понедельник, 8 сентября 2014 г.

ՀԻՇՈՂՈւԹՅՈւՆ







Ճանապարհները վերջ չեն ունենում, հատկապես գարնանը, նույնիսկ նրանք, որոնք քեզ տանում են փակուղի, դա վերջը չէ, որովհետև դու նորից շրջվում ես ու նորից քայլում նույն ճանապարհով:
Այս ճանապարհն էլ բացառություն չէ, ոլոր մոլոր, զառիթափ, վերելք, վայրեջք, որով քայլում են իմ հիշողության երեք քույրերը՝ Դառը հիշողությունը, Քաղցր հիշողությունը և Սերկևիլի համով հիշողությունը:
Ավագ քույրը՝ Դառը հիշողությունը, խիստ դեմքով է, հաստ ապակիներով ակնոցով, թողնում է լուրջ տպավորություն:
Միջնակ քույրը՝ Քաղցր հիշողությունը, որախ աղջկա աչքերով անընդհատ փնտրում է ինչ որ բան, երևի ճամփեզրին հաճախակի հանդիպող յուրահատուկ գույնով ծաղիկներ:
Կրտսեր քույրը՝ Սերկևիլի համով, մտախոհ է, անընդհատ նայում է ոտքերի տակ, բայց աչքի տակով կարծես հսկում է երկու քույրերին, չնայած համոզված է որ միևնույն է իրեն չեն լսելու ավագ քույրերը:

Ճանապարհը հոգնեցուցիչ էր, հուշում էր հանգիստ ու բոլորովին էլ պատահական չէր որ դիմացից երևաց ճյուղերը մինչև գետնին կախած մի ծեր, կյանքից հոգնած մի ծառ, որը շատ նման էր ինձ, մի մարդու որը ստիպված պետք է հյուրընկալեր իր հիշողություններին:

« Հիշո՞ւմ ես, երբ մի անգամ կինոդահլիճում, կինոյի ժամանակ համբուրվում էինք, ձեռքս ակամա մեկնվեց կրծքիդ, իսկ դու ետ քաշվեցիր ու ապտակեցիր ինձ.
- Մի՞թե սերը այդպիսին է լինում, դու ինձ ո՞ւմ տեղն ես դրել… »

« Հիշո՞ւմ ես, երբ մի անգամ կինոդահլիճում, կինոյի ժամանակ համբուրվում էինք, ձեռքս ակամա մեկնվեց կրծքիդ, իսկ դու ետ քաշվեցիր ու ասացիր.
- Կբղավեմ հաճույքից, խնդրո՜ւմ եմ, հիմա պետք չէ…»

« Հիշո՞ւմ ես, երբ մի անգամ կինոդահլիճում, կինոյի ժամանակ համբուրվում էինք, ձեռքս ակամա մեկնվեց կրծքիդ, իսկ դու ետ քաշվեցիր ու.
- Լսի՛ր, երբ մտանք դահլիճ ես նկատեցի որ կոշիկներդ թաց են, կմրսես, ուզում ես հանիր, մի կերպ չորացնենք, մութ է ոչինչ չի երևա…»

* * *
- Նստենք, այս ծերացած ծառի տակ, ինչքան էլ չլինի մի քիչ հով է այստեղ:
- Ինչ գեղեցիկ են կախվել ճյուղերը,
- Այս ծառը նույնիսկ ձմռանն է կանաչ լինում, հիասքանչ է:

Ծառն իր ճյուղերով փաթաթվեց ու կուլ տվեց հիշողության երեք քույրերին:

Ս.Ումառ

Комментариев нет: