вторник, 21 ноября 2017 г.

Մորս գիրկը մի արև՜… (ԵՐԱԶ)



Եկա՜վ…ու ասաց. «Եկե՜լ եմ»
Եկա՜վ, գալարվեց ճակատիս,
Արդյո՞ք շուտ չէր աճապարել
Ծերությունը ինձ այցի:

- Շո՜ւտ ես եկել ճակատս, տե՜ս,
Կնճիռներով պատեցիր:
- Շուտ չի՛,
Թե որ սիրտդ ցույց տամ ես քեզ-
Կսարսափես նայելիս:

Իրար վրա կնճի՜ռ-կնճի՜ռ
Սիրտդ կծիկ է դարձել,
Ծերությունը – ճակա՜տը չի…
Սի՜րտդ տարիքն է խոցել:

Այդ պահին էր՝ խոցված սիրտս
Մորս երգերը հիշեց,
Պա՜հ էր, հանկարծ մանկությո՜ւնս
Ճիչն իր վերջին արձակեց:

Երբ ճչացի՜-
Մայրս եկավ,
Վերցրե՜ց, կրծքին ինձ սեղմեց,
- Ի՞նչ է հոգիս, քեզ ի՞նչ եղավ,
Ո՞վ էր, որ քեզ վախեցրեց:

Մորս գիրկը մի արև՜ էր
Արև՜, որ մայր չի՛ մտնում,
… Մորս սիրտը լռությո՜ւն էր,
Մա՜յրս օրոր էր երգում…

Մորս տա՜ք ու ոսկեգո՜ւյն
Վարսերն ընկան ճակատիս,
Համոզվեցի՝ աշխարհում
Չունե՜մ ուրիշ սրտակից:

… Մա՜մ ջան, խո՜րթ է այս աշխարհը,
… Մա՜մ ջան,  օրորդ եմ ուզում,
… Մա՜մ ջան, սրտիդ խո՜սքն ու բառը
Թող գլորվե՜ն իմ սրտում…

* * *
Բացվող տխուր մի նոր օ՜ր էր
Իր լռությամբ անսովոր,
Մայրս չկա՜ր,
Առավո՜տ էր

Բիրտ ու դաժան շողերով…   

Комментариев нет: