воскресенье, 31 мая 2015 г.

10+1 ՊԱՏՎԻՐԱՆ



Մի՛ ՄՈՌԱՑԻՐ  որ աշխարհում գտնվելու քո առաքելություններից մեկը դիմացինին ՕԳՆԵԼՆ Է

Մի՛ ԽԱԲՆՎԻՐ  այն կեղծ գաղափարին, որ օգնելով պահի տակ թույլ գտնվող մարդուն դու ՈՒԺԵՂ ես նրանից

ՄԻ՛ ՀԱՎԱՏԱ, որ կյանքում քո ճանապարհին պատահական հայտնված մարդը ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ է

Մի՛ ԾԻԾԱՂԻՐ զգացմունքների վրա,(նույնն է երբ ծիծաղում ես հղի կնոջ կազմվածքի վրա ) դա կդառնա բնավորություն ու կծնի ՆԱԽԱՆՁ

Մի՛ ԱՐՏԱՍՎԻՐ դիմացինդ մոտ, նա դրանից կհասկանա քո ԱՆԿԵՂԾ ու ՈւԺԵՂ լինելը, դրանից նա կհիասթափվի ինքն իրենից

Մի՛ ՍՏԻՐ ինքդ քեզ, դա ամենաթունավոր երևույթն է, որ ապականում է ՀՈԳԻԴ

Մի՛ ԹԱՔՑՐՈւ նվիրական զգացմունքներդ, դրանից դու առավել խոցելի ես լինում ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԱՄԱՐ

Մի՛ ՇՐՋԻՐ երեսդ, երբ բախտը փորձում է թքել քո վրա ու հեռանալ, նա դրանով իր ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ է հաստատում, նա երբեք չի հեռանա իր մյուռոնից

Մի՛ ԲԱՐՁՐԱՑԻՐ սիրածդ էակի առաջ ծնկած դիրքից, դրանով կկորցնես նրա քո համար ԲԱՐՁՐ լինելը

ՄԻ՛ ԵՂԻՐ սղոցի պես ՛՛մին դեպի քեզ մին դեպի ինձ՛՛, եղիր միշտ դեպի ՆԱ, դա նրան միշտ պահող երաշխիքն է

+1  
ՄԻ ԱՐՀԱՄԱՐԻՐ ՈՉ ՄԵԿԻՆ արհամարանքը բումերանգ է

Ս.Ումառ-Հարությունյան

пятница, 22 мая 2015 г.

Ասում ես ո՞ւր էի...



Ասում ես ո՞ւր էի,

Գնացել էի հույսի ետևից
Հույզի երկու մոմ ձեռքերով բռնած,
Փնտրեցի երկա՜ր,
Երկա՜ր ժամանակ…

Գտա՞,
Իմ մեջ էր՝ թաքնված մի տեղ,
Չգիտեմ որտեղ,

Հիմա թառել է կոպերիս հոգնած
Ու կրկնում է
- Տեսար դուրս եկա
Մնացիր մենակ՝
Հույզի երկու մոմ ձեռքերով բռնած:

…Ասում ես ո՜ւր էիր…

Ս.Ումառ-Հարությունյան

« Ուր ե՛սն երթամ, դու՝ ո՛չ կարես այժմ գալ…»





* * *
Հեռանալուցդ հետո են քեզ միշտ որոնում,
Ծանո՜թ,
Անծանո՜թ դեմքերում…
Մինչդեռ դու  այլ տեղ՝ քեզ ես որոնում…

* * *
Ես չգիտե՜մ,
Ես չե՜մ հիշում,
Խե՞նթ եմ արդյոք ծնվել,
Թե՞  հետո եմ խենթացել,
Որ աչքե՜րդ
Շրթունքնե՜րդ…մի կողմ թողած՝
Ձեռքիդ ափն եմ  համբուրել…

Լա՛ցը երբեք ես չե՛մ սիրել,
Ծա՛փն եմ ես միշտ նախընտրել,
Կյանքիս տխուր պահերին էլ,
Չե՛մ արտասվել,
Ծա՛փ եմ տվել կամ
Ծնկներիս հարվածել:

…Ու չգիտե՜մ,
Խե՞նթ եմ եղել
Թե՞ քո ձեռքին  խենթացել,
Բայց վստահ եմ,
Որ իմ վերջին Ճանապարհին,
(Դու անպայման կլինես)
Խիստ ու  իրենց տխուր պահող
Մարդկանց կողքին՝
Ծա՛փ կտաս, ծա՜փ
Այլ ոչ թե լա՜ց կլինես…

Ս.Ումառ-Հարությունյան

среда, 20 мая 2015 г.

Խաղ



Մտքումս խաղ եմ խաղում, թվում է հետաքրքիր, բայց ինչ որ տեղ նեղում է:
Անընդհատ հիշում եմ երեկվա ՖԲ-ում գրածս ՛՛ստատուսն՛՛  ու թե ինչպես դարձա ծաղրի առարկա, մի՞թե այդքան բարդ էի գրել:
Ամեն ինչ պարզ էր.
« Ու Շ Ա Դ Ր Ու Թ Յ ՈՒ Ն
Փնտրում եմ 1982 թ.
Հունիսի 13-ին,
ժամը 16.40 ծնված տվյալներով անձի՝
ՖԲ-ում անկաշառ ընկերության նպատակով
Գտնողին խոստանում եմ դրամական պարգև
(խորհրդային թղթադրամներով) »

Ի՞նչ կար չհասկանալու:
Այսօր քննության եմ գնում ու ամեն ինչ գլխումս խառնվել է իրար:
Ավտոբուսն էլ հարբած փղի նման օրորալով-շորորալով, ամեն կանգառում կանգնելով…չեմ կարողանում հիշել փիղը անգլերեն ՛՛էլեֆանտ՛՛  է թե ՛՛էլեգանտ՛՛, կենգուրուն հայերեն ՛՛կենգուրու՛՛ է թե ՛՛կենգուրի՛՛…ա՜յ քեզ հիմար մտքեր:
Չեմ կարողանում հասկանալ թե ինչո՞ւ ինձ չեն հասկանում, ոչ մե՛կը…թերևս միայն մայրս, այն էլ վերապահումներով:
«Հորդ ես նման, նա էլ էր անընդհատ խաղում, այնքա՜ն մինչև մատնոցախաղում պարտվեց, կռվեց, իրեն խփեցին, ինքը դանակով խփեց և՞…»

Ճմրթված լայնեզր գլխարկով ու անխնամ շորերով մի մարդ բարձրացավ ավտոբուս ու այն ութ հոգուց, որ նստած էինք, առանց դեմքիս նայելու հարցրեց:
- Ի՞նչ արժե:
- Հարյուր:
Գրպանից հանեց մի քանի մանրադրամ (վեց հատ քսան դրամանոցներ էին), դողացող միջնամատով ափի մեջ հաշվեց հինգ հատն ու կարծես հանգստացած  նստեց կողքս:
Ինքն իրեն խոսում է քթի տակ:
- Բա տոմսավաճառն ո՞ւր է, չեմ տեսնում:
- Ի՞նչ տոմսավաճառ, չկա՛, վարորդին պետք է տաք:
- Հա՜…
- Վաղո՞ւց չեք եղել քաղաքում:
- Վաղո՜ւց: Այսօր եմ ազատվել:
Նայում է ծնկներիս դրված գրքին:
- Մաթե՞մ:
- Ըհը՜, քննության եմ:
- Մտքումդ մի թիվ պահի՛ր, կրկնապատկի՛ր:
- Ըհը՜:
- Գումարի տասը, բաժանիր երկուսի:
- Ըհը՜:
- Հանիր սկզբից պահած թիվը:
- Ըհը՜:
- Հի՛նգ:
- Այո՜:
- Հինգ կստանաս, դե ես պետք է իջնեմ, «Ռոսսիա» – ն է չէ՞:
Մի կերպ բռնվելով նստարաններից հասավ վարորդին, վճարեց ու իջավ:

Մտքումս խաղ եմ խաղում, թվում է հետաքրքիր, բայց ինչ որ տեղ նեղում է:
Դուռը բացեց մայրս մի տանջված շորի կտոր ձեռքին:
Հարցական ու ջերմացնող հայացքը աչքերիս չէր, շուրթերիս էր ուղղված:
- Ա՜յ տղա, խոսի՛ր, սիրտս պայթեց, հանձնեցի՞ր:
- Տեսա՛, Նրա՛ն տեսա, ազատվել է, ճանաչեցի, նա ինձ՝ ոչ:
- Ո՞ւմ, նորի՞ց քո ցնդած խաղերն են մտքումդ:
- Մա՛մ, Նրա՛ն, չես հասկանո՞ւմ: Նրա՜ն…
Մորս  ձեռքից շորն ընկավ, հետո ինքն ընկավ ծնկների վրա:
Սենյակում երբ արդեն ուշքի էի բերել, ուրախացնելու համար ասացի:
- Մա՛մ, հի՛նգ եմ ստացել:
- Ո՞նց էր:
- Դե՜, դժվար չէր, տոմսը գիտեի՜…
- Նա՛ ո՞նց էր:
Մորս հարվածը կարծես քթարմատիս լիներ, գլուխս պտտվեց:
- …Ձեռքերը դողում էին, դժվարությամբ էր քայլում, սափրված չէր, անխնամ: Մոտն էլ հարյուր քսան դրամ էր…
- Համբուրե՞ց գլուխդ, - մայրս լաց էր լինում ինձ անհասկանալի պատճառներով:
- Ես չասացի ով եմ, ինձ թվաց քեզ դա դուր չի գա, մա՛մ, տասը տարի է չկար ու հիմա ի՞նչ է ես պետք է գրկեի ու համբուրեի: Հա՛մ էլ չճանաչեց:
- Պետք է իջնեի՜ր, գնայիր ետևից, տեսնեիր որտե՞ղ է ապրում: Հիմա ի՞նչ եմ անելու:
- Մա՞մ, քննության էի:
- Դա՛ էլ էր քննություն: Նա ճանաչել է քեզ, երևի փողի պակասից, որ քո տեղը չի կարող ստանալ ամաչել է:
Նա քեզ միշտ մաթեմատիկական խնդիրներ էր սովորեցնում, յոթ տարեկան էի՜ր:
- Մա՛մ, հի՛նգ եմ ստացել:
- Դու երկուս ես ստացել տղա՜ս, հավատա ինձ՝ նախկին հայոց լեզվի ուսուցչուհուս…

Վերջաբան

Մտքումս խաղ եմ խաղում, թվում է հետաքրքիր, բայց ինչ որ տեղ նեղում է:
Սենյակիս առաստաղից երկու ձեռքեր են կախվել ցած՝ երեք մատնոցներով:
- Խաղա՞նք, ես մատնոցներց մեկի տակ կպահեմ մորդ սիրտը, իսկ դու փորձիր գտնել:
Ձեռքերը պտտում են սեղանիս վրա մատնոցները, խառնում իրար:
- Ո՞րն է:
- Սա՛, - ձեռքով ցույց եմ տալիս մատնոցներց մեկը:
- Հաղթեցի՜ր, նման բան չի եղել երբեք, մի հատ էլ խաղա՞նք:
Իմ անսխալ բոլոր պատասխանները բարկացրեցին:
- Փոխո՜ւմ ենք, հիմա հորդ սիրտը…
 Ես գիտեմ, որ կգտնեմ, կհաղթեմ, քանի որ հոր սիրտն իր զավակի համար ոչնչով, բացարձակ չի տարբերվում մոր սրտից, նորից հաղթում եմ ձեռքերին:
- Սա անհավանական է, նման բան իրոք չի եղել, ապա՛ մի շրջիր գլուխդ, վերջին անգամ ենք փորձում:
Սահում են մատնոցները հարթ սեղանի վրա, մի մատի տակից անցնելով մյուսին, պտտվում, խառնվում, հետո նորից…
- Դե՜…
Մատով ցույց եմ տալիս այն մատնոցը, որի տակ ոչինչ չկա, քանի որ այն մյուս երկու մատնոցներից մեկի տակ մորս սիրտն է, մյուսի տակ հորս…
Ձեռքերն ուրախացան:
- Պարտվեցի՜ր, երկուս ես ստանում, չգտա՜ր…

Ս.Ումառ-Հարությունյան




пятница, 15 мая 2015 г.

Պատռված ծրար (շարք) 10





Արդեն կեսգիշեր է:
Շարունակե՞նք մեր սերը:
Լռո՞ւմ ես,
Համաձա՞յն ես:
Սիրե՜լ ես,
Ասել ես, որ եթե չլինեմ
Քեզ հետ կլինի հոգիս…
Շարունակե՞նք մեր սերը:

Նայում եմ պատուհանից դուրս
ու տեսնում եմ քեզ՝
փաթաթված ծառերի ճյուղերին…
Երևի դա է պատճառը
որ չես կարողանում գալ:
Միևնույն է կսպասեմ…
Շարունակե՞նք մեր սերը:

- Շարունակե՜նք,- լսում եմ
Գիշերային քամու աղմկոտ ձայնը:

Ս.Ումառ-Հարությունյան

Պատռված ծրար (շարք) 9





* * *
Ամբողջ կյանքում երազել եմ բժիշկ դառնալ
Դարձել եմ ինժիներ,
Կյանքը փոփոխվող է….
Հիմա էլ  երազում եմ…
Երազում եմ լինել բուսաբան…
Ինձ դուր են գալիս, շատ են դուր գալիս
Ոտնահետքերիդ տեղում աճած ծաղիկները…

Ս.Ումառ-Հարությունյան

Պատռված ծրար (շարք) 8



* * *
Համբուրում եմ անցյալի քունքը:
Ինչո՞ւ…
Միայն ու միայն համոզվելու համար,
Որ նա դեռ կա ու բաբախում է…
Ի՞նչ դժվար է սպասելը…
Ինչո՞ւ…
Չգիտեմ սպասում եմ,
որ անցյալը մահանա՞,
թե՞ որ ետ վերադառնա:
Ո՛չ կվերադառնա անցյալը,
Ո՛չ էլ կմահանա…
Բայց ես միևնույն է
Համբուրում եմ անցյալի քունքը:

Ս.Ումառ-Հարությունյան

Մի դառը բաժակ (բանաստեղծություն)



* * *
Քեզ գովերգում եմ բառերով հույսի,
Ըմպելով քո դա՜ռը բաժակները,
Կյա՜նք, խնդրո՜ւմ եմ քեզ, մի քիչ լրջացիր,
Ինձ դուր չեն գալիս  քո կատակները…

Մե՛կ դավերով մա՛ռ  խա՛ղ ես մոգոնում,
Մե՛կ ուղարկում ես Արև՜ը գրկել,
Մեկ ձեռքս բռնած կախում անդունդում,
Ծիծաղո՜ւմ ես կամ փորձում լաց լինել…

Բռնաբարում ես օդը, վարակո՜ւմ,
Ինձ քո ետևից  քաշում ես արագ,
Տեղյակ չես պահում ո՞ր կայարանում
Դու կլքես ինձ՝ կթողնես մենակ:

Բայց սիրո՜ւմ եմ քեզ մի սիրով հասուն,
Գնա՜, գալիս եմ կամքով իմ հոժար,
Երևի կյանքում այդպես են սիրում
Կամ գուցե ե՞ս եմ մի քիչ խելագար:

Քո սլացքի մեջ չկա՛ պատարագ,
Ո՛չ ցավ կա, ո՛չ էլ խելագարվող ճի՛չ,
Եվ ի՞նչ կա արդյոք քո մեջ արտակարգ,
Որ հետաքրքիր չէ թե ո՞վ եմ և ի՞նչ:

Նայի՛ր, կանգնել է  կեսն անցած կյանքս
Հաղորդալարի վրա տատանվող,
Ո՛չ  ոտքս է դողում և ո՛չ էլ ձեռքս,
Բայց սիրտս է դողում ահավոր:

Ըմպո՛ւմ եմ  վերջին դա՜ռը բաժակդ,
Քեզ գովերգո՛ւմ եմ բառերով հույսի,
Չգիտեմ փորձությո՞ւն է արածդ,
Թե՞ մանկան խաղ է անփորձ մի կույսի…

Ս.Ումառ-Հարությունյան

Երևան 12.05.15 թ.

Պատռված ծրար (շարք) 7



* * *
Արևը զբաղված է ինձնով՝
Ուշաթափ ընկած է կոպերիս…
Արևն այսօր ուշացել է գործից:

Նորաբաց մի կույս ծաղիկ է նեղվում
Քամո՞ւց թե իր կուսությունից:

…Ուրախությունը կատարյալ չի լինում,
Ո՛չ էլ երջանկությունն է լինում  կիսամեռ,
Արևն այսօր ուշացել է գործից,

Ես ի՞նչպես այսօր քեզ հասնեմ…

Ս.Ումառ-Հարությունյան

Պատռված ծրար (շարք) 6





* * *
Ամենաանուժը համոզելն է`
Ապացուցելն է, որ կաս…

Դու հիմա կարդո՞ւմ ես տողերս
Թե՞ վաղուց չկաս:

Ս.Ումառ-Հարությունյան

Պատռված ծրար (շարք) 5



* * *
Նվիրել եմ քեզ
Ուրախությունս,
Երջանկությունս,
Տենչանքս,
(Տենչալու բան,  էլ չունեմ,
Ո՛չ էլ կարող եմ երազել)

…Գոհությո՞ւնս,
Գոհությունս ինձ եմ պահել:

Ս.Ումառ-Հարությունյան

Պատռված ծրար (շարք) 4



* * *
Խոսքերով ասում եմ «Եղի՜ր»
Բառերով ասում եմ «Մնա՜»
Շուրթերով ասում  «Սիրելի՜ս»
Սիրելով ասում.
- Եթե այդպե՛ս է պետք, ուրեմն գնա՛…

Ս.Ումառ-Հարությունյկան

Պատռված ծրար (շարք) 3



* * *
Կյանքին հավասար ես,
Մահին էլ հավասար,

Ձմռանը,
աշնանն,
ամառվան հավասար,

Բայց  գարնանը՝ ո՛չ
Դու գեղեցիկ ես ավելի,
Դու չունես մրցակից՝
Անհավասար, անտեսանելի…

Ս.Ումառ-Հարությունյան

Պատռված ծրար (շարք) 2





* * *
Մթությամբ
Լույսեր չե՛ն կարող խաչվել,

Մո՛ւթն էլ չի կարող լինել Արարիչ…

Նույնն է թե ասենք, որ ինչ որ
Կենգուրու,
Մի կերպ սովորել է հաչել…

Ճահճից ծնվա՛ծը, լափո՛ւմ է ճահիճ…
Մարդո՛ւց է Մարդ ծնվում,
Ստահակից ծնվածը կարող է և
Տաք տեղում էլ սառչել…

Ս.Ումառ-Հարությունյան

Պատռված ծրար (շարք) 1





* * *
Ձեռքիս ափում դողդողում է
Վարդի թերթերից պատրաստված մի գավ,
Գավից կաթում է գինի -
Գինի է դառնում արյունս…

Երբեք ոչինչ չեմ ունեցել -
Չունեցածս է կարողությունս:

Ս.Ումառ-Հարությունյան

понедельник, 11 мая 2015 г.

Լուսնի սոնատը





Գիշերվա ժամը երկուսն է:
Ո՛չ վախն է քնել, ո՛չ մենությունը:
Հոսանքն էլ անջատել են՝ վառվող մոմն էլ քնած չէ…
Պատից կախված ջութակս անհանգիստ է, բայց անշարժ:
Հարևանները գիտեն ու ջութկահար եմ ու այլ կերպ են ինձ վերաբերվում:
Աջ կողմի հարևանս նույնպես քնած չէ, նրանց տանից լսվում է ջութակի ձայն հաստատ նրանց տղան է փորձեր անում…
Ստիպված թակում եմ նրանց դուռը:
Դուռը բացում է կիսահագնված հարևանուհիս՝ Գոհարը:
- Գոգ, անքնության դեղ չունե՞ս, չեմ դիմանում, կներես էլի այս ուշ ժամին:
- Նե՛րս արի:
Նրանց տղան խոհանոցում փորձում է ջութակի վրա նվագել «Լուսնի սոնատ»-ը…
Ջութակի վրա…
Ո՞վ է «Լուսնի սոնատ»-ը նվագում ջութակի վրա, միայն Աղասար անունով անձը, հարևանները կմտածեն ես եմ հիմար փորձեր անում:
- Աղասար, ավելի լավ է քնես, ուշ է:
Վերցնում եմ քնաբերի երկու հատիկ, մի անհույս հայացքով նայում Գոհարի կիսաբաց փեշերին ու վերադառնում:

Դռան երաժշտական ձայնն անհանգիստ վնգստաց, երբ փորձ արեցի խմել քնաբերը:
Ո՞վ կլինի այս ուշ ժամին:
Բայց ձայնը գալիս է պատշգամբի կողմից:
Շոշափելով գտա դանակը ու մոտենում եմ, որ փակեմ պատշգամբի դուռը:
Ես գիտեմ, որ վախը վաղուց քնած է, այն հույսով, որ ես ապրում եմ տասներեքերորդ հարկում ու անհանգստանալու ոչինչ չունեմ:
Պատշգամբից երևում է – մեքենա է-մեքենա չէ, գնացք է- գնացք չէ, ուղղաթիռ է- ոչ ուղղաթիռ չէ, մի տարօրինակ սարքավորում , որին ղեկին վարորդի դիմակով մի նախդարյան օդաչու է նստած:
Չի նայում իմ կողմը:
Այդ այսպես կոչված մեքենայի շուրջը մի սպիտակ ամպ է, որից էլ գալիս էդեղնա-կանաչագույն մի  լույս:
Լույսի միջից սպորտային հագուստով մի  աղջիկ է ձեռքերը մեկնել ու բռնվել պատշգամիս բազրիքից:
Ճիշտ է գեղեցիկն է բայց բռնվել է ԻՄ պատշգամբից:
- Թո՛ղ, հեռացի՛ր, ի՞նչ ես ուզում: Քաշիր ձեռքերդ թե չէ դանակով…
- Դու ի՞նչ է հիմար ես, ո՞վ է գեղեցիկների ձեռքերը կտրում:
- Հիմարը դու ես, ո՞վ է գիշերը թռչում, միայն վհուկները:
- Ես, ես քեզ մոտ եմ ուզում:

Հարևանի տանից դեռ լսվում է ջութակով բռնաբարված «Լուսնի սոնատ»-ի կիսահնչյունները:

- Լա՜վ, նե՛րս արի, ի՞սկ նա, այդ դիմակով վարորդը:
- Նա միայն կուրախանա ու կգնա երևի կամ հարբելու կամ մի ուրիշ նման մեքենա հորինելու:

Պատշգամբ իջնելու, նրան օգնելու իմ փորձը հաջողվեվեց համբույրով:
Սենյակում էլ համբուրում եմ նրան:
Նրա աչքերը պտտվում են իմ սենյակով, ի՞նչ է փնտրում չեմ հասկանում:
- Հոսանք չկա, ի՞նչ պետք է տեսնես:
- Տեսնում եմ, որ լավ է քեզ մոտ: Գիտե՞ս ինչու ընտրեցի քո պատշգամբը:
- Ոչ, ինչո՞ւ:
- Հեռվից լսեցի «Լուսնի սոնատ»-ը, յուրօրինակ կատարում էր…ջութակով:

Ս.Ումառ

воскресенье, 10 мая 2015 г.

Ավարտ Պատռված ծրար (շարք)





* * *
…Օրը ավարտվեց սարերի սառը լանջերի եզրին,
եղյամն էլ փարվեց սավանի շրթին,
կարոտը գրկած մարմինս անճար
բղավում էր.
- Տա՜ր…
ես ջերմն եմ սիրում՝ մասնիկը լույսի,
սուր ատամները տատնվող հույսի,
վերնաշապիկիս օձիքից եկող
բույրը այն կույսի,
որն իր ձեռքերով
խունկն է խնկարկում ամբողջ աշխարհի…
ինձ դուր է գալիս որ
մատների մեջ մաղձը -
դառնում է գինի,
թախիծը՝ ստվեր … և
Ըմպելու համար պատրաստ սիրո գավ,
Լույսն՝ ապաշխարանք,
իսկ պղինձը կավ…
որտեղ ինչ որ  կույս
երկնում է մի նոր,
երկնում է նոր մարդ…


Ս.Ումառ-Հարությունյան

Տիեզերք Պատռված ծրար (շարք)





* * *
Ես քո մե՞ջ եմ
Տիեզե՜րք,
Թե՞ գրկել եմ քեզ ձեռքերով,
…Այս ինչո՞ւ են Մայր Զագերը
Եղերերգում գիշերով…

Թե մատներս են քեզ ցավեցնում-
Բաց թող,
Վերից ընկնեմ ցած,
Թե մարմին եմ դժվարամարս՝
Քիչ դիմացիր,
Ի՞նչ մնաց…

Ս.Ումառ-Հարությունյան

Աշխարհի վերջը Պատռված ծրար (շարք)




* * *
- Ասում են, այսօր վերջն է աշխարհի:
- Ե՞Վ:
- Ծծումբ է թափվելու վերևից:
- Դու տե՞ղ ունես գնալու:
- Ո՜չ, այսօր տանն եմ:
- Թող թափվի...

Հայկական Պատռված ծրար (շարք)




Ասում են մի քաղաք կա «Փարիզ»
Քաղքենին ասում է «Պարիժ»…
Ասում են գեղեցի՜կ է,
Ուղղակի առանց խոսք գեղեցիկ:

Չգիտե՜մ, չե՛մ տեսել
Ու չե՛մ հավատում…

Ասում են սարերը շուրջպար են պարում
Մի գյուղի շուրջը
«Գեղարոտ» անունով:
Ասում են առվակն է գյուղում միշտ երգում,
Ասում են այնտեղ միշտ ծիծաղում է
Ցնդած լուսաբացը…
Ասում են այնտեղ առանց պանիր է ուտվում
Նույնիսկ հնացած հացը:

Չգիտե՜մ, չե՛մ տեսել
Ու ինչո՞ւ եմ հավատում…

Ս.Ումառ-Հարությունյան

Աղոթք Պատռված ծրար (շարք)



* * *
Աղոթքի ավա՞րտն էր,
որ բառը դարձավ բանաստեղծություն,
եղյամը հալվեց,
հալվեց դարձավ ցող…
Թե՞ սատանայի աչքն էր արցունքոտ
որ սպանեց մի օ՛ր՝
հոգնա՜ծ,
տառապա՜ծ…
ու երազանքը պառկեց որպես զոհ՝
սառը վերմակի ոտքերը գրկած…

Ս.Ումառ-Հարությունյան

Այրու փեշերը Պատռված ծրար (շարք)





* * *
Ցանկությունների ամենակոկիկ ու
մաքուր խաղահրապարակը
այրի կանանց փեշերին է,
հատկապես այն պահերին, երբ
լուսինը չի ցանկանում,
բայց ստիպված
դուրս է գալիս դարանից…
Լեզվի տակ պահված խոսքերը
քանդում են իրենց ձայնավոր օձիքները,
մի կողմ՝ հրապարակ  են նետում
աչքերի ծայրերը դեպի ներքև ձգված
բոլոր դիմակները…
Սկսվում է դատարկ դիմակների
Դիմակահանդեսը…
այրի կանանց կոկիկ ու մաքուր
փեշերին:

Ս.Ումառ-Հարությունյան

Պատռված ծրար (շարք)





Բաց տարածության մեջ
Լուծվում է հույսը,
Դառնում է լույսի փոքրիկ մի կտոր:

Անկախատեսելի է հույսի մոտենալը -
Սիրում է քայլել ճեղքերի միջով՝
Պատուհանների…
Դռների…
Ու ամեն դեպքում
Մոտենում է քեզ - ինչպես ուրվական…

Իսկ ես՝ երազկոտ հիմար մի ասպետ
Բացել եմ դուռ ու պատուհան…

Ս.Ումառ-Հարությունյան

Գարուն Պատռված ծրար (շարք)





*  *  *
Գունավոր գլխաշորո՞վ ես,
Թե՞ թվում է միայն,
Քամին ու անձրևն են խաղում
Քունքերիդ վրա:

Ինչո՞ւ ես անընդհատ ստո՜ւմ,
Ծիծաղո՜ւմ, լալի՜ս,
Աստծուն էլ չես հավատում -
Եկեղեցի ես գալիս:

Նորից ծիծաղո՜ւմ ես, ասո՛ւմ
- Ես ոչ կի՛ն եմ, ոչ ա՛յր,
Ես ընդամենը Գարունն եմ,
Խե՜նթ ու խելագար…

Ս.Ումառ

Հարբած գիշերը (բանաստեղծություն)



* * *
Այսօր էլ չկա՜ս ու հարբած գիշերը
իմ մեջ գրում է ներկա,
Եվ ի՞նչ է ուզում ինձնից գիշերը,
երբ վաղո՜ւց բացակա ես
Շա՜տ վաղուց չկաս…

Մեկ գլխով կուրծքս է գուրգուրում,
Մեկ պոռնիկի ձայնով կեղծում է «Մեռա՜»
Մեկ Հուդային է մեծարում,
Մեկ կույսի լեզվով մրմնջում «Մեղա՜»:

Անարքա ժամին դառնում է արքա,
Բազմում գիշերվա կրքերի գահին,
(Ի՞նչ անեմ, ասա՛, այսօր էլ չկաս)
Նորից գերի եմ հարբած գիշերվա
Խենթություններին:

Հարբած գիշերը նման է հույսի՜,
Ծաղրո՜ւմ,
Ծանակո՜ւմ է մինչև լուսաբաց,
Ու գիշերային ծիրանին ուսին,
Իրեն համարում հեթանոս Աստված:

Մի՞թե խեղճանում են
Աստվածները,
Մթո՜վ կամ ցերեկ ժամանակ,

Ցայգաժա՜մ է…Խեղճացել է
Սրբություն չունեցող գիշերը
Աչքերիս արյունով ողողված:

Ս.Ումառ-Հարությունյան

Ես քո ստվերից ... բանաստեղծություն



* * *
Ես քեզնից ու
քո ստվերից
փախած շա՜տ հեռու,
Ասես կանգնած եմ մարդկության կողմից չպատկերացրած
Մի նոր գեհենում…

Անճարությունից ծամո՛ւմ եմ միտքս,
Լեզուս դառնահամ անո՛ւնդ է շաղում –
Ու «հեռո՜ւն»  հեռվից նոր թափ է առնում`
Խելագարության մի նոր մեծ ալիք-
Թքախառ ծորուն մի կաթիլ
Կաթում է հողի՛ն …

Ու Գաղափարը ժպտում է վերից
Անհո՜գ,
Անողո՜ք,
Իր տանջվող որդու ցավին անտարբեր.
- Ա՞յս էիր ուզում, դե տանջվիր այսպես -
Հեռվի՜ց, շա՜տ հեռվից
Նայիր զիստերին՝
Ա՛չքդ կուրանա,
Ակա՛նջդ պայթի նրա շշուկից.
…Հիշո՞ւմ ես ինչպես չլսեցիր ինձ
Ու իմաստության համը փորձեցիր
Նրա ձեռքերից…

…Միայն հեռվից եմ քեզ տենչո՜ւմ,
Սիրո՜ւմ,
Ես՝ քո ստվերից
Վտարված հեռու…

Ս.Ումառ-Հարությունյան