четверг, 13 июня 2013 г.

Ավազե ժամացույցը



(պատմվածք)

Բժշկի կաբինետը կահավորված է ժամանակակից ոճով:
Կահույք, նկարներ, բազկաթոռներ, բազմոց…
Այս ամենի հետ համահունչ չէ միայն սեղանին հպարտ կանգնած ավազե հնամենի ժամացույցը:
Ժամացույցի տակ գրված է ՛՛3 րոպե՛՛, սակայն շատ անգամ էր բժիշկը փորձել՝ ավազը դատարկվում էր ուղիղ երկու րոպե քառասուն յոթ վայրկյանում…
Միգուցե ավազը ժամանակի ընքացքում չափից դուրս է չորացել …
Ժամացույցի կողքը սև պլաստմասսայե շրջանակով կարմիր մի կոճակ է, որով անհրաժեշտության դեպքում սենյակ են կանչվում զսպաշապիկ հագցնող աշխատակիցները:
Ցանկացած աշխատակից գիտեր, որ զեկույցն ավարտվելու է ավազի վերջանալուն հետ, անկախ ամեն ինչից, քանի որ բժիշկն ինքնաբերաբար սեղմելու էր ''դժոխքի'' ազդանշանը՝ կարմիր կոճակը:
Հիմար, բայց, բժշկի կարծիքով արդարացված սովորություն:

* * *
- Այսքան տարի պահեցի, գուրգուրեցի ու ի՞նչ…տասնութ տարի, ո՞ր մեղքիս համար, ո՞ւմ մտքով կանցներ:
- Լա՛վ, լա՛վ, Աղո՛ւն, քո մեղքի բաժինն էլ կա, քանի անգամ ասացի մանկատան հետ գործ չունենք, ի՞նչ իմանաս ինչ գեներ են, ո՞ւմ երեխան է, ասում են մայրն ալկոհոլիկ է եղել, եսի՞մ:
- Բա այն ժամանակ ինչո՞ւ չէին ասում, թե՞…:
- Զանգի՛ր, զանգիր եղբայրդ գա, ուրիշ տարբերակ չկա՛:

* * *
Երեկո էր:
Բակում հարբած տղաների աղմուկն էր՝ ծիծաղ, բարձրաձայն, տեղ-տեղ հայհոյանքներ, բայց շենքից ոչ մեկը նկատողություն չէր անում:
Ո՞վ պետք է գլուխ դներ, ո՞ւմ գործն էր թե պատուհանից այն կողմ ի՞նչ է կատարվում:
- Նայի՛ր, նայի՛ր Աղունի աղջիկը, ի՞նչ էլ լավացել է, մի դրա քայլվածքին նայիր:
- Քո ատամի բանը չէ, ձե՛ռք քաշիր:
- Ի՞մ, սրա նմաններն են իմ ձեռքերով անցել, ուզո՞ւմ ես գրազ գանք, մինչև շաբաթ ու իմը կլինի:
- Տո դու ի՞նչ ունես, որ դեռ գրազ գաս: Ես դնում եմ իմ Rollex-ը, լսեցի՞ք տղերք:
- Ես էլ՝ բոլորիդ ռեստորան: Այս ցելոֆանով շաքարավազը բարձրացնեմ տուն ու գամ, կխոսենք:

Քիչ օրորվելով աղջիկը մտավ շքամուտք:
Այսօր մի քիչ շատ խմեց, դե ծննդյան էր հրավիրված, ուրախ մթնոլորտ, գլխապտույտ աչքեր, գրկախառնված պարեր, կարծես թե անմեղ, ոչինչ չխոստացող համբույրներ:
Գլուխը հաճելի պտտվում էր:
Հետո միջանցքում Ռոբի հետ համբուրվելիս զգաց, որ նրա ձեռքերը հետույքին են, ու փորձում են շրջազգեստը բարձրացնել:
Չդիմադրեց, անկարող էր, բայց հարցրեց:
- Մի՞թե սերն այդիսին է լինում, մի տեսակ զզվելի է:
- Ես եմ զզվելի՞, տո եղածդ ընդամենը քած չէ, քո նման մի սենյակ լցված են, որին ուզենամ…Սե՞ր, մի սրա երազանքին նայեք…
- Դու հասարակ տականք ես, բաց թող ինձ:
Ռոբը թքեց վրան ու  հեռացավ:
Ցավը մեծ էր:
Ոչ ծանոթ:
Երկրային:
Իսկ մինչ այդ ամեն ինչ հաճելի էր:
Անծանոթ հաճելի:
Ոչ երկրային:
Երկնային:
Եվ այդ բոլորը խառնվելով իրար դարձան զզվելի:
Ինչո՞ւ, ինչո՞ւ այդ ամենն իրարից անջատ չեն, ցավն իր ժամին, հաճելին՝ իր:
Մի՞թե Աստված չի բաժանել ամեն մեկին իր բաժինը.
Աղջիկներ՝ ձախ:
Տղաներ՝ դեպի աջ:
Սրբերն այն կողմ:
Մեղավորներն այստեղ:
Մի՞թե գթասրտությունն այսպիսին է լինում:

Վազեց խոհանոց ու պատահած դանակը վերցնելով հևիհև մտավ սենյակ:
- Կսպանե՛մ, չեմ նայի ում տղան ես, ո'վ ես, կսպանե՛մ…
Աչքերը չէին տեղավորվում կոպերի տակ:
Դեմքը կարմրել էր, իսկ գեղեցիկ շուրթերի անկյուններից դանդաղ դեպի ծնոտն էր իջնում  սպիտակ փրփրահեղուկը:
Քրտինքի կեղտոտ կաթիլները, հասած մրգի հյութի մածուցիկությամբ հոսում էին մարմնի վրայով, իջնում ոտքերով:
Բոլորը վախից լռել էին:
Հասմիկը վեր կացավ Մանուկի ծնկներից, ուղղեց շրջազգեստն ու մոտեցավ:
- Ավելի լավ է տուն գնաս, տո՛ւր ինձ դանակը:
- Կսպանե՛մ… թո՛ղ ինձ, - հրեց Հասմիկի ձեռքն ու դանակը ձեռքին վազեց դեպի միջանցք:
Ամբողջ ճանապարհին լալիս էր:
Երթուղայինից իջնելիս բացեց պայուսակը՝ վճարելու համար, տեսավ խոհանոցային դանակը, չհիշեց, թե ե՞րբ է դրել պայուսակի մեջ:

Վերելակ մտան երկուսով:
Տղայի ձեռքին դանդաղ տատանվում էր շաքարավազով ցելոֆանե տոպրակը, իսկ աչքերը փորձում էին աղջկա կիսաբաց կրծքերի մեջ գտնել ցանկալի մի հանգրվան:
- Այնպես ես նայում կարծես քո տունն է ու ուզում ես մտնել ներս:
- Այդտեղ մտնելու համար նախ պետք է սրանով քաղցրացնել:
Տղան ձեռքի տոպրակը բարձրացրեց քիչ վեր, փորձեց շաքարավազը լցնել կրծքերի մեջ:
- Ապո՛ւշ:
Աղջիկը հարվածեց տոպրակին ու երևի եղունգի հպումից տոպրակը ծակվեց:
Շաքարավազը սկսեց տոպրակից դանդաղ սորալ վերելակի հատակին:
Երբ տղայի ձեռքը բարձրացավ, աղջիկը պայուսակով փակեց դեմքը:
Սպասվող հարվածը  չզգաց, զգաց տղայի ձեռքն իր շրջազգեստի տակ:
Ցավը մեծ էր:
Ծանոթ, ամոթալի:
Թե ինչպես պայուսակից հանեց դանակը ու հարվածեց տղայի ուսին – չհիշեց:
Թե ինչպես էր տղան բղավում – չէր լսում:
Աչքերի առաջ՝ վերելակի հատակին ընկած տղայի ծնկներին ցելոֆանե տոպրակն էր, որից դեռ սորում էր շաքարավազը…

Երիտասարդ մարմինը մեղավոր հոգու ծանրությունից կքում էր, բայց տեղի չէր տալիս:
Սեփական ծնողներից հավերժ հիշատակ մնացած  մեկ ու կես մետրանոց փայտե խաչը մեջքին, բռնվելով բազրիքից մի կերպ բարձրանում էր վեր, ո՞ւր, չգիտեր:
Շուրջը կենդանի արարած չկար, Մարդ չկար, որ օգնե՛ր, կարեկցե՛ր, սրբե՛ր ճակատի քրտինքը…
Ահավոր դարի մեղքերով լեցուն ՛՛Մարդ՛՛ կոչված բոլորը արարածները նայում էին միայն դռան դիտանցքերից:
Ո՞վ պետք է գլուխ դներ, ո՞ւմ գործն էր թե դռնիցն այն կողմ ի՞նչ է կատարվում:
Իմաստ չկար շշնջալու <Աստած ի՛մ, օգնի՛ր>:
Ու տանում էր իր խաչը վե՛ր, վե՛ր, վե՛ր…

* * *
- Սամսոն ջան ի՞նչ հոգեկան, ի՞նչ բան, փորձ են արել բռնաբարել, դե բա հո ձեռքերը ծալած չէր մնալու:
- Աղո՛ւն, դու իմ քույրն ես, ես հո քո վատը չեմ ուզում, այդ որտեղի՞ց դանակը, գիտե՞ս:
Նույն օրն էլ հավաքույթի ժամանակ ինչ որ Ռոբի է ուզեցել սպանի, իրենց համակուրսեցիները ասացին, դանակն էլ այնտեղից է վերցրել:
- Չարախոսում են, մի հավատա, եղբայր ջան, ախր…
- Աղո՛ւն, ես փաստաբան եմ, գիտեմ ինչ եմ ասում: Կարո՞ղ ես տեսնվել նրա հետ ու ասել որ էլ ավելի, դե ոնց ասեմ, գժություններ անի, գոնե բանտ չի ընկնի: Հասունացել է, գեները գլուխ են բարձրացրել, ես ինչ իմանամ, նրան խմել չէր կարելի:
Այսօր սթափ էր ու ցուցմունք էր տալիս:
Աղունի ամուսինը, որը մինչ այդ լուռ էր, հարցրեց:
- Ի՞սկ եթե մի փոքրիկ շշով կոնյակ տանենք, թող խմի, դա գործին կօ՞գնի:
- Չեմ կարող ասել, բայց լավ չէ, որ սթափ է, հարկավոր է խմեցնել, ինձ մի հոգեբուժ ասաց:
Պետք է փորձել, թե չէ բանտում լրիվ կկորչի, չնայած իմ կարծիքով նրան էլ ոչինչ…
- Գժվե՞լ ես ինչ է, իմ աղջիկն է, ես նրան մենակ չեմ թողնի:
- Նրա իսկական մայրը մեկ տարուց ազատվելու է բանտից:
- Դու որտեղի՞ց գիտես:
- Է, Աղուն…

* * *
Երբ Աղունն ու ամուսինը տեղավորվեցին աթոռների վրա, բժիշկն ինքնաբերաբար շրջեց ավազե ժամացույցը:
Ավազահատիկները սկսեցին դանդաղ թափվել դեպի ներքևի կոլբան:
- Սովորություն է, բանի տեղ մի դրեք: Լսում եմ Ձեզ:
- Դե գիտեք, բժիշկ ջան…:
- Գիտե՛մ, լրիվ մեղսունակ աղջիկ է, վաղը կտանեն մեկուսարան:
- Բայց…
- Այդպես լինում է, նոպա՛ է, արհամարանքի՛ց, վիրավորանքի՛ց, ամոթի՛ց…ոչ մի լուրջ բան չկա:
Բժիշկը ետ հրեց Աղունի ամուսնու կողմից սեղանին դրած ծրարը:
- Գիտե՞ք, անկեղծ ասած իմ փորձն այդքան էլ մեծ չէ, բայց հարյուր տոկոսով կասեմ, որ ո՛չ մի հոգեկան խանգարում, ո՛չ մի անոմալիա: Նրան նույնիսկ չենք կապում: Հասկացեք ես նման դեպքում անզո՛ր եմ:
- Բայց կարող է դատեն ու…
- Հավատացեք ինձ, տղան չի՛ մահացել, չի՛ բողոքում, վերքը կյանքին չի՛ սպառնում, այ այս ծրարը տվեք փաստաբանին ու վերջ:
- Իսկ մենք կարո՞ղ ենք նրան տեսնել, եթե այդքան լավ է,- ամուսինը ծխախոտը ձեռքերի մեջ տրորելով, աչքերով  մոխրաման էր փնտրում:
- Իհարկե կարող եք, ես հիմա կկանչեմ:
Դարակից հանեց ու սեղանին դրեց մի քառակուսի հախճապակե մոխրաման:
- Ավելի լավ է մարդ խմի քան թե ծխի: Ես ինքս ծխող չեմ, բայց դուք ծխեք:
Բժիշկը դուրս եկավ սենյակից:
Ամուսինը կնոջ պայուսակից հանեց ու սեղանին դրեց կոնյակի մի շիշ:
- Լեզու չենք գտնի, Աղուն, շատ ջահել է, վախենում է:
Ավազե ժամացույցը ՛՛կանգ՛՛ էր առել, ավազը լրիվ տեղափոխվել էր ցած:

Աղջիկը գրկած մոր պարանոցը լալիս էր:
- Սա ավելորդ է, հավատացնում եմ, - կոնյակի շիշը ցույց տալով բժիշկը հայացքը փախցրեց:
- Դե լավ, մի մի հատ ծանոթության կենացը խմենք ու մենք կգնանք, օրն ավարտվում է, դուք էլ երևի տուն եք շտապում:
- Այսօր հերթապահում եմ, դե լավ մի հատ կարելի է:
Սեղանին հայտնվեցին երեք հատ բաժակներ:
- Կինս չի խմում, ճնշում ունի,- բաժակները լցնելով ասաց ամուսինը:
- Ոչինչ, Գոհարի հետ կխմենք, մի հիսուն գրամը նույնիսկ օգուտ է, կոնյակը շատ է օգնում սթրեսին, ես որպես բժիշկ եմ ասում, արի՛ Գոհար, վերցրո՛ւ, - մեկնեց բաժակը:
- Խմի՛ր աղջիկ ջան, բժիշկն է ասում:
Խմեցին:
Հետո նորից՝ ծնողների կենացը, երեխաների կենացը, հաջողության կենացը:
Գոհարն էլ չէր խմում:
Հենված գրապահարանին թերթում էր ինչ որ գիրք:
- Դե լա՛վ, Մուշեղ ջան, բժիշկ ջան, մենք գնանք, մի բան կմտածենք, - ամուսինը գինովցած էր:
Համբուրեցին Գոհարին:
Մայրը շշնջաց. <Մի մտածիր, ամեն ինչ լավ կլինի>:
- Գոհա՛ր, դու կարդա, ես հիմա ճանապարհ դնեմ ու գամ:
Գոհարը չլսելու տվեց, կամ իրոք չլսեց՝ կլանված կարդում էր: 

Երբ բժիշկը մտավ ներս, Գոհարը հիվանդանոցի խալաթը գետնին շպրտած, կիսամերկ, առանց երաժշտության պարում էր:
Պտտվելով մոտեցավ ու գրկեց բժշկին:
Մի թույլ փորձ եղավ ազատվելու Գոհարի գրկից…
Բժիշկը զգաց երիտասարդ շուրթերի թաց հպումն իր շուրթերին:
Հետո երկուսով սկսեցին պտտվել սենյակում:
Բժշկին դուր եկավ խաղը:
Խա՞ղ էր թե ոչ, չհասկացավ:
Ուղղակի զգում էր կնոջ հպումն իրեն:
Զգում էր ոտքերից վերև բարձրացող մի տաք հոսանք, կի՞նն էր թե՞ կոնյակը դա չէր հասկանում:
Երբ հերթական անգամ մոտեցան բժշկի սեղանին, բժիշկը Գոհարին գրկեց ու նստեցրեց սեղանին:
Շուրթերով ընկղմվեց կրծքերի մեջ:
Գոհարին հաճելի էր:
Ծանոթ:
Գլուխ պտտեցնող, ցանկալի ու ջերմ:

Կարծես Աստված վերևից մի բուռ փոշոտ քարեր շպրտեց երկիր:
Ողորկ քարերը չգիտես ինչու թռան ու կպան մի մեծ պղնձե զանգի պատերին:
Զանգը, որն երբեք չէր զանգել, շարժվեց ու իր հերթին, իր պատերով հարվածեց վաղուց շարժման կարոտ լեզվակին:
Ու պղնձե ձայնն արձագանքեց սենյակով մեկ:
Դինգ… դոնգ… դինգ… դոնգ…

Բժիշկն ինքաբերաբար շուռ տվեց ավազե ժամացույցը:
Ավազահատիկները սկսեցին դանդաղ թափվել ցած:
Գոհարն ուշադիր նայեց ավազե ժամացույցին…
Աչքերի առաջ երևացին վերելակի հատակին ընկած տղայի ծնկներին ցելոֆանե տոպրակից սողացող շաքարավազի հատիկները…
Ցավը մեծ էր:
Ծանոթ:
Երկրային:
Իսկ մինչ այդ ամեն ինչ հաճելի էր:
Անծանոթ հաճելի:
Ոչ երկրային:
Երկնային:
Բայց այդ բոլորը խառնվելով իրար դարձան զզվելի:
Ձեռքի տակն ընկած մոխրամանով հարվածեց բժշկի գլխին:
Մե՛կ, երկո՛ւ, երե՛ք… մինչև ձեռքը թուլացավ:
Աչքերը չէին տեղավորվում կոպերի տակ, մի կերպ նշմարվում էր սեղանի կարմիր կոճակը, սեղմեց :
Գոհարը չորեքթաթ, սենյակով մեկ փնտրում էր…
- Մեկ, երկու, երեք, չորս, գալիս եմ քեզ փնտրելու, ո՞ւր ես:
Սեղանին չես…
Բազմոցի տակ չես…
Պահարանի ետևում չես…
Ո՞ւր ես , չկա՛ս, դու չկա՛ս, դո՛ւ այստեղ չես…դու էլ չկա՛ս…

Զսպաշապիկ հագցնող աշխատողները հիվանդին հանեցին բազմոցի ետևից:
Նա, մերկ կրծքին սեղմած ամուր բռնել էր ավազե ժամացույցն ու մեկ ծիծաղում էր, մեկ լալիս:

                                                                                                                                                                                                                                                                  

                     Ս.Ումառ       10 Հունիս, 2013

Комментариев нет: