понедельник, 8 сентября 2014 г.

ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈւՆ





Բանականությունս սրիկայի մեկն է, դաժան, անողոք, միշտ դանակը ձեռքին պատրաստ սպանելու ցանկացած իրեն դուր չեկող բան:
Բնավորությունս խոզի մեկն է, անվերադարձ սիրահարված է Մտքերիս ու ոչ մի գնով չի կարողանում ապրել առանց նրանց:
Մտքերս  նազելի ձիու նման գեղեցիկ են ու վրնջյուն, հիանալի կարողանում են կողմնորոշվել ցանկացած պարագայում, նույնիսկ ինձ թվում է թե իգական սեռի են, քանի որ իրոք գեղեցիկ են: Այստեղ պետք է հասկանալ Բնավորությանս վերաբերմունքը, ճաշակով է, ինչ խոսք:

Մտքե՜րս…
Մտքերս այսօր իրենց  լավ չեն զգում, մի տեսակ թույլ են, կարծես անկամք, ոչնչի կարիք չունեն, անփայլ աչքերով նայում են առաստաղին…
Չափում եմ մտքերիս տաքությունը՝ 38.6:
Հիմա հասկանալի է թե ինչու եմ արդեն երկու օր այս վիճակում:

Բանականությունս կատաղած քայլերով մտավ ներս, ես հասկանում եմ որ իրեն էլ պետք է հասկանալ, բայց ինչ կարող ես անել, հիվանդությունը ժամանակ է պահանջում:
- Ես ինչքան պետք է տանջվեմ առանց ձեզ, ինչու եք հիվանդացել, որտեղ է տեսնված որ Բանականությունը առանց մտքերի լինի:
- Մենք մեղավոր չենք, դե երևի վիրուս է, համատարած:
- Ինձ չի հետաքրքրում ես էլ իմ կյանքն ունեմ, ինչ է ուզում եք ինձ ժամանակից շուտ գերեզման իջեցնել:
- Ներեղություն, - ասաց  Բնավորությունս,- պատահում է բոլորի հետ, պետք է համբերել:
- Իսկ դու սուս մնա, ես քեզ ձայն չեմ տվել,- հետո Բանականությունը շրջվեց դեպի մտքերս ու շարունակեց.
- Ձեզ տալիս եմ մեկ գիշեր, լսեցիք, մեկ գիշեր, եթե ոտքի չկանգնեք, ես կմորթեմ ձեզ, այ այս դանակով,- հեռացավ վստահ քայլերով:

Գիշերվա երկուսն էր երբ Բնավորությունս զգույշ, հուշիկ քայլերով մոտեցավ, նստեց Մտքերիս անկողնուն ու ասաց.
- Խնդրում եմ, ձեզ, առողջացեք, ես շատ կվշտանամ եթե Նա ձեզ մորթի, ես կօգնեմ, աղաչում եմ, գիտեք թե որքան են աղոթել ձեզ համար:
Հետո էլի բառեր, բառեր, բառեր…
Մտքերս կամաց կամաց ոտքի էին կանգնում Բնավորությանս Խոզ աչքերի առաջ:
Վերջապես, երբ առավոտյան ժամը 8-ն էր, Մտքերս կազմ ու պատրաստ, առողջ տեսքով դիմավորեցին սուրճ բերող դաժան Բանականությանս:
Բանականությունս ցնծում էր:
Բնավորությունս հոգնած գիշերն ինձ տված ջերմ բառերից՝ ննջում էր անկյունում:
- Այդպես, քանի որ արդեն լավացաք, պետք է խնջույք կազմակերպենք, քեֆ ենք անելու, ու դրա համար մենք կմորթենք Բնավորությանն ու խորովածով կնշենք ձեր առողջանալը:
- Ինչու ինձ, - Բնավորությունս վախեցած նայում էր Բանականությանս:
- Որ քիթդ ամեն տեղ չխոթես, վերջ, ես իմ ասածի տերն եմ:

Ս.Ումառ

Комментариев нет: