пятница, 14 августа 2015 г.

Հոգիս խելագա՜ր, բարբարո՜ս ու խե՛նթ…


 Պատիվս է թառել ճակատիս,
Արքայական ձեռքերով
Քաշո՜ւմ է, սանձում օրերը կյանքիս-
Հոգիս թողնելով
Խե՜նթ ու բարբարոս:

Չի՛ լինի անել Պատվիս գահընկեց՝
(Ճանապարհ է անցել շատ երկար)
Լիլիթների հետ բոց ու հրակեզ
Թրծել է Հոգիս
Խե՜նթ ու խելագար:

Հոգիս Դյութանքից, Վայելքից  հարբած
Ջահել կույսերի մոտ պատանդ է եղել      
(Շատ է փորձության ենթարկել Աստված)
Եվ Մահացե՛լ է և
Հարությո՛ւն առել…

Այդպես հոգուս հետ՝ բոցով հրաշքի,
Նա ինձ-բալասան ես նրան-իմաստ,
Կարծես թե ելած հաղթական վազքի
Ելնում էինք վեր-
իրարով հարբած:

…Ինչպես Լիլիթը լքեց Ադամին,
Այդպես էլ Հոգիս մի օր ինձ լքեց,
Գնաց հանձնվեց խև Սատանային
Ու սատանաոտք
Վերադարձավ ետ:

Հենց այդ օրվանից Մարդակեր հողի
Եվայածնունդ հետնորդների հետ,
Կռիվն է սկսել իր բի՛րտ, կատաղի՛
Հոգիս՝ բարբարո՜ս,
Խելագա՜ր ու խե՛նթ…


Ս.Ումառ-Հարությունյան

Комментариев нет: