воскресенье, 16 августа 2015 г.

Տղամարդն այդ դյուցազուն…


Ոտաբոբի՜կ էր,
անխնա հագնված,
Կիսակոտրված
Աստիճաններին կանգնած,
Նայում էր հեռուն, այնքան սևեռո՜ւն,
Որ ինձ՝ փոստատարիս
Կարծես չէր տեսնում…

- Տղա՜ս, մեծերից մարդ կա՞,
Հեռագիր ունեք:
- Միգուցե ի՞նձ տաք,
Բայց ասեմ սկզբից, որ ես չգիտեմ
Ստորագրել, կարդալ:
- Քանի՞ տարեկան ես:
- Տասնմեկ չկամ:
- Դպրոց չե՞ս գնում:
- Ո՜չ, հեռո՜ւ է շատ,
Մայրս էլ հիվա՜նդ,
Խնամո՛ղ է պետք, իսկ ես
Տղամարդ…իսկ ի՞նչ է գրված
Հեռագրում այդ:

- Ռուսաստանի՛ց է, մահացել է
Երևի ձեզ ինչ-որ բարեկամ՝
Անդրանիկ  Քառյան:
- Հա՜յրս է,- բղավեց տղան,
Ձեռքով շոշափեց,
Գտավ շուռ տված մի դույլ
Ու նստեց վրան:

Ո՜չ, չէր արտասվում,
Իր բաժին արցունքը
Ես էի թափում, իսկ նա
Նայում էր հեռուն, այնքա՜ն սևեռուն,
Որ ինձ՝ փոստատարիս
Կարծես չէր տեսնում…

- Վաղո՞ւց չես տեսնում…
- Չե՜մ հիշում, մանկո՜ւց,
Բայց լավ հիշում եմ դեմքը հայրիկիս՝
Բարի ու կարծես արդար,
Ձեռքը մայրիկիս,
Որ կերակրում էր ինձ…
… Իսկ չի՞ լինի որ քեռի փոստատար,
Հեռագիրն այդ պատռես,
Մայրս չիմանա՜…
- Կլինի տղա՜ս, ինչպես կամենաս:

Ներսից մի կնոջ ցածր ձայն լսվեց.
- Որտե՞ղ ես Վարդան,
Ո՞ւմ հետ ես խոսում:
- Գալի՜ս եմ, մամ ջան,
Բան են հարցնում…

Պատռեցի դատարկ
մի թուղթ սևագիր,
Կտորտանքը դրեցի
տղայի ափում,
Մատները փակեց,
Ու սեղմեց կրծքին -
Տղամարդն այդ դյուցազուն…


Ս.Ումառ-Հարությունյան








Комментариев нет: