среда, 31 августа 2016 г.

ՄԵՆԱԽՈՍՈւԹՅՈւՆ



Հիշողությանս խորքերից  շերտ-շե՜րտ
Քաշեցի քեզ վեր՝ բարձրացրի ներկա.
- Ի՞նչ ես կամենում, ասա՜, ասա՜, Տե՜ր,
Ես կկատարեմ ինչ-որ կամենաս:

* * *
Ու չի՛ հասկացվում դա ե՞ս եմ խոսում,
Թե նա՝ հեքիաթի  Ձկնիկի նման,
Հիշողությո՞ւնս է անխնա հոսո՜ւմ…
Անցյա՞լս է մեռնում փշրա՜նք առ փշրանք…

- Ե՛տ գցիր ինձ Տե՜ր, քո խենթ արյունով
Լցված հուշերիդ խորքը անհատակ,
Ես ոչինչ չունե՜մ այստեղ անելու՝
Դեռ քեզ պետք կգամ գալիքի համար:

Ու գիսախա՜ռը արցունքն աչքերին
Պատմո՜ւմ է գալիք օրերի մասին -
Ինչպես, որ Օ՛ձն էր խաբում Եվային,
Ինչպես Եվա՛ն էր խաբում Ադամին:

Կարծես ձեռքումս էր օտա՜ր, ուրիշ Կյա՛նք,
Հույզերի ցանցը ընկած ուրիշ Սի՜րտ.
- Տո՜ւր ինձ թռչելու թևեր ու  եռանդ,
Ճանապարհվելու  խորքերը իմ իսկ:

- Քո ուղեծիրը վաղո՜ւց է հայտնի
Ի՞նչու ես ձեռքդ խոթում այլ աշխարհ,
Անցյալը լերդո՛ւկ է օդի ու ջրի,
Ապագայի մեջ չե՛ն որոնում մահ…

- Ուզում եմ տեսնել, թե ո՞ւր են կորչում
Բառերս անդա՜րձ, մտքերս անվարան,
Ի՞նչպես է օ՜րը դառնում մի հնչյուն,
Եվ ի՞նչ կա գալիք սափորում Մահվան…

* * *
Լռե՜ց, ձեռքիցս ընկավ հատակին՝
Բյուր փշուրներով աչքերիս առաջ,

Ինչպես որ հո՜ւյսն է հասնում Դատարկին
Ու Ցած գլորվում թևերով այրված…

Ս.Ումառ-Հարությունյան

0.1.09.15 Երևան

вторник, 30 августа 2016 г.

Բա՛ռը


Բառը կարո՛ղ է սրտիդ հարվածել,
Քեզ իր մեջ Ճզմե՜լ, քամե՜լ մինչև վերջ,

Կարո՜ղ է սիրտդ ամպերին հպել,
Հոգիդ թաղանթով 
Անթեղել իր մեջ:

Կարող է Լուսնի արծաթափառը
Դարձնել մեռյա՜լ կամ էլ կենդանի,

Կարո՜ղ է հանգիստ փնովել մահը
Կամ փառաբանե՜լ
Ինչպես էակի:

Կարող է ինչպես մի խո՜լ ներշնչանք
Քեզ բուժե՜լ կա՛մ էլ հրել անկողին,

Բառը - պատեհ կամ անպատեհ հնչած,
Այնքա՜ն համակող,
Այնքա՜ն անձկալի:

Բառը կարող է անցյալ ու գալիք
Դարձնել ներկա հարուցյալ

Բա՛ռն ինչպես մի փոթորկո՛ղ ալիք…
Բա՛ռն ինչպես մի խոսո՜ղ ննջեցյալ…


Ս.Ումառ-Հարությունյան

суббота, 27 августа 2016 г.

Երբ խոսում են դիմակները


Հավաքիր մի տեղ օրերդ
Անցած,
Նայիր օրերիդ դեմքերին  
Բոլոր,
Կտեսնես,  թե որքա՜ն սպասումներ կան
Թաց,
Եվ որքա՜ն օրեր ծածկված  
Դիմակով…

Փորձի՜ր հիշել, թե որտե՞ղ ես
Տեսել,
Ի՞նչ դիմակներ են և ինչո՞ւ են
Թաց,
Ակունքն այդ վճիճ մի՛ փորձիր
Ջնջել,
Քո անցած կյա՛նքն է՝ քեզնից
Քողարկված…

Քո սե՜րն է քեզնից երեսը
Փակել,
Ամաչո՜ւմ է, որ ապրում է
Երկար,
Իսկ դու կարծես թե
Հուղակավորել,
Կամ ենթարկել ես դաժա՜ն
Փորձության…

Ու արթնացո՛ղ են հուշերը
Գերող…
Տունդարձի ճամփի նման
Անհամբե՜ր,
Իսկ դո՞ւ՝ մարդ Աստծո
Ամենակարող,
Փորձե՜ր ես անում անցյալդ
Ջնջել…

Փորձիր մե՛կ առ մեկ էջերդ 
Թերթե՛լ,
Ա՜խ, որքա՞ն ցավ կա՛, որքա՜ն կիրք ու
Դավ,
Ա՜խ, այս ի՞նչքան է սերդ
Դիմացել,
Կասկածանքներիդ ծանր բեռան
Տակ…

Քեզ շատ դժվա՛ր է թվում
Ծնվելը…
Իսկ սե՜րը, սպասո՜ւմը, կի՜րքը՝ - հասարակ մի
Բան,
Սակայն սխալվո՜ւմ ես,
Ծնվելը հե՛շտ է,
Դժվա՛րն ապրելն է դիմակների տակ…


Ստեփան  Ումառ-Հարությունյան

Մուսանե՜ր


* * *
Կույր գիշերների խենթացո՜ղ լեզվից
Ես արարեցի Ձեզ,
Իմ հա՜յ  Մուսաներ,
Իմ անստե՜ղ, անլա՜ր նվագարանից
Հյուսեցի բառե՜ր ու երգեր:

Երգերս անանուն չե՜ն եղել,
Բառերս էլ չե՛ն եղել անավարտ…
Որտե՞ղ եք հիմա
Իմ հայ Մուսաներ
Մութ Գիշերներս կարճելու համար:

Ցնորքներս փո՜շի են դարձել՝
Հաստ շերտով նստել ինչ-որ արխիվում,
Կույր-պատրանքներս խիտ ճյուղավորվել-
Ցրիվ են եկել
Օտար երկնքում…

* * *
Հայոց երկնքի աստղերն ուրի՜շ են՝
Միայն այստեղ են  մեր մեջ սերտաճում,
Այստեղի Սերը - մահից ուժեղ է,
Օտար երկինքը Մեզ չի՛ ճանաչում:

Այստե՛ղ են ներծծվում երազնե՜րը վառ-
Հողի՜,
Ջրի՜,
Քարերի մեջ խենթ,
Այստե՛ղ է ցոլքը դառնում ճառագայթ
Ու մահակռվում խավար ոտքի հետ:

Արտագաղթո՜ւմ եք սիրելի  Մուսաներ,
Փնտրո՜ւմ եք Երկինքներ անաղարտ,
Իսկ ես  բառեր եմ մոգոնում ոսկեղեն
Ձեզ հետ Մուսաներ խոսելու
համար…

Ձեր աչ՛քն ու շուրթը ո՞ւմ եք տանելու,
Ձեր սի՛րտն ու քո՜ւնքը,
Ձեր անցյալը թա՜նկ,
Օտարից նույնիսկ Լույս եք մուրալու,
Որը ստեղծված է բոլորի համար:

* * *
Եվ մի օր կգա՜, կգա՛ անպայման
Անցյալ քրքրող մի օտարական,
Ձեռագրերս կհանի փոշու ամպերից
Ու կվերծանի
Ինչպե՜ս կամենա…


Կասի. թրքուհու ոտքն եմ գովերգել,
Թաթարի՛, ռո՛ւսի շուրթերը պղերգ,
Քրդուհու կո՜ւրծքն եմ լեզվով շոշափել -
Քանզի հայ Մուսա չի՛ եղել երբեք:

Այդպես է օրենքն ամբողջ աշխարհի,
Երբ Մուսա չկա էլ ի՞նչ հայրենիք,
Երբ հո՜ղը,
Ջո՜ւրը,
Քա՜րը հայրենի
Սմքո՜ւմ դառնում են կարոտի կծիկ…

* * *
Արտագաղթո՜ւմ եք սիրելի  Մուսաներ,
Փնտրո՜ւմ եք երկինքներ անաղարտ,
Իսկ ես  բառեր եմ մոգոնում ոսկեղեն,
Ո՞ւմ հետ Մուսաներ խոսելու
համար…


Ս.Ումառ-Հարությունյան

Քո սիրո աշխարհը

Դու քո աշխարհն ունես Սիրո,
Գիտես զարտուղի  ճանապարհները նրա,
Իսկ աշխարհն այս բի՜րտ,
Անբարո՜,
Քեզ չի ընդունում որպես հարազատ…

Փո՛ս ես փորում, որ ծառ տնկես -
Իրականում դու երկրի արգանդն ես քչփորում,
Ի՞նչ դուրս կգա
Դեռ չգիտե՜ս
Չէ՞ որ հյուր ես այս կյանքում:

Հյո՜ւր ես,
Հյո՜ւր ես, մի՛ կասկածիր -
Քեզ հյուրի պես չես պահում…
Մեկ աստղին ես ձեռքդ գցում,
Մեկ լույս փնտրում  խավարում…

Մի սիրտ ունես, այն էլ հիվանդ,
(Չգիտես ե՞րբ կանգ կառնի)
Դու՛ռն ես փնտրում հավերժության
Մոռանալով՝
Տիեզերքում մի ստվեր ես մրջյունի…

Քեզ անծանո՜թ է երկրի կյանքը…
Եվ առանց Սեր՝
Երեկոն է անծանոթ…

Խաբվում ես բախտի նվերի
փաթեթավորմանը -
Նվերն առանց բացելու շպրտում մի կողմ:


Ս.Ումառ-Հարությունյան


понедельник, 22 августа 2016 г.

Ճշմարտությունը

* * *
Ճշմարտությունը
Էժա՜ն չի լինում…
Եվ ոչ էլ թա՛նկ ցորենի մեն մի հատիկից.
Ճշմարտությունը Մի՜շտ դա՜ռն է լինում
Կախված երկնքից…

Ճշմարտությունը
Ստի ոտքի պես մի՛շտ կարճ է լինում,
Աղոթք մրմնջող շուրթերի նման
Միշտ ցա՜ծր է լինում,
Մահախուճա՛պ է լինում
Փոթորկի նման,
Մահե՜րգ է լինում
Անթիվ կյանքերը կլանող
Բառերի նման…

Դեպի տուն կանչող շեփո՛ր է լինում,
Հնչե՜րգ է լինում
Նաև՝
ճանապարհ…
Ճշմարտությունը
Էժա՜ն չի լինում
Թույնով է լցված «խո՜ւլ» «հա՜մր»  ու «կո՜ւյր»
Անձերի համար…

Ճշմարտությունը -
Բառն իր տեղում չգրող պոետի համար
Դահճի կացնի պես լինո՛ւմ է Դաժան,

Ճշմարտությունը ներողամիտ է լինում
Անառակ որդու կամ
Դստեր համար:


Չէ՜…
Ճշմարտությունը
Չի՛ լինում Էժան…

Ս.Ումառ-Հարությունյան



среда, 17 августа 2016 г.

Ես Ոստիկանների փաստաբանը չեմ, բայց…


 Ես Ոստիկանների փաստաբանը չեմ, բայց…

Ես Ոստիկանների «փաստաբանը» չեմ ու ո՛չ էլ նրանց «պահապան հրեշտակը» բայց ամեն անգամ ՄԵԾ ՑԱՎՈՎ  եմ կարդում, որ ոմանք Ոստիկանի մեջ տեսնում են ՀՐԵՇԻ, վայրենու, խիղճը կորցրած գազանի…

Հարգելինե՜րս, մի՛ մոռացեք, որ Ոստիկանի ԿՅԱՆՔԸ ԱՄԵՆ ՊԱՀԻ  ՎԱՐԱԳՈՒՅՐ Է, ԻՍԿ ՄԱՀԸ ՍՓՌՈՑ, երբ մենք հանգիստ քնած ենք մեր անկողիններում:

Հարգելինե՜րս, մի՛ մոռացեք, որ Ոստիկանի կյանքը նման է ՕԴԻ, երբ կա նրան չենք զգում, երբ չկա - խեղդվում ենք նրա պակասից:

Հարգելինե՜րս մի՛ մոռացեք, որ Ոստիկանական կառույցը այնպիսի մի մեծ կառույց է, որ այնտեղ կարող են լինել և ստահակներ և իրենց համազգեստի արժեքը չիմացող ու հարգող պատահական «ոստիկանիկներ», որոնք այլ մոլորակից չեն, այլ ազգի ներկայացուցիչ չեն՝ ՄԵՐ արյունից են, մեր գեներից…

Ոստիկաններին տարանջատելը ժողովրդից, առանձին կատեգորիա սարքելը  շատ է նմանվում   այն տարանջատմանը, որ տարանջատում են ասենք Երևանցուն Վանաձորցուց, Ապարանցուն Ղարաբաղցուց…

Պատկերացնո՞ւմ եք թե ի՞նչ կկատարվեր Հուլիսյան հայտնի դեպքերի ժամանակ, եթե այնտեղ ՉԼԻՆԵՐ Ոստիկանությունը:

ՊԱՏԿԵՐԱՑՐԵՔ -  հավաքված ազնիվ ժողովրդի մեջից կանջատվեր այն խաժամուժը, որն այնտեղ էր ու ՊՊԾ գնդում գտնվող զենքը կանցեր նրանց ձեռքը, ընդամենը 1 ժամվա ընթացքում քանի՞ անմեղ մարդ, երեխա, կին կզոհվեին համատարած աջ ու ձախ կրակոցներից, սա ՍԱՐՍԱՓ անունը կունենար ու այն ժամանակ Ոստիկանների վրա աղբ լցնողները հետաքրքի՞ր է ինչ էին ասելու.
ՀԱՄՈԶՎԱ՛Ծ եմ, գրելու էին

ՈՐՏԵ՞Ղ ԷՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ,
ԻՆՉՈ՞Ւ ՀԱՄԱՐ ԵՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՍՏԱՆՈՒՄ,
ԻՆՉՈ՞Ւ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱԳԵՑԱԾ ՉԵՆ…

Ո՞վ էր կառավարելու այդ վիճակը.
Ժողովրդի մեջ հայտնված մի քանի «ՂԺՂԺ» իրենց քաղաքական ակտիվիստներ համարող 3-4 հոգին, որոնք ձերբակալումից հետո պարտադիր հիվանդացան,
ընդհատակ անցած Չուքազյա՞նը,
Սեֆիլյա՞նը,
Րաֆֆի Հովհաննիսյա՞նը իր «ԲԱՐԵՎ»-ո՞վ,
Ռ.Հախվերդյա՞նը իր «ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ՏԻԿԻՆ ԱՐՈՒՍ»-ո՞վ
դեպի ՊԱՅԾԱՌ ԱՊԱԳԱ գնացող Փաշինյա՞նը, որի գործը խոսքից հեռու է այնքանով, որքանով ՀՀ նախագահն է հեռու իր սեփական ժողովրդից,
թե՞ արտասահմանից ԽՓԵ՛Ք, ՋԱՐԴԵ՛Ք, ՍՊԱՆ՛ԵՔ, սարքե՛ք ՄՈԼՈՏՈՎԻ ԿՈԿՏԵՅԼՆԵՐ մինչև մենք զորք հավաքած գանք, հասնենք  - կոկորդով մեկ ԲՂԱՎՈՂ ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԸ - ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ ԳԱԼԻՍ ԵՆ

Ո՞վ էր կառավարելու այդ վիճակը.
ՊՊԾ գնդում գտնվող տղանե՞րը, որ չկարողացան  մի 200 քառակուսի մետր ղեկավարեն, որ խոսք տվեցին մինչև վերջ գնալու ու ՉԿԱՏԱՐԵՑԻՆ  իրենց խոսքը,
որ 30 հոգով գնացին ապստամբության՝ ՉԵՄ ԺԽՏՈՒՄ, որ ԱԶՆԻՎ ՄՂՈՒՄՆԵՐՈՎ ու չունեին
դեղորայք,
բժիշկ (բուժակ)
«ՍՈՒԽՈՅ ՊԱՅՈԿ»
կապավոր,
բանակցող՝ թե ներսից թե դրսում
իրենց գաղափարները ներկայացնող ԼՈՒՐՋ խոսնակ, որի ետևից գնար ժողովուրդը,
որ առաջին իսկ փոքր դժվարությունից բղավեցին
ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԼՈ՜ՒՅՍ ՉՈՒՆԵՆՔ, ԱՆՋԱՏԵ՜Լ ԵՆ
Լուսավորվածությա՞ն համար այրեցին գնդում գտնվող մեքենան.
Գնդում բավականին բենզին կար, ցերեկը աշխատեցնեիք մեքենաները, գիշերը մարտկոցներն ու լուսարձակները հանեիք ու լուսավորեիք, նույն մարտկոցներից լիցքավորեիք ձեր բջջայինները,
Միացնեիք ինտերնետ կրիչով գոնե մեկ «Նոութբուք» ու ասենք ՍԿԱՅՊՈՎ ուղիղ կապնվեիք ժողովրդի՛, լրագրողների՛, համապատասխան մարդկա՛նց, ձե՛ր ընտանիքի անդամներ հետ, ո՛չ թե բղավեիք
ԿԱ՛Պ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ,
ԼՐԱԳՐՈ՛Ղ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
ԲԱՆԱԿՑՈ՛Ղ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
ՀԱ՛Ց ԵՆՔ ՈՒԶՈՒՄ

ԱՐԴՅՈ՞Ք ԱՅՍ ԱՄԲՈՂՋԸ ՎԱՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՇՈՈՒ ՉԷՐ, ՈՐ ԿՈՏՐՎԵՑ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ

Ցանկանում եմ ընթերցողիս հիշեցնել, որ ես առաջինն էի, (գուցե առաջիններից մեկը), որ ինտերնետում այդ ամբողջ խառնաշփոթի մեջ բարձրացրեցի հաց տանող տղայի հերոսական արարքը.

«  ՀԱՑ ՆԵՐՍ ՄՏՑՆՈՂ ՏՂԱՆ
Ստեփան Ումառ-Հարությունյան

Սակայն
Ո՞վ կարող է ինձ բացատրել, համոզել, որ մի այնպիսի շղթա ինչպիսին ոստիկաններն էի սարքել, կարող էր մի ՊԱՏԱՀԱԿԱՆ մարդ, մեքենայով ճեղքել, ետևից լինեին ԿՐԱԿՈՑՆԵՐ, ոչ անվադողերը ծակվեին, ոչ բենզոբաքը պայթեր, ոչ էլ վարորդին կպնեին ու հացով, ուտելիքով (կամ էլ չգիտեմ ինչով) բեռնված մեքենան բարեհաջող հասներ ՏԵՂ:
ԻՄ ԳՐԱԾԸ ԵՐԲԵՔ ՍՏՎԵՐ ՉԻ ԳՑԻ ՀԱՑ ՏԱՆՈՂ ՏՂԱՅԻ ՎՐԱ,
ՆԱ ԿԱՏԱՐԵՑ ԻՐ ՊԱՐՏՔԸ,
ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ԻՐԵՆ

Սակայն
ՎՍՏԱՀ ԱՍՈՒՄ ԵՄ, ՀԱՎԱՏԱՑՆՈՒՄ,  ՈՐ ԴԱ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՒՐԲ ՄՏԱԾՎԱԾ, ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՝ ՊՊԾ ԳՆԴԻ ՏՂԱՆԵՐԻՆ ՀԱՑ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
և նրանք պատվով կատարեցին իրենց ՊԱՐՏՔԸ

ՄԵԾԱՏԱՌՈՎ ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ԱՐԵՑԻՆ ԱՄԵՆ ԻՆՉ, նույնիսկ ՉԱՐԱՇԱՀԵՑԻՆ ԻՐԵՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (էլ ինչ պետք է անեին) ԺՈՂՈՎՐԴԻՆ ՏՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ, սակայն դա ՉՀԱՍԿԱՑՎԵՑ ժողովրդի կողմից ու մնացին տներում:

Գուցե իրո՞ք ԱՊՍՏՄԲՈՒԹՅԱՆ փորձ էր, եթե այո ապա ցանկացած ներկա մարդ պետք է որ իմանար- ՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԳԴԱԼՈՎ ՄԵՂՐ ՉԵՆ ԲԱԺԱՆՈՒՄ, մի քանիսի էլ քիթ ու մռութը կկոտրվի (անկեղծ ցավում եմ աչքը կորցրած տղայի համար)
ՆՈՐԻՑ ԲԱՅՑ
Ունեցանք ԶՈՀԵՐ և Ոստիկաններ էին, հայ ընտանիքի այրեր, հայրեր, եղբայրներ, քեռիներ…
Այսքանից հետո ԱՂԲ ԼՑՆԵԼ ՆՐԱՆՑ ՎՐԱ համարում եմ ԱՆԲԱՐՈ

Ես Ոստիկանների փաստաբանը չեմ, բայց…

ԱՅՍ ԵՐԿՐԻ քաղաքացի եմ ու կարծիքս չկիսողների հետ գտնվում եմ նույն հարթության վրա, այն տարբերությամբ, որ նրանք ՆԱՅՈՒՄ են վերոնշյալ դեպքին, իսկ ես ոչ միայն ՆԱՅՈՒՄ եմ այլև ՏԵՍՆՈՒՄ:

Ս.Ումառ-Հարությունյան

вторник, 16 августа 2016 г.

Հարազատ գնդակը սրտում հեռացած բոլոր Ոստիկանների հիշատակին

Չէ՜,
Մա՛հ չէր դա -
Սա՜ռն, անարյո՜ւն,
Արտացոլա՛նք չէր ներապրած,
Մի աստղիկ էր տիեզերքում,
Որ փայլփլեց ու…թվաց թե
հեռացավ:

Չէ՜,
Աստղը վերից հողին չընկա՜վ,
Որ ցավ չտա սպասումների աչքերին,
Պողպատն առած իր սրտի տակ
Լո՜ւռ  միացավ ամպերին:

Չէ՜,
Չե՛մ սխալվում,  տա՜ք էր, այրո՜ղ,
Սի՛րտը մտած գնդակը,
Դրանի՛ց էր, որ ամաչե՜ց
Ուսին փայլող մետաղը…

Չէ՜,
Գնդակը օտարի՛ չէր,
Որ արյան մեջ թունանար -
Հարազա՜տ էր, բայց և մա՛հ էր՝
Դրանի՜ց էր ցավը շատ:

Չէ՜,
Չի՛ քայլի՝
Հողի վրա Ոտնահետքեր էլ չի թողնի-
Ուրիշ մեկի կյանքի համար թրթռացող հևքը,
… Քեզ խավարից տո՞ւն կտանի
Օտար մեկի ձեռքը…

Չէ՜,
Անսիրտ չէ՝
Հյուրընկալ է հողը մեր՝
(Մենք էլ գիտենք իր գինը)
Չարի հոգին է  ընդունում,
Բարու – միայն մարմինը…

Չէ՜,
Չի խամրի ուսադիրի
Չվայելած տարիների լույսը…           
Կայրի՛, Մոխի՛ր կդարձնի
Թմբիրի մեջ գտնվող
Արյան ծարավ հույսը…

Չէ՜,
Մա՛հ չէր դա -
Սա՜ռն, անարյո՜ւն,
Արտացոլա՛նք չէր ներապրած,
Մի աստղիկ էր տիեզերքում,
Որ փայլփլեց ու…թվաց թե
հեռացավ:


Ս.Ումառ-Հարությունյան

понедельник, 15 августа 2016 г.

Եվ ուրիշ ոչի՜նչ և ուրիշ Ոչինչ…


Ի՞նչ է ցույց տալիս դեմքդ
Տրտմած,
Խա՜ռը, անձրևոտ օրերի
Պատկեր,
Ու թվում է թե օրերդ
Անցած,
Քեզնից հեռացել, թողել են
Անդեմ:
Բայց դու թաքնված պահ ունես
Դեմքիդ,
Քո ժպիտի մեջ, քո աչքերում
Խոր,
Ասես սպասում ես, որ պիտի
Ժայթքի,
Դեմքդ ողողվի անհուն
Կարոտով:
Եվ կարտացոլվի հոգիդ դեմքում,
Քո
Նորց խա՜ռն օրեր, անձրևոտ
Պատկեր,
Կտանի իր հետ օրը
Սնուցող,
Հիշողությունդ, որ պիտի
Ապրեր…
Հիմա քեզ պե՛տք չեն ձեռքերս
Արարիչ,
Ձեռքերս ինձնից շուտ են
Ծերացել,
Այդպես էլ անունդ մնաց
Շուրթերիս…
Եվ ուրիշ ոչի՜նչ և ուրիշ
Ոչինչ…
Ս.Ումառ-Հարությունյան

Օգոստոսն այս...

Օգոստոսն այս կարծես թույն էր,
Հոգում ծնված մի պայթյուն էր,
Մա՛հ էր, կյա՛նք էր, մի հարցական,
Որը ծնվեց ու պահի տակ մահացավ:

Գո՞ւթն էր արդյոք երկինքների,
Որ խնկի տեղ հացն էր բուրում,
Որ և քնած և արթմնի
Ցանկությունը մա՛հ էր դառնում:

Արժանի՞ էր  ժողովուրդը
Հղանցքին  մեր  գոյության,
Սադրանք ծնեց մեծ  «խորհուրդը»
Նահատակեց հո՜ւյս, հավա՜տ:

Ու մտքումդ պտտվում են
Ի՞նչպես ապրել ու խոսել,
Ի՞նչպես երկու հեռու ափեր
Իրար կապել ու անցնել:

Հեռուն մո՛տ է, մոտը՝ հեռո՜ւ
Ասես երկու հայելիներ,
Ոնց նայում ես բան չես տեսնում

Օգոստոսն է թունաբեր…

Ս.Ումառ-Հարությունյան


Կորուսյալ Սերը...

Կորուսյալ Սերը - մի աղոթարան
Բացվում է մեր մեջ ծաղիկի տեսքով
Ու կարոտախտը ագահի նման
Մեզ կուլ է տալիս
Այրվող երախով

Մեր կյանքի նման երկինքն է գայթում
Տատանում փողոց ու քաղաք
Քանի այսպիսի կյանքեր են կորչում
Ու անհետանում
Անհունում անտակ

Մի կերպարանք է գոյանում անձև
Ինքներս մեզ  համար դառնում ենք մի հուշ
Փորձում ենք կյանքի եզրը շրջանցել
Ինչպես երկնքում
Թափառող մի չու

Ամեն տխրություն, ամեն ցավ, կսկիծ
Խնամքի կարիք ունի հոգատար
Քանի  որ կյանքի ամեն հարվածից
Դառնում ենք տխուր
Դառնում ենք տկար

Բառերով ծածկում ենք ոտնահետքերը
Մեր հիշողության դռները բացում
Խելագարվում են երազանքները
Ու տարօրինակ
Լույսեր
Արձակում…

Ս.Ումառ-Հարությունյան

07.08.16  Երևան

Ուրիշ տեղ չունենք



Հյուսիսում  թո՛ւքն  է,
Հարավում՝ այրող Կրակարանը,
Արևմուտքում թո՛ւրքն է,
Արևելքում՝
Մզկիթ-կառափնարանը:

Հայտնվե՛լ ենք գարշահոտում,
Ճահիճի մեջ խորտակված,
Մեզ նեռե՛րն են կառավարում-
Ազգ ու պատիվ ուրացած:

Ո՞ւր ենք գնում, մենք չգիտե՜նք,
Մի՞թե սա էր Բախտը մեր,
Մի՞թե պետք է այսպես ապրենք…

Դե ձա՜յն հանեք Աստվածներ:

Մի՞թե ամոթ ասած բառը
Ջնջել եք մեր Սուրբ լեզվից,
Ձեզ հետ կապող պորտալարը
Դարձրել  լո՛կ խաղալիք:

Մի ահռելի թակարդում ենք հայտնվել
Ձեզ թվում է թե դողո՞ւմ ենք մենք ահից,
Ո՛չ, հարգելի Աստվածներ -
Մեր հնամյա քարերի պես -

Չե՛նք վախենում մենք  մահից:

Դե խաղացեք ծուռ հայի  հետ,
Խոթեք նեռի բերանն ու մինչ նրա ոռնալը՝
Մի՛ մոռացեք.  
Անհնա՛ր է
Մեզ ծամե՛լն ու կուլ տալը:

Այս աշխարհը Մե՛նք ենք ծռել
Լուսնի սառը մահիկով,
Մե՛նք էլ կուղղենք,
Ի՞նչ է եղել,

Ի՞նչ եք անցել իրարով:


Ս.Ումառ-Հարությունյան

Հեռագիր Ե.Չարենցից « Ես չգիտե՜մ ի՞նչ եմ սիրում…»



Ես իմ անո՜ւշ Հայաստանի արնաթաթախ կյա՛նքն եմ սիրում,
Անցած կյանքի ողբանվա՜գ, լացակումած ձա՛յնն եմ սիրում,
Իմ այսօրվա Հայաստանի ապագայի բո՜ւյրը վառման
Ու լրագրող աղջիկների հեզաճկուն քա՜յլն եմ սիրում:

Սիրո՜ւմ եմ մեր երեսփոխան ընտրյալների մի՛տքը լուսե,
Ամռան տապին ու ձմեռվան դիմակայող ազգս վսեմ,
Ոսկում կորած տաճարների անհյուրընկալ պատերը սև,
Եվ հնամյա աղոթքների հազարամյա շունչն եմ սիրում:

Ո՜ւր էլ լինեմ – չե՛մ մոռանա ես ողբատեսք դեմքերը մեր,
Չե՛մ մոռանա անեծք դարձած երկաթագիր գրերը մեր,
Ինչքա՜ն էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ գործերը մեր,
Էլի ես որբ ու արնաքամ  Հայաստանյան կյա՛նքն եմ սիրում:

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիչ երազ չկա,
Բաղրամյանից - Խորհրդարան ուրիշ ո՛չ մի  ճամփա չկա,
Աշխա՛րհ անցիր, «Սարի թաղ»-ի նման համա՛յնք չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա` ես չգիտեմ  ի՞նչ եմ սիրում:


Հեռագիրն ընդունեց Ս.Ումառ-Հարությունյանը

Բողոք առ Ղազարոս Աղայանի



Բանի՛ր, բանի՛ր խորհրդարա՛ն,
Բանի՛ր դրա՜մ, ռուբլինե՜ր,
Բանի՛ր եվրո՜, բանի՛ր դոլա՜ր,
Որ ես հոգամ ի՛մ ցավեր։

Տիգրանիկս գուլպա՛ չունի,
Բա՛նկ
է գնում ոտաբաց,
Գալուստիկը «Պրադո»
չունի,
Մի՛շտ անում է սուգ ու լաց։

Կազինոյում, որ տարվեցի
Պա՛րտք մնացի  ես մի քիչ,
Ա՜խ, չորանա՜ր ոտը ռուսի
Եկա՜վ, տարա՛վ ամեն ինչ։

Եղբայրս ինձ հետ փա՛յ է մտել՝
Թալանո՛ւմ  է սրիկան, 
Հիմա ի՞նչ է,  պիտի զրկվե՞մ
Ու չունենա՞մ ոչ մի բան:

Քի՞չ են տված խոստումներս,
Բա ինչո՞ւ ինձ չեն սիրում,
Նույնիսկ ցանած վարունգներս
Թարս են աճում այս երկրում

Բանակ չունե՛նք, զե՛նք էլ չունենք,
Ո՛չ էլ կարգին ոստիկան,
Այսպես անկապ դեռ եղած չե՛նք,
Կտրվե՜լ է ամեն բան։

Բանի՛ր, բանի՛ր խորհրդարա՛ն,
Բանի՛ր դրա՜մ, ռուբլինե՜ր,
Բանի՛ր եվրո՜, բանի՛ր դոլա՜ր,
Որ ես հոգամ ի՛մ ցավեր։


Ս.Ումառ-Հարությունյան