четверг, 13 августа 2015 г.

Հոգիս ու Խիղճս (բանաստեղծություն)


 Հոգիս ու Խիղճս
Վիճեցին մի օր,
Բախտին կարգելով որպես դատավոր,
Հետո էլ կարծես ձայն-ձայնի տված
Կո՜ւշտ ծիծաղեցին՝
Բախտից դատավո՞ր…

Պարզվում է Հոգիս
Շատ է լեզվանի
(Ուր էր թե Հոգիս հումոր ունենար …)
Խիղճս էլ կուշտ փորով
ծիծաղել գիտի
(Լավ կլիներ, որ ներքինի դառնար)

Հասկացանք իրար՝ քիչ է պատահում
Համահունչ լինեն Խիղճը ու Հոգին,
Օրինակ Խիղճս խնձոր է սիրում,
Հոգիս նախընտրում է
Որթը խաղողի…

Բաղե՛ղն է սիրում,
Ոտքերից մինչ վեր
Գինու վերածվող ավի՜շը արյան,
Սիրուց արբել է անընդհատ սիրում,
Խո՛րքեր է սիրում՝
Խո՜ւլ կառափնարան…

Սիրում է դեմքը թաղած կորերում
Մեկ ուրիշ հոգու մեջ
մեռնելու պա՜հը,  
(Խիղճս այդ պահին աչքերն է փակում)
Հոգիս այդպես է
Հասկանում մահը:

Խի՜ղճ, որ դու վերջ չունես,
Այդպես արդար չէ,
(Օվկիանը չի կարող երբեք վերջ լինել)
Իսկ Հոգուս վերջն ահա բարդու կատարն է՝
Միշտ գլխիկոր է
Քեզնից հեռացել …

Ո՜վ Խիղճ արարած,
Դո՞ւ ես կատարյալ
Թե՞ Հոգիս՝ հնազանդ բայց կրքոտ մի այր,
Հարի՛ր չէ հոգուս և քե՛զ անընդհատ
Կամակոր Բախտի առջև կռանալ…

Ս.Ումառ-Հարությունյան




Комментариев нет: