понедельник, 27 августа 2012 г.

Չորացած ծաղիկներ


Չորացած ծաղիկներ

Դու եկար քո հոգատար ձեռքերով գրկումդ սեղմած քառասուն գարուն:
Նետվեցիր գիրկս:
Ես շպրտեցի քո գարունները հիշողությանս մացառուտների մեջ ու ինքս տեղավորվեցի քո գրկում:
Քո ամեն մի գարնան հետ ես ես նորից ծնվեցի:
Հուշերս ծնկի եկան կրքերիս առաջ:

Ամառ չունեիր:
Ամառներդ` չորացած ծաղիկների տեսքով մնացել էին հեռու-հեռու մի մոռացված ծննդավայրում, մատուռի հարևանությամբ բարձրացող` արցունքներից թաց հողաթմբի վրա:
Քեզ տվեցի իմ ամառները:
Երակներս` սրսկված արևի ջերմությամբ փաթաթեցի մարմնիդ վրա`ոտքերիցդ մինչև խելահեղության հասցնող մազերդ:
Կորցրեցիր հիշողություններդ ու կրքերդ աղոթքի տեսքով լցվեցին կոկորդս:
Ամառ չունեիր:
Կուլ տվեցի քո սև հուշերը…ու տվեցի քեզ ամառ:

Գիրկս, որ երազներիս ափին կառուցված մի անառիկ ամրոց էր,  ընդունեց ծառերի ճյուղերին վերջին հրաժեշտը տվող տերևների սրտաճմլիկ ճիչերը`քո քառասուն աշունները:
Իմ աշուններն ավելի դեղնեցին,չորացան:
Աչքերիս լույսը սողոսկեց ծոցդ`գինի դարձավ կրծքերիդ մեջ լերկ:
Գինին աստվածների խմիչք է,որին ես սովոր էի, իսկ աչքերս ոչ…ու ուշաթափվեցին աչքերս կենդանացող կրծքերիդ վրա:

Ձմեռ բերեցիր,սևազգեստ կնոջ փեշերով լցրեցիր ոտքերիս  տակ:
Ցանկություններս դարձան մոխիր`պատարագի նման խորհրդավոր ու լուռ:
Սպիտակ մոխիրների մեջ,սառած ուղեղով փնտրեցի երկար ու վերջապես գտա քեզ` լուսնի ձեռքից ընկած փշրանքի մի կտոր … անցյալիս ավերակ ճանապարհներով հեռացող համր քայլերով  բերեցի քո ձմեռները ու իմ կախարդ ձեռքերով լցրեցի սրտիս բուխարու մեջ:
Ամեն մարդ աստված է,որ իրեն խենթ է ձևացնում:

Ինձ նայում է շպարված մի տխրություն`գլխին սպիտակ մի ագռավ,սրսկիչը ձեռքին:
- Որտե՞ղ եմ:
- “Մայր Թերեզայում”,արդեն եկու օր է:Բանաստե՞ղծ եք:
- Ոչ,ինժեներ:Ինչու՞:
- Այնպիսի գեղեցիկ բառեր էիք ասում,չհասցրի բջջայինով ձայնագրել:
Տղաս բանասիրականում է,պետք կգար նրան:
Տարվա եղանակների մասին էր,շատ բան չլսեցի,բայց այնքան երաժշտական էր,այնքան հստակ ցավ:Գիտեք ինչքան եմ լաց եղել:
- Չեմ հիշում ոչինչ:
- Մի սպիտակ “Նիվա” բերեց ձեզ, Հյուսիսային ավտոկայարանից:Ձեր ճամպրուկը մեզ մոտ է,չանհանգստանաք:
- Ճամպրուկում մի քանի շոր է,ուրիշ ոչինչ չունեմ:Ամեն ինչ կորցրեցի ճանապարհին:
- Դուք ինչ որ տեղի՞ց էիք եկել կայարան:
- Ո՜չ, ուզում էի գնալ քաղացիական կնոջս ամուսնու ծննդավայր,նրա գերեզմանին,հեռու հեռու:Ուզում էի տեսնել այնտեղ ծաղիկներ կա՞ն թե ո՞չ:
- Իսկ ի՞նչ ճանապարհի մասին եք ասում:
- Կյանքի:
Երևի մտածում է զառանցում եմ:
- Հիմա պետք է սրսկեմ,դեռ ամբողջ գիշեր առջևում է,աշխատեք քնել:
- Իմ բաժինը ես վաղուց եմ քնել,հիմա մրսում եմ:
- Բայց տաքություն չունեք,դրսում էլ ամառ է:
- Դրսում այո,բայց իմ մեջ չկա՜ ամառ:
- Մի քանի սրսկումներ էլ կան,սրսկեմ հետո կգամ,լա՞վ,անպայման կգա՜մ:
Ձեռքն իջավ ճակատիս…

…Դրսից գիշերն իր դավադիր աչքերով նայում էր պատուհանից ներս,իսկ նա խոսու~մ էր,պատմու~մ…
Գիշերը փորձում էր մութ ձեռքերով սեղմել,փակել բերանը,բայց բառերը, որոնք ներսում խեղդվում էին՝ դուրս էին գալիս գիշերվա մատների արանքից ու արձագանքելով հիվանդասենյակի պատերից, ժանգոտ մեխերի նման ճռռալով խրվում էին բուժքրոջ ականջների մեջ:


<<  - Անի,հարկավոր է ամուսնուդ գերեզմանի քարը գցել:
- Փող չկա: Երկու օրից էլ աղջիկս է գալու Ամերիկայից`ամուսնու հետ,ի՞նչ պետք է ասեմ նրանց,որ իմ Բոյ ֆրենդն ե՞ս,ամո՜թ է:
- Ինչե՞ր ես խոսում, ես քո ամուսինն եմ,մեկ տարվա ընթացքում այնքան հարազատ մարդ դարձանք իրար,խելքդ տեղում է՞,և ինչպե՞ս  թե փող չկա,բա իմ վաճառած բնակարանը՞,չէ՞ որ պայմանավորվեցինք,որ վաճառեմ իմ բնակարանը, վերանորոգենք քո՜ բնակարանը,գրանցվեմ քո՜ մոտ,օրինական ամուսնանք, ամուսնուդ գերեզմանը  սարքենք,չէ որ այդքան սիրել ես նրան՝ինչպես որ պատմել ես:Նրա գերեզմանին,ինչպես ասել ես, վերջին անգամ եղել ես երեք տարի առաջ,ծաղիկներ ես տարել,ի՞նչ ծաղիկներ էին:
- Չեմ հիշում,դա ի՞նչ կարևոր է:
- Արդեն մեկ ամիս է բնակարանը վաճառել ենք,բայց ոչինչ չենք արել:
- Դեռ թող մնա,փողը բանկում է,ապահով,դու մտածիր թե ինչպե՞ս ենք ապրելու այս մեկ սենյականոցում,երբ նրանք գան:
- Դե քո հարազատն է,կհասկանա,մի կերպ կապրենք,այնքան էլ նեղվածք չէ:
- Դու չես ճանաչում նրան:Միգուցե դու գնա՞ս,հեռու բարեկամ չունե՞ս,գյուղում կամ..
- Ես ոչ ոք չունե՜մ,դու դա լու՞րջ ես ասում,ի՞նձ, որ քեզ այդքա~ն..
- Լուրջ եմ ասում, կատակի ժամանակ չէ: Սա իմ ամուսնու բնակարանն է եղել,ես չէի կարող քեզ գրանցել:Համ էլ աղջկաս գրել եմ, որ մենակ եմ,կարող են գալ,իրենց վերադառնալու փողն էլ եմ ես ուղարկել:
Որոշել են այս բնակարանը վաճառել ու ինձ իրենց հետ տանել:
- Առանց ինձ հետ խորհրդակցելու՞:Չէ որ դա իմ…Ես որտեղ պետք է ապրե՞մ:
- Պետք է հեռանաս,այլ տարբերակ չկա:
Աղջիկս լաչառի մեկն է, ինձ կխայտառակի շենքով մեկ…>>

Բուժքույրն աթոռին նստած, իր երկու ջերմ ափերով բռնել էր հիվանդի ձեռքն ու արտասվում էր անձայն:
Հետո նա ձեռքն ազատեց նրա ափերից,մատներով սկսեց մաքրել արտասուքները:
- Աչքերիդ սև տուշը սևացրեց մատներս,լաց մի եղիր, կարո՞ղ ես մի հատ ծխախոտ ճարել,ծխել եմ ուզում:
- Այս ժամին բոլորը քնած են,ես ծխող չեմ, քեզ էլ չի կարելի:
Սկսեց մատներով սանրել հիվանդի մազերը:
- Բոլորին էլ մահվանից առաջ տալիս են վերջին ծխախոտ:
Բուժքույրը մատներով փակեց նրա բերանը:
- Դու կապրես,Ես գիտեմ,կապրես…դու ինձ մոտ կապրես:
Դու պետք է ապրես:
Տղամարդն արտասվում էր…հետո քնեց բուժքրոջ ձեռքը գրկած:

- Երազներիս նավակներից հավաքել եմ միայն ճերմակ երազներս:
Կարոտներս՝ մետաքս ճայերի նման կապույտ փետուրներով ջուրն են նետվում ձկան արցունքներ գտնելու հույսով:
Ես էլ բոկոտն  մտնում եմ ծովի ավազների մեջ՝ փրփուր գտնելու հույսով:
Չեմ խռովել իմ ճակատագրից,ես ապրե~լ եմ,ապրել ուղիղ մեկ տարի:
Չե՜մ նեղվել իմ խաչից, որ միշտ կրել եմ անտրտունջ:
Չտեսա նրա ամուսնու գերեզմանը,տեսնես իրո՞ք այնտեղ չորացած ծաղիկներ կան:
Հիմա քո՜ դռան մոտ եմ, ցույց տուր ինձ Գողգոթա տանող ամենակարճ ճանապարհը:
Մրսու~մ եմ,ցուրտ է:

- Զառանցու՞մ է,բժիշկ, որքա~ն դառն են խոսքերը:
- Էլ սրսկում չանես,իմ կարծիքով արդեն չի օգնի:Կողքից էլ մի հեռացիր:
- Ինչպե՞ս,բա ի՞նչ պետք է անենք:
- Ոչինչ,թող հանգիստ հեռանա,մենք անզոր ենք:
Բժիշկը հեռացավ:
< Մրսու~մ եմ,ցուրտ է:>
Քույրը ներսից փակեց պալատի դուռը: Հանեց սպիտակ խալաթը,մնաց ներքնազգեստով:
Զգույշ բարձրացրեց վերմակն ու մտավ անկողին:
Գրկեց նրան,- ես քեզ կտաքացնեմ,ես գիտեմ ինչ է քեզ պակասում,ինչ է պակասել:
Ես հասկացա քո մրսելու իմաստը,քեզ կենդանի ջերմություն է հարկավոր,առանց դրա ոչ ոք չի կարող ապրել,ես կտամ այն քեզ,միայն մի գնա,դու դեռ այնքան բան ունես  անելու… խնդրու~մ եմ:

Բժիշկն ուշադիր նայում էր հիվանդին:
Հանգիստ քնած էր:Շնչառությունն էլ նորմալ:
Բազմաթիվ լարերով մարմնին միացրած էկրանը ցույց է տալիս համաչափ վեր ու վար անող կյանքի ռիթմը:
Մտավ քույրը:
- Ինչ որ բան սրսկե՞լ ես:
- Ոչ,արգելեցիք չէ՞:
- Տարօրինակ է,այն աշխարհից վերադարձ կա՞: Հրաշքներ լինու՞մ են:
- Չգիտեմ,-կարմրեց քույրը:
- Լավ կգամ երկու ժամից,- մեկ անգամ էլ նայեց ու դուրս եկավ:
Աչքերը բացեց:Հետաքրքիր հայացքով մի տղա է նայում: Նուրբ դիմագծերով:
Կլինի մոտ քսան տարեկան:
- Դու ո՞վ ես :
- Հիմա մամային կկանչեմ,-ու դուրս վազեց:
Մտավ քույրը,ինչ որ ծանոթ ու քիթ գրգռող բույրով:
Սենյակը լցվե՞ց, թե՞ թվաց:
- Հիմա ինչպե՞ս եք:Կարծես անցավ հա՞:Այնպես վախեցրիք:
- Միթե՞ մահից վախենում են,ապրելուց պետք է վախենալ:
- Ինչպես թե՞,-զարմացավ տղան,- ապրելու՞ց:
- Ես ամբողջ կյանքումս աթեիստ եմ եղել,բայց վստահ կասեմ, որ հրեշտակներ կան:
Գիշերը մեկն ինձ մոտ էր,բայց չծիծաղեք,լա՞վ,ես նրանից ճանապարհ հարցրեցի,չորացած ծաղիկների մոտ գնալու ճանապարհը, գլխով արեց,բայց նորից խաբված մնացի,ինձ ուրիշ ճանապարհ ցույց տվեց:
Տղան ծիծաղեց:
- Հրեշտակները Համալսարանի մեր խմբում են սովորում:
- Դու ճիշտ ես,տղաս,անունդ ի՞նչ է:
- Լևոն,ինչպես միշտ:
- Լևոն մի խանգարի,դուրս արի:
-  Չի խանգարում,սրամիտն է,ես էլ եմ այդպիսին եղել, մի երեսուն տարի առաջ:
- Լավ մամ,ես գնամ ,տեսնեմ կարո՞ղ եմ տակից դուրս գալ,Վարդանյանն այնպիսի բան է առաջադրել, որ ամբողջ կուրսով չենք կարողանում:
- Իսկ ինչ է՞,եթե գաղտնիք չէ:
- Լևոն դրա ժամանակը չէ,դուրս արի:
- Թող մնա խնդրում եմ,ասա միգուցե ե՞ս օգնեմ:
- Դու՞ք,-ժպտաց,- նայեք,միթե՞ կարող է Լերմոնտովի նման հանճարը սխալվել իր գրվածքներում,ինձ թվում է դասախոսը թակարդ է լարում:
- Սխալվում են բոլորը,Լևոն: Ասա ի՞նչ է:
Լևոնը տետրում ցույց տվեց Լերմոնտավի բանաստեղծությունից ընգծված երկու տող.
…И прыгает Терек как львица,
С горбатой гривой на хребте..
- Ի՞նչ սխալ կարող է լինել այստեղ,սովորական փոխաբերություն է`գետի վազքը՝ առյուծի բաշի հետ:
Քույրը դուրս եկավ սենյակից:
- Լևոն,դու ծխու՞մ ես:
- Այո,բայց մամայի մոտ ոչ:
- Մի հատ սիգարեթ տուր լա՞վ:
- Բայց ձեզ կարելի է՞:
- Իհարկե,ի՞նչ է եղել որ:
Ծխախոտը թաքցրեց բարձի տակ:
- Հիմա ուշադիր լսիր,միթե՞ դու տեսել ես եգ առյուծ, որ բաշ ունենա՞…
Տղայի աչքերն որախությունից փայլեցին:

Ամբողջ ցերեկը քնեց:
Երեկոյան երկար զրուցեցին քրոջ հետ:
Ավելի ճիշտ ինքը խոսում էր, բուժքույրը լաց լինում:
Խոսում էր դժվարությամբ,ծանր շնչելով:
Կեսգիշերին մոտ էր, երբ քույրը գնաց հերթական այցելության մնացած հիվանդներին:
- Շուտով կգամ:Չտխրես:

Սենյակում կանգնած էր ծխի մուգ կապտավուն ամպ,որն անընդհատ խտանում էր մահճակալից կախված անշունչ Տղամարդու ձեռքի վառված ծխախոտից:
Ուղիղ կեսգիշեր էր:

Վերջաբան
Հեռու հեռու ինչ որ մեկի ծննդավայրում,ինչ որ գերեզմանաթումբ է,լքված,անխնա:
Թմբի վրա ծաղիկների հետք չկա,քարերի արանքից էլ խոտ է աճել:
Հեռվից լաց լինող կատվի ձայներ են լսվում:

Ասում են, որ կինը գեղեցիկ է լինում միայն քնած ժանամակ և մահվան մահճում:
Ո~չ, Կինը գեղեցիկ է միայն անկեղծ ու լուռ արտասվելու պահին:

Ասում են,որ չորացած ծաղիկները նույնքան գեղեցիկ են,որքան  թարմ ծաղիկները,
ուղղակի պետք է այլ աչքերով նայել:
Ո~չ, չորացած ծաղիկների գեղեցկությունը նման է  մահվան անկողնում հանգիստ պառկած տղամարդուն:

Հիվանդասենյակի դռանը ուսով հենված, շրթունքները կրծելով լուռ արտասվում էր բուժքույրը:


воскресенье, 26 августа 2012 г.

Աշնան եղանակին գարնան մի օր


Աշնան եղանակին գարնան մի օր

Չեմ կարողանում կողմնորոշվել, թե այսօր տարվա ինչ եղանակ է:
Չգիտեմ ինչ հագնել:
Օրացույցով աշուն է, բայց օրը` արևոտ ու արևոտ:
Այնքան արևոտ օր է, որ անկախ քեզնից ցանկանում ես դուրս գալ ու…թռչել:

Մեր տան հայելին ֆիզիկայի բոլոր օրենքներից դուրս է:
Ամեն օր տանից դուրս գալուց առաջ նայում եմ, հայելին էլ ինձ է նայում:
Այսօր էլ նույնը:
- Խո´զ, ինչու՞ ես աչքերդ չռել, մերկ ծնկներ չե՞ս տեսել, ի՞նչ է:
- Հիմա´ր,- ասաց հայելին, մնացածը չլսվեց:
Հագնում եմ աշնանային կիսաչոր տերևի գույնի` Նրա նվիրած աշնանային թեթև վերակուս:
Զգում եմ, որ հայելին ինձ նայում է սոված հայացքով:
Ինձ դուր են գալիս տղամարդկանց սոված հայացքները:
Նայում են երկար, թուքը կուլ տալիս, հետո գլուխները կախում:
Տղամարդկանց հայացքները սոված լինում եմ երկու դեպքում. առաջինը խաշի սեղանին` օղու բաժակից հետո` կարմիր բողկերին նայելիս, երկրորդը` կարճ շրջազգեստ հագած աղջիկներին նայելիս:
Հիմար բաներ են անցնում մտքովս, միգուցե հայելին ճիշտ է:
Նոր պետը կանչել էր իր սենյակ: Դե առաջին օրն էր, պետք է իրեն ցուց տար:
Հստակ հասկացրեց իմ` քարտուղարուհուս  տեղը օֆիսում:
Մի հինգ րոպե խոսում էր, բացատրում, ես չէի լսում, մեկ-մեկ գլխով համաձայնության նշաններ էի անում:
Հետո զգացի, որ ձեռքը ծնկիս է դրել:
Նայեցի արդեն ուրիշ աչքերով ու չհասկացա` ինչո՞ւ ծիծաղեցի երկա~ր, երկա~ր:
Ձեռքը մնաց ծնկիս վրա, սոված հայացքով, աչքերը` ուղղված շուրթերիս:
Վեր կացա աթոռից:
Նայեցի ու ինձ թվաց, թե մի անօգնական մարդ` նստած դիմացս ողորմություն է խնդրում:
Հայացքս որպես ողորմություն գցեցի նրա ափի մեջ ու դուրս եկա սենյակից` համոզված լինելով, որ ետևիցս կրքոտ նայելու է:
Թո´ղ նայի:
Երևի անկողնային հիվանդ կամ էլ ֆրիգիդ կին ունի է, ի՞նչ իմանամ:

Երկու օր առաջ էր` աշնանային մի օր:
Երբ դուրս եկա հիմնարկից, անձրև էր` ամռանը հրաժեշտ տվող խառնակիչ անձրև, որն ինձ համոզեց իմ աշխատանքը կորցնելու փաստը:
Ես ցանկացա խմել անձրևը, առանց շտապելու, կում կում մեջս լցնել ինձ այդքան պակասող կաթիլների կաթկթոցը ու բերանս բաց, գլուխս ետ գցաց  վազեցի, վազեցի…

Առավոտից արդեն լավ եմ:
Տաքություն չկա:
Օրը` հիանալի:
Իմ մասին ոչ ոք չի մտածում, թերևս միայն  Փիլիպոս կաթողիկոսը, որ 1635թ. կառուցել է  Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցին` դեղատան վարչության հարևանությամբ:
Ես սովորություն ունեմ հաճախակի եկեղեցի գնալու:
Մեկ շաբաթ է` չեմ եղել:

* * *
- Ինձ հինգ մոմ տվեք,- դրամը պարզեցի, ու պատուհանի հետևում նստած կնոջ չզարմանալը սովորական էր:
Տատիկս է սովորեցրել. <Միշտ կառնես կենտ քանակի մոմ, այդպես է ընդունված>:
- Բայց մենք չորս հոգի ենք, տա´տ, ես, դու, մաման ու պապան:
- Ոչի´նչ, հինգերորդը բոլորիս հաջողության համար է:
Պատուհանին մոտեցավ մի տղա:
- Չորս հատ:
Վերցրեց մոմերը` առանց ինձ ուշադրություն դարձնելու:
- Կե´նտ է հարկավոր առնել:
Ինչո՞ւ ասացի, չգիտեմ:
Նույնիսկ վերարկուիս տակից ճչացող կարճ շրջազգեստս ուշադրության չարժանացավ:
Տղան մտավ եկեղեցի:
- Մոտակա հիվանդանոցից է,- ասաց մոմ վաճառող կինը,- այն, որ Մաշտոցի պողոտայում է:
Արդեն երեք օր է` փախչում է հիվանդանոցից, գալիս է մոմ վառում ու վերադառնում:
Ինքն է պատմել: Վաղն առավոտյան վիրահատելու են: Ծանր օր է լինելու, խե~ղճ տղա…
Մտա եկեղեցի, աչքերով փնտրեցի նրան: Աջ պատի մոտ գտա:
Վառում էր իր մոմերը:Մոտեցա կանգնեցի կողքին ու ես էլ վառեցի:
Հայացքն ուշադիր մոմերին էր հառել, ինչ- որ բան էր մրմնջում:
Աշնան եղանակին գարնան կորած ու մոլորված,  մի թեթև քամի հանգցրեց իմ բոլոր մոմերը:
Ես նայեցի տղայի մոմերին ու տեսա,  որ մեկը չէր հանգել, իսկ մնացած երեքը ծխում էին իմ բոլոր մոմերի նման:
Մոմամանում  չհանգած մոմեր կային, մտածում էի` որի՞ց վառեմ, երբ տղան առանց խոսքի` ձեռքը երկարեց ու իմ հանգած մոմերից վերցրեց մեկը, վառեց իր մոմից, մեկնեց ինձ:
Նույն մոմից վառեց իր մնացած մոմերն ու անխոս հեռացավ:
Հեռացավ այնպիսի քայլվածքով, ինչպիսի քայլվածքով, որ  հեռացավ Նա մեկ շաբաթ առաջ` գլուխը կախ, անվստահ, կիսաօրօր, ստիպողաբար հրաժեշտի քայլվածքով:

Ի՞նչ էի արել որ…ուղղակի հարցրեցի, թե ինչպե՞ս են կարողանում տղամարդիկ հանգիստ քայլել, երբ ոտքերի արանքում խանգարող բան կա:
<Ի՞նչ : Եվ դու դա հարցնում ես ի՞նձ>,-զարմացավ նա:
<Բա ու՞մ հարցնեմ` պատի ետևում գիշերները խռմփացնող հարևանի՞ս, համ էլ ես սիրում եմ քեզ>:
<Մեր սերն ավարտվեց, մի´ նեղացիր, բայց ես էլ չեմ կարող, ես հոգնել եմ քեզնից:
Քեզ բուժվել է հարկավոր, դու նորմալ չես, գլխումդ քամիներ են, ինչ- որ սավառնել, ինչ-որ սլանալ, քեզ ինչպես եմ ներկայացնելու ծնողներիս, չե՞ն ասի` այս գիժն ո՞վ է: Ա´յ, ընկերուհիդ` Հասմիկը, ուրիշ է…>
Ապտակեցի: Ինչո՞ւ, ինքս էլ չհասկացա:
Սիրում էի, սիրեցի ավելի շատ:
Երևի հայելիս ճիշտ է` հիմար եմ:

* * *
Ոտքերս հասցրեցին Մաշտոցի պողոտայում գտնվող հիվանդանոց:
Տեղեկատու <վանդակում> նստած երիտասարդ կինն ուշադիր նայեց:
- Վերարկուն որտեղի՞ց եք գնել:
- Չեմ գնել, նվեր է: Ընկերս է բերել Ֆրանսիայից, որ կարճ շրջազգեստս չերևա, բայց երբեք չեմ կոճկում:
- Լավն է, երանի~ Ձեզ, հա´մ աշնանային վերարկու, հա´մ այդպիսի ընկեր: Է~խ, ի՞նչ է հարկավոր:
- Քիչ առաջ այստեղ մտած տղային ի՞նչ է եղել:
- Բարեկա՞մ չեք: Չե՞ք ճանաչում: Ոչինչ չեմ կարող ասել, բժշկական էթիկայի հարց է:
Անխոս հանեցի  վերակուս ու գցեցի բացված փոքրիկ պատուհանի գոգին:
Կինը կարմրեց, սկսեց թերթել ինչ-որ քրքրված մի մատյան:
- Սարգսյան Ռոբերտ: Վաղը երիկամն են հանելու: Մահամերձ հոր համար է:
Ավելին չեմ կարող ասել, կներեք: Վերարկուն չմոռանա´ք, նվերը չեն նվիրում:

* * *
- Ո՞ւր ես, մեռա քեզ սպասելով,- ծաղրեց հայելիս:
Հայելու չորս անկյուններում վառված մոմեր էին:
Կենտ է հարկավոր. մտածեցի որ տանը մոմ չկա ու փորձեցի փչելով հանգցնել մոմերը:
- Ես Հանգստությա´ն մոմն եմ, շնորհակալությո´ւն, - ասաց առաջին մոմն ու հանգավ:
- Ես Սիրո´ մոմն եմ, քեզ այլևս հարկավոր չեմ,- մխաց, ինչպես առաջին մոմը:
- Ես Հավատքի´ մոմն եմ, մարդիկ ինձ կորցրել են վաղուց: Ես համարյա վերջացած եմ, հանգցրո´ւ:
Չորորդը տեղի չէր տալիս:
Հայելին ծիծաղեց:
-Դու չես կարող նրան հանգցնել,- ասաց հայելիս,- Դա Հույսի մոմն է, որից հետագայում պետք է վառել մնացած երեքը: Նա միշտ պետք է վառվի:
Ես փարվեցի հայելուս:
<Սիրու~մ եմ, սիրու~մ եմ, սիրու~մ եմ>,- շշնջում էի նրան:
Հայելիս էլ իր ձեռքերով ինձ գրկեց, ամուր սեղմեց իրեն ու ասաց.
<Քո համբույրներն այնքա~ն արևոտ են,այնքա~ն ջերմ, այնքա~ն էներգիա են հաղորդում, որ ցանկանում եմ թռչել, փախչել քեզնից հեռո~ւ– հեռո~ւ` հետո տիեզերական արագությամբ վերադառնալ ու նորից արև~, արև~, թռիչք, սլա~ցք…Կյանքն է այդպիսին` բումերանգի նման, քեզ վերադառնում է այն,  ինչ ասում,  ինչ անում ես…>

Հեռախոսը զանգեց:
- Լսում եմ,- արցունքներից ձայնս փոխվել էր:
- Ու՞ր ես, մեռա քեզ սպասելով, մոռացե՞լ ես, այսօր պետք է հանդիպեինք, ծնողներս սպասում են, մեկ ժամ է հիմարի նման կանգնած եմ ՄԵՐ  տեղում:
- Ես ուզում եմ, որ սկզբից գնանք հիվանդանոց, այն որ Մաշտոցի պողոտայում է:
- Լավ, եթե ուզում ես…միայն արագացրո´ւ….

Արագ վերցրեցի պայուսակս ու դուրս գալուց առաջ նայեցի հայելուն:
- Հիմա´ր,- սոված հայացքով  ասաց հայելին,-մնացածը չլսվեց:
Դրսում` աշնան եղանակին ավարտին էր մոտենում  գարնան մի օր:

среда, 22 августа 2012 г.

“Դրախտի նախամուտքը”



Սենյակը` արվեստանոցը, լուսավորված էր բուխարու թրթռացող,վայրենի ու կրքոտ լույսով:
Կրակը կարծես աֆրիկյան բնիկներին հատուկ  մի պար էր պարում` ճարճատյունով ու խայտալով:
Հատակին արջի մորթի էր գցված`գորշ արջի, որ յուրահատուկ տեսք էր տալիս պատից կախված բազմաթիվ կտավներին:
Սենյակի աջ կողմում աստիճաններն են, որ տանում են ննջարան:
Կնոջ գլուխը տղամարդու ձախ ուսին է,բայց կարծես իրեն զգացնել չի տալիս:
Տղամարդը մտազբաղ ծխում է:
- Էլի ոչ մի նկար չվաճառվեց,ես քեզ խոսք էի տվել տանել ծով,չի ստացվում:
Նելլ,միգուցե քո բացատրություններն են վատ, որ նկարները չեն վաճառվում:
Ծխախոտի մոխիրն ընկավ անկողնուն:
Կինը ձայն չհանեց,անիմաստ համարելով ամեն օր կրկնելու նույնը:
- Կարեն, միգուցե Իմ նկարը վաճառենք,- զգույշ շշնջաց կինը ձեռքով շոյելով տղամարդու մազոտ կուրծքը:
- Ոչ մի դեպքում,դա Իմն է,իմ երազանքը,դա քո մարմինն է,դա դու ես  և երբեք չի դառնա ուրիշի աչքերի  սեփականությունը:Դու ի՞նչ է ուզում ես ցնդե՞մ:
 - Բայց ծովը քեզ է անհրաժեշտ, բայց հիշու՞մ ես ինչ ասաց բժիշկը:
Քեզ միայն ծովի օդը կբուժի:Իսկ նկարը հետո նորից կնկարես:
- Կնոջ հիմարությունը սահմաններ չունի:
Հրեց կնոջ ձեռքը,վեր կացավ անկողնուց ու իջավ արվեստանոց:
Արվեստանոցին կից սենյակում պատերի տակ շարված են նկարներ,ավարտված,կիսատ,փչացրած…
Փնտրեց,գտավ սպիտակ սավանով փաթաթած մի նկար:
Բերեց բուխարու մոտ,բացեց սավանը:
Սավանը հեշտ տեղի տվեց,բայց դժվարությամբ անջատվեց նկարից:

* * *
Դեռ անցած տարի էր երբ հերթական անհաջող ցուցահանդեսից հետո նոր ընդունված նկարների գիդը` Նելլին, գիշերը մնաց նրա մոտ:
Անհաջող անցած օրը լցվեց նրանով:
Ստացավ այն ինչ չէր ստացել իր ապրած ողջ տարիների ընթացքում:
Գիշերը քունը չէր տանում,երջանկությունից էր թե՞ …չգիտեր:
- Դու միշտ կքնես այդպես, լա՞վ, լրիվ մերկ:
- Դու գիժ ես,- ծիծաղեց Նելլին:
Հետո իջան արվեստանոց,Նելլին բազկաթոռին մերկ նստած շամպայն էր խմում:
Շամպայնի մեջ վեր ու վար էին անում շոկոլադի մանր կտորներ:
Ոտքը գցել էր ոտքին,ոտքի մատներով բռնել էր մի պոչը կարճ կարմիր վարդ:
Ոտքը`ծնկից ներքև վեր ու վար էր անում,համահունչ շամպայնի մեջ գցած շոկոլադի մանր կտորներին:
Տեսարանը խենթ էր:
Նելլին կարծես դա զգաց ու արձակուրդ տված ամոթխածությանը  վերջնական հրաժեշտ տվածի նման, վեր կացավ ու պառկեց արջի մորթու վրա:
- Նկարիր:

* * *
Նկարում արջի մորթու վրա շողշողում էին լույսի նրբերանգ, ֆոկուսից դուրս ճառագայթները, ու կարծես դա լույսի ու ավազահատիկներով հագեցած քամու պար էր:
Լույսի բղավոց,քամու չկամեցողություն:
Նելլիի մերկ մարմնի ամեն մի հատված պատմում էր, թե ինչպես է անփորձ մարմինը հմուտ ձեռքերում վերափոխվել ցանկությունների,զգացմունքների ու կրքի մի փոթորկի:
Նկարի կիսամթի մեջ մեջ նույնիսկ կույր  աչքը կտարբերեր ոտքերի արանքում տեղավորված ամոթույքի եռանկյան մազափնջի  կարծես թեթև  թրթռոցը:
Կիսափակ աչքերում մաքուր սիրո արտացոլումն էր լուսախաղերի տեսքով:
Քրտինքի մի թափանցիկ կաթիլ էր ձախ կրծքի վրա:
Կրծքերի հպարտ կանգնած, հրավիրող գլխիկները,  իրենց մուգ գույնով միաձուլվում էին արջի մորթու գույնին, ստեղծելով մի պատկեր, որից անհնար էր հայացքը կամավոր հեռացնել:
Շուրթերը կիսաբաց պատմում էին սրտի ու կրքի անիմաստ  ճակատամարտը,որտեղ հաղթողներ չեն լինում կամ հաղթում  է երրորդ կողմը`Սերը:
Նկարի անվանումն էր “Գտնված ավազահատիկը”:

- Ես սա կյանքում չեմ վաճառի,-նորից փաթաթեց սավանով և վերադարձրեց տեղը:

* * *
 Բարձրացավ վերև:Նելլին քնած էր:
Զգույշ մտավ անկողին,ձեռքը դրեց նրա կրծքին,ինչպես սովոր էր քնելու ու փորձեց քնել:
Զնգաց հեռախոսը:
Մինչև հասավ լիցքավորման դրած ու մոռացած հեռախոսին,Նելլին արթնացավ:
- Լսում եմ, ո՞վ,հա՞,Աբո,ասա ի՞նչ է եղել,այս ժամի՞ն…ո՞վ…լուրջ ես ասու՞մ..լավ եղավ,մաղարիչ ունես,եթե ստացվի:
Նելիի հարցական հայացքը չէր կտրվում նրանից:
- Ի՞նչ,ո՞վ էր:
- Նախկին կնոջս եղբայրը` Աբոն`քաղաքապետարանից:
- Հետո՞:
- Ասաց, որ վաղը նոր քաղաքապետը կնոջ հետ գալու է, ինչ որ պաշտոնյայի ծննդյան են հրավիրված,երևի նախագահի, ուզում են նկար ձեռք բերեն:
- Սա ճակատագիր է Կարեն, ոչ բոլոր նկարների տակ կա քո ազգանունը, հարկավոր է գրել և ինչքան արագ այնքան լավ:
- Գիշերվա տասներկուսն է,դու ինչ է գժվե՞լ ես,ի՞նչ կապ ունի գրված ազգանունը:
- Դու չես հասկանում,քնիր ես կգրեմ,մոռացե՞լ ես, որ ես էլ եմ նկարիչ:
- Միևնույն է ոչինչ չի ստացվի,թող այդ անշնորհակալ գործը:
Նելլին արդեն մերկ մարմնի վրա էր գցում գիշերանոցը:
- Դու քնիր:

* * *
Առավոտյան երբ Կարենն իջավ արվեստանոց,Նելլին գիշերանոցով քնած էր արջի մորթու վրա,մատները յուղաներկոտ,վրձինը բուխարու մոտ ընկած:
Նայեց պատի նկարներին:
Բոլոր նկարների տակ յուղաներկով գրված էր “Կ.Վահունի”:
Նախկին կնոջ դիմանկարը պատից հանված դրված էր հատակին,հենված պատին,առանց մակագրության:
Պատի դատարկ մեխը կարծես կրկնում էր նախկին կնոջ խոսքերը.
<Դու անհաջողակ ես,իմ դժբախտության պատճառը,փինաչի նկարիչ,գոնե եղբորիցս`Աբոյից սովորիր փող աշխատել,հասարակ բաժնի վարիչ է,բայց ինչպես է հագնվում կինը>:

* * *
Նոր քաղաքապետը քառասունին մոտ մի տղամարդ էր,կինն ավելի երիտասարդ:
Եկել էին չորս հոգով այդ թվում և Աբոն:
Հերթով անցնում էին կախված նկարների մոտով:
Գլուխները թեքում աջ,ձախ,լուրջ հասկացողների նման տարուբերում:
Շամպայնի բաժակները ձեռքով բռնած նայում էին նկարներին,լսում Նելիի բացատրությունը,նկարների անվանումները:
Կարծես դուր էին գալիս նկարները,բայց պարզ զգացվում էր քաղաքապետի կնոջ ավանգարդ ու որոշիչ դերը:
Երբ ավարտվեց դիտումը,քաղաքապետի կինը թեքվեց ու կիսաձայն Նելիին ասաց:
- Ես ինչ որ արտառոց բան եմ ուզում,Էքստրավագանտ, հասկանու՞մ ես սիրելիս:
Այնպիսի մի բան, որ ցնցի բոլորին: 
- Միթե՞ ոչինչ չընտրեցիք,այսքան նկարների մեջ:
- Սրանցից բոլորի տներում էլ կան,սրեդնյակ են:
- Լավ,տիկին ես հիմա մի նկար էլ ցույց կտամ:Նկարը Հունգարիայում կայանալիք մրցույթի համար է,- ստեց Նելլին,- ձեզ նման հյուրերին…հուսամ կհասկանաք ինձ:
Նելլին անսխալ հասկացել էր դիմացինի քաղքենիության աստիճանը և…
Նելլին անցավ ու կողքի փոքրիկ սենյակից բերեց սպիտակ սավանով փաթաթված մի նկար:
Կարենի ձեռքը դողաց:
- Այդ նկարը չի վաճառում,դա իմ…
- Այդպիսի բան կա՞, որ չվաճառվի,- քաղաքապետը ձեռքն ընկերաբար դրեց Կարենի ուսին:
- Դուք,արվեստագետներդ վատ բիզնեսմեններ եք:
Կարենի ձեռքից ընկավ բաժակը:
Նելլին հանգիստ բացեց սավանը,նայեց նկարին ու կախեց Կարենի կնոջ նկարի տեղը`ազատ մեխից:
Նկարից Կարենին էր նայում Նելիի այլանդակված մարմինը:
Աչքերի տեղը կծիկ դարձած վառ գույնի օձեր էին,մարմինը տձևի հասցրած գծերով կարծես մի հին դարչնագույն տակառ լիներ,ձախ կուրծքը աջից մեծ… ոտքերի արանքում տեղավորված ամոթույքի մազափունջը չգիտես ինչու քառակուսի:Կրծքի վրա սև գույնի քրտինքի կաթիլ:
- Մոգակա~ն է,-շշնջաց քաղաքապետի կինը,- սա իմ ուզածն է:
Կարենը չէր կարողանում խոսել,ուղեղը մթագնած,ձեռքերը դողալով փորձ արեց մոտենալ Նելլիին,խեղդել սեփական ձեռքերով…
- Նելլի սիրելիս, դու ինձ որոշ բաներ բացատրիր,որ կարողանամ ես էլ բացատրել,դե գիտես չէ, սա նվեր է լինելու մի բարձրաշխարհիկ կնոջ:Ինձ այս նկարի արվեստի լեզուն է պետք:

Քաղաքապետի առաջարկով տղամարդիկ քաշվեցին քիչ հեռու:
- Ի՞նչ է այդ նկարի գինը:
Նկարիչը կորցրել էր խոսելու ընդունակությունը:
- Սա հազար դոլլարի մոտ գործ է,-մեջ ընկավ Աբոն,- Կարեն, ի՞նչ ես լռում:
- Ես դա չեմ կարող վաճառել,- մի կերպ արտասանեց նկարիչը, - դա գին չուներ,հիմա չգիտեմ:
- Նարեկ,վերցնում ենք,հաստատ,որոշված է,- հեռվից ասաց քաղաքապետի կինը:
- Լավ, մի թանկացրու,մենք էլ ենք արվեստից հասկանում,տալիս եմ երեք հազար ու վերջ:

Կողքից լսվում էր Քաղաքապետի կնոջ հարցերը և Նելիի կիսաձայն բացատրությունը:
Կանանց թվում էր, թե իրենց չեն լսում:
- Ուշադիր նայեք կնոջ աչքերին,որոնք մատնանշում են,թե նկարիչը որ կողմ է թեքում դիտողի հայացքը  դեպի մառախլապատ մարգարտահովիտները թե դարչնագույն հարթավայրի բարդիները:
- Ինչո՞ւ է մի կուրծքը մեծ մյուսից,ձախը..
- Տիկին ձեր ամուսինը ձախլիկ է՞:
- Ոչ:
- Դե ուրե՞մն…
- Մոգակա~ն է:Ի՞սկ այս քրտինքի կաթիլը…
- Դա աչքերից ծորած թախծոտ արցունքի կաթիլն է, որ սահելով այտերի վրայուվ իջել և կախվել է շրթունքի ծայրից,հասկանու՞մ եք,փոխաբերությունը կրծքերի և շրթունքների:
Նելլին հնարում էր առանց կանգառի,համոզիչ ու հաստատուն ձայնով…
- Մարմինը տակառի….
- Այո տիկին,ես շատ արագ կարողացա ընբռնել ձեր արվեստին մոտ լինելը,դուք ճիշտ եք,դա Դիոգենիսի տակառն է:
- Ես էլ հենց դա էի ուզում ասել:
- Նայեք կնոջ պորտին, դա  Դիոգենիս աչքն է,Դիոգենիսի, որը բռունցքները սեղմած ներսից նայում է աշխարհին:

Կնոջ խորամանկությունը մարդկային հիմարության նման սահմաններ չունի:
Կարենի ոտքերը Նելիի անհեթեթությունների տարափից ծալվում էին:
Մոտեցավ իր նկարին: Նելլին, նկարի կնոջ պորտին ձեռք չէր տվել ի՞նչ աչքի մասին էր խոսում,չհասկացավ:
Որտեղ են  մառախլապատ մարգարտահովիտները,որտեղ են դարչնագույն հարթավայրի բարդիները`չէր հասկանում:

- Մոգակա~ն է:Ի՞սկ այս …
Մատը ցույց տվեց նկարում կնոջ ոտքերը միացնող տեղը:
- Ինչու՞ քառակուսի…
- Ես գիտեմ, որ հասկացել եք տիկին,բայց ուզում եք ճշտել,այդպես չէ ՞:
- Օ,այո իհարկե, ես ուզում եմ արվեստի լեզվով լսել:
- Նկարչի պատկերացմամբ կնոջ մարմինը դրախտն է,իսկ դա  քառակուսի է, որովհետև խորհրդանշում է աշխարհի չորս կողմերում պաշտամունք դարձած դրախտի նախամուտքը…
- Մոգակա~ն է,ի՞սկ նկարի անունը..
- “Դրախտի նախամուտքը”,- վայրկյանական հնարեց Նելլին:
- Այդպես էլ գիտե~ի,- ասաց քաղաքապետի կինը և մտածեց,
<Նկարը այդ գեղացուն չեմ նվիրի,ի՞նչ պետք է հասկանա Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղի դպրոցն ավարտածը,թող իմ տանը կախված  լինի>:

* * *
Հյուրերի գնալուց հետո Կարենը ձեռքի եղած 3000 դոլլարը գցեց սեղանին ու առանց խոսքի,անտրամադիր բարձրացավ ննջասենյակ:
Նելլին մոտեցավ,այդ գումարի վրա ավելացրեց քաղաքապետի կնոջ կողմից ծածուկ իր ձեռքը դրած  երեք հատ հարյուր դոլլարանոց թղթադրամները:Ժպտաց:
<Նեղացած է,ավելի լավ է վաղը կխոսեմ> - Նելլին մոտեցավ գետնին դրված Կարենի նախկին կնոջ նկարին:
<Սա կարելի է Մանեի <Օլիմպիայի> փոքրիկ սեվ կատու  վերափոխել:Քաղաքապետի տանը նկարը տեսնելուց հետո նախագահի կինը անպայման կայցելի մեզ,դե իսկ ես իրեն լեզվով խոսել գիտեմ արդեն>:
Հիշեց քաղաքապետի խոսքերը <Դուք,արվեստագետներդ վատ բիզնեսմեններ եք>
Շուռ տվեց նկարը,հետևի մասում կապույտ մարկերով գրեց`8500 $:

* * *
Սենյակը`արվեստանոցը, լուսավորված էր բուխարու մարող,հանդարտ մահացող  լույսով:
Սենյակի աջ կողմում աստիճաններն են, որ տանում են ննջարան:
Մեջքով իրար պառկած ձևացնում են թե քնած են:
<Ինչու՞ այլանդակեցիր իմ երազանքը,դա իմ ամենօրյա աղոթքն էր,իմ թափառական մուսան:
Ինչու՞:
Չէ՞ որ ես քեզ վստահում էի:>
<Քեզ ծովի օդն է հարկավոր սիրելիս,իսկ այդ քաղքենիները թող գրողի ծոցը կորչեն իրենց դրախտի նախամուտքերով,
դու ինձ շատ ես պետք,
շա~տ>: