понедельник, 17 июня 2013 г.

Սատանայի ծխամորճը




Չարությունից դեմքի գույնը դաժանագույն է:
Ատամները դեղին, ցանցառ:
Շորերը պատառոտված են, բայց պարզ երևում է, որ հնամաշ չեն:
Տեսնես քանի՜ ձեռքեր են փորձեր արել պատառոտելու ու գրողի ծոցն ուղարկելու:
Քանիսին են հաջողվել, քանիսին՝ոչ:
Իր կարծիքով ժպտում է, բերանից էլ փչացած ատամի անտանելի հոտ է գալիս:
Ծալապատիկ նստել է աթոռիս ու նայում է:
- Բարև, եկա՛: Չե՛ս փոխվել: Քանի տարի է անցել: Առանց ինձ տխո՞ւր չէր կյանքդ:
Ծիծաղում է: Բացված բերանի մեջ երևում է լողակի գույն ունեցող լեզուն:
 - Բայց ես չեմ կանչել….
- Ինձ չե՛ն կանչում, ես ի՛նքս եմ գալիս: Հիմա այդպես է:
- Իսկ ինչո՞ւ վաղուց չէիր գալիս: Հիշո՞ւմ ես քանի անգամ եմ քեզ ծեծել ու ուղարկել….
- Երիտասարդ էիր, ուժեղ, միտքդ պայծառ, հասկացա, որ անիմաստ է քո հետ մարտնչել:
Հիմա այլ է:
- Բա ասում ես չեմ փոխվե՞լ:
Գրպանից հանեց մի ծխամորճ: Շատ գեղեցիկ էր, զարդարված թանկարժեք քարերով ու սպիտակ ոսկուց փոքրիկ քանդակներով:
Համոզված էր, որ ինձ դուր կգա ու չէր սխալվում:
- Այստեղ մի՛ ծխիր:
- Սա քո՛նն է, քո անցյալի մի մասը, - ձեռքի ծխամորճին նայելով գլուխը տարուբերում է:
- Ամեն մի քա՛ր, ամեն քանդա՛կ քո այն օրերից է, երբ կանչել ես  <Աստված իմ, ուղարկիր Սատանային, նրա հետ ավելի հեշտ լեզու կգտնեմ>: Երբ ծխես, կվերադառնաս այն օրը, որը որ կընտրես, միայն մի անգամ կարող ես օգտվել:
Տեսնո՞ւմ ես այս կապտագույն քարը…Ի՞սկ այս զմրուխտե…բա այս քանդա՞կը…էհ, Ստյոպ ջան, ի՞նչ օրեր էին:
- Միգուցե վեր կենաս  հագնվեմ, շորերիս վրա ես նստել:
Վեր կացավ, ծխամորճը ձեռքից բաց չի թողնում, քայլում է սենյակումս ու ուշադիր նայում ամեն մի իր:
- Ստյոպ, քեզ գիտե՞ս ինչքան են իմ ՛՛կրուգում՛՛ հարգում:
- Քո կրուգը ո՞րն է, Զեյթունի ՛՛14-ի կրո՞ւգը՛՛:
Հռհռում է:
- Իրոք չես փոխվել: Չէ՛, մեր Սատանաների ՛՛կրուգը՛՛ և գիտես ինչո՞ւ: Մի պառավ կար, հոգիներս հանում էր, արդեն քանի տասնյակ տարիներ:
Երբ ուղարկեցինք քեզ մոտ, էլ նրանից ձայն չկա: Ազատեցիր մեզ:
- Հա, հիշում եմ, վերջին անգամ  քո անունից  մի պառավ էր եկել, ջարդված ռուսերենով ինչ որ ձկան էր անիծում, կոտրված տաշտակ էր ուզում, բան չհասկացա: Մի ամսվա աշխատավարձս տվեցի իրեն, ասացի մի քսան օր յոլա գնա մինչև գնամ հարցերդ լուծեմ գամ:
Գնացի:
Եկա տեսա սովից մեռել էր:
- Այոոոո, խնդիր է…դրա համար եմ եկել:
- Ի՞նչ խնդիր:
- Հիմա էդ պառավի բիձեն է գլուխ բարձրացրել, ասում է լավն էր վատն էր, իմն էր, իմ պառավը, որտեղից ուզում եք ճարեք բերեք: Տեղից չի շարժվում, որ ուղարկեմ քո մոտ: Ասում եմ, քեզ տանեմ այդ բիձու մոտ, ուրիշ տարբերակ չկա: Հը՞, լեզու կգտնե՞նք:
- Ես միշտ էլ քո հետ լեզու գտել եմ: Այ,  հրեշտակների հետ չի ստացվում: Մի տեսակ շատ մաքուր են, խաբել չի լինում, համոզելն իմաստ չունի, համաձայնվելը ծանր է, դե մի խոսքով…
- Լա՛վ, հասկացա, ի՞նչ կուզես, տղամարդավարի ասա:
- Ծխամորճդ:
- Չեղա՛վ, ուրիշ բան ուզիր, քեզ ասացի չէ՞, որ դրանք ինձ քեզ մոտ կանչելու օրերն են, թանկ են ինձ համար, հատկապես…
- Կապտագույն քա՞րը, դե ես իմն ասացի, մնացածը դու գիտես:
- Գիտեմ, որ հաստակողն ես, ասածդ չես փոխի, կմտածե՛մ, կմտածե՛նք, բայց դժվար թե…
- Կարող ես էլ չգալ, այսքան ճանապարհ ես անցնում որ ինչ, ի՞նչ է Skyp չունե՞ս, կապնվիր:
- Չես փոխվել, լա՛վ մտածիր:

* * *
     … Արդեն երեք ամիս է ինչ զգում եմ, որ կուրծքս ջերմ է, հաճելի, անկողնումս հաճելի բույր ու Երկիրի ձգողականության ուժն անզոր:
Կողքս Ռուզանն է քնած, կրծքերը՝ կրծքիս սեղմած:
Քնի մեջ խոսում է:
- Ինձ Ռուզան կամ Ռուզաննա մի ասա, այլ քո նման՝ միայն  Ռուզ:
Համբուրում եմ, որ արթնանա, չնայած լավ գիտեմ, որ քնած չէ:
Ձեռքը սահեց ու սկսեց մազերս սանրել:
Մի կուրծքը բարձրացել հասել է շուրթերիս ու պտտվում է բերանիս շուրջը:
Ես էլ պտտվում եմ աշխարհի շուրջը:
Գրկեցի մեջքը, բարակ, նուրբ, վախենում եմ ինձ սեղմելուց կոտրվի:
Ձեռքերս սահեցնում եմ ներքև:
Աստված իմ, մի՞թե Հրեշտակների մեջքն ավարտ չունի: Ձեռքերս իջնում են, իջնում ու էլի դեռ մի ամբողջ հավերժություն կա տեղ հասնելու համար:
- Թո՛ղ, վե՛ր կաց, դրա ժամանակը չէ, այսօր կիրակի է չէ՞, մեր տանն ենք ճաշում:
- Վերջապե՛ս, կծանոթանամ Հրեշտակ ծնած ծնողներիդ հետ, չնայած Սատանայի հետ ավելի հեշտ լեզու կգտնեմ: Ռո՞ւզ, երեսունհինգ ես չէ, մի՞թե հրեշտակներն այդքան ապրում են:
- Դու էլ քառասուն ես, քառասուն դրամի խելք չունես, թո՛ղ, շրջվի՛ր, վե՛ր եմ կենում:
Մի մերկություն էր շրջում սենյակումս՝ գեղեցկության մերկությունը:
Հետո այդ մերկությունը ծածկվեց վարդագույն վերնաշապիկով , սպիտակ տաբատով ու բաց գույնի շագանակագույն, փռված մազերով:
Սուրճի առաջին կումը դեռ չէի կուլ տվել:
- Ինչո՞ւ ես մտազբաղ, մի՞թե քեզ ինչ որ բան կարող է տանջել, երբ ես քո հետ եմ:
- Ինչպե՞ս եմ ազատ շփվելու ծնողներիդ հետ:
- Ես կթարգմանեմ, ի՞նչ կա այդտեղ մտածելու:
- Ճի՞շտ կթարգմանես, թե՞…ինչպես մտքովդ անցնի:
- Խելա՛ռ:
Իմ՝ դեպի նրա շուրթերը գնացող քայլերն ընդհատվեցին հեռախոսազանգով:
- Ոչ մի աշխատանք, այսօր իմն ես,-  Հայացքը խիստ ու վճռական նայում է ինձ:
Նայում եմ հեռախոսի էկրանին:
Քույրս է:
- Հա, բարև: Հետո՞…հա, նրա հետ եմ, քեզ ի՞նչ, հետո՞, ոչ մի մատանի,  դու չգիտե՞ս, պահել եմ վաճառելու համար, որ մամայի քարը գցենք, շուտով մահվան տարին է, ինչո՞ւ ես հիմա նման հարցերով…Հավեսդ չկա, Նա՛ռ, մոռացի՛ր դրա մասին:
- Ստյո՞պ, ախր ինձ ինչո՞ւ չի սիրում քույրդ, ի՞նչ եմ արել նրան, ի՞նչ էր ուզում:
- Մամայիս մատանին, ասում է մի՛ վաճառիր, թող մնա՝ հիշատակ է:
- Մատանի՞:
- Այո, ամեն անգամ երբ գալիս է բնակարանս կարգի գցելու, հագնում է, մի քիչ լաց է լինում, հետո անպայման դնում է տեղն ու գնում: Առանց իմ համաձայնության չի վերցնի:
Ննջասենյակից բերեցի մատանին ու դրեցի սեղանին:
Կապտամորեգույն ալեքսանդրիդ քարով ոսկյա մատանի էր:
- Ի՞նչ գեղեցիկն է, չվաճառե՛ս, շատ լավն է, ավելի լավ է քրոջդ տաս, մի վաճառիր, հա՞- հագավ մատին ու ձեռքը շարժելով սկսեց շողացնել արևի ճառագայթների տակ:
Բազմաթիվ գունավոր փոքրիկ ճառագայթների մեջ մի գեղեցիկ ձեռք էր ու մի կարոտ ժպիտ:
<Չեմ վաճառի> - մտածեցի ու բարձրաձայն ասացի:
- Ռուզ, երևի դուրս գանք, մատանին էլ խնդրում եմ իր տեղը դնես՝ ննջարանում, ներքևի դարակում:

* * *
Ռուզանենց բնակարանը փոքրիկ, երկու սենյականոց բնակարան է, համեստ կահավորված:
Երկու զույգ աչքեր հետաքրքրությամբ նայում են ինձ:
Մայրական բարի, հայրական խիստ երևացող, բայց թախծոտ ու խանդող:
Ռուզաննան ձեռքի վարժ շարժումներով խուլ ու համր ծնողներին ինչ որ բան է բացատրում:
Նրանք էլ գլխի անընդհատ դրական շարժումներով հասկացնում են, որ պարզ է:
Լուռ ու մունջ կարծես պաշտոնական ճաշերի ժամանակ նայում ենք իրար:
Հետո սկսեցին օդում շարժվել հոր ձեռքերը:
Հասկանում եմ, որ ինձ է ուղղված:
- Ռուզ, կարմիր խնձորի մասին է հասկացնո՞ւմ, ասա որ ամեն ինչ լավ է  ու վաղուց:
- Ցինիկությունդ ավարտիր, շուրթերիցդ կհասկանա: Հարցնում է ի՞նչ ունես, չունես:
- Չունեցածներից ոչինչ չունեմ, ունեցածներից  ունեմ պարտքեր ու չամուսնացած քույր:
Նույնիսկ սիրտ չունեմ, տվել եմ քեզ:
Առանց սպասելու թարգմանությանը, հոր աջ ձեռքի բութ մատը բարձրացավ վերև:
Գլուխը բացասական շարժեց ու ժպտաց:
՛՛Խոսելու՛՛ ոչինչ չկա, չի ստացվում:
Ի՞նչ է օգնություն կանչել վերևից:
Կանչում եմ:
Հեռախոսիս զանգը փրկեց:
Հասկացնում եմ, որ գնամ պատշգամբից խոսեմ:
- Ասա, Նառ, եկե՞լ էիր հավաքելու բնակարանս, ես չեմ խնդրել քեզ…եկել ես հավաքիր, հիմա ի՞նչ ես ուզում:  Ո՞նց չկա, իր տեղում է…քեզ ինչո՞ւ պետք է չհավատամ, մի երդվիր, լա՛վ նայիր, այո՛, ներքևի դարակում…լրիվ դատարկե՞լ ես, մնացած դարակնե՞րն էլ…այ քեզ բան…հիմար բաներ ես ասում, լավ ես քիչ հետո կգամ… կգա՛մ ասացի:
Խոհանոցից լսեցի Ռուզանի ձայնը:
- Ո՞վ էր, էլի գործի տեղի՞ց, այսօր ասացի չէ՞, իմն ես, ո՛չ մի գործ: Կիրակի է:
- Քույրս  էր: Ասում է մատանին չկա, կարո՞ղ է պատահմամբ տեղը չես դրել:
Լսվեց կոտրվող ամանեղենի ձայն, որը լսեցինք միայն երկուսով:
Լսվեց կոտրվող սրտի ձայն, որն արդեն ՛՛լսեցինք՛՛ չորս հոգով:

<Աստված իմ, սրանց ի՞նչ ասեմ հիմա, ավելի լավ չէր Սատանան լիներ, գլուխ կհանեի>:
Մտա սենյակ, զարմացած հայացքների տակ աթոռի թիկնակից վերցրեցի պիջակս ու առանց որևէ բան ասելու դուրս եկա:

Վերելակի դռանը հենված, ծխամորճը բերանին ինձ էր սպասում:
- Կանչել ես, եկա՛:
Օգնեց պիջակիս թևը հագնելու, ցանցառ ատամները ցույց տալով բացեց իր կեղտոտ բերանը:
- Լավ արեցիր, տեղն էր դրանց, մի քիչ էլ որ շուտ հասնեի, ավելի լավ կլիներ:
Կատաղությունից հարվածեցի ծնոտին, հարվածից բացվեցին վերելակի դռներն ու ես մտա վերելակ:
Վերելակի մեջ հայելի կար:
Հիմա էլ հայելու մեջ էր:
- Այստեղ եմ, հայելու ետևում:
Նորից հարվածեցի:
Հայելին կոտրվեց, ձեռքիս արյունը կաթում էր վերելակի հատակին ընկած հայելու կտորների վրա:
Վերելակից դուրս եկա ու…դիմացս Ռուզանի հայրն էր, անխոս մեկնեց իմ կողմից իրենց տանը մոռացված ծխախոտի տուփն ու կրակայրիչը:
Աջ ձեռքի ցուցամատը հորիզոնական շարժումով երեք անգամ քսեց քթարմատին ու հեռացավ:

* * *
- Ասում ես SKYP չունե՞ս, բա ո՞նց ես յոլա գնում:
- Լավ, լրջանանք, ծխամորճս չեմ տա, բայց քեզ այնպիսի մի բան կասեմ, այդ երկնագույն քարի հետ կապված, որ հաստատ… դու միայն օգնիր: Հետո քեզ իմ ասածից հետո լավ կլինի, հավատա:
- Ռուզանի հետ կապվա՞ծ: Արդեն տաս օր է հեռախոսիս չի պատասխանում, իրենց տուն էլ ի՞նչ երեսով գնամ: Չեմ էլ կարողանում հոգուս խորքում նրան ներել:
Քրոջս հետ էլ չեմ խոսում: Բնաարանիս բանալին վերցրեցի մոտից, նեղացավ:
Թյու, ամեն ինչ կորավ գնաց գրողի ծոցը:
- Համաձայնվիր, դե՞: Մի պաշտոն կա, մի երկու ժամից հետո կազատվի, հիմա այնտեղ եմ գնալու: Քեզ կնշանակեմ այդ պաշտոնին հետո կտեսնես:
- Չե՛ս խաբի, ես քեզ Ռուզանից եմ հարցնում, դու պաշտոնից ես խոսում:
- Ես գիտեմ ինչ եմ ասում:
- Լավ, կօգնեմ,բայց մի պայմանով, անկախ նրանից կկանչեմ քեզ թե ոչ, սա կլինի քո վերջին այցելությունն ինձ:
- Կտխրեմ առանց քեզ, բայց դե ի՞նչ արած: Դե առ, վերցրու մի անգամ ծուխը ներս քաշիր ու…

Ծովափին մի ծերունի էր, դժվար չէր նրան ճանաչելը:
Մոտեցա:
- Պապի՞, հը ի՞նչ կա, գործից, բանից:
Նայեց, միանգամից չպատասխանեց:
- Պառավիս եմ ման գալիս:
- Ինչի՞դ է պետք:
- Եսիմ, սովորություն է: Հա խոսում էր, խոսում…փնթփնթում:
- Է կանչիր քո այդ Ոսկե ձկնիկին, ուզիր կնոջդ, ու ամեն բան կընկնի իր տեղը:
- Լիմիտս պրծելա, կանչում եմ, Սատանն ա գալիս:
- Հաաա՞ա, դժվար ա, ինքդ գնա նրա մոտ, դրանից էլ հեշտ բա՞ն: Միասին կլինեք:
- Իիի՜, ինքը հիմա դժոխքում կլնի, ես ի՞նչ գործ ունեմ այնտեղ:
- Բա հա՛մ կնիկ ես ուզում հա՛մ էլ…լսիր պապի ջան, իսկ եթե բջջային հեռախոս ուզե՞ս, կզանգես, ինչքան ուզում է թող խոսի, փնթփնթա, հը՞:
Ծերունին գլուխը քորեց:
Կասկածանքով նայեց ինձ:
- Դո՞ւ ինչ ես ման գալիս էս կողմերը, տղա ջան:
- Կնիկ, էլ ի՞նչ, մեկին կորցրել եմ ուզում եմ վերադառնա:
- Է, դու գնա մոտը, դրանից էլ հեշտ բա՞ն: Միասին կլինեք:
- Դե գնացինք, պապի ջան, ես նրա մոտ դու էլ դժոխք: Ուրիշ ի՞նչ:
Ծերունին երկար նայեց ծովին:
Երկար մտածեց:
- Չէ տղա ջան, փոշման եմ, Ասում ես բջջային ուզե՞մ…

* * *
… Հեռախոսս զանգեց:
Քույրս է:
- Լսիր Ստյոպ, չանջատես, ուրախ եմ, որ ազատվեցիր քո այդ Ռուզից, թե չէ հանկարծ երեխաներդ խուլ ու համր ծնվեին…
- Կա՛րճ կապիր, ի՞նչ ես ուզում:
- Մամայի քարը պետք է գցվի:
- Ե՞վ…
- Մատանին լողասենյակի հայելու ետևում է: Կներես, բայց այդպես էր պետք:

* * *
Համբուրում եմ, որ արթնանա, չնայած լավ գիտեմ, որ քնած չէ:
Գրկեցի մեջքը, բարակ, նուրբ, վախենում եմ ինձ սեղմելուց կոտրվի:
- Թո՛ղ, վե՛ր կաց, դրա ժամանակը չէ, այսօր կիրակի է չէ՞, պապան կավարտի քարը: Ուտելու բան պետք է տանել գերեզմանոց:
- Ինքդ կտանես, թե չէ ես ինչպես եմ շփվելու նրա հետ:
- Վեր կաց, նա քեզ շատ լավ հասկանում է, չմոռանաս սափրվել:

Նայում եմ լողասենյակի հայելուն ու պարզ երևում են ձկնորսն ու նրա ցանցն ընկած Սատանան:
Ինչ որ վիճում են, բանակցում: Իրար հրմշտում:
Ծերունու հարվածից Սատանայի ձեռքի ծխամորճն ընկավ ծովի մեջ, սուզվեց:
Վա՜խ, անցյալս անվերադարձ չքվեց:
Հարվածո՛ւմ եմ, կոտրո՛ւմ ապակին:
Վազելով ներս է գալիս Ռուզանը:
- Քեզ ի՞նչ եղավ, սիրելիս:
- Ոչինչ, ուզում եմ քեզ համբուրել, այստեղ, այս պահին…
Սրտիցս արյուն էր կաթում հատակին ընկած հայելու կտորների վրա:

Կիրակի էր:
Ես համբուրում էի իմ սիրո հիշողությանը…







Комментариев нет: