воскресенье, 29 января 2017 г.

« ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈւՆ »

Բառերդ հաճախ այնպե՜ս են գժվում,
Որ քեզ մատնում են անծայր տրտմության,
Ու քարանում է քո՛ մեջ՝ քո՛ ներսում
Քո երկրորդ կեսը - այնքան հարազատ:

Կարծես կանգնած ես հուշարձանի մոտ
Ու շուրջդ չկա ոչինչ մնայուն,
Ու անկեղծության լեզուն անամոթ
Խոսում է քեզ հետ օտար մի ձայնով:

Դաժան է լեզուն քո երկրորդ կեսի՝
Ակե՜ղծ, բայց սա՜ռը – անեծքի նման,
Ասես կանգնած ես անդունդի եզրին
Ու  շշնջում ես.  «Կյա՜նք, կա՛նգ առ մի պահ»

Ու կա՛նգ է առնում զարկը քո արյան,
Անշարժանում է կե՛սը քո երկրորդ,
Որն ամե՜ն պահի, ամեն մի վայրկյան
Կարող է գլորել քեզ անդո՜ւնդը խոր…

Ու բաժանվո՜ւմ ես ինքդ քեզանից,
Դառնո՛ւմ ես երկո՜ւ, երկու տարբեր անձ՝
Մեկը մարմի՛նդ է, մյուսը հոգի՜դ -
Աչքերն անդունդի խորքերը հառած:

Տեսնում ես հոգուդ պատյանից անդարձ
Հեռացած կնոջ աղոտ մի հայացք,
Վաղուց ծվարած քո մեջ քո ներսում՝
Այնքա՜ն մերձավոր, այնքա՜ն հեռահաս…

Մարմինդ արյունդ է խմում կո՜ւմ առ կում,
Հոգիդ ըմպում է արցունքի թասից,

… Բառերդ դառնում են Բանաստեղծությո՜ւն
Ու դու կախված ես մնում նրանից:

Ս.Ումառ-Հարությունյան

29.01.17թ.   ք. Երևան

воскресенье, 22 января 2017 г.

Սի՜րտը…



Ասո՜ւմ են
Մահը ցավո՜տ չէ բնավ-
Ուղղակի սիրտը էլ չի՛ աշխատում,
Ասո՜ւմ են  « Գնա՜ց…
Ու աչքը փակեց բոլորի համար…
Մնայուն ոչի՜նչ  չկա աշխարհում…»

Ցավոտ է մա՜հը,
Երբ  քո սրտո՛ւմ է մեկը մահանում
Կամ դո՛ւ ես մահանում ուրիշի սրտում,
Ա՜յ,  ցա՜վ եմ ասել,
Ա՜յ,  դա՛ է ցավը,
Որը իրոք կա՜, բայց չի երևում…

Ցա՜վ է,
Երբ  սիրտդ գրաված մարդը
Պատե՜հ, անպատեհ աչքերն է թարթում,
Ցա՜վ է,
Երբ դիրքն է սրտիդ մեջ փոխում -
Ասես թե սիրտդ ոտքե՜րդ է ընկնում:

Ցա՜վ է,
Երբ սիրտդ է փորձում ինչ-որ բան ասել
Ու դու չես լսում
Կամ չես հասկանում լեզուն քո սրտի,
Ա՜յ,  ցա՜վ եմ ասել,
Ա՜յ,  դա՛ է ցավը,
Որ բաբախում է ռիթմով կրկնակի:

Կա՞ ցավի Աստված
Կամ Աստվածուհի՜,
Որի հետ խոսես  ցավերի լեզվով,
Որ քեզ հասկանա
Կամ էլ դու Նրան՝
Բերկրանքից բացված շուրթերի դողով…

Կա՛,
Այդ Աստծուն Սի՜րտ են անվանում,
Որը կարող է կրել հազա՜ր ցավ,
տա՜ս հազար կսկիծ
ու միլիո՜ն մորմոք…
Ու տրոփում է այն միայն քեզ համար
ու մեկ էլ Նրա,
Որ քո սրտում է անո՜ւժ ու անօգ…

Եվ  ում որ ունես սրտումդ պահած…
Եվ ինչ կունենաս դրանից հետո,
Կյանքի ու մահվան կծիկ կդառնա,
Ցավո՜տ, շա՜տ ցավոտ:


Եվ ո՞վ կբացի հանգույցն այդ Գորդյան,
Սիրտ-Աստծո ձե՞ռքը թե՞ Բախտն անիծված,
Մի շատ անզգույշ քայլ ու…
Կարող է սիրտդ պատռվել հանկարծ…


Ս.Ումառ-Հարությունյան