четверг, 30 июня 2016 г.


Օրը ծծնդյան
Դաժան փորձություն՝
Ամենադաժանը օրերից տարվա,
Երբ թվում է թե քեզնից նեղացե՜լ
Ափին է թողել մի հեռացող նավ…

Լուսնի մահիկի արծաթ ձեռքերը
Փորձում են շոյել հայացքդ սառած,
Գիշերվա սարսուռ վարագույները
Դանդաղ բացելով աչքերիդ առաջ:

Մենա՜կ ես, մենա՜կ,
Չե՛ն վերադառնա Գարուններդ ետ,
… Ըմպում ես մի գավաթ կապտագույն գինի
Տառապող լույսի զառանցանքի հետ…

Վիճում են քո մեջ կակտուսն ու վարդը,
Թե որ մեկի փշերն են ավելի  ցավոտ,
Հրաժեշտ են տալիս հեռացող նավից
Կանացի ձեռքեր-
Գգվելու համար թույլ ու ալարկոտ…

Ծիրանագույն մի անհայտ սյուք է
Բազմում հեռացող վայրկյանաչափին,
Վայրկյանաչափն էլ հեքիաթ է պատմում
Հեռացած բոլոր օրերիդ մասին…

Դեղձագույն Ինչ-որ մի դառնություն է
Դանդաղ սահելով ընթանում  առաջ…
Ու վերջանում է 
Տարվա ամենադաժան օրը՝
Օրը ծննդյան…

Ս.Ումառ-Հարությունյան

Ասվածից հետո...

Ասվածից հետո մնում է
Չասվածը-
Ավելի խոսուն քան ասվածը…
Ու թվում է չասված մտքերը
Գետի ալիքների վրա սահում
հեռանում են սահուն:

Ասվածից հետո մնում է
Չասվածը-
Ավելի խոսուն քան ասվածը…

Չասվածը կարծես դառնում է մի ճիչ
Թռչում դաջվում է լուսնի հայացքում,
Չասվածը դառնում է պատիժ
Կամ էլ փորձություն:

Դառնահամ են չասված մտքերը
Թախիծի նման սովահար,
Տագնապի նման ահավոր են
Ցուրտ՝ կորած հավատի համար…

Ներշնչանքի նման ծույլ
Չասված խոսքերը,
Որ պետք է շոյեին աչքերիդ տակի
Կապույտները տաք-
Չեն աճապարում քեզնից հեռանալ՝
Լափո՛ւմ են սիրտդ
Խճճո՜ւմ հոգիդ
Ու քարանում ես լուռ ու գլխահակ
Ե՛վ ասված և չասվա՜ծ
Խոսքերի ծանրության տակ…

Ավելի լա՞վ չէր ասվե՜ր - վերջանար
Լիներ մեղանչման ճի՛չ
Կամ խոստովանանք՝
Դուրս գար քո միջից,
Այրվեր անմոխիր
Այլ ոչ թե այսպես տանջեր անդադար…


Ինչպես սրբապատկերն է այրվում
Ձեռքից անաստված,
Բայց ամեն դեպքում
մնում է դաջված  աչքերիդ  մեջ,
Այնպես էլ խոսքերը հատկապես չասված
Փորձություն չեն այլ
Պատիժ են մեծ…

Ս.Ումառ-Հարությունյան


Երջանկության բանալին



Ամենահեշտ ապրելու ձևը
Դա ձևն է՝ այն ձևը,
Որով ապրում ես հիմա,
Ինքդ չե՛ս կարող ոչինչ փոփոխել
Ուրիշին էլ չե՛ս թողնում
Փոփոխելու այն…

Ցույց ես տալիս, որ գո՜հ ես
Աշխարհից (Կյանքից)
Ապրելակերպից,
Բայց, երբ նայում ես թե ի՞նչպես ես ապրում
Սիրտդ լալի՜ս է ցավից…

Եվ ի՞նչ է դուրս գալիս – Հասարակ մի Բա՜ն,

Ապրելը հե՛շտ է-
Նայե՛լն է դժվար…

Կամ հարցականով

Ապրելը հե՞շտ է-
Նայե՞լն է դժվար…

Ստիպված
… մտքումդ ստեղծում ես մի չեղած կերպար՝
Ընտրում ես անո՜ւնը,
Հասա՜կը, տարի՜քը,
Աչքերի գո՜ւյնը,
Տալի՛ք-առնելիքը,
Շրջազգե՜ստը, սանրվա՜ծքը
Ձա՛յնը (անպայման)…

Ու սիրահարվում ես նրան

Եվ ի՞նչ է դուրս գալիս – Հասարակ մի Բան՝

Ապրի՜ր, վայելի՜ր,
Ըմբոշխնի՛ր կյանքով,
Նախանձի՛ր, խանդի՛ր…
Եվ այս ամբողջը այնքա՜ն ժամանակ
Քանի դեռ ապրում ես ու աչքե՛րդ են փակ:

Ապրելը հե՛շտ է-
Նայե՛լն է դժվար…

Ս.Ումառ-Հարությունյան




пятница, 10 июня 2016 г.

Ծանր չէ ցավը...

Բարի՜, բարի  լույս

Ծա՜նր չէ,
երբ տանում ես ցավն ուրիշի՝
Գիտե՛ս, որ կեսն ես տանում մի ամբո՜ղջ ցավի…
Ծա՜նր չէ  ցավդ, երբ կիսող չունե՛ս,
Ու գիտես, որ  ցավդ կիսո՛ղն էլ
Տանում է ցա՜վն ուրիշի:

Ծա՜նր է, երբ քեզ համարում են
Ցավի ցուցարա՜ր՝
Առանց տեսնելու,  որ քարշարկում ես
ցա՜վն ուրիշների,
Թեթևանո՜ւմ ես, երբ մի հեռավոր
Քո՜ւյր կամ էլ եղբա՜յր
Փորձեր է անում թեկուզ ապարդյուն,
Թեթևացնելո՜ւ
Բե՜ռը վշտերիդ…

Այսպե՛ս է ապրում ՄԱ՛ՐԴԸ աշխարհում՝
Կիսո՜ւմ է, տանո՜ւմ վիշտը ուրիշի
Միշտ էլ այսպես է մա՜րդը ՄԱ՛ՐԴ մնում
Երբ, որ ապրում է ցավով ուրիշի…

Ս.Ումառ-Հարությունյան


Ծանր չէ բեռս

* * *
Ծանր չէ բեռս՝
կիսամեռ լուսինն  ուսիս,
Ոտքերիս տակ երեկվա անձրևն է…
… Համընթաց քամին
հարվածում է մեջքիս:

Քայլում եմ լուսնի բեռան տակ,
Սակսոֆոնի  մեներգ է լսվում հեռվից…
… Լուսինն անհանգիստ տնքում է
ու շարժվում ուսիս:

Ոտքերս հոգնել են, առաջ չեն գնում՝
Փորձում եմ փախչել ինձնից,
… Ամպերն են հապճեպ հեռանում
երևի կարոտած Լուսնին:

Սակսոֆոնն ինձ համար է երգում՝
Մի տխուր մեղեդի
Մոռացված,
… Լուսինն ուսիցս սահում՝
Ընկնում է գետնին քարացած…


Ս.Ումառ-Հարությունյան

пятница, 3 июня 2016 г.

Արևոտ մի գիշեր



Ալեկոծ մարմնի հուժկու գրո՛հը
Քարաժայռ կուրծքդ է անհանգիստ շոյում,
Աչքի տառապող լույսի հոգոցների մեջ
Օ՛րն է իր բոսոր գույները ցրում…

Միստիկ սարսափով արևը քրտնած
Ձեռքե՜րն է դանդաղ երկարում,
Մանուշակագույն սառը բարձունքին
Կի՛րքը բարձրացած
Աչքն է անհամբեր բացուխուփ անում…

Ցավասեր Սե՛րն է կոտրում ողնաշարը,
Արշալո՛ւյսն է տանջում գիշերին,
Փշրվո՜ւմ է ծովի ափամերձ պատվարը
Մայիսյան մի թիթեռ է խաղում ալիքին:

Ամո՞թն է թամբին հեծած սլանում
Թե՞ թամբն է ամոթով տարածվում,
Արևոտ գիշերվա անամոթ աչքերը
Վարսերն են անկանոն շղարշում…


Ս.Ումառ-Հարությունյան