воскресенье, 10 июня 2018 г.

Գուցե իրո՞ք հաղթեցինք

Գովաբանենք ամե՜ն ինչ
ու չտեսնե՛նք ոչինչ,
Գուցե իրո՞ք հաղթեցինք
Չե՜նք հեկեկա նորից…
Ոչ ուրուներ մնացին՝
Գիշատիչ ու լեշակեր,
Ո՛չ հոգեմաշ ցնորքներ,
Ո՛չ վիրավոր սրտեր…
Ապրո՜ւմ ենք օրվա
խոսքի փշրանքով,
Կարծես թե երկնից
ընկած մանանա,
Ու թվո՜ւմ է թե միմյանց սիրելով
Էլ երբե՜ք չենք ծերանա:
Ցույց ենք տալիս թե սարքեցինք
Մի նո՛ր աշխարհ,
նո՜ր մշակույթ,
նո՜ր արվեստ,
Անեկդոտներ հնարողին
Սարքեցինք մե՜ծ բանաստեղծ…
Գովաբանենք ամե՜ն ինչ
ու չտեսնենք ոչինչ,
Գուցե իրո՞ք հաղթեցինք-
Չե՜նք հեկեկա նորից:

ԿԵՍԳԻՇԵՐ




Մահին ասեմ «Բարի՜»
Կյանքին ասեմ «Դաժա՛ն»
Լինեմ ո՜ղբը դարի
Արցունքներով թավշյա:

Սիրտս կշե՜ռք սարքեմ
Խավարի մեջ անծայր,
Բույրդ ինձ հե՜տ տանեմ
Ու աչքե՜րդ պայծառ…

Հեռացող հույսին
Խոնարհվե՜մ դանդաղ,
Մինչ նժարը հոգսի՜
Մի տառապա՜նք դառնա:

Ու՜ժը փորձեմ խավարի,
Խո՜ւլ ու համր ձևանամ,
Կասկածներից վիհերի՜
Տեսիլքներին մոտենամ:

Գիշերներո՜վ հրդեհվի
Երակներո՜ւմ արյունս,
Եվ բաժինը տառապանքի՜
Մոխի՜ր սարքի քունս:

Հիշեմ օվկիա՜նն անսահման,
Բայց շատ փոքր քո սրտից…
Կյանքին ասեմ դաժա՜ն,
Բայց թաքնվեմ մահից…

10.06.18  Երևան

пятница, 25 мая 2018 г.

… Չի՛ նկատում քեզ Աստված




Ամբողջ մի ցա՜վ ուսիդ բարձած
Քայլում ես ծանր քայլվածքով,
… Չի՛ նկատում քեզ Աստված
Կամ նայո՜ւմ է կասկածով:

Գիտե՛ս, կյանքը մի դպրոց է՝
Դասերը բա՜րդ ու խճճված,
Բախտ կոչվածն էլ մի քաոս է,
… Չի՛ նկատում դա Աստված:

Լինես բարի՜ թե չարակամ՝
Մեղավոր ես անկասկած,
Եվ քանի դեռ դատավո՜ր չես
… Չի՛ նկատի քեզ  Աստված:

Բեռդ շա՜տ է ծանր թվում,
Քայլո՜ւմ ես մեջքդ կռացած,
Ո՞ւմ կամ ի՞նչ ես փնտրում կյանքում
Երբ … չի՛ տեսնում քեզ Աստված:

Ցանում ես բարի՜ն - հավաքում չա՜րը,
Չա՛ր բան ես անում առ Աստված,
Արդյունքը մե՜կն է՝ այս աշխարհը
Անտեսե՜լ է տեր Աստված:

Մնաց հոգի՜դ՝ պայծա՜ռ ու ջինջ,
Որ կախված չէ ո՛չ մեկից,
Մե՜կ էլ սիրտդ, որ զայրույթից
Դո՜ւրս է գալիս իր հունից:

Թե չե՜ս տեսնում ինքդ քեզ
Կամ նայո՜ւմ ես կասկածով,
Ինչո՞ւ պետք է ման գա՜ս գտնես
Ինչ-որ մեկին մեղավոր:

Տա՜ր քո բեռը, Մա՜րդ արարած՝
Հոգիդ մաքո՜ւր, սի՜րտդ պարզ,
Ի՜նքդ ես Աստված,
Աստվածների՜
Պաշտամունքի առարկա…


четверг, 24 мая 2018 г.

Լուսաբա՜ց է…


Լուսաբա՜ց է…
ու շողերի արանքում
Ստվերները հո՜ւյս են քամում տերևից,
…Հրաշագեղ մի աղմո՜ւկ է աշխարհում,
Սի՛րտս էլ ասե՜ս դուրս է թռել իր տեղից:

Սրտիս տեղը
մի մեծ կարո՜տ է լցվում,
Որ եկել է բարձունքներից երկնային,
Սրտիս տեղում երազնե՜ր են գոյանում՝
Անիրակա՜ն խոստումներով բերկրալի:

Ո՜վ Տիրանայր,
քո անունը չե՛մ հիշում,
Գիտե՞ս, ունեմ քո փախարեն ես մեկի՜ն,
Ու աչքերիս մի պատկե՜ր է գոյանում
Ու ծխո՜ւմ է սիրտս մի երգ ցավագին:

Ո՞վ կսրբի
արցունքները աչքերիս,
Ե՞րբ կարթնանամ լուսաբացին անարցունք,
Ո՜վ  Տիրամայր, մոռացել ես դու էլ ի՜նձ
Ու սրտիս մեջ  ցավի հուր է բռնկվում:

Ես վաթսո՜ւնս
դեռ երեկ եմ բոլորել,
Սակայն դա՛ չէ պատրվա՜կն իմ տխրության,
Սուրբ Տիրամոր փոխարեն ուրիշ կի՜ն եմ նախընտրել
Ու հմայվել նրա խաղաղ պարզությամբ:

Տե՜ր խնդրում եմ,
տո՛ւր համբերություն
Մինչև մեղավոր պա՜հը հանդիպման,
Թո՛ղ որ թաթախվեմ մեղսոտ աշխարհում,
Թո՛ղ որ ես ինքս ի՛մ մեջ մարդանամ:

Լուսաբա՜ց է…
ստվերների արանքում
Լույս շողերը ողջունո՜ւմ են տերևին,
…Հրաշագեղ մի աղմո՜ւկ է աշխարհում,
Սիրտս էլ ասե՜ս լուռ սպասում է պարգևի:


Ես գտա ինձ


Կորցրե՜լ էի ինձ:
Կորել էի իմ մտորումների մեջ ու ո՛չ մի կերպ, ո՛չ մի ճանապարհ չէի գտնում վերադառնալու…ո՞ւր վերադառնալու չգիտեի:
Իրականությունը մի ավտոբուս էր, շատ սիմվոլիկ 22 համարով, որտեղ կար ամե՜ն ինչ, սկսած սկսած տհաճ հոտերից, վերջացրած քրտինքի ու ֆրանսիական թվացող օծանելիքի բուրմունքներով:
Կանգնած եմ գնում, կանգնել եմ մի նստարանի մոտ, որտեղ նստած է մի կին:
Նայում եմ վերևից:
Մազերը շագանակագույն են, հաստատ ինքն իր ձեռքով է ներկել, մազարմատների մոտ սպիտակին են տալիս ներկից թաքնված բազմաթիվ մազեր:
Կլինի մոտ 57-58 տարեկան:
Պարանոցից դեպի ուսն ընկած հատվածում մի քանի հնադարյա ծալքեր կան, որոնք ապացուցում են նրա տարիքի հետ ունեցած իմ կանխորոշումները:
Մտածում եմ.
Աղջիկ չունի, քանի որ նման մազերի հետ վառ կարմիր շրթներկ չեն օգտագործում, կանաչ գույնի շոր չեն հագնում, սև պայուսակ չեն բռնում:
Դուստր ունենար ճիշ խորհուրդ կտար:
Ամուսին չունի, անցավ մտքովս երբ ուշադիր նայեցի պայուսակի կաշեփոկերի միացման տեղում անտանելի վատ հագցրած երկաթյա կիսաօղերին:
Մի ինչ-որ կանացի բնազդով երևի հասկացավ, որ իր մասին եմ մտածում ու վեր կենալով իր տեղից շատ տարօրինակ բարձր ձայնով ասաց.
- Նստի՛ր հայրիկ ջան, - գրավելով առավոտյան տխուր դեմքերով աշխատանքի գնացող ավտոբուսի մարդկանց ժպիտը:
Հասկացա, որ ուզում էր շատ երիտասարդ երևալ, մի ակնթարթ մեղքս եկավ ճիշտն ասած:
Ծիծաղս մի կերպ զսպելով, որ չվիրավորեմ, անկախ ինձնից ավելի բարձր ձայնով պատասխանեցի.
- Ոչինչ ես կկանգնեմ աղջիկ ջան, դու նստիր:
Ավտոբուսում պայթեց ծիծաղը…
Պայթյունից ես վերջնականապես գտա ինձ, բայց ինչ-որ մեկը կորցրեց իրեն:
Բոլորը ծիծաղում էին, բացի ինձնից ու ինձ նայող կնոջից, որ կանգնած շարունակում էինք ընթանալ…ո՞ւր, չգիտեինք: