четверг, 8 марта 2018 г.

Գարուն


Գիշերվա պես անզո՜ւսպ,
Գիշերվա պես անզգո՜ւյշ,
Թափանցեց իմ մեջ
Ծանո՜թ մի զգացում:

Մի քիչ ամոթխա՜ծ - մի նոր խլրտում,
Մի քիչ թուլացա՜ծ - մի նոր տրոփյուն,
Մի նոր գիրկը բաց - մի ուրախություն,
Հպարտությանը ձեռնոց շպրտած, 
Մի նո՜ր քմծիծաղ՝
Ավյունով լեցուն…

Այդպես գալիս է գարո՜ւնը միայն,
Ձնծաղիկները սեղմած իր գրկում,
Երբ ձմեռը դեռ գո՜րծն իր չավարտած
Գլխիկոր քաշվում է հեռո՜ւ մի անկյուն…

Ու գարունն ինչպես մի խե՛նթ աղջնակ
Փեշերն հավաքած անցնում է առուն,
Փնտրո՜ւմ, գտնո՜ւմ է բողբոջն այն ունակ,
Որը կարող է նոր կյանք տալ մարդուն:

Ցավերը առվին կախած ուռենին
Փորձում է կքված իր մե՜ջքը ուղղել,
Ինչպես  ի ծնե այն կո՜ւյր ծերունին
Որ միշտ փորձե՜լ է գարունը տեսնել:

Գարո՜ւն չե՛ն տեսնում,
Գարո՜ւնը զգո՜ւմ են,
Թեկուզ և ձմեռ լինի սառնաշունչ,
Գարունը ա՜յն է երբ որ սրտումդ
Միլիո՜ն ու միլիո՜ն խարույկ է վառվում…


Отправить комментарий