воскресенье, 25 февраля 2018 г.

Հեքիաթ

Փնտրո՜ւմ եմ,
Փնտրո՜ւմ
Ու չգիտե՜մ ինչ՝
Ինչ-որ աչքե՜ր, մաքո՜ւր-մաքուր,
Կորած մի ի՜ղձ,
Մի անանո՜ւն անձև կարոտ,
Օտա՜ր ծաղիկ՝ օտա՜ր բույրով,
Բազմազավակ փշատենի՜,
Վարսերը կախ
Ո՛չ պտղաբեր
Մի ուռենի՜…
Օգուտն ի՞նչ է, որ փնտրո՜ւմ եմ
Ու…չգիտե՜մ:
Լավ չէ՞ արդյոք, որ վերջացնեմ տողերով այս՝
Հույսերիս նմա՜ն գարնան հետ չվա՜ծ
Երկնքից երե՜ք խնձոր ընկավ ցած…

Ստվերը

* * *
Մի՜ սլացիկ բարդի կանգնած
Նայո՜ւմ էր իր ստվերին,
Սև՜ էր, երկա՜ր, մահասարսո՜ւռ-
Շո՜ւրջը աճած թփերին:
Աշո՜ւն էր խոր… կայծակը կո՜ւյր,
Բարդու սրտի՛ն հարվածեց,
Այրվեց բարդին ոտքի՜ց գլուխ -
Կիսամոխիր տապալվեց:
Հրդեհվեցին և թփե՜րը
Շուրջը ոչի՜նչ չմնաց,
Ո՛չ բարդին կա՜ր, ո՛չ ստվերը,
Ո՛չ թփերը- սև՜ ստվերից վախեցած:
Գարո՜ւնն եկավ արևածին,
Թփարմատից փոքրի՜կ ծիլեր ծնվեցին,
Ո՛չ բարդին կար, ո՛չ ստվե՜րն իր…
Ու թփերի ստվերնե՜րը
Իրենց հսկա՜ կարծեցին:

воскресенье, 18 февраля 2018 г.

ՀԱՅԱՍՏԱՆՍ


Ուր ուզո՞ւմ եք ինձ տարեք՝
Պեկի՜ն,
Մադրի՛դ,
Լո՜ս-Անջելես,
Լյովե՜ն տարեք կամ
Ջակարտա,
Տոկիո՜ տարեք կամ էլ
Մոսկվա՜…

Բրոդվեյում սեղան գցեք,
«Յախուշտայի»  ձայնը քոքեք,
«Բերդ» պարի պես բերդ ցույց տվեք,
Ու «Գայանե» բալետից
Հարյո՜ւր-հարյո՜ւր սուսեր հանեք-
Սի՜րտս խոթեք,

Տա՜սը, հարյո՜ւր,
Հազա՜ր-հազա՜ր հայ հավաքվեք՝

«Քելե՜,  քելե լաո»  երգեք,
«Կռո՜ւնկ» երգեք,
«Նուբա՜ր-Նուբար»
«Կաքավի՜կ» կամ «Անտունի»
Գլո՜ւխ կախեք խոնարհաբար
Տերյանի կամ Թումանյանի
Հիշատակին-
Վիետնամո՜ւմ
Հոլանդիայո՜ւմ
Ավստրալիայո՜ւմ
Հունաստանո՜ւմ…

Միևնո՜ւյն է

Ի՛մ պարերը,
Ի՛մ երգերը,
Ի՛մ բառերը,
Հայերե՜նը՝
Ինձ հուզում են միա՜յն-միա՜յն
Հայաստանում:

* * *
Թե ի՜նչ-որ մեկը կասի, որ
Փո՜քր ենք-
Թող որ համարի Մասիսը օտար:

Մենք մեր արյունով ներծծված
Հո՜ղն ենք՝
Լեռան պես ամո՜ւր,
Քարերից ծնված,
Լեռան ծաղկի պես վայրի՜ գեղեցիկ,
Լեռան լանջի պես բա՜ց ու հյուրընկալ,

Այսօր մի քիչ նե՜ղն ենք,
Հոգով քիչ ավեր,
Բայց մենք փո՜քր չենք՝
Մեր հո՜ղն է փոքր-
Ոչ թե սիրտը մեր:

Եվ Աստված չանի՜
(Մեղա՜ քեզ, Աստված)
Տրորված մեր ո՜տքը
Բարձրանա հանկարծ:

Այնժամ կտեսնե՛նք
«Յախուշտան»  Վանում,
«Բերդը»  Կարինում,
«Քոչարին» Բաքվում…

Ա՜խ, ի՜մ երազանքը՝
Ռեհան ու թարխուն վայելել Ղարսում,
Գրոհե՛լ  այդ մինարեթ կոչված  սյունը,
Բարձրանալ  ու
Ո՜ղջ Ստամբուլով մեկ երգել
«Ով, սիրո՜ւն-սիրուն»-ը:

Ուր ուզո՞ւմ եք ինձ տարեք՝
Պեկի՜ն,
Մադրի՛դ,
Լո՜ս-Անջելես,
Լյովե՜ն տարեք,
…Ջակարտա…
Մե՜կ է կասեմ, ո՜ղջ աշխարհում
Կարմի՜ր-կապո՜ւյտ-ծիրանագո՜ւյն
Մի դրախտ կա՝
Հայաստան:

* * *
Հիմա՜ այս պահին
Հայի բախտի պես,
Կիսաչոր գինին
Ծածկված է հացով՝
Հացե գլխարկով-
Ի հիշատակ գնացա՜ծ,
Հողին պահ տված ջահել
Կյանքերի…
… Ու նաև հո՜ղը (չեմ ասում լքած)
Թողա՜ծ, հեռացա՜ծ
Ջահել այրերի…

Ասածս հի՜ն է՝
Նորություն չկա…
Մի պատմությո՜ւն է
Պա՜րզ ճշմարտության
Ու արյան կանչի…

Հո՜ղը,  թող թեթև լինի Ձեզ վրա՝

Այստեղ - շիրմաթումբը կանաչի,
Այնտեղ՝
Ձեր այգին…




ՏԱՐԵ՜ՐՔ



Թե պետք է գայիր տարերքի նմա՜ն,
Ու տարերքն այդ գազան իմ սի՜րտը լցվեր,
Ի՞նչու դու չեկար այն օրը-հեքիաթ,
Երբ  ո՛չ քամի կա՜ր
Ո՛չ  ձյո՜ւն, ոչ անձրև՜…
*
Երբ ոչի՛նչ չկա՛ -  դա՛ էլ է տարերք՝
Տարերք ոչնչի՜ կամ դատարկության,
Բայց շատ է նման  հեքիաթի մի խե՜նթ,
Որտեղ  ո՛չ  չար կա,  ո՛չ բարի էակ:
*
Հիմա ձմե՜ռ է ու սա՜ռը քամին
Հյուսո՜ւմ է ձմռան ծամերը սառած,
Սիրելի՜ս, շուտով գարո՜ւն կլինի-
Կի՜րքը սիրո հետ չխառնե՜նք  հանկարծ:
*
Չէ՞ որ տարե՜րք ենք հոգով ու մարմնով՝
Փոթորկվո՜ւմ ենք, հուզվո՜ւմ ամեն պահ,    
Միգուցե իրո՜ք ի՜նչ-որ հրաշքով
Մարգարիտ գտնենք իմ տողերի տակ:    
*
Մարգարիտը քե՜զ, իսկ ինձ թող մնա
Այն դատա՜րկ խեցին,
Որին բացել են  քո նուրբ  մատները,
Մե՜կ էլ օ՜րը այն, երբ  հանդիպեցինք
Ես ու դու,  քամի՜ն

Ձյո՜ւնն ու անձրև՜ը…

Ցավի լեզուն

Ասո՜ւմ են,  հե՜շտ է,
Շա՜տ հեշտ է սովորել ամե՜ն մի բանի՝
Դավաճանությա՜ն, կեղծիքի՜, դավի՜…
Բայց արդեն քանի՜ հազար դար է
Մարդն ունակ չեղավ
Սովորել ցավին…

Մարդուն վերից լա՜ց է տրվել՝
Արտասվելու հմտություն…

Լա՛ց եղիր մարդ,
Մա՜րդ արարած
Միայն դո՛ւ ես ի զորու
Սև գառների երթի նմա՜ն
Գիշերվա մեջ արցունքներդ թափելու-
Ցա՜վն արցունքով մեղմելու:

Ցավն ապրում է քո մեջ՝
Ուղղակի քնա՜ծ է կամ էլ մահացած,
Այդ դո՛ւ ես քո
Աղաչանքո՜վ,
Հառաչանքո՜վ,
Բողոքներո՜վ…
Փո՜րձ անում արթնացնե՜լ
Կամ հարություն տալ նրան:

Ու հետո երկա՜ր, երկա՜ր ժամանակ,
Կռացած նրա սնարի առաջ-
Փորձում քնեցե՜լ
Կամ խա՛չ բարձրացնել՝
Բազմակի անգամ կյա՜նք տալու համար:

Այդպես եղել է հավիտենաբար,
Այդպես կլինի՜
Քանի որ բնության մեջ
Ծառը դիմում է ծառի՜ն լեզվով տերևի,
Քարը քարին՝ լեզվով ցեմենտի,
Թռչունը թռչնին՝ լեզվով փետուրի
Գազանը գազանին՝ լեզվո՜վ բաժանման…
Ու միայն մա՜րդն է մարդու հետ խոսում
Լեզվով կործանման:

Ասո՜ւմ են հե՜շտ է,
Շա՜տ հեշտ է սովորել ամեն մի բանի՝
Մա՜րդ
Ե՞րբ կսովորես մարդու հետ խոսե՜լ

Իր լեզվով՝ ցավի՜…

пятница, 16 февраля 2018 г.

ԵԹԵ ԽՈՍԵԼ ԻՄԱՆԱՅԻՆ ԾԱՂԻԿՆԵՐԸ



Ինձ ոչի՜նչ պետք չէ գրել  հենց այնպես,
Երբ սիրտդ լո՜ւռ է, բայց լեզուդ կայտա՛ռ,
…Լեզվի կծածը երբե՜ք չի բուժվել,
Սրտի լռությունը պատի՜ժ է դաժան:

Եվ ո՛չ էլ պետք է խոստանալ իզուր,
Երբ որ ուզում ես գլո՜ւխդ ազատել,
… Անիմաստ տված ամե՜ն մի խոստում
Հի՜ն շորի նման կարող է կառչել:

Պե՜տք չէ բառերով հեռու տանել ինձ,
Ենթատեքստերով անել խեղդամա՛հ,
… Քո կողմից գրված ամե՜ն մի բառից-
Բացվում է մի նո՜ր փակված պատուհան:

…Ու ծաղիկնե՜ր են պատուհաններին,
…Ու ծաղիկների ամե՜ն մի թերթիկ՝ մի պատրա՜նք,

Ա՜յլ կերպ են բուրում նվիրված ծաղիկները,

Չնվիրվածնե՜րը՝ չե՛ն բուրում իսպառ:

Սիրահարը այն երկչոտ

Լո՜ւյսն իր ճամփան կգտնի
Ու կլցվի սիրտը քո
… Երբ ես արդեն չե՛մ լինի
Սիրահարը այն երկչոտ:

Ու կթռչի, քե՜զ կհասնի
Բա՜ռս լցված քո սիրով
… Երբ ես արդեն չե՛մ լինի
Սիրահարը այն երկչոտ:

Ու աչքերս չե՛ն փայլի,
Չե՛ն հմայվի քո տեսքով,
…Երբ ես արդեն չե՛մ լինի
Սիրահարը այն երկչոտ:

Սե՜ր է տրվել ինձ  վերից,
Նաև կսկի՜ծ ու մորմոք,          
Քարացե՜լ է քո շնչից
Սիրահարը այն երկչոտ:

Սիրտս քարե արցունքներից
Կարծրացել է դարձել ժա՜յռ,
Ու ինքնագոհ իր արարքի՜ց
Ծիծաղո՜ւմ է Բախտը չար:


Լքո՜ւմ



Մենա՜կ էր պոետը…ու նրա ներսում ո՛չ մեկը չկար,
Չէ՜, ո՜չ թե տխուր էր պոետը՝
Այլ Լո՜ւյսն էր պակաս…

Մի բառի վրա էր կանգնել, բա՜ռ, որ ներսն էր կրծում,
Լույսը՝ լույսի մեջ արարվե՜լ,
Սակայն մո՜ւթ էր ներսում…

Աչքերի մեջ ի՜նչ-որ շող կա՜ր, թախիծի մեջ՝  չոր ժպիտ,
Կնճիռների վրա կյանքի՜
Մարմնավորո՜ւմն էր տտիպ…

Դեռ երե՜կ էր, որ իրեն տխո՜ւր բաներ պատմեցին,
Պատմողները ծիծաղեցին
Ու լքեցին պոետին:

Ճո՜րտը մնաց արդարության, ազնիվ գերին մաքուրի՜,
Ու ծարավեց Լույսին արդար
Անկե՜ղծ հոգին պոետի:

Պոետի Լույս հոգու համար հազա՜ր ու մի մո՜մ վառվեց,
Պոետն էլի մենա՜կ մնաց -
Մարդկանց համար չփայլեց…

Թե պոետն իր վի՜շտն ունեցավ կամ էլ մշո՜ւշ իր հոգում՝
Դա Ձե՜ր վիշտն է, Ձե՜ր մշուշը,
Որ ցրվո՜ւմ ու ամոքվում են
Պոետների Լո՜ւյս հոգում:


ԵՐԱԶ



* * *
Ավելի լավ՞ չէր
Գործ ունենայի
Մո՜ւրճ-զնդանի հետ,
Քան թե լինեի մի դժբախտ պոետ,
Որի երազում հանկարծ հայտնվեր
Սպասվա՜ծ մի կույս սիրահար,
Ծոցում գալարվե՜ր
Ու…կո՜ւյս հեռանար:

Ավելի լա՞վ չէր
Ծախվե՜ի կյանքին
Ապրելու համար,
Չարժանանայի՜ սիրո ողջույնին,
Մի հիմա՜ր անդորր տիրություն աներ
Հոգում ու մարմնում
Կա՜մ էլ թեկուզ զանգ դառնայի
Ղողանջեի զանգ չունեցող
Մենաստանի տանիքում:

Է՜հեյ, լսեցե՜ք
Երազի տերեր քմահաճ ու չար,
Այդ ո՞ւմ եք խաբում այդպես խայտառակ,
Ումի՞ց թաքցնում երազանքների
Կապո՜ւյտը պայծառ,
Ի՞նչու եք սփռում այդքան ցա՜վ, դավե՜ր-
Երազը սարքո՜ւմ նզովյալ գեհեն…

* * *
Առավոտ լուսո՜,
Ժպտացող մի դե՜մք,
Հստակ հայացքից կաթում էր արյո՜ւն՝
Կարծես վերմակով իր դե՜մքն էր փակել
Մի մե՜ծ՝
Ահռելի՜ արարողություն:

Շնչո՜ւմ էր կուրծքը,
Կանչո՜ւմ էր հեռու՝
Դեպի ամառվա նազուն գիշերը,
Ու հարցականնե՜ր…
Ու հարցականնե՜ր…
Խանդի՜ց խելագար չռված բիբերը:

- Քեզ ի՞նչ պատահեց, սիրելի՜ս, ասա՜,
Ո՞ւմ էիր կանչում երազում այդպես,

Դե ե՛կ բացատրի՜ր, որ կյանքում դաժա՜ն
Դրախտից բացի կա՛ նաև գեհեն:

Արցունքի պես շողացո՜ղ,
Կոպի նման դողացո՜ղ,
Բա՜շը կախած վայրի ձիու
Վազքի նման կատաղի՜,
Առավո՜տն էր
Որպես գուշակ մեկնաբանո՜ւմ
Կո՜ւյս երազս
Եղկելի…


понедельник, 12 февраля 2018 г.

Արի ցավս քեզ նվիրեմ…



Չե՛մ ուզում -  ցա՜վս իմանաս,
Ցավի՜ցս հանկարծ չտխրես,
Վախենում եմ պատահմամբ շշնջամ,
Որ ցա՜վս  հենց դո՛ւ ես:

Ես իմ ցավով եմ ապրո՜ւմ ու շնչում,
Ցավս ինձ թևե՜ր է տվել,
Ինքս ինձ համար իմաստ եմ դարձել
Եվ ո՜ւր  ցանկանամ կարող եմ թևել:

Թևում եմ վերև՝ աստղե՜րն են մեռած,
Երկունքից գալարվող Լուսի՜նը,
Իրո՜ք  չե՛մ ուզում, որ դու իմանաս-
Ի՞նչ արժե նման տանջանքի գինը:

Իմ ցավը վի՜շտ չէ, ճի՛շտ հասկացիր ինձ,
Իմ ցավը սե՜րն է՝ լո՜ւռ, անպատասխան,
Ասես թե սա՜նձ է  դրվել բերանիս,
Չե՛մ կարողանում առաջ ընթանալ:

Շա՜տ եմ վախենում, որ ցավս աճի՝
Մեծանա՜, դառնա՛ մի վի՜շտ իսկական,
Խոսելն ի՜նքս ինձ հետ դառնա մի պատի՜ժ,
Անունը քո սո՜ւրբ շուրթի՛ս քարանա…

Բայց ես, ինչ-որ տեղ պոե՜տ եմ կարծես,
Լռելն ինձ համար մա՛հ է իսկական,
Չէի՜ ցանկանում ցավիցս  տխրե՜ս,
Չէի՜ ցանկանում ցա՜վս իմանաս…

* * *
Պոետի նման եմ սիրել ես քեզ-
Դողացել ամե՜ն մի բառիս վրա,
Ինչպես գիշե՜րն է աստղերին անկեզ
Սիրո՜ւմ, փայփայում աչքերի նման:

Արի քեզ մա՜ս-մաս նվիրեմ ցավս,
Այն շա՜տ է ծանր ուսերիդ համար,
Այդպես կարող է միայն խելագարը՝
Սիրած կնո՜ջը,  վերցնե՜լ - նվիրել ցավ:

Ցավս շուրթե՜րդ են, մարմի՜նդ հրկեզ,
Շորի տակ թպրտացող պտուղնե՜րդ տաք,
Բայց վախենո՜ւմ եմ, կարող է այրվե՜ս,
Չքանա՜ս  …մնամ առանց  ցավ:

Ու մթնշաղի փեշերի նման
Փաթաթվեմ մթանը ոտքի՜ց մինչ գլուխ,
Գուցե թե տարվեմ գիշերով  այնքա՜ն,
Որ դառնամ աննյո՜ւթ, դատարկ մառախուղ:

Վախենում եմ, որ կպատռե՜մ
Գիշերվա կայուն շղարշը,
Ու ինձ վրա կմնա՜
Գեղեցկությո՜ւնը սպանող
Հրաշագե՜ղ հանցանքը…

Նախանձով կնայեմ  ակամա,    
Գիշերվա կրքո՜տ ու մերկ պատկերին,
Ծո՜ւնր կչոքեմ չքնաղ գիշերվա
Աչքերս համբուրող շուրթերին…

Բայց դա արդեն ցա՜վ չի լինի,
Եվ ո՛չ էլ ցավիս նման հարազատ,

Սրտիդ նման լո՜ւռ կլինի,

Լեզվիս նման՝ խայտառակ…

четверг, 8 февраля 2018 г.

* * *


Ինձնից այնքա՜ն հեռացար,
Որ շա՜տ մոտիկ թվացիր,
Փորձեցի քեզ մոռանա՜լ-
Ավելի շատ սիրեցի:
Փախչելով չե՜ն հեռանում,
Խոստումներով՝ մոռանում,
Ատելով չե՜ն խարանում,
Երբ Սեր չկա՜
Քարանո՜ւմ են, քարանո՜ւմ…
Սիրտը քարի՜ց կարծր է դառնում,
Ա՜չքը թացից՝ կարմրո՜ւմ,
Մարդն ի՜նքն իրեն չի՛ հավատում
Փոքրանո՜ւմ է, փոքրանո՜ւմ…
Անցած օ՜րը բե՜ռ է դառնում
Հուշի նման ծանրանո՜ւմ,
Հոգին սիրո վշտից տրտո՜ւմ
Խեղճանո՜ւմ է, խեղճանո՜ւմ…
Սերը քանի՞ հազար դա՛ր է-
Նորոգվո՜ւմ է, նորոգվո՜ւմ…
Սերն ունեցողն անսեր մարդուց-
Տարբերվո՜ւմ է, տարբերվո՜ւմ…
Ինձնից այնքա՜ն հեռացար,
Որ շա՜տ մոտիկ թվացիր,
Կարոտեցի՜, կարոտեցի՜
Ուրիշ ոչինչ չզգացի…

Մուսաս

Մի Մուսա ունեի՜
(Չէ՜, չե՛մ թաքցնում
Սիրո՜ւմ էի նրան բանաստեղծի պես)
Բայց Բախտն ամե՜ն ինչ շուռ տվեց այնպե՜ս՝
Մուսաս դարձավ ա՜մպ,
Իսկ ես մի քար-լեռ:
*
Հայացքը նրա՜-
Մի տեսակ ուրի՜շ էր՝
Կանչո՜ղ էր, բայց զո՜ւսպ,
Աչքերում շոյա՜նք,
Այտերի վրա արցունքի ճի՜չ էր,
Վարսե՜րը՝ առանց գուրգուրանք:
*
Շրջազգե՜ստը կարճ էր,
Վերարկո՞ւն
Վերարկուն երկա՜ր,
Ասես թե գարո՜ւնը աշնանը գրկե՜լ
Չէ՜ր ուզում երբեք հեռանալ:
*
Սիրվելու համար էր ծնվել
իմ Մուսան,
Սիրելու համար շա՜տ էր գեղեցիկ,
Ես՝ փորձված աղվեսս, ինչպես մի գուսա՜ն
Խելագարի պես սիրահարվեցի:
*
Միգուցե հարցնե՜ք, հետո՞,
Հետո ի՞նչ եղավ,
Ասե՜մ,
Կայարաններում մի՜շտ լավ է լինում,
Երբ ո՛չ թե մեկնո՜ւմ ես՝ այլ վերադառնում,
Ինձ հետ ամե՜ն ինչ հակառակն եղավ-
Մուսաս լքե՜ց ինձ ու թողեց
Մենակ:
*
Ի՞նչ իմանայի, որ այն ժամանակ,
Մի ա՜մպ եմ սիրել, ա՜մպ երազանքի,
Իսկ երազա՜նքս արևի պես տա՜ք
Պետք է հեռանար թռիչքով հավքի…
*
Ու տարավ քամին կապո՜ւյտ երազս,
Կապո՜ւյտ լազուրում բա՛խտ որոնելու,
Ես՝ անհաջողա՜կ, տխո՜ւր բանաստեղծս,
Մնացի ցնորքի՜ գրկում կապտագույն:
ՎԵՐՋԱԲԱՆ
Ամպին մի լե՜ռ հանդիպեց,
Քա՜ր էր սիրտը այդ լեռան,
Ամպին գրկե՜ց, գուրգուրե՜ց,
Կոտրեց թևերը նրա:
*
Կոպիտ սիրեց ամպին լեռը,
Ա՜մպը ցավից բղավե՜ց,
Լեռան լանջով հոսող գե՜տը
Փրփրելո՜վ կատաղեց:
*
Արցունք թափվեց երազանքից՝
Շատ դա՜ռն էին կաթիլները,
Չէ՜ր հասկացվում ա՞մպն էր լալիս
Թե՞ քարասիրտ լեռը…
*
Գիշեր լինի թե՜ լուսաբաց,
Երբ որ ա՜մպ է երևում,
Ինձ թվում է թե Մուսա՜ս
Նորից լա՜ց է լինելու…

Այս աշխարհը

* * *
Այս աշխարհը աղտոտեցի՜նք,
Այս աշխարհը խելագարվեց մեր ձեռքից,
Բայց արի տես՝
Արդարությո՜ւն,
Սե՜ր ու
Պատի՜ժ
Պահանջում ենք երկնքից:


Մոռանո՜ւմ ենք, որ չարը
Ո՜ւժ է առնում հաղթելուց,
Չհասկացանք մինչև հիմա՜,
Որ անճա՛րն է
Գիշե՜ր - ցերե՜կ աղոթում…

բանաստեղծություն

Տե՜ս, վիթխարի երկինքն ասե՜ս
Ծանրացել է երկրի վրա,
Իր երկնային կուծքը կախե՜լ
Սնուցում է նրան:

Ասես թե մոր կո՜ւրծքը լինի
Իր զավակին սնուցող,
… հողն ըմպում է ծուծքը կանչի-
հագենում է երկնքով:

Հողագունդն էլ մարդու նմա՜ն,
Երբ որ նե՜ղն է շատ ընկնում,
Ա՜չքն ուղղում է դեպի երկինք՝
Դատա՜րկ ու սին խոստումներով
Կերակրվո՜ւմ,
հագենում…

Մենք

*  *
Գա՜ղթն է եղել ճամփան մեր
Անտե՜ր թողած բաց դուռը,
Տարածել ենք աշխարհով մե՜կ
Հայի կապույտ արյունը:
*
Զոհեր ենք տվել անիմա՜ստ,
Մահե՜ր ունեցել պանծալի,
Կո՜ւլ ենք տվել մայրական
Տառապած դե՜մքը բարի:
*
Բառի՛ց է խոցվել սիրտը մեր-
Ո՛չ թե թրից ոսոխի,
… Թրիքն ո՞վ է այսօր դարձել,
Որ նրա դեմ Հա՜յը գլուխ խոնարհի:
*
Քանի՞ Ռաշի՜դ, Ահմե՜դ, Շապո՜ւհ
Փորձե՜լ են մեզ նվաճել-
Իմանալով հոգու խորքո՜ւմ՝
Արծվի հետ գործ ունեն:
*
Այսօր ո՜րդը կեղտից ելել
Իրեն լո՜րդ է ձևացնում,
Մոռացե՜լ է, որ դեռ երեկ
Ի՜նչ-որ կեղտո՜տ
Մի կրունկ էր համբուրում:
*
Որպես հայի պատմություն՝
Խիզախների օրագիրը-
Լավ չգիտի՜, չի՛ սերտել,
Հայը մի՜շտ էլ ամեն դարում
Ի՛ր խիզախն է ունեցել:
*
Ա՜խր ա՛յ որդ, նույնի՛սկ որդ չես՝
Այլ ողբալի՜ մի ճիճու,
Թե մեր «վաղը» փորձես մորթե՜լ-
Ճիճվաթափի նման արագ
Ամբողջ ցե՜ղդ է կորչելու…

ԽԱՆԴԸ


Խանդը կատա՜կ է,
Առասպելի պես մի բա՜ն,
Որը որ կա՜, բայց չե՜ս տեսնում,
Չե՜ս հավատում,
Որ մարդ էլ կա՝ կատակ-խանդի՜ց
Կարող է և հանկարծ մահանալ:
*
Խանդը կատա՜կ է՝
Չափերը անցած այնպիսի՜ կատակ,
Որն աղավաղո՜ւմ է,
Որը ծանակո՜ւմ է
Կա՛մ հակառակը՝ գուցե ամրացնո՜ւմ է
Զգացմո՜ւնք ու հարգանք,
Դարձնում է չա՜ր,
Թվացյալ հպա՜րտ,
Պատահում է-
Անկախ քեզնից ամաչո՜ւմ ես
Ու նմանվում դպրոցական աշակերտի՜,
Որն իր դասը անգի՜ր արել,
Բայց իմա՜ստը
Չի՜ հասկացել…
*
Խանդը գուցե վի՜շտ է,
Մի յուրօրինակ կարո՜տ է արյան
և հի՜ն է այնքա՜ն,
Որքա՜ն նախաայրը, որը խանդե՛լ է
Նախակնոջը ա՜յն բանի համար,
Որ տերևից սարքած շրջազգեստը
Եղել է շա՜տ կարճ…
… Իսկ հետևանքը՝ դաժա՜ն,
Շա՜տ դաժան:
Ասո՜ւմ են նույնիսկ, որ նախաայրը
(Մեղա՜ քեզ, մեղա՜)
Հո՜ւմ - հո՜ւմ կերել է նախակնոջը
Խանդի ծարավը
Խեղդելու համար:
*
Ու կծկվո՜ւմ են խանդի ցավից
Սիրտն ու հոգին,
Մի բուռ մա՜ղձ է ծնվում կրծքում,
Որ ո՛չ անուն ունի, ո՛չ ազգանուն…
Գրա՜ծս լոկ լիրիկա՜ է-
Ի՛նքս էլ դրան չեմ հավատում,
Ու խանդո՜ւմ եմ,
Այնքա՜ն խանդում,
Որքան սիրո՜ւմ:

четверг, 1 февраля 2018 г.

ՆԵՐՈւՄ



Ասում ես. «Ների՜ր»,
Ներե՜մ, բայց ի՞նչպես,
Երբ դեռ սրտումս սպի չի գոյացել,
Երբ վերքերս թաց լալի՜ս են այնպես՝
Ինչպես լալիս է ծա՜ռն այն անպտուղ
Որի պատճառով այն պետք ՝ հատել…

Ժամանակը քո՛նն է,
Ժամանակն ի՜մն է,
Քեզ համար այն բժի՜շկ է
Ինձ՝ դիահերձո՛ղ,
Արածս ի՞նչ էր՝ լոկ մի կաթի՜լ էր,
Որ դու վերցրեցի՜ր ու սարքեցիր
Ծով…

Իսկ սրտումս դեռ բառե՜ր կան չասված
Բառեր կան անթիվ-
Դավաճանությա՜ն…
Սիրելո՜ւ,Կրքի,՜
Դեռ շատ գործ ունեմ,
Վկա է Աստված
Ներելու համա՜ր, խնդրո՜ւմ եմ
Փրկի՜ր:

Դեռ պե՛տք է գտնեմ կորցրած մի բա՜ռ,
Որը դեռ ո՛չ ոք չի արտասանել,
Փրկի՛ր, կգտնե՜մ բառն այդ փրկության
Քե՞զ համար թե՝ ինձ՝
Հաստա՜տ չգիտեմ…

Արածը տանջա՜նք է,
Չարածն – ափսոսանք,
Տառապա՜նք է չլինելը աշխարհում,

Ի՞նչ է մնում՝ կամ   Լռե՜լ

Կամ էլ  Ճչա՜լ խավարում…

Կարոտեցի՜, կարոտեցի՜

* * *
Ինձնից այնքա՜ն հեռացար,
Որ շա~տ մոտիկ թվացիր,
Փորձեցի քեզ մոռանա՜լ-
Ավելի շատ սիրեցի:

Փախչելով չե՜ն հեռանում,
Խոստումներով՝ մոռանում,
Ատելով չե՜ն խարանում,
Երբ Սեր չկա՜

Քարանո՜ւմ են, քարանո՜ւմ…

Սիրտը քարի՜ց կարծր է դառնում,
Ա՜չքը թացից՝ կարմրո՜ւմ,
Մարդն  ի՜նքն իրեն չի՛ հավատում

Փոքրանո՜ւմ է, փոքրանո՜ւմ…

Անցած օ՜րը  բե՜ռ է դառնում
Հուշի նման ծանրանո՜ւմ,
Հոգին սիրո վշտից տրտո՜ւմ

Խեղճանո՜ւմ է, խեղճանո՜ւմ…

Սերը քանի՞  հազար դա՛ր է-
Նորոգվո՜ւմ է, նորոգվո՜ւմ…

Սերն ունեցողն անսեր մարդուց-
Տարբերվո՜ւմ է, տարբերվո՜ւմ…

Ինձնից այնքա՜ն հեռացար,
Որ շա՜տ մոտիկ թվացիր,

Կարոտեցի՜, կարոտեցի՜


Ուրիշ ոչինչ չզգացի…