среда, 25 октября 2017 г.

Մեկ անգամ ծնվո՜ւմ ենք

Մեկ անգամ ծնվո՜ւմ ենք,
Մեկ կյա՜նք ենք ապրում,
Սակա՜յն, ցանկանում ենք հազա՜րը,
Քանի որ կյա՜նքը…

Կյանքն ամե՜ն անգամ
Մեզ մատուցում է միմիա՜յն չարը…

Երկինքը նոթո՜տ է, անընդհա՜տ թխպոտ,
Խառնվում է միշտ երկրի գործերին,
Իսկ կյանքը ինչպես գիշեր սևամորթ
Ձգվո՜ւմ է,
Փորձո՜ւմ հասնել երկնքին…

Թե ի՞նչ կա այնտեղ, ո՜չ ոք չգիտի,
Ինչ որ կա այստե՛ղ է՝  այս դժոխք հողում,
( Ա՜յ, օրինակ ինձ սիրում էր մի կի՜ն,
Սակայն նախընտրեց երկինքը անհուն…)

Ճերմա՛կ էր հագնում – երկնքի՜ պես պարզ,
Հանվում էր՝  բոցն էր իմ սիրտը լափում,
Ասում էր.
- Քո՜նն եմ, սակայն ինձ համար,
Միայն անհունն է կարևոր կյանքում:

Ասում եմ.
- Երկի՜նք, աչքերիս համար
Ինչո՞ւ ես ընտրել սրբագույնը,
Երբ հո՜ղ եմ լինելու և հողի նման
Սև՜ է լինելու իմ պատմությունը…

Ո՞վ է խենթացել, որ սևին ընտրի,
Սևով անցկացնի օրերը կյանքի,
Սևով գա՜, գնա՜, սևով տառապի՜
Եվ ընդամենը մե՛կ անգամ ապրի…

Սևով սպիտակի վրա եմ թևում,
Դեռ ճանապարհի՜ն եմ,
Դեռ տեղ չե՜մ հասել,
Նույնիսկ ճամփին եմ որոնումներում,
Բայց ինձ համար տե՜ղ
Դեռ չի՛ ազատվել…

Հրաժարվո՜ւմ եմ քեզանից, կյա՜նք,
Որ քեզնով պե՛տք է մեկ անգամ ապրեմ,
Ինձ հազա՜րն է պետք
և հազար անգա՜մ
Ուզո՜ւմ եմ ապրել ու սիրել…




ԱՇՆԱՆ ԱՌԱՎՈՏՆԵՐ



Ամեն մեկն ունի իր առավոտը

Առավո՜տը… մեր աչքերի գո՜ւյնն ունի,
Սակա՜յն,  խո՜րքը չունի մեր աչքերի,
Շա՜տ է նման մենակության անհունին՝
Դեղնակարմի՜ր,
Դեղնականա՜չ,
Տխո՜ւր աշնան տեսքն ունի:

Առավոտները թվում են անդե՜մ,
Ճի՛շտ  խոսքի նման, բայց ասված  իզո՜ւր,
Ինչպե՜ս անհանգիստ  ուրվապատկերներ՝
Մեկ պայծառանո՜ւմ են,
Մեկ՝ գունաթափվում:

Առավոտները աչքերով աշնա՜ն,
Կապո՜ւյտ աչքերի, կապո՜ւյտ արցունքով,
Մոգական ցոլքը կլանող բյուրեղի նմա՜ն
Դառնում են շղա՜րշ – կապտագո՜ւյն մի քող…

… Ցանկացած վայրո՜ւմ,  ցանկացած երկրո՜ւմ
Ա՜չքերն ուղղում ենք  վե՜ր՝ նայում երկնքին,

Եվ մե՜զ  թվո՜ւմ է - մենք մե՛զ են տեսնում՝
Հայացքն ուղղելով առավոտներին…

                                                  Ստեփան Ումառ-Հարությունյան


ՊԱՀԸ - ՆՈՐԻՆ ՄԵԾՈւԹՅՈւՆ



Ամե՜ն օր մեր մեջ
Կյա՜նք է արարվում,
Մեր մեջ ամե՜ն օր սպանվո՜ւմ է մահը,
Ինչ-որ մի բա՜ն կա մեր մեջ անանուն՝
… Նորին մեծություն Գոյության Պահը…
*
Ու գումարվո՜ւմ են
պահերը իրար
Միլիոն ու միլիոն թվերի շարքով,
Եվ կյանքը դառնում է պահերի գումա՜ր
… Գոյություն չունի՜ մեկ այլ կենսոլորտ:
*
Պահով ուրիշին
Փարո՜ս ենք դառնում
Իսկ մե՜նք մեզ համար մխում ենք երկա՜ր,
Ու ընդամենը մե՜կ ակնթարթում
Մխի մեջ այրում իղձե՜րն անկատար…
*
Պահերով սիրո՜ւմ ենք,
Բայց… պահո՜վ  ատում,

Պահով բարձրանո՜ւմ ենք,
Բա՜յց… պահերով ընկնում,

Սակայն ո՛չ թե պահերով այլ
Տարիներո՜վ ենք չափում
Կյանքն ապրա՜ծ, անցա՜ծ,

Պատկերացնո՞ւմ եք -  շիրմաքարերին
Ի՞նչպիսի մե՜ծ թիվ կլիներ դաջված…
*
Պահով մեծանո՜ւմ ենք,
Պահո՜վ ծերանում,
Պահո՛վ ենք չափում ճնշումը արյան…

Պահո՜վ խավարից մենք տո՜ւն ենք դառնում…
Պահո՜վ էլ տանից գնո՜ւմ ենք խավար…



Ես և Նա



Կենսագրությունը՝
Կասկածելի՜ -
Ծնվել է սրտումս դեռ անցյալ տարի,

Մանկությունը
Մի անամոք կարո՜տ,
Որ ինքս էլ էի կրել անկարող,

Աչքերը կոպերիս տակ՝
Լո՜ւյս պատուհաններ,
Տեսնես նա՞ էր ինձ,
Թե՞ ես էի նրան խավարից հանել:

Հայացքը՝
Հայացքիցս ներում էր հայցում,
Որ մեր կարճ կյանքում
Ինձ շա՜տ է տանջել,
Արցունքի պես ջի՜նջ Ծնո՜ւնդն եմ հիշում
Եվ խոնարհվո՜ւմ այդ ծնունդի առջև…

Իսկ մեզ ի՞նչ էր պետք ապրելու համար՝
Մի քիչ  ջերմությո՜ւն,
Մի քիչ  ա՜ղ,
Ժպի՜տ…
(Մենք դա ունեինք)

Սիրո թև՜ առանք
Իրարից հեռո՜ւ
Եվ այսքա՜ն մոտիկ…


101-րդ էջում



Ձայնս հիշո՞ւմ եք,  վստահ չգիտե՜մ,
բայց գրվածներիս
ծանո՛թ եք հարկավ,
ա՜խ, Տիկին ի՜նչ մոռացկո՜տն եք,
ինչպե՞ս այսքան շո՜ւտ
ու հեշտ մոռացաք:

Անմոռաց լինե՞լ, ես չէի կարող,
մաքուր է՜ջ  չէի  Ձեր գրքի համար,
… ո՛չ անձրև դարձա
անկանոն թափվող,
… ո՛չ էլ բաբախող Ձեր քունքը հիմա:

Մի պոկված տերև՜ դարձա Ձեր գրքում -
թեկուզ խնամքո՜վ  չորացրած,
պատահմամբ նման բան
լինո՞ւմ է կյանքում՝
մեկ էջում երկո՜ւ տերև մոռացված:

Մեկ մտածո՜ւմ եմ թե մխիթարա՜նք է,
մե՛կ էլ մտածում թե
երկո՜ւ լքված սիրտ,
չէ՜, ամե՜ն դեպքում իրար ախոյան ենք,
իրար նկատմամբ-
անտա՜շ ու կոպիտ:

Գրքի այդ էջից հանե՛ք ինձ,  Տիկին,
մե՜կ ուրիշ էջում տեղադրեք,
զույգ արու տերև մեկ էջում գրքի՞,
դա չափազա՜նց է,
Տիկի՜ն, ինձ ներեք…

Չորացած տերևը սրտի՜ է նման,
լքվա՜ծ, մոռացվա՜ծ, գլխահա՜կ,
շա՜նս տվեք հնոց ոճով
պատվարժան՝
սրտիս լինելու Ձեր ոտքերի տակ:

Ոտքով քչփորե՛ք սի՜րտս նեղացած,
Տիկի՜ն խնդրում եմ մի քիչ զգույշ եղե՜ք,
Ձեր ոտքով հանկարծ չփշրեք նրան՝
101-րդ էջում մոռացվա՜ծ այն մյուս՝ երկրո՜րդ
Տերևի նման…

Տերևի դերը դրախտի այգո՞ւմ,
Տիկի՜ն, դա այլ թեմա է, լրի՜վ առանձին,
Խոսքը գնում է լքվա՜ծ, մոռացվա՜ծ,

Այլ ո՛չ թե փոխնորդ-տերևի մասին…

Ա՜խր ես ոչի՜նչ չունե՜մ քեզ տալու


Ա՜խր ես ոչի՜նչ չունե՜մ քեզ տալու,
Տրամադրությո՜ւնս էլ մի բա՜ն չի,
Որ նվիրեմ քեզ,

Արի ես քեզ տամ  հայա՜ցքս տխուր -
Միգուցե՞ այնտեղ ինչ-որ բան գտնես

Գիտե՞ս ինչից է հայացքը տխուր,
Ասե՜մ, որ միայն աչքերի  թացից,
Այնպե՜ս, ինչպես որ աղբյո՜ւրն է մաքուր
Պղտորվում փոքրիկ մի հողաքարից:

Ա՜չքն էլ պղտորվում է մի դա՜ռը բառից,
Որ քարի՜ նման նստում է սրտում,
Ցավո՜ւմ է սիրտը վիրավորանքից
Ու բարձրանո՜ւմ է աչքերը լցվում:

Ու դուրս է գալիս – Տրամադրությո՜ւնս
Կա՛մ էլ  հայացքս քեզ նվիրելով,
Ես քեզ սիրելի՜ս տալիս եմ  սիրտս,
Որին ցավեցրիր մի անզգույշ բառով…

Ա՜խրչունեի քեզ ոչի՜նչ տալու
Որտեղի՞ց գտա, ոչ դո՛ւ գիտես, ոչ ե՜ս,

Ես քեզ տալիս եմ  հայա՜ցքս տխուր -

Իսկ մնացա՜ծը արդեն դու գիտես…

ՍՊԱՍՈՒՄ



Ասացի.
- Մի  պա՜հ, ո՛տքդ կա՜խ գցիր,
Ինչո՞ւ ես այդքան արագ սլանում,
Ու Կյանքը լսե՜ց, կա՜նգ առավ մի պահ
Ասա՛ց.
- Ես գիտե՜մ,  թե ո՜ւմ և ինչ ես սպասում…

* * *
Սրբազան մի դո՜ղ,
Մաշկիդ տակ շարժվող ի՜նչ-որ ջերմություն,
Բառ՝ լույսի նման մաքո՜ւր, լուսաշո՜ղ,
Կյանք՝  ուրիշի համար  ներշնչանք դառնող,
Անձև տխրությո՜ւն ներսից չտանջող…

Այնպիսի՜ զգացում-
Կարծես անձրև՜ է գալիս թողության,

Այնպիսի սպասո՜ւմ-
Ասե՜ս սպասում ես ի՜նչ-որ փորձության,

Այնպիսի՜ բերկրանք-
Ասե՜ս մի սուրբ է զրուցում անձայն…

Ու պարզ լսում ես.
- Սպասեցի՜ր, եկա՜…

Իսկ թե ի՞նչ գնով կանգնեցրիր Կյանքը՝
Դա ոչ մեկին պե՛տք չէ,
Պե՛տք չէ
Հավատա՜…

* * *
Ես ունեցա ա՜յն,  ինչ ո՛չ ոք չունի,
Եվ շատ թա՜նկ արժի՝ կյանքին հավասար,

… Ամե՜ն ինչ կյանքում իր տեղը ունի
… Եվ  ամե՜ն ինչն  է  կյանքում իրական…

Ասացի.
- Մի  պա՜հ, ո՛տքդ կախ գցիր,
Ինչո՞ւ ես այդքան արագ սլանում,

Ու Կյանքը լսե՜ց, նորից կա՜նգ առավ,
Ու հիմա կանգնա՜ծ
Սպասո՜ւմ եմ
Սպասո՜ւմ…


ԱՍՏՂԱՅԻՆ ՓՈՇԻ



Վերքը քչփորո՜ղ մի դառը  հուշ է
Խառնում մտքերդ,
Ու ասես մի ծա՜նր, շա՜տ ծանր մի բեռ
Սեղմում ուսերդ:

Ստիպում է կքե՜լ ու ծունկի՜ իջնել,
Ճամփան կորցրած ու դուռդ բացած
Ա՜յն բախտի առաջ,
Որն անվանում է իրեն
Հասուն տարիքի Սեր…

Գեղեցիկ խոսքեր դժվար չէ ասել,
Բայց իրոք նման է
Ջե՜րմ, կրքո՜տ բարի՜
Գարնան հեղեղին,

Նման է ձնհալից հոսող ջրերին,
Որ հալեցնում են
Ցավերից սառա՜ծ,
Անհույս սրտերին,
Որ թրթռեցնում են կյանքի նյարդերին՝
Ստիպում է երգե՜լ…
Ու երբ ապրո՜ւմ ես նոր, մի Նոր Գարուն
Չե՜ս էլ նկատում,
Որ Գարու՜նը ցավոք
Մեկ անգամ է միայն տարվա մեջ լինում:

Տարվում ես նրա
Խորքո՜վ, տարերքո՜վ,
Երկնի թիկնոցն ես գցում ուսերիդ,
Վարսերը նրա սարքում ես փոշի՝
Ոսկեղեն փոշի
Ու թվում է քեզ, թե հաղթել ես ծովի
Ահե՜ղ ալիքին,
Մոռանալով, որ գարո՜ւնը կյանքի
Շա՜տ է տարբերվում տարվա գարունից

Կյանքի գարունը միշտ մե՜կն է լինում,
…ու վերք քչփորող դա՜ռը հուշի պես
Մտքերդ խառնում:

Սակա՜յն,
Հիմա սիրում ես պոետի՜ սիրով,
Խոսքն ընդհատո՛ւմ ես
Սիրո համբույրով,
Գգվո՜ւմ ես արդեն պոետի հոգով,
Պոետիկ ձեռքով վարսերը շոյո՜ւմ…
Կարծես կորցրած բա՜ն ես որոնում
Նրա վարսերի մեջ,  փնտրո՜ւմ
Չե՜ս գտնում…

Ի՞նչ ես որոնում
Գարուններ ապրող կնոջ մարմնում,

Թե տարինե՜րդ ես կորցրած փնտրում-
Մի՜ փնտրիր իզուր,

Թե որ խոսքե՜րդ ես փնտրում մոգոնած-
Իզո՜ւր ես փնտրում,

Միգուցե արև՞,
Որ կտաքացնի ոսկորներդ հին-
Իզո՜ւր մի փնտրիր…

Դու հիմա Պոե՜տ ես,  տարիքդ առած,
Դու ի՛նքդ արև ես, բայց ո՛չ ծերացած,
Արմատդ պի՜րկ է,
Սի՜րտդ պատանի
Եվ ինչ էլ ուզում է կյանքում պատահի-
Քո ձեռքերում է սիրո բանալին,
Քո՛ աչքերի մեջ,
Քո՛ խորքում հոգու,
Քո՛ բառերի մեջ,
Արցունքներից թաց
Քո՛ խոնավ գրկում…

Եվ ի՞նչ փույթ,
Որ տեսքդ անտե՜ս է , անշո՜ւք…

Չէ՞ որ Պոե՜տ ես
Ոտքերով հենված ժայռերի դոշին,
Եվ տիրոջ կամո՜ք, տիրոջ ցանկությա՜մբ
Քեզ վրա լցված աստղերի փոշին-
Ընդամենը Սերն է…
Ի՞նչ տարբերություն
Առաջի՜ն, վերջի՜ն…

Օծի՜ր սերերը փոշով աստղային,
Դու պե՛տք ես, Պոե՛տ
Կյանքի՜ն, աշխարհի՜ն,

Իսկ թե հանգի՞ստ ես փնտրել ցանկանում,
Հանգիստ կգտնե՜ս որոնումներում…
Եվ կհասկանաս, որ
Գարո՜ւնն աշխարհում
Միայն կյանքում  չէ՛
Մեկ անգամ լինում…

Գարո՜ւնն աշխարհում՝
Գարո՜ւնն է սրտում…
Սրտումդ գարո՞ւն…
Ի՜նքդ էլ չգիտես թե ի՞նչ ես ուզում,

Մեկ երկի՜նք ես ուզում
Խաղաղ ու կապույտ,
Մեկ ծո՜վ ես ուզում
Խե՜նթ, փոթորկահո՜ւյզ,

…դեղձենու ծաղիկ՝
Ցոլքում առվակի.,
Մեկ դե՜մքդ ես ուզում քսել մեկի դեմքին՝
Պա՜րզ ու մանկամիտ…

Մե՜կ էլ ուզում ես հանճա՜րը գարնան,
Կամ էլ անճարը -
Աշնա՜ն կամ ձմռա՜ն,
Երբ որ քայլո՜ւմ ես, քեզնից հեռանում
Բայց դեպի ետ՝ Ամառ ես քայլում:

Ու խառնվում են
Տողերդ իրար,
Նրա՜ն ես փնտրում
« Իմ ե՜րգ, իմ միա՜կ»
Ու արծիվներ են ճախրում քո հոգում,
Ու չգիտես թե
էլ ի՞նչ ես ուզում…



пятница, 13 октября 2017 г.

Պոետն ու Ջրհեղեղը (իրապատո՞ւմ)



Տապանի աշխատանքները մոտենում էին ավարտին և ինչպես Աստվածն էր հրահանգել երկրի բոլոր արարածները զո՜ւյգ-զո՜ւյգ կանգնած սպասում էին Նոյի հրամանին:
Նոյը, երբ վերջին գործողությունը կատարեց, մեջքն ուղղեց ու նայեց հավաքվածներին:
Հավաքված զույգերից առանձնանում էին երկու պոետներ իրենց ստեղծագործություններով, որոնց կշիռը մի քանի անգամ գերազանցում էր իրենց իսկ կշռին:
Նոյն ընկավ մտածմունքի մեջ, մտածեց.
« Այսպես չի՛ կարող լինել  ու դիմեց Աստծուն»
- Թող իրե՛նք որոշեն, կա՛մ իրենք կա՛մ իրենց ստեղծագործությունները:
Որոշումն արդար էր ու Նոյը հարցական նայեց պոետներին:
Առաջին Պոետն ասաց.
- Ես հազարավոր ստեղծագործություններ ունեմ, կարող եմ նույնքան էլ գրել, երբ ամեն ինչ հանդարտվի, ի՞նչիս է պետք:
Թողնելով իր ստեղծագործությունները, մտավ Տապան:
Երկրորդը մտածեց,
« Ես ամբողջ կյանքում գրել եմ մի գիրք, որտեղ ամբողջ մարդկային ջանքն է ու մտորումները, նմա՜նը ես էլ չեմ կարող գրել…»
Իր գիրքը տվեց Նոյին ու հեռացավ հավաքվածներից:
Երբ բոլոր հավաքվածները մտան Տապան, Եհովան դուռը փակեց:
- Ահա և այն Փակ դուռը, որի մասին ես բազմից գրել եմ, -մտածեց դրսում մնացած պոետն ու նայեց վերև:

Քիչ հետո սկսվեց ջրհեղեղը:
Երկրի վրա ամեն ամեն ինչ սկսեց անցնել ջրի տակ ու ամենասոսկալի վիճակում մնացած այն էակներն էին, որոնք տեղ չունեցան Տապանում:
Ամեն կողմից լսվում էին միայն.
- Ո՞ր մեղքիս համար, ի՞նչ էի արել:

«Ջրհեղեղը քառասուն օր եղաւ երկրի վերայ.... Եւ ջրերը երկրի վերայ շատ շատ զօրացան, եւ բոլոր երկնքի տակ լինող բոլոր բարձր սարերը ծածկուեցան։»

Երբ ավարտվեց ջրհեղեղն ու ամեն ինչ խաղաղվեց, Տապանից առաջինը դուրս եկավ Նոյը՝ հաղթող-հպարտի կեցվածքով:
Վստահ էր, որ ինքը առաջինն է ոտք դնում նորացամաք ու անսպասելի էր, որ ընկավ տրամադրությունը:
Քիչ հեռվում, լրիվ թրջված դուրսը մնացած պոետն էր, որը կռացած մագաղաթի վրա ինչ-որ բան էր գրում:
- Սա ի՞նչպես է կենդանի մնացել,- բացականչեց Նոյը,
- Աչքերիս չե՛մ հավատում, կա մեկ տարբերակ միայն, քանի ջրհեղեղ էր՝ Աստված նրան վերցրել է իր մոտ:

- Նո՞յ,- զարմացավ պոետը,
-Ի՞նչ կա չկա, չե՛ս գնացել թե՞ արդեն եկար, իսկ ես ջրհեղեղի մասին եմ գրում:
Հետո անտարբեր տապանից իջնող խառնամբոխին, վերցրեց մագաղաթն ու հեռացավ…միայնություն փնտրելու:


Նոյը լուռ վիրավորանքով աչքերն ուղղեց երկինք, այն տեղը որտեղ միշտ խոսում էր Աստծո հետ, որտեղ որ պետք է լիներ Աստված:

Հոգևոր Գարուն



Դրսում աշուն է՝
Մեղրահա՜մ թախիծ,
Իսկ ես լցվա՜ծ եմ ցնծությամբ տխուր,
Արցո՜ւնք եմ քամում վճիտ ակունքից
Ու լցնում աշնան խորքերը թափուր:

Իմ սրտում հիմա ծառե՜ր են ծաղկած
Ու գարնան շո՜ւնչն է բուրում իմ ներսից,
Ասես հոգիս է խենթանում հյուսված
Ինչ-որ հոգևոր կապույտ տարածքից:

Լցվում են աշնան խորքե՜րը թափուր
Խենթ ցոլանքներով բառեր հի՜ն ու նո՜ր,
Ասես աշունը նոր թա՜փ է ստանում
Ծնելով մի նոր Գարուն հոգևոր:

Ու հարափոփո՜խ…
Ու մնայուն միշտ…
Աշունը այսօր դարձել է Գարուն
Ու նրա խորքից տխո՜ւր, անձկալի

Հոգևոր Գարնան մի դե՜մք է նայում…

Օրհնությո՜ւն քեզ Կին

- Այդ ե՞րբ է կուռքը վերածվում Սրբի,
Երբ որ արյո՞ւնն է հառնում խելահեղ հոգուն:

- Երբ հավատո՜ւմ է, որ կկրկնվի
Ա՜յն, ինչ որ իր մեջ սիրո՜վ է ապրում …

* * *
Ի՜նչ-որ ժամանակ, ի՜նչ-որ հոգի է իջել երկրին-
Կնո՜ջն է գրկել նրբորեն,
Ներարկել նրան խելահեղ մի կի՜րք
Ու անսահման սեր:

Եվ մյուռոնո՜վ է օծել ստինքերը նրա,
Կոնքերին տվել այնքա՜ն ջերմություն,
Որով մինչ օրս ագահի նմա՜ն
Տաքանո՜ւմ ենք ու չե՜նք հագենում:

Մեզ մ՜իշտ է հսկում կնոջ հայացքը,
Թաքո՜ւն, աննկա՜տ ու գորովանքով-
Լուսավորելով մեր կենսատարածքը,
Որը չի՛ կարող չավարտվել երգով:

Հի՜ն ձևաչափը վաղո՜ւց է փոխվել՝
Դարձել՝
Կնոջ մարմի՜ն,
Կնոջ հոգի՜,
Ու…Կի՜ն,
Ահա՛  թե ինչ է Աստված մեզ տվել,
Մեզ՝ ձեռքի մեջ կավով տրորվածներիս:

Ի՞նչու խոնարհվել արևի՜ն, հողի՜ն
Երբ լուսեղեն Կի՛նն է կողքդ ծվարած,
Էլ ի՞նչու դիմել հին աստվածներին,
Երբ Նո՜րը քեզ հե՛տ է,
Քո՛ մեջ ներաճած…

* * *
Մի քիչ կյա՜նք խառնենք մեր երազներին,
Մեր արյանը՝ Լո՜ւյս,
Հոգիներին հո՛ւր,
Մոտեցնե՜նք Կնոջ չքնաղ շուրթերին.

Օրհնությո՜ւն քեզ
Մա՜յր,
Կի՜ն,
Դո՜ւստր

Ու …քո՜ւյր:

среда, 11 октября 2017 г.

ԽԱՎԱՐԻ ՄԱՍԻՆ



Ի՜նչ էլ անում եմ
Չի՜ ստացվում գրել խավարի մասին,
Ո՜նց էլ անում եմ՝
Ստացվում է Լույսի՜
Կամ էլ խոշտանգվա՜ծ,
Կիսամեռ Հույսի…

Երբ որ գրում ես Խավարի մասին-
Ասես աշխարհն է կարդում
Քեզ հետ միասին,
Աշխարհին թվում է թե մանրանո՜ւմ է,
Ճղճիմանո՜ւմ է գրված քո տողից,
…Խավարի մասին գրված տո՜ղը
Դառնում է փարո՜ս ու Լո՜ւյս է տալիս:

Իսկ Լույսի՜, Հույսի՜ մասին
Գրված ամե՜ն տող-
Տանում է անհայտ աստղերի ոլորտ՝
Դառնում է մի բե՜ռ,
Ընկնում քո ուսի՜ն
Ու սիրախա՜ղ է դառնում սերը սին…

Համբույրը դառնում է
Օդայի՜ն համբույր,
Իրական կիրքը՝ եթերայի՜ն կիրք:

… Խավարի մասին գրված ամեն տող
Լո՜ւյս է ուղեկցող
Ու ասես ե՜լք է
Փակվա՜ծ,
Զմռսվա՜ծ
Դռները բացող…


ՆՈՐԱԾԱՆՈԹ ԿՆՈ՜ՋՆ ԱՅՆ



Նորածանոթ Կի՛ն
Սե՜ր եք ինձ երգում
Առանց տեսնելու վախճանը նրա,
Սիրո մեջ այդպե՜ս է – սկիզբը հաճելի՜,
Վերջերը տխո՜ւր ու նման իրար:
*
Ես այնքան դա՜վ եմ տեսել 
Այս կյանքում,
Ցա՜վ,
Վի՜շտ…
Մխիթարանքներ բազո՜ւմ ու բազո՜ւմ,
Վաղո՜ւց, շատ վաղո՜ւց է սի՜րտս քարացել
…Քար սիրտ նվիրել-
Ես չեմ ցանկանում:
*
Եվ ի՞նչ եք անելու անձև այդ քարը,
Ոչ գրկո՜ւմ,
Ոչ ձեռքո՜ւմ
Հաճելի չէ նա,
Վերջում նետելո՜ւ եք աղբատարը
և Ձեզ խաբելու եք  թե՜
Պատահմամբ ընկավ:
*
Քարի մեջ միշտ էլ արյո՜ւն է լինում,
Մեկի մեջ սա՜ռը…տա՜ք
Կա՜մ էլ մեռած,
Սիրո մեջ տիկի՜ն միշտ սկի՜զբն է լավը,
Իսկ վերջը մա՜հ է կա՜մ էլ աղբատար…

* * *
Սիրտս քարացնող ձեռքերը դեռ կա՜ն,
Կան և աչքե՜րը՝ լռությունից խոր,
Կան և շուրթերը, որ սրտիս նմա՜ն
Քարաց՜ել են և լռո՜ւմ են դժգոհ:
*
Նորածանոթ Կի՛ն
Ես Ձեզ հարգո՜ւմ եմ,
Խոնարհվում Ձեր վեհ զգացմունքի առաջ,
Սակայն սրտիս տեղը Նրա՜ սրտում է.
Ներեցե՜ք անխիղճ խոսքերիս համար:
*
Նորածանոթ Կի՛ն
Գուցե՞ դաժան են խոսքերս ասված,
Գուցե՞ այլ բարի սրտեր կան կյանքում,
Իրոք սրտիս տեղը Նրա՜ սրտում է-
Իմ սիրտը միա՜յն այնտեղ է ծաղկում:
*
Իսկ Դո՜ւք՝ նորածանոթ Կին
Ինձ սե՜ր եք երգում
Առանց տեսնելու վախճանը նրա.
(Վատ բանի փորձը մի՜շտ է հաջողվում)
Փորձե՜ք,

Միգուցե՞ հասկանանք իրար:

Եվա՜…



Չե՛մ հասկանում թե որտեղի՞ց
Այսքա՜ն կրա՛կ կա իմ մեջ,
Եվ ի՞նչու չեմ հրդեհվում
Կամ էլ այրվո՜ւմ մինչև վերջ…
. . .
Տղամարդու հո՜ւրն ուրի՛շ է՝
Հոգի՜ ու սիրտ քայքայող,
Որի համար ընդամե՜նը…
Կրծքի վերին կոճակը բաց
Մի Եվա՜ է հարկավոր:
.
Եվա չկա՜ սովորական,
Կա՛ սառեցնո՜ղ, կա՛ այրո՜ղ,
Եվա էլ կա՜ սարսուռ տվող
Ու չքնա՜ղն իր
Չքնաղաձև մատուցող:
.
Մեկ անիծո՜ւմ ես նրա լաթերը՝
Կո՜ւրծքն ու ամոթը ծածկող,
Մեկ օրհնո՜ւմ ես կոկ ազդրերը՝
Հե՜զ ու ճկուն գալարվող:
.
Փիլիսոփայությո՜ւն է
Եվայի հանվե՜լը,
Հագնվելը՝ բարբարոսությո՜ւն,
Երևի թե այս ամենն է,
Որին ասում են «տղամարդու հուր»:
. . .
Մի քիչ ուրի՜շ է իմ Մուսա-Եվան,
Որը սի՜րտ չունի ու չունի հոգի՜-
Մեջս նստած բորբոքո՜ւմ է,
Որ կրակս երբե՜ք - երբե՜ք
Չմարի…

Հիմա գիտե՜մ թե որտեղից
Այսքան կրա՜կ կա իմ մեջ,
Եվ ինչո՞ւ չեմ հրդեհվում
Կամ էլ այրվո՜ւմ մինչև վերջ…

Ս.Ումառ-Հարությունյան

06.10.17  Երևան

Տապանը



( Ասո՜ւմ են, գայլերն են տանում անտերին
Կա՜մ ջրհեղեղն է տակո՜վն իր անում,
Այդ ե՞րբ և ո՞վ է  տեր կանգնել խեղճին-
Այս դաժա՜ն-անգո՜ւթ ու խորթ աշխարհում: )
. . .
Նո՞րը կստեղծվի, ես դեռ չգիտե՜մ,
Մի նո՜ր Ջրհեղեղ համաշխարհային,
Բայց հի՜նը (ասում են իբրև եղե՜լ է)
Ոնց  որ գրվե՜լ է -
Էլ չի՛ մոռացվի…

Գրո՜ւմ են, Տապանը մի մա՜րդ է սարքել,
Գրո՜ւմ են, նրա անունը Նո՜յ էր,
Տապան է վերցրել զո՜ւյգ-զույգ էակներ,
Իսկ մնացածին՝ թողել է
Անտե՜ր…

Երբ որ ջրերը տեղի՜ են տվել,
Տապանը մնացել է գագաթին լեռա՜ն,
Տապանից դեպի ցամա՜ք են հորդել
Մտքի՜ ու հոգու ճիվաղներ տխմար:
. . .
Ու մինչև օրս հոշոտո՜ւմ են մեզ՝
Աստըծո կողմից անտեսվածներիս,
Մոռանո՜ւմ- որ վաղը լինելու եմ Ե՛ս-
Նոյի փոխարեն
Տապան սարքելիս…






Աչքերը մթան



Թվում է թե գյո՜ւտ եմ անում
Տողերով,
Բայց ընդամենը սի՜րտս եմ բացում
Դողալով,
Հոգուս մատներով գրում եմ ինչ կա՜
Ու զարմանո՜ւմ եմ՝
Նո՜ր ոչի՜նչ չկա:

Մթան նո՜ւյն աչքերն են
Ու ականջները կարոտի
Սեղանին դրված նույն հա՜ցն է
…Գինի՜ն.
Ու լռությունը՝ գլուխը խփող
Հատակի՜ն, պատի՜ն:

Միգուցե սա՞ է այդ մա՛հ ասվածը,
Երբ սիրտդ դատա՜րկ է,
Հոգիդ՝ սնամե՜ջ,
Ու լռությո՜ւնն է ոտուձեռ ընկած-
Փորձում ինչ-որ կերպ դիպվածը հարթել…

Մթան մեջ
Կարող ես գրել արևի՜ մասին,
Կարոտից խեղդվո՞ւմ ես
Կարող ես գրել հուշերի՜դ մասին,
Թե լռությո՜ւնն է քեզ անհանգստացնում
Կարող ես գրել աղմուկի՜ մասին -

Սրտի՜ աղմուկի…

Սրտի՜, որ թո՜ւյլ է
Նաև փխրո՜ւն է,
Անօգնակա՜ն է, սակայն դիմացկուն,

Պոե՜տ ես
… Գրի՛ր քո սրտի շշուկի՜ մասին,
Գրիր բերկրանքից  քո դողի մասին
Գրիր մուսայիդ աչքերի մասին

Ու մթան դաժան աչքերն անտեսիր…

Հիշի՛ր, որ գյուտ չես անում տողերով
Այլ սիրտդ ես բացում մի կե՜րպ

Դողալով:

Բարև՜ բացվող օր



Անիմաստ մի բա՜ռ,
Կծու մի երկտո՜ղ,
Արված մի հեգնա՜նք՝ դա՜ռը կամ թթու,
Սա՜ռը մի ծիծաղ կամ
Անտարբերությո՜ւն -
Ահա թե ինչն է կործանում մարդուն:

Սրանք վերքե՜ր են,
Որ չե՜ն լավանում
(Համենայն դեպս երկա՜ր ժամանակ)

Սրանք երգե՜ր են,
Որ սի՜րտ են թաղում
Առա՜նց պատանքի,
Առա՜նց պատգարակ…

Եթե սրտիցդ արյո՜ւն է կաթում՝
Դա տանելի՜ է,
Դա՛ կսպիանա՜,

Երբ սիրտդ խոցո՜ւմ են՝
Չի՛ գալիս արյուն
Նշանակո՜ւմ է՝ սիրտդ  քարացավ:

Այդպես լինում է վիրավորանքի՜ց
Անտարբերությունի՜ց
(ինչպես ասացի)
Խանդի՜ց,  կասկածի՜ց,
Բայց ամենակարևորը
(ցավո՜ք և հաճա՜խ)
Այդպես լինում է
Հումորը զգալու պակասից…

Կնոջ ցանկությունների պես
Մարդկային սիրտը չունի օրենքներ,

Այնպես որ սիրտ իմ,  ուզե՜ս թե չուզե՜ս
Պատահելու  են այնպիսի՜  օրեր,

Որ չե՛ս ցանկանա ապրե՜լ-տրոփե՜լ…




понедельник, 2 октября 2017 г.

Մի երգի (formidable) տպավորության տակ, որի բառերը չէի հասկանում, Երբ թարգմանեցին ինձ համար, զարմացա, որ սխալվել եմ այդ աստիճանի


* * *
Անձրև՜,  քեզ ո՞վ կփայփայի՜,
Կգուրգուրի՜…
Անձրև՜,  քեզ ո՞վ գի՜րկն իր կառնի,
Եթե Հո՜ղը,
Եթե Հո՜ղը  չլինի…

* * *
Հողը փախչո՜ւմ է ոտքերիս տակից,
Ինչ-որ թևե՜ր են ինձ տանում վերև,
Մի բաժակ ջո՜ւր էր՝ խնդրեցի Բախտից-
Բախտը տվեց ինձ մի ամբո՜ղջ հեղեղ:

Ինչ-որ մի ո՜ւժ է բարձրացնում ինձ վեր,
Գիտե՜մ,  որ Հողը շուտով չի՛ լինի,
Չե՜մ պատկերացնում թե առանց ստվե՜ր-
Կյանքն ի՞նչ կլինի:

Արցունքս պահում եմ, որ չդատարկվե՜մ…
Միգուցե՞ նորից մի ամառ գա թեժ,
Կամ մի նոր գարուն խելագա՜ր ու խե՜նթ…
Եվ ուրախության արցունքներ թափեմ:

Իսկ հողը փախչո՜ւմ է ոտքերիս տակից,
Փորձում եմ գոնե՜ ստվերս բռնել,
Փորձո՜ւմ եմ կառչել ի՜նչ-որ մի բանից,
Փորձո՜ւմ եմ, փորձո՜ւմ,
Փորձո՜ւմ եմ ապրել…