքերը,
որ մի կերպ, զգույշ, ցույց տալով,
որ հավատում եմ քո քնած լինելուն, վեր
կենամ անկողնուց ու
մոտենամ գրասեղանին…
Անհրաժեշտ է վեր կենալ,
հասկանում ես,
անհրաժեշտ է…
Բայց հանկարծ մի անզգույշ բառ կարող է սպանել մի ամբողջ գիշեր ու
առավոտյան ստիպել հեռանալու…
այլևս երբեք չվերադառնալու պայմանով…
ու դրանից ես իրոք
վախենո՜ւմ եմ…
* * *
Գիտեմ, որ քնած ես ձևանում…
Շնչառությունդ համաչափ չէ,
զգում ես մատներս,
շնչառությունս,
կրծքերիս անհանգիստ վիճակը…
Գիտեմ, որ ցանկանում ես վեր կենալ,
Մի՞գուցե ծխել ես ուզում…
Գիշերը իմն է, ես կարող եմ խանգարել գիշերվա անդորրը,
իմ շշնջոցով,
իմ քնաթաթախ ձեռքերով…
Ես գիտեմ հմայելու արվեստը…
Բայց եթե ցանկանում ես դուրս գալ անկողնուց, փորձի՛ր…
ես չեմ առարկի…
Դու իմ փափուկ խաղալիքն ես,
բայց հաճախ այնպես ես բռնկվում, որ ես,
ես իրոք
վախենո՜ւմ եմ…
* * *
Ժամանակը,
որը երբեք չի եղել, այս անգամ էլ չկար,
չէր երևում,
բայց գիշերվա սոպրանոյով
երգում էր.
- Հագնվելու
ժամանակ չունես,
մոտեցի՛ր, ի՞նչ
միտք էր քեզ տանջում,
հանձնի՛ր
թղթին ու…եթե ցանկանում ես
ես քեզ
անցած անգամվա նման կտանե՜մ…
նա քնա՛ծ է,
մի՛ անհանգստացի:
Մարմինս
մերկ ու հոգնած մի կերպ բարձրանալով մահճակալից,
բռնվելով գիշերվա
կրծքից, մոտեցավ գրասեղանին:
Գիշերն իմ
մերկությունի՞ց անհանգիստ շարժվեց,
թե՞ իրոք
լսեցի քայլերի ձայն:
Դիմացկուն
գիշերն անշարժ,
հետաքրքրասեր
աչքերով նայում էր դեպի ինձ մոտեցող,
ձեռքերում
մուգ կարմրավուն քառակուսիներով ծածկոց բռնած
մի այլ
մերկության…
- Գցի՛ր
վրադ, կմրսե՜ս…
Ս.Ումառ
Комментариев нет:
Отправить комментарий