четверг, 31 июля 2014 г.

Բանաստեղծություն

Ների՛ր սիրելիս, ների՜ր, որ սիրում եմ քեզ, այլ կերպ չե՛մ կարող…
Դու շատ ես տանջվել իմ բառերի՜ց, մտքերի՜ց…
Հիասթափվել սպասումների
Երկա՜ր - երկա՜ր, վերջ չունեցող գիշերային ժամերից… 

Ների՜ր սիրելիս, որ չստացվեց խուսանավել
Միայնության չոր ու ոսկրոտ մատներից
Որ չստացվեց դատարկ օրվա եզրին կանգնել
Կուլ չգնալ կառչելով սին հույսերից…

Ների՜ր սիրելիս, որ մոռացել եմ քեզ՝
Իմ սեփական Աստծուն,
Եվ սիրել եմ կիսակոտրած պատգարակին մեկնված
Մերկ մենության աստվածուհուն անանուն…

Գիտե՜մ, հարբած ուխտ եմ եղել, մրափել եմ սրտիդ հետ…
Ուժ չի եղել, չե՛մ արթնացել…
Միշտ դրել եմ բազմակետ քո նո՜ւրբ, զգայո՜ւն,
բայց մեծ սրտի պատերին,
Հիմա ժամն է, ես դնում եմ կոր ու հիմար հարցական
Ցանկությանս շրթունքների եզրերին…

Ս.Ումառ

воскресенье, 27 июля 2014 г.

«Հոգով գողերը»




 Տրամադրություն չունեմ
Բախտ չունեմ:
Փող չունեմ:
Սիրող կին չունեմ:
Երեխաներիս կարոտում եմ:
Անկողինն ի՞նչ է, դա էլ չունեմ:
Ինչ կար չկար, Դիանան հավաքեց ու տարով մոր տուն:
Բայց բախտ կարծես թե ունեմ, Նոութբուքս թողել է, դա նրանից չէր, կամ էլ ինչ որ բան է խանգարել:
Բայց դե Նոութբուքն ի՞նչիս է պետք:
Զզվել եմ Օդնոկլասնիկից, Ֆեյսբուքից, Ծանոթությունների բազմաթիվ կայքերից էլ չեմ ասում Օութլուկից, որն ընդհանրապես էլ չեմ միացնում:
Ի՞նչ անեմ ինքս էլ չգիտեմ ու պատահաբար սեղմում եմ էկրանին հայտնված ինչ որ էջի վրա:
Էկրանին հարց է:
«Ցանկանում եք իմանալ թե Դուք ինչ եք հոգով, եթե այո սեղմեք «OK»
Ես չէ, բայց Դիանը լավ գիտի ես ով եմ, մի անհաջողակի մեկը, որի ձեռքերը աճում են ծնկերից:
Ես չէ, բայց զոքանչս գիտի ես ով եմ , մի սունկ եմ, որը կարող է ամեն վայրկյան թունավորել իր աղջկա կյանքը:
Էլ մարդ չկա, մնացինք ես ու մայրս:
Մայրս միշտ ասում է.
- Հավատա իմ՝ հացթուխիս 40 տարվա փորձին, Դիանան քեզ սիրում է, համբերիր: Դու ճիշտ է հումորի զգացում չունես, հորդ ես քաշել, քո մեջ ռոմանտիզմ չկա, պապիկիդ ես քաշել, բայց ազնիվ ես ու նվիրված:
Մնում եմ միայն ես, որ չգիտեմ ով եմ:
Ուրեմն … չիմանա՞մ ….սեղմում եմ  «OK»
Բազմաթիվ հարցերին պատասխանելուց հետո, երբ զգացի որ անցել է 1 ժամ 38 րոպե, համակարգիչը հրամայեց:
«Սպասեք»
Ծխում եմ կիսատ թողած ծխախոտս ու անհամբեր սպասում  պատասխանին:
«Դուք հոգով գող եք»
Այ քեզ հիմարություն:
Միգուցե ինչ որ բան սխալ եմ գրել: Հարկավոր է նորից փորձել ավելի ուշադիր:
Այս անգամ պատասխանը տևեց 1 ժամ 24 րոպե:
«Դուք հոգով գող եք»
Ծխախոտ էլ չունեմ ծխելու:
Նայում եմ ամսաթվին…
- Օգոստոսի 18 ատում եմ քեզ
- Ժամը 22 անց 12 րոպե ատում եմ քեզ
- Նոութբուք զզվում եմ քեզնից, չէ, սխալվեցի ատում եմ:
Բջջայինս զանգեց չհասցրեցի զոքանչիս էլ ատել, նոր հանգստանալ:
Նայում եմ հեռախոսի էկրանին, Դիանան է
- Դիանա քո տիրոջ….
Միացնում եմ հեռախոսը:
- Ասա, Դիան:
- Լսիր, դու խիղճ ունե՞ս, ութերորդ օրն է երեխաներիդ չես տեսել…
- Դե փող չկա մոտս, դատարկ գրպանով…
- Ավելի ճիշտն ասա, դատարկ գլխով…
Հեռախոսը հեռացրեցի ականջիցս ու նայում եմ համակարգչի էկրանին
«Դուք գող եք»
Դիանան դեռ խոսում է:
Նորից հեռախոսը մոտեցրի ականջիս:
- Լավ էլի, Դիան, մի բան ասեմ չզարմանաս լա՞վ, ես գող եմ, հոգով:
- Ի՞նչ, չհասկացա, ո՞նց թե գող:
- Հաստատ, համակարգիչն ասաց, գիտեմ, որ հիմա կասես, որ այո գող ես գողացել ես իմ լավագույն տարիները…
- Լո՞ւրջ ես ասում:
- Խաբելու ինչ ունեմ, դու գիտե՞ս որ
- Հա, գիտեմ որ ստախոս չես, բայց…
Անցավ երկու րոպե, ձայն չկա:
- Կարո՞ղ է ես էլ եմ գող, հոգով:
- Ուզո՞ւմ ես արի քո համար էլ թեստ անենք: Մայրդ տա՞նն է:
- Չէ, հարևանի տանը տղեմալի է փակում, գիտե, որ դու շատ ես սիրում, ասում է կփակեմ, իրեն կասեմ որ փակել եմ ու չեմ տա ուտի, թող տանջվի: Մի տաս րոպեից կգա, երեխաներին քնեցնելու ժամն է:
- Հիմա գալի՞ս ես, թե՞ փակեմ կոմպը:
- Ի, ցնդե՞լ ես իհարկե գալիս եմ: Մտիր լողացիր, նոութբուքը քարշ տուր անկողին մինչև գամ:
- Անկողին ես թողե՞լ, հատակին եմ քնում:
- Ախր հեչ ռոմանտիկ չես, ոնց եմ կատաղում, թող լինի հատակին, ի՞նչ կապ ունի, բա ես չիմանա՞մ ինչ եմ հոգով:
Գալի՜ս եմ…

Ս.Ումառ

суббота, 26 июля 2014 г.

Մենախոսություն





Վախենում եմ բացել կիսաբաց կոպերս
ինձ թվում է թե նրանք կբացվեն մի այնպիսի ժանգոտ ճռինչով
որ կարթնացնեն քեզ…
Վախենում եմ բացել աչքերս ու ինչպես միշտ տեսնել ամառային երկնքում կատարվող ինձ համար սովորական դարձած  լուսավոր դեպքերի արտացոլանքն իմ սենյակում, որը կարթնացնի քեզ…
Վախենում եմ պատկերացնել,
Վախենում եմ խոսել իմ մտքերի հետ…
Վախենում եմ, որ կարթնանաս մտքերիս ձայներից…
Քնած ես շուրթերդ հպած ուսիս ու կարող է, որ հենց այդ հպումից քո մեջ անցնեն իմ բոլոր վիճաբանությունները ինքս ինձ հետ, որը ես համարում եմ կեսգիշերային զրույցներ Լուսնամարդու հետ…
Վախենում եմ շարժվել, բայց ափս այրվում է մեջքիդ…
Ոտքդ, որ գցել ես վրաս ինձ սեղմում է տիեզերական ծանրությամբ ու կարծես գամել քեզ միշտ գրկաբաց ընդունող անկողնուս…
Բայց ես այդպիսին չեմ, չեմ կարող մնալ մի դիրքով ու տեսնում եմ իմ իսկ շարժը կյանք կոչված մացառուտներով լի խորդուբորդ այն ժայռի վրա, որով փորձ եմ բարձրանալ ու հասնել գագաթին, նորից ու նորից մի վերջին անգամ զրուցել Լուսնամարդու հետ ու խնդրել, որ էլ երբեք չհեռանա ցերեկվա լույսի հետ մինչ հաջորդ գիշեր…
Ես վախենո՜ւմ եմ, ի՞սկ Դու,

Դու չես վախենում առավոտյան արթնանալ, ու գիշերազգեստիդ կրախմալե ձայներից ինձ արթնացնել…
Դու չես վախենում քո՝ քեզ թվացող զգույշ քայլերի երաժշտությամբ ինձ արթնացնել…
Դու չես վախենում, որ կարող է ինձ կտրես իմ երազներից երկաթե սրճեփին կպչող գդալի ձայներով…
Դու չես վախենում ինձ արթնացնել այդ սև հեղուկի կախարդական բույրը քթիս մոտեցնելով ու քո…
- Սուրճը պատրաստ է, արթնացի՛ր…
Դու չես վախենում, որ ես կարող եմ սուրճի գոլորշու մեջից տեսնել քո բնական գեղեցիկ դեմքն ու հանկարծ չցանկանալ բացել աչքերս…տեսնել քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս…
Բայց ես տեսնո՜ւմ եմ, տեսնում եմ ինչպես են ձեռքերս արյունոտվելու աստիճան քերծվելով, օգնելով ոտքերիս ինձ դանդաղ մոտեցնում ժայռագագաթին…  

Վերջապես հասա, տեսա գագաթից հարյուր մետր ցած գտնվող այն արծաթագույն հարթավայրը, որը չէր երևում հակառակ կողմում գտնվելու պատճառով:
Նստեցի գագաթին, վառեցի իմ հերթական Black Tip գլանակը:
- Բարև, - լսվեց ետևից:
- Բա՛րև, չհարցնես թե ճանաչո՞ւմ եմ քեզ արդյոք, գիտե՜մ, Լուսնամարդն ես:
 Մոտ վաթսունի մոտ այդ մարդու հետ, որի միրուքը հազիվ է հասնում կրծքին, ես շատ անգամ եմ զրուցել:
- Ատո՞ւմ ես ինձ…
- Գիտես ու նորից հարցնում ես:
- Ես մտքեր չեմ կարողանում կարդալ, բայց հոգիներ կարդալ կարողանում եմ, այ քո հոգին լցված է ատելությամբ, մինչ դու քեզ գագաթից կնետես, ես ցանկանում եմ իմանալ պատճառը, չէ՞ որ դու հրաժարվում ես իմ նվերից քեզ, ես քեզ կյանք եմ նվիրել…
- Կյա՞նք, դու ինձ դժոխք ես տվել, ես չունեմ ոչինչ երջանիկ ապրելու համար, ո՛չ հարստություն, ո՛չ ուժ, ո՛չ տաղանդ… մի՞թե չես հասկանում…
- Ես տվել եմ քեզ բարի սիրտ, հումորի զգացում, սուր միտք, դա շնորհ է:
- Մի՞թե դա համարում ես շնորհ, իմ հումորի զգացումից մարդիկ իմ բոլոր ասածները համարում են հումոր, իմ բարի սրտի պատճառով ես կորցրեցի իմ բոլոր բարիքները, ես հիմա ատում եմ իմ կյանքը, և ընդամենը քանի տարեկանում…դու աղավաղել ես իմ դեմքը, հոգիս, նպատակներս վեր ես ածել աստղաճանապարհների, անհաս ու վերջ չունեցող…
- Հըմ…
- Հիմա էլ եկել ես, որ ընդամենը իմանաս պատճառը, ճի՞շտ եմ չէ, չէ՞ որ դու ես ինձ տվել խելացի մտքի այն չափաբաժինը, որ կարողանամ անսխալ կռահել:
Վեր կացա լուռ ու մոտեցա գագաթի ծայրին:
- Սպասի՛ր, ես կարող եմ դեռ քեզ օգնել ու մի մոռացիր, որ ես դեռ երկու հազար տարի առաջ իջա ու ինձ խաչեցին, նիզակով խոցեցին սիրտս, բայց ես պայքարեցի և ինչպես տեսնում ես…
- Դո՞ւ, չէ՞ որ շրջապատված էիր քեզ  երկրպագող մարդկանցով, չէ՞ որ քո սիրտը խոցողները դիմացդ կանգնած էին, իսկ գիտե՞ս թե ինչ բան է երբ մեջքից են հարվածում, չգիտե՜ս, քո տանջանքները խաչի վրա երեք օր էին, իսկ ես արդեն քանի տարի է տանջվում եմ…գիտե՞ս քանի սրիկա է ապրում երջանիկ, քանի՞ մարդասպան ու դաժան մարդ կա, որ դեռ հանգիստ խղճով ապրում են…
- Գիտե՜մ…
- Դե, ուրեմն ի՞նչ, ե՞ս եմ ամենավատը…մնաս խաղաղությամբ, ես հոգնեցի…
Լուսնաքամին սկսեց խաղալ իմ շորերի հետ, կարծես տալով ինձ թևեր ու համոզել որ հանգիստ թռիր…
Քայլ ու… ամեն ինչ վերջացավ արծաթափայլ հարթավայրի վրա…

Լուսնամարդը մոտեցավ գագաթածայրին, նայեց հարթավայրի վրա ընկած իմ անշունչ մարմնին:
«Չէ՞ որ ես նրան բարի սիրտ էի տվել, այդ ե՞րբ հասցրեց քարանալ, այո նա ունեցել էր ծանր կյանք, բայց պայքարում էր, վստահ էր իր ուժերի վրա, ի՞նչը կոտրեց նրան չեմ հասկանում…»
Ես տեսա թե ինչպես Լուսնամարդը իջավ ինձ մոտ, փորձ արեց մտնել աչքերիս մեջ ու դա ստացվեց նրա մոտ, հասկացա, որ ամեն ինչ ցանկանում է տեսնել Իր իսկ աչքերով…

… Ահա նրանք, այգու նստարանին նստած հացի փշրանքներ են նետում աղավնիներին, ո՜չ, դա այն չէ, հարկավոր է էլի թերթել ու գտնել կորաած լույսը, կորա՜ծ, խամրա՜ծ, չքացա՜ծ…
Ահա այս մեկը…
Նա ձեռքին ծաղեփունջ մոտենում է այն նույն նստարանին, բայց նստարանի վրա երկուսով են, համբուրվում են նրա աչքերի առաջ, ծաղկեփունջն ընկավ տղայի ձեռքերից, ոտքերը ծալվեցին, սիրտը հարվածում է սառցե ասեղներով, շնչելը դժվար է, ահա այն լույսը, որը կորել է տղայի մոտ…
«Ի՞նչ ցավ է ապրում, ի՞նչ տանջանք, սա արդեն շատ շատ է մեկ մարդու համար, դե մարդիկ շատ են, ես չեմ հասցնում…Այո, Լուսնամարդն էլ կարող է սխալվել, բայց ի տարբերություն մարդկանց նա կարող է իր սխալը ուղղել…»

Ես վախենո՜ւմ եմ, իսկ Դո՞ւ,
Դու չես վախենում առավոտյան արթնանալ, ու գիշերազգեստիդ կրախմալե ձայներից ինձ արթնացնել…
Դու չես վախենում քո՝ քեզ թվացող զգույշ քայլերի երաժշտությամբ ինձ արթնացնել…
Դու չես վախենում որ կարող է ինձ կտրես իմ երազներից երկաթե սրճեփին կպչող գդալի ձայներով…
Դու չես վախենում ինձ արթնացնել այդ սև հեղուկի կախարդական բույրը քթիս մոտեցնելով ու քո…
- Սուրճը պատրաստ է, արթնացի՛ր…

- Դե վե՛ր կաց, ինչքա՞ն կարող եմ խնդրել, վե՛ր կաց…
- Ի՞սկ ուր է սուրճը, քեզ ի՞նչ է եղել…
- Կարծես թե սկսվում է, հագնվի՛ր…
- Ի՞նչը…

Աչքիս բարի աչքերով մի շատ տարեց սպիտակ խալաթով հրեշտակ է մոտենում ինձ, ձեռքին մի փոքրիկ բայց աշխարհից թանկ նվերով…
- Շնորհավորո՜ւմ եմ, տղա է…գրկի՛ր ինքդ, ի՞նչ ես շշմած կանգնել:
Մի շատ հարազատ բան սեղմվեց կրծքիս, ես չհասկացա թե ինչպես ստացվեց, որ ես էլ ոչինչ չէի կարողանում տեսնել, բացի նրա փոքրիկ բերանից, մի կերպ փակված աչքերից, փոքրիկ ու նուրբ քթից, որը կարծես հոտոտելով փնտրել էր ինձ ու չէր ցանկանում հեռանալ:
Մոտեցավ լուսնաշորերի վրա սպիտակ խալաթ գցած մի մարդ, որի մորուքը հազիվ էր հասնում կրծքին:
Մատը դրեց կրծքումս կծկված տղայիս ճակատին ու ասաց.
- Դու երջանիկ կլինես, դու արժանի ես դրան…

Ս.Ումառ

Այնքա՜ն մոտ ու այնքա՜ն հեռու




Ոչինչ, ոչինչ չի երևում, չնայած վառել եմ բնակարանիս լույսը:
Բազմոցս մի այնպիսի ջանասիրությամբ է գրկել իմ մարմինը, որ կարծես թվում է թե կարող է անսպասելի վեր թռչեմ ու չքանամ:
Ես հասկանում եմ, որ սենյակում  մենակ չեմ, բայց չեմ հասկանում թե ինչո՞ւ չեմ վախենում, չէ՞ որ մարդիկ ամենաշատը վախենում են անհասկանալի բաներից:
Հասկանում եմ, որ այն ինչ գտնվում է իմ սենյակում, շոշափում է իրերս, խառնում թղթերս, փորձ անում միացնել համակարգիչս:
Ես շշուկ եմ լսում…
Քո Ուշացած ներկայությունն եմ զգում…
Գիտեմ, որ հիմա նստել ես հատակին՝ կողքս, աջ ձեռքդ դրել ես բազմոցի թիկնակին, նայում ես ինձ, ինչ որ արդարանալու բան ես մտածում ու ես առիթ չեմ տալիս, որ խոսես:
Քանի՜ անգամ եմ քեզ դիմե՜լ, խնդրե՜լ, աղաչե՜լ…
Հիմա ասելիք չունեմ, բայց եթե իրոք եկել ես, ուրեմն ի՛նքդ էլ խոսիր:
Դրությունն անհարմար է, իսկ դու կարողանում ես մտքեր կարդալ , ուրե՞մն…

- Ես այցելում եմ ընդամենը երեք անգամ:
Լռում եմ ձայնին, ինձ համար մեկ է քանակն այցելության, քանի որ վաղուց գիտեմ հրաշագործ թվերի համադրությունն ու նրանց իմաստը՝ 18, 35, 50:
- Առաջին անգամ այցելում եմ, երբ 18 տարեկան են դառնում, սովորաբար այդ տարիքում տանը չեն լինում: Թռվռուն տարիք է, դե՜ հասկանում ես: Ասելիք չունե՞ս:
- Ո՛չ, չունե՛մ, իսկ ինչո՞ւ ես այցելում, եթե գիտես տանը չեն:
- Կա՛րգ է, կանոնավորվա՛ծ, քչերն են տանը լինում, եզակի դեպքեր: Երկրորդ անգամ այցելում եմ 35 տարեկանում, սովորաբար այդ տարիքում էլ տանը չեն լինում, ծաղկուն տարիք է, ինքդ էլ գիտես: Ասելիք չունե՞ս:
- Ո՛չ, ես իմն ասել եմ 35-ում, ավելի ճիշտ խնդրել:
- Երրորդ վերջին անգամ այցելում եմ 50 տարեկանում: Իմաստո՜ւն տարիք է, հոգսառա՜տ, բեղմնավո՜ր, զբաղված տարիք, չեն հասցնում տանը լինել: Քեզ մոտ միայն հարցեր են, ասելիք չունե՞ս:

Ես ասելիք չունեմ, ունեմ հոգսե՜ր, մտորումնե՜ր, կասկածնե՜ր անվստահություն ապագայի նկատմամբ, ունեմ երազանքներ իրականացած, երազանքներ չիրականացած, պարտքե՜ր, հույզե՜ր… ամեն ինչից մի քիչ ու ինձ բավարարում է:
- Բայց սա մեր հինգերորդ հանդիպումն է, ինչո՞ւ:
- Նորից հարց առանց ասելիքի: Վերջին անգամ ե՞րբ հանդիպեցինք, հիշո՞ւմ ես, դու 55 էիր, ու պայմանը դրեցիր դու՝ ես չե՛մ խառնվելու քո գործերին, դու էլ չե՛ս ժխտելու ինձ:
Ասենք դու երբեք էլ չես ժխտել ինձ, դու ժխտել ես իմ Պատկերավոր լինելը, բայց որպես Գաղափար, ես միշտ քո մեջ եմ եղել, պայքարել ես իմ՝ որպես գաղափար լինելու համար ու հանուն արդարության ասեմ, որ հաճախ ես հաղթել:
Հիմա ես ինձ դուր եմ գալիս, որպես գաղափար գեղեցի՜կն եմ, ընդունո՜ւմ եմ, հասկանո՛ւմ, հաճելի է ինձ, թե չէ շատերն ինձ ընդունում են անպայման տղամարդու տեսքով, երկա՜ր մորուքով, բարի դեմքով մի ծերուկի…
- Չեմ կարողանում հասկանալ թե հիմա ինչո՞ւ ես եկել, ես պայմանը չե՛մ խախտել,
ասելիք չունե՛մ, խնդրելի՛ք նույնպես, չեմ պատրաստվում աղաչե՜լ ինչպես երիտասարդ տարիներիս  ժամանակ, հիմա արդեն 59-նն եմ…
- Վերջին անգամ եմ եկել, հավատա՛, դու ասելու բա՛ն ունես, ասա՛ հեռանամ, ինձ տանջում է այն հիշողությունը, որ դու ինձ մի անգամ խանգարեցիր շատ լուրջ:
- Ե՞րբ, ինչե՞ր ես խոսում:
- Մի աղջիկ կար, որին սիրում էիր, քսան տարեկանում, հիշո՞ւմ ես, քո վրա «ցեխ» էր շպրտել, դու էլ բարձրաձայնեցիր, որ աշխարհի ամենամնայուն բանը սիրած մարդու կողմից քո վրա շպրտված «ցեխն» է: Ես եկա պատժելու նրան, եկա մի ավազե ժամացույցով, դրեցի նրա առաջ ու ասացի, որ երբ ավազահատիկի վերջին մասնիկն ընկնի քո շպրտած «ցեխը» կվերադառնան քեզ մոտ, իսկ դո՞ւ, դու մտար այն ժամանակ, երբ մնում էր ընդամենը մեկ ավազահատիկ ու ձեռքով շրջեցիր ավազե ժամացույցը, հանգիստ բռնեցիր նրա ձեռքն ու… ասացիր.
 «Ես չե՛մ թողնի, ես կլինեմ քո կողքն ու ամեն անգամ կշրջեմ ժամացույցը…»  
Դու ինչ է կարո՞ղ ես սիրել՝ ես ոչ, դու կարո՞ղ ես ներել՝ ես ոչ, դե ասա՛ ասելիքդ, դա կլինի քո պարտությունը ըստ մեր պայմանի:
- Ասելիք չունե՜մ…


… Չնայած նա իմ սենյակում էր, բայց այնքան հեռու ինձնից, որ իմ բազմաթիվ փորձերը նրան աչքերով տեսնելու համար ավարտվում էին անհաջողությամբ…
… Նա այնքան մոտ էր ինձ, որ ես զգում էի նրա շնչառությունը դեմքիս, զգում էի մի անսովոր վիրավորված ջերմություն, որն անցնում էր մարմնիս միջով ու ես դողում էի
մերկ ծառի ճյուղից կախված բզկտված հիշողության նման…
… Նա հարազատ չէր, բայց շատ ցանկալի էր…
… Նա ընդամենը սպասում էր մեկ խոսքի, իսկ ես չէի կարողանում գտնել այդ խոսքը, հակառակ դեպքում չէի հակաճառի ու կասեի…բայց պատահական խոսքով նրան չես կարող մխիթարել…
… Հոգումս մի սպիտակ աղմուկ էր, որի և  առաջացնողն էր ներկա և հանդարտեցնողը և այդ երեքի համադրությունը մի սառը հոսքով  պտտվում էր իմ  տարածությունում՝ դանդաղ սառեցնում իմ ներկան…

- Ձեր լեզվով տանդ, իսկ իմ լեզվով հոգուդ մեջ ցո՛ւրտ է, մի քիչ մրսեցի:
- Մի՞թե այդքան սառն է:
- Բոլոր արտահայտություններդ հարցականով են, չե՛ս դավաճանում ինքդ քեզ:
Ժպտում եմ ձայնին, չգիտեմ ուրախ եմ թե՞ տխուր, փաթաթվում եմ բարակ մի վերմակով ու փորձում մի ծխախոտ կպցնել:

Երբ վառեցի լուցկին, Տերը փռշտաց:
- Առողջությո՜ւն, - ակամա ասացի ես:
- Իսկ ասո՜ւմ էիր թե ասելու բան չունե՜ս, դե հաջողությո՜ւն….

Ս.Ումառ

пятница, 25 июля 2014 г.

Օրս չընդունված (բանաստեղծություն)



« Նույնիսկ ամենակատաղած գազանն ունի խղճի մի կաթիլ,
Իսկ ես եթե չունեմ, ուրեմն գազան չեմ…
Շեքսպիր
Ռիչարդ III

«Լռիր, կամ էլ ասա միայն այն, ինչն ավելի  լավ է լռությունից…»
Ս.Ումառ


Նորածին արևի մի քանի վայրկյան առաջ ծնունդը արդեն կատաղեցնում է
Օրը գժվում է աչքերիս առաջ՝ անամոթ ու շոգ…
Օրը ժամացույցի վրա իր երգն է երգում՝ թվերով …
Օրը ծերանում է ժամերով,
Օրը նվեր է քեզ, բայց չես ընդունում…
Օրը խելացնոր,
Օրը անպարկեշտ
Քայլում է քեզ հետ…

Քաղաքի ցանկացած կետից
երևում է քո տան տանիքից կախված զգեստդ,
Զգեստդ գժվեցնում է անամոթ ու չոր,
Զգեստդ իր երգն է երգում գույներով,
Զգեստդ դանդաղ մահանում է աչքերիս առաջ
Կարճանում, վերանում, դանդաղ…
Զգեստդ նվեր է ինձ ես չեմ ընդունում…
Մարմինդ առանց զգեստ խելացնոր ու անպարկեշտ
Պառկում է աչքերիս մեջ,
Մարմինդ քայլում է իմ մեջ…

Ձեռքս մարմնովս սահում է դանդաղ -
Ձախից աջ
Հաշվում է կողերիս քանակը – վայրկյանն է գժված,
Կտրիչով կտրում եմ կողս՝ աչքերիդ առաջ,
Ծիծաղդ պրոգրեսիա է
Թվաբանակա՞ն,
Երկրաչափակա՞ն,
Ձեռքս մարմնիս մեջ մտած…
Ափերիս մեջ սիրտս է՝ ընծա
- Դե ի՜նչ, վերցրո՛ւ, օրս է գժված
Ետ մղող ձեռքդ փոթորիկ է սկսված…

Սիրտս իր մեռնող զարկերով ափիս մեջ
Չոր, անընդունելի, լքված,
Անապատ է քնած,
Օրն էր անխիղճ ու հիմար…
Սիրտս ցնդած օրվա մեջ աչքերիդ առաջ …

Օրս ծերացած ժամերով,
Նվեր էր քեզ,
Օրս չընդունված…

Ս.Ումառ

четверг, 24 июля 2014 г.

Ոտնաձայների քնքուշ մեղեդին (բանաստեղծություն)





Երբ ստեղծեցիր ինձ -
ես լուռ հասկացա,
որ չունեմ թևեր թռչելու համար,
Չունեմ խռիկներ -
օվկիաններում-ծով լողալու համար,

Որ չունեմ ես սիրտ՝ գազանաբարո
Ուրիշի սիրտը լափելու համար,

Տեսողությունս բանի նման չէ, որ
Հոգիներին տեսնեմ, հասկանամ,

Լսողությունս դեռ շատ հեռու է
(Պետք է զարգանար դեռ երեք-չորս դար)
Ոտնաթաթերի հուշիկ քայլերը լսելու համար…

Երբ ստեղծեցիր ինձ…
Սխալվեցի՞ր, ասա՛,
Թե՞ մանուկ էի դեռ,
որ քեզ՝ Ստեղծողիդ - լավ չհասկացա…
Կարողություններիս չափը անիմաց
Վերագրեցի ես
Թռչնից, գազանից, միջատից հիմար
Ինձ տարբերվելու
Ժպիտդ տված…

Սխալվեցի՞ր ասա՛,
իսկ եթե լռե՜ս…

Տե՛ս,
թե ինչպես եմ թռչո՜ւմ, սավառնո՜ւմ
սիրո թևերով…
Տե՛ս,
թե ինչպես եմ շնչո՜ւմ,
Ինչպես եմ  ապրո՜ւմ
Սիրո օվկիանի հորձանուտներում…
Տե՛ս,
թե  Ինչպես է սիրտս
հոշոտվում նրա աչքերում…
Տե՛ս,
թե ինչպես են ոտքերս դողում, երբ
Նրա հոգին մարմնի մեջ մտած
ինձ է մոտենում…

Տեսնում եմ նրա
լուսաշողերով դե՛մքը լվացված,
Ձեռքի մատների
հավերժ անհանգիստ
շա՛րժը դյուրազգաց,
Նա՞ էլ է հողից, թե մի այլ նյութից՝
Կողի՞ց,
Կողի կրակի՞ց,
նուրբ ու դուրեկան նյարդերի խրձի՞ց,
որ ամեն անգամ նրան հպվելիս -
պատերազմում են ականջներումս
անկարողությունն ու կարողությունը,
այրվո՜ւմ,
շիկանո՜ւմ
բլթակներս կա՛խ…
Բառերի գրկում հնչյունն է մեռնում,
Շո՛ւրթս է քարանում՝
կարծես մի վերջին
մի վերջին անգամ շշնջում է
«Ա՜խ…»

Հողից ստեղծեցիր,
Ո՞ւմ պաշտեմ՝
Հո՞ղը,
Թե՞ քեզ՝ստեղծողին…
Դե ասա՛, խոսի՛ր, մի՛ արհամարիր
Կուռքն իր փնտրողին…

… Հիմա լսում եմ հողի հետ շփվող,
Դեպի ինձ բերող
Ոտնաձայների քնքուշ մեղեդին…

Ս.Ումառ

вторник, 22 июля 2014 г.

Երջանկության ցավոտ համը



Քաղաքը մի շատ սովորական քաղաք էր, իր սովորական փողոցներվ, տներով ծառերով, բնակիչներով:
Թվում էր թե չի տարբերվում աշխարհում գոյություն ունեցող մնացած նմանատիպ քաղքներից, բայց…
Քաղաքն իրոք տարբերվում էր՝ նրանով, որ այս քաղաքում ապրող մի տղա, տեսել էր Երջանկությանը…ու այդ օրվանից միշտ ժպտում էր:
Նրան անարգում էին՝ նա ժպտում էր, ստորացնում էին՝ ժպտում էր, վիրավորում էին՝ ժպտում էր, հարվածում էին՝ ժպտում էր…
Կարելի է արդեն պատկերացում կազմել թե ինչ հզոր բան է Երջանկությունը, որի չքվելուց հետո մարդը դառնում է այդպիսին…
Ոչ ոք չգիտեր նրա անունը, բայց բոլորը նրան գիժ Նաղաշ էին անվանում:
Սովորական քաղաքի սովորական երեխաները նրան տեսնելիս խմբերով վազում էին նրա ետևից ու անընդհատ «Գի՜ժ Նաղաշ, Գի՜ժ Նաղաշ»  բղավելով ուղեկցում, իսկ նա միևնույն է ժպտում էր ու ձեռքում միշտ սեղմած Խուլիո Կորտասարի բանաստեղծությունների  փոքրիկ գրքույկով կարծես ողջունում բոլորին:

Նա տեսել էր Երջանկությանը՝ արցունքի այն երկու իրար շատ նման կաթիլներին, որ հայտնվել էին իր սիրած աղջկա՝ Բիայնայի  աչքերում, երբ ասել էր.
- Կարծես իրոք սիրում եմ քեզ ու դրա դեմ ես իրոք անզոր եմ:
Փորձ էր արել մատների բարձիկների վրա վերցնել արցունքի կաթիլներին, որ կարողանա ինչ որ հրաշքով հավերժ պահելու…ու չքացել էին կաթիլները…
ո՞ւր…
չգիտեր, բայց տեսե՜լ էր, զգացե՜լ, ապրե՜լ, մինչ այն պահը, երբ ներս խուժած Բիայնայի հայրն ու եղբայրը փայտերի հարվածներով նրան հասկացրել էին Երջանկության  բերկրանքը զգալու նաև ցավոտ համը:
Սկզբից ցավոտ էր, հետո եկավ մի պահ, որ հարվածներից արդեն ոչինչ չէր զգում, սկսեց ժպտալ, ժպտալ ամեն հարվածին ու կարծես ավելի կատաղեցնելով հարվածողներին բաց թողեց ձեռքերը գլխի վրայից, երբ ականջներում պայթեց Բիայնայի «Անխիղճներ» ձայնն ու  կորցրեց գիտակցությունը…

Այդ օրն էլ քաղաքը մի շատ սովորական քաղաք էր, իր սովորական փողոցներվ, տներով ծառերով, բնակիչներով, որոնք երբեք ոչինչ չէին կորցնում, որոնք երբեք ոչինչ չէին գտնում:
Նախաշը ոտքերի մոտ տեսավ մի փայլուն բան ու կռացավ վերցրեց:
Դրամ էր:
Մի պահ նայեց, ժպտաց, հետո շուռ եկավ իր ետևից եկող դերասան ամուսիններին , որոնք իրենց ամբողջ կյանքում խաղացել էին երկրորդական-երրորդական դերեր ու մեկնելով նրանց հարցական նայեց:
- Դրամ է, Նաղաշ, երկուհարյուր դրամանոց - ասաց տղամարդը, - հաց կարող ես գնել:
- Ես հաց չե՛մ սիրում:
- Իսկ սո՞ւրճ,- հեգնանքով հարցրեց կինը:
- Դա՜ռն է, - Նաղաշը չմոռանալով ժպտալը, վերցրեց փողն ու վազելով հեռացավ:

Սրճարանում առավոտյան սուրճի հերթական բաժակն ըմպելու հերթ էր, հիմնականում երևի զբոսաշրջիկների:
Նախաշն էլ կանգնեց հերթ:
Երբ հերթը հասավ վաճառող աղջիկը հոգատարությամբ հարցրեց:
- Քեզ ի՞նչ, Նաղաշ, սո՞ւրճ, դա՞ռը թե՞ քաղցր:
- Ես սուրճ չեմ խմում, բայց ուզում եմ գնել:
- Ի՞նչ գնել, սո՞ւրճ:
- Այո՛, քաղցր, սա կբավականացնի՞:
- Կբավականացնի, իհարկե, բայց եթե չես խմելու, ի՞նչու ես գնում:
Նաղաշը շուռ եկավ իր ետևում հերթի կանգնած տխուր դեմքով մարդու կողմն ու հարցրեց:
- Դուք աղ վաճառո՞ղ եք:
- Ոչ,- զարմացավ մարդը:
- Նա՞վթ եք վաճառում,- Նաղաշը ժպտաց:
- Ո՛չ, գործի՛դ մնա, - զայրացավ մարդը:
Նաղաշը դիմեց վաճառող աղջկան:
- Սո՛ւրճ, սովորակա՛ն, նրա՛ համար, - ցույց տվեց տխուր դեմքով մարդուն ու ժպտալով դուրս եկավ սրճարանից:
Աղջիկը սուրճի բաժակը դրեց մարդու դիմաց:
- Ձեզ համար վճարված է, խնդրեմ:
- Ինձ հարկավոր չէ, ես կարող եմ…
- Չգիտեմ, վճարված է:
- Այդ դեպքում ես վճարում եմ ինձնից հետո կանգնածի փոխարեն, կլինի արդար:
Հերթում կանգնած հաճախորդները սկսեցին կրկնել նույնը և ստացվում էր,  որ բոլորը հյուրասիրվում էին, բայց նաև հյուրասիրում ու դա դուր եկավ բոլորին:

Քաղաքում, որ  մի շատ սովորական քաղաք էր, իր սովորական փողոցներվ, տներով ծառերով, բնակիչներով, լուր տարածվեց ու անվճար սուրճ են ՎԱՃԱՌՈՒՄ ու քաղաքի բնակիչները, որոնք երբեք ոչինչ չէին կորցնում, որոնք երբեք ոչինչ չէին գտնում, շտապեցին դեպի սրճարան, ստանալու իրենց այդ օրվա սուրճի հերթական բաժակը:

Սրճարանի դիմացը գտնվող, լքված հոսանքի տրանսֆորմատորի մի փոքրիկ շինության վրա ծալապատիկ նստած Նաղաշը գլուխը կախ իր ձեռքի բանաստեղծությունների փոքրիկ գրքույկի վրա կարդում էր ու ձեռքով օդում ինչ որ նշաններ անում:
Նա հանդիպել էր Երջանկության հետ…
Նա  զգացել էր Երջանկության ցավոտ համը…

Ս.Ումառ




понедельник, 21 июля 2014 г.

Հեքիաթները չեն ավարտվում





Պատուհանից երևում են ծառերի կատարների ու շենքերի տանիքների մուգ կարմիր գույնը:
Չի հասկացվում արշալույսն է սկսվո՞ւմ, թե մայրամուտն է վերջանում:
Երբ քնից բացում ես աչքերդ, միանգամից չես կարողանում կողմնորոշվել:
Սվետան չկա, տունն էլ ցուրտ է:
Քնել եմ մի ամբողջ ցերեկ, երեկոյան ժամը յոթն է, հարկավոր է գնալ աշխատանքի…
Սովա՜ծ եմ:
Հիշեցի իմ խորթ հոր խոսք-խորհուրդները:

«Արհեստավորը սոված կլինի մինչև կեսօր, իսկ քանի որ գրպանահատությունն արհեստների արհեստն է ուրեմն…
Գրպանահատը պետք է ունենա զգայուն մատներ, զգայուն սիրտ, բարի աչքեր, դեպի իրեն տրամադրող անմեղ հայացք ու ժպիտ, գլուխը դեպի աջ կիսաթեքած»:
Այն ժամանակ ինքն ընդամենը տասնչորս տարեկան էր, քանդակագործ հորը չէր հիշում:
Առաջին գողության փորձը հաջողությամբ ավարտվեց, դա իր սեփական մոր պարանոցից թռցրած ուսկյա կախիչն էր, ոսկյա շղթայով:
- Կարո՞ղ ես մորդ վրայից հանել կախիչն այնպես, որ չզգա:
- Կարող եմ:
- Եթե չստացվի գիշերը կանցկացնես նկուղում, պարզ է:
- Ի՞սկ եթե…
- Կստանաս իմ կողմից պարգևատրում:
Մոտեցավ մորը, որը խոհանոցում ճաշ էր պատրաստում:
- Մամ, գլուխս ցավում է, կոկորդս էլ:
Մայրը կռացավ գրկեց ամուր սեղմեց իրեն:
Մի քանի անհաջող փորձից հետո երբ չստացվեց բացել շխթայի փականը, շղթայի մի կտոր հայտնվեց ատամի տակ, սեղմեց ատամները:
Շղթան պարանոցից զգույշ տեղափոխվեց գրպանը:
- Լավ, մամ ջան, գնամ պառկեմ, ես հետո կուտեմ:
Շղթան վաճառեց հորը, հետո ծեծ կերավ և մորից և խորթ հորից այդպես էլ չհասկանալով ինչի համար:
Հղկվեց, մասնագիտացավ, չմոռացավ խորթ հոր խոսքերը, բայց հոգում երևի արվեստագետ, հարազատ հոր արձագանքն էր, որ հանգիստ չէր տալիս:

Փոքր երեխայի նման ես էլ ունեմ իմ երազանքը, իմ հեքիաթը, որ մի ինչ որ Կազինոյի, ռեստորանի կամ չգիտես էլ որտեղ կարողանամ հարուստ, այդ թեթևսոլիկ կանանց պայուսակից հանել մի այնպիսի գումար, որ կարողանամ հավատալ – հեքիաթներ լինում են կյանքում:
Ամենալավ հեքիաթասածը եղել է Շեքսպիրը, որ կարողացավ իր Ռոմեոյի ու Ջուլիետայի հեքիաթը  հավատացնել ողջ աշխարհին, մի՞թե դա սեր էր…
Սերը այն երկու ծերուկների կյանքն էր, որ ապրեցին երկար ու երջանիկ, նույնիսկ մինչև այն պահը, երբ ունեցան Գնդիկ-Բոքոնիկ, այ թե որն է սերը:
Իսկ հեքիաթները չար են, մի տեղ գայլն է ուտում տատիկին, հետո չգիտես ինչու միայնակ անտառում հայտնված աղջկան, մի տեղ փոքր կոշիկը ոտքը մտցնելու համար խորթ քույրերը կտրում են բութ մատը, կամ կրունկը և այս ամբողջը երեխաների համար:
Մի տեղ ինչ որ հրեշ է գողանում աղջկան մինչև արքայազնի գալը ու ոչ ոք չի հավատում, որ այդ հրեշը կարող էր շահել աղջկա սիրտն ու իրեն սիրել տալ, մինչև արքայազնի ժամանելը,  այ սա կլինի հեքիաթ, կյանքի նման և ոչ միայն մեծերի համար:

Մեծերի համար ամենալավ հեքիաթը՝  Ոսկե ձկնիկի հեքիաթն է, ինչո՞ւ, որովհետև հիմա պատկերացնում եմ ավտոբուսում նստած, ցանցավոր զուգագուլպաներ հագած աղջկա ոտքը որպես իմ ցանցի մեջ ընկած Ոսկե ձկնիկ:
Ու խոսում եմ ոտքի հետ:
Ոտքն ասում է
- Բաց թող ինձ, ես կկատարեմ քո ցանկացած ցանկություն:
Ես ցանկանում եմ, որ պայուսակներում լինեն ոչ թե բանկոմատային քարտեր այլ դրամ, որ կարողանամ…
Բաց եմ թողնում ոսկե ձկնիկին, քանի որ պետք է ձեռքս ազատ լինի պայուսակի մեջ մտնելու համար:
Ժպտում եմ աղջկան, գլուխս աջ կիսաթեքած ու պայուսակից թռցրած դրամապանակը գրպանս իջնում հաջորդ կանգառում:

Հարկավոր է գտնել, մտնել մութ անկյուն ու ազատվել դրամապանակից, որը կարծես մի ծանր քարի նման տաբատս ձգում է ներքև:
Եթե դիմանամ, մի փողոց էլ անցնեմ արդեն հեշտ կլինի, կլինենք երկուսով:

Այստեղ լուսավոր է, հարմար չէ, կանգառին էլ մոտիկ:
Նայում եմ ցուցափեղկից երևացող մսերին:
Մի փոքրիկ աղջիկ քաշում է թևս:
- Քեռի գրկիր ես էլ եմ ուզում նայել:
- Նայելու բան չկա, հետաքրքիր չէ, իսկ ինչո՞ւ ես մենակ:
- Մենակ չեմ, տեսնում ես, այ նա, իմ մայրիկն է ընկերուհու հետ է խոսում, գրկիր հա՞:
Գրկեցի աղջկան, աղջիկը չի նայում խանութի ներսը:
- Լավ, բավական է ես վազեցի:
- Ի՞սկ ինչ էիր ուզում նայել, չհասկացա:
- Ոչինչ, ուզում էի, որ ժպտայիր,- ձեռքով է անում ու վազում դեպի մայրը: 

Շքեղ խանութի մուտքի կողքը նստած դրամ հավաքող կինը կծկվել է ցրտից:
Աչքերը կախ են դիմացը փռած ստվարաթղթի վրա մի քանի դրամների վրա:
Մոտենում եմ ու պատկերացնում նրան ցանցավոր զուգագուլպաներվ, գեղեցիկ շորերով ինչպես այն ավտոբուսում աղջիկն էր ու համոզվում որ միևնույն է նրանից բարին ու գեղեցիկը չկա ուղղակի ոչինչ չունի հագնելու ու երկուսս էլ կիսասոված ենք:
- Հը, մի բան կա՞, - ինքս էլ տեսնում եմ որ ոչինչ չկա:
- Հազար վեց հարյուր դրամ, ընդամենը, հազիվ հերիքի սուրճի ու ծխելիքի: Իսկ քեզ քանի անգամ խնդրեցի, որ դուրս չգաս տանից, նորից փորձո՞ւմ ես, առանց հասկանալու, որ եթե բռնվես, ես կմնամ մենակ, խնդրել էի չէ՞:
Հանում եմ գրպանիցս դրամապանակը, քիչ է մնում ուրախությունից բղավենք:
Տասնութ հազար դրամ կա մեջը:
- Լավ է չէ՞, երեկոյան շքեղ ընթրիք կանենք, օգնիր վեր կենամ, ոտքերս ցավում են:
- Չէ, սպասիր այս խանութը մտնեմ ու գամ:
- Սա կոշիկի խանութ է…
- Գիտեմ, կգամ մի տաս րոպեից:
- Աղաչում եմ մի անիր, սա մեզ բավական է մի տասը օր:
- Սպասիր, հիմա կգամ:
Խանութի ինքնաբացվող դռները կուլ տվեցին ինձ ու տարան ներս:
- Ի՞նչով կարող եմ օգնել, - աղջիկը, որ մոտեցավ ինձ նայում է ուղիղ աչքերիս մեջ:
Ի՞նչով կարող է օգնել, երբ պայուսակ չունի:
Մտքումս ծիծաղում եմ իմ մասնագիտական բնավորությանս վրա:
Նրա աչքերն էլ են ծիծաղում նայելով հագուստներիս:
- Երեսունյոթ համարի, սև գույնի, ցույց տվեք, ասենք այնպիսին ինչպիսին ինքներդ կհագնեք:
- Ի՞նչ գնի սահմաններում:
- Տասնութ հազարի, կլինի՞:
- Իհարկե: Մի բան կգտնենք հարմար:

Երբ մոտեցավ Սվետան դողացնում էր:
- Դա ի՞նչ է:
- Բարձրացրու ոտքդ, - տուփից հանեց կոշիկները:
- Դու իրո՞ք գիժ ես, իսկ ի՞նչով ենք ապրելու:
- Ի՞նչ գեղեցիկ  է ոտքիդ վրա, կանգնիր, ավելի լավ կերևա:
- Հա՛յկ, - առանց նայելու ոտքերի գեղեցիկ կոշիկներին  փաթաթվեց Հայկի պարանոցին, լաց էր լինում:
- Դե թող, մի կարգին նայեմ:
- Ոչ, չեմ թողնի, ես չեմ ուտի, չեմ ծխի, հասկանո՞ւմ ես ամեն ինչ կթողնեմ քեզ:
Գետնի ստվարաթղթի վրա, մանրադրամների վրա ընկած, բերանը բաց դրամապանակն էլ էր կարծես լաց լինում, հիանալով կոշիկներով:
Հայկը փորձ արեց գլուխն ազատելու նրա ձեռքերից ու երբ մի քիչ թեքեց դեմքը հասկացավ, որ հեքիաթն ավարտվեց…
Նրանց էին մոտենում ավտոբուսի այն աղջիկն ու նրան ուղեկցող մի ոստիկան:
Ուշ էր արդեն որևե բան ձեռնարկելու:                       
Ոստիկանը դանդաղ բարձրացրեց գետնից դրամապանակն ու վստահ, առարկություն չպահանջող դեմքով մեկնեց կնոջը:
- Սա՞ է, ստուգեք պարունակությունը:
Կինը վերցրեց, նայեց Հայկի աչքերի մեջ, մատները մտցրեց դրամապանակի մեջ, ու կարծես թե աննկատ վերցնելով բանկոմատի քարտը, դրամապանակը շպրտեց գետնին:
Հայկի աչքից չվրիպեց քարտը թաքցնելու պահը:
Անելու բան չէր մնում քան գլուխը թեքած ժպտալը:
- Ոչ, սա չէ, նա էլ նման չէ այն գողին, գողն ավելի տարեց էր ու սպիտակ վերնաշապիկով:

Հեքիաթներ չե՞ն լինում, լինում են, բայց ցավոք ավարտվում…

Երբ դուռը բացեցին ու մտան ներս, Հայկը դիմեց Սվետային:
- Սվետ, սոված եմ, մի բան կարո՞ղ ես մտածել:
- Հիմա, մի բան մտածեմ…
Գիտեր, որ սառնարանը դատարկ է, անջատված է, հոսանքն անջատել են, խոհանոցում ոչինչ չկա, բայց հիշում էր, որ մի տեղ երկու գդալ սուրճ էր պահել:
Գտավ:
Փորձ արեց միացնելու գազօջախը, չստացվեց, գազն էլ է անջատված:
Մատներով կտրատեց ու մանրացրեց կոշիկի ստվարաթղթե տուփը, լցրեց գազօջախի վրա:
Լուցկին մոտեցնելով ձայն տվեց:
- Հայկ ջան, հիմա սուրճը կբերեմ…

Հեքիաթները երբեք չեն ավարտվում, ուղղակի պետք է նրանց միշտ տեսնել, լսել նրանց ձայնը ու եթե թվում է թե կարող են ավարտվել, պետք չէ ընկճվել, քանի որ անպայման կսկսվի մի այլ հեքիաթ, որը շատերը սխալմամբ անվանում են կյանք…

Դեպի երկինք տանող ճանապարհ





1.

Անհասկանալի պատճառներով մարդ արարածը միշտ երազում է ճանապարհորդության մասին:
Երազելիս էլ մտածում ես թե ի՞նչ պետք է հագնես, կամ կրես:
Երազում է բոլոր տարիքներում…
Տարօրինակ ոչինչ չկա, ճանապարհորդել՝ ուրեմն ճանապարհորդել…բա՜յց…
Կա մի տեսակի ճանապարհորդություն, որն ունի իր կանոնները, իր պահանջները, իր տեսությունը- դա ճանապարհորդությունն է դեպի կանացի աշխարհ, որտեղ գնալ պատրաստվելիս երբեք չես մտածում թե ինչ պետք է հագնես կամ կրես, որտեղ գնալիս պետք է պատրաստ լինես, որ կարող է մոլորվես կամ կորչես անհայտ ժամանակով կամ հավերժ…չկարողանալով վերադառնալ քո կորստից լաց լինող հարազատների գիրկը…
Հնարավոր է նաև ետ վերադարձը, չսափրված, քչախոս, պարանոցիդ վրա կապույտ հետքերով, ճանկռված մեջքով, ատամներով բռնած դեռ անցած տարվանից կորած Նրա ականջողը…
Ճանապարհի վերջին քայլիդ ժամանակ անպայման մի հայացք ես գցում ետ ու…նրա ձեռքից վերցնում ու կծում ես աննկարագրելի քաղցր մի պտուղ, դեմքով հպվում ես նրա ձեռքի ափին, հիշում ճանապարհորդությունդ ու հասկանում, որ դա մարաթոն չէ ու չունի ավարտ, դա իրար դեմ ելած երկու մարմինների բաց ճակատամարտ է, որտեղ ցանկանում ես մնա՜լ, մնա՜լ, մնա՜լ…քանի որ  աչքերիդ առաջ իրար են փաթաթվում նաև մարմիններից մի կերպ ազատված ձեր հոգիները:
Տղամարդու համար դա մշտական այն հուզումն է, երբ ցանկանում է մնալ իր հեռավոր երազանքի ձեռքերում…
Կնոջ համար դա այն մարդու ներկայությունն է իր մեջ, որը վաղուց զբաղեցրել է իր մտքերը…
Անհասկանալի պատճառներով մարդ արարածը միշտ երազում է ճանապարհորդության մասին…

2.

Արագությունը կանգնեցնող արգելակման ուղին միշտ լինում է արագության մեկ հինգերորդ մասը՝ 80 կմ/ժ -16 մ, 100 կմ/ժ -20 մ…
Երբ ճանապարհդ հեռագրաժապավենի տեսք ունի ու սլանում ես դեպի Նա, մտածում ես միայն շուտ տեղ հասնելու մասին ու երբեք չես մտածում գլխով հարվածել դիմապակուն, կոտրել այն, հետո տեսնել թե ինչպես ես սլանում դեպի անհատակ թվացող այրված խոտերով ձորը…
Չես հասցնում ետևը ցույց տվաղ հայելու մեջ տեսնել այն արգելակման ճանապարհի երկարությունը, որը քեզնից հետո համապատասխան մասնագետների ստուգումից հետո կթվա երկար, շատ երկար՝ 28 մ…
Չես հասցնում մտածել ճանապարհիդ հայտնված մի մոլորված նապաստակի, մի անտեր շան կամ մեքենայի տակ ընկած սատկած աղվեսի մասին ու չես սեղմում արգելակման ոտնակը –
քո կյանքի երկարությունը,
քո ցանկության երկարությունը…
Ու եթե հանկարծ ճանապարհիդ չի հայտնվում սպիտակ ամպերով փաթաթված մի գեղեցիկ էակ ու դեռ հեռվից քեզ կանգառի նշան ցույց չի տալիս, ուրեմն քո կյանքի տևողությունն ընդամենը արգելակման ճանապարհի երկարությունն է…որն ուղիղ գծով տանում է դեպի երկինք…

3.

Ճանապարհն ունի իր աղմուկը, դա անձրևի ասֆալտին զարնվող կաթիլների ձայնն է, որի ինչ գույն ունենալը ոչ ոք չգիտե…
Կաթիլների նոսրությունից  կամ խտությունից կախված է թե ինչ ամրություն ունի աչքերիդ առաջ երևացող ջրապատը, որի միջով ցանկանում ես անպայման անցնել…
Դա քեզ դեպի անդունդը տանող ճանապարհի արգելապատն է…պահող պատը…
Ճանապարհորդության այս ձևը կոչվում է վիրտուալ, երբ երազում ինչ որ բարձր տեղից գահավիժում ես ցած…
Զգացողությունն այնպիսին է որ քեզ թվում է թե դու բռնվել ես երկնքից, թվում է թե կառչել ես Նրա նուրբ ուսերից, բայց ճանապարհորդելու ցանկության ուժը այնքան մեծ է, որ սահում են ձեռքերդ նրա ուսերից, դանդաղ մոտենում նրա կրծքերին փորձ անում բռնվել Նրա կրծքերի զարմացած գլխիկներց, բայց առաջ գնալու ցանկությունն ավելի մեծ է ու սահում ես ավելի ցած, ավելի արագ հասնում քեզ տանջող ու ցանկալի անձրևաբեր ամպերի բախման սահմանագծին, որտեղ դեռ եռման աստիճանում են գտնվում անձրևները ու մի պահ միչև գետնին հասնելը, արդեն քեզ պահում է ջրապատը՝ վերջ տալով ճանապարհորդելուդ…ականջներումդ լսում ես անձրևի աղմուկը, որի ինչ գույն լինելը ոչ ոք չգիտի, բայց որի կանչող ձայնը քեզ համոզում է միանալ նրան դառնալ նրա մի ջրամասնիկն ու վերանա՜լ, վերանալ աշխարհիկ կյանքից…
Քեզ միլիոնավոր թափանցիկ կաթիլներով իր հետ կապած երկինքի ճանապարհը փլվում է քեզ վրա, դա թվում է սարսափելի,
բայց անհասկանալի պատճառներով
ցանկալի…դեպի երկինք գնացող ճանապարհ…

Ս.Ումառ

суббота, 19 июля 2014 г.

Կորած հոգին (Գործեր, փորձեր, հոգսեր)



Գործեր
1
Ամպերը հղի անձրևով ոչինչ չեն խոստանում:
Համենայն դեպս ոչ մի լավ բան:
Ապակուն կտկտացնում են ու վերջ, կարծես դրանով ամեն ին ասված է:
- Մաթա՛, մի՞գուցե չգնաս, եղանակը վատն է: Մնա վաղը կայցելես, չէ՞ որ հրատապ չէ:
- Մա՛մ, ի՞նչ ես ասում, ուղղակի մաղում է, վտանգավոր ոչինչ չկա: Եթե անհրաժեշտ է, ուրեմն…մա՛մ, միշտ ցանկացել եմ հարցնել, այդպես էլ չի ստացվել: Դա ի՞նչ անուն է՝  Մագթաղ, որ դրել եք հայրիկի հետ միասին: Միևնույն է բոլորն ինձ Մաթա են ասում:
- Դա իմ մորաքրոջդ անունն է, խեղճ կինը այդպես էլ քեզ չտեսավ, մահացավ քո ծնվելու հաջորդ օրը, նա սուրբ էր մեր գերդաստանի համար, կույս, անտանելի հավատացյալ ու միշտ երազում էր, որ իմ առաջնեկին ինքը պետք է պահի մեծացնի:
- Կո՞ւյս, քանի՞ տարեկանում մահացավ, ինչ որ չեմ հիշում, որ պատմած լինես:
- Վաթսունյոթ, նրա մահից հետո իրերի մեջ հայտնաբերեցի  մոմլաթե մի կտոր, հիմա ցույց կտամ:
Մայրը ննջարանից բերեց մի փոքրիկ մոմլաթե կտոր ու տվեց Մաթային:
Կտորի վրա քիմիական մատիտով գրված էր. « N 36 - աղջիկ, Մագթաղ Սիմոնի Մելիք- Օհանջյան, 11.03.1943 թ.»:
- Սա նրա ծնվելու ժամանակվա ոտքի նշագիրն է, այն ժամանակ այդպես էր, մի տե՜ս է, ինչքան ժամանակ էր պահել:
- 36, սա մեր բնակարանի համարն է, հետաքրքիր է:
- Ուշադրություն չէի դարձրել, ճիշտ որ: Մաթա մնա այսօր տանը կամ մի՞գուցե տաքսի կանչես:
- Մա՛մ, քեզ ի՞նչ եղավ: Ես լավ եմ վարում մեքենան, միայն մի խնդրանք, տանեմ սա ցույց տամ Սերգեյին, նա սիրում է հին բաներ:
- Տար, բայց կբերես, լա՞վ:
Մաթան հագնվեց, հետո հետո սկսեց ման գալ մոմլաթե կտորն ու չգտավ:
«Լավ դա այնքան էլ կարևոր չէ, հետո ցույց կտամ»:
Միջանցքից բղավեց
- Ես գնացի, ո՛ւշ եմ գալու, չանհանգստանաս, մամ:

2
Ասֆալտը թաց էր:
Ամպերն արդեն ծննդաբերել էին բազմաթիվ կաթիլներ ու ուղարկել էին երկրին:
Մեքենայի շարժիչը միանգամից աշխատեց ու Մաթան գոհ,  սեղմեց արագության ոտնակը:
« Ինչո՞ւ հագա երկարաճիտ, բարձրակրունկ կոշիկներ, չէ՞ որ միշտ հիշում էի, որ հարմար չեն մեքենան վարելու:»
Մթնշաղ էր ու լավ տեսանելի էին միայն լուսաֆորի գույները:
Բազմաթիվ ծառերի ստվերներ խաբուսիկ երևում ու անհետանում էին աչքերի առաջ, բայց մեքենան վստահ վարող Մաթան համոզված էր, որ այդ ժամին մարդիկ չեն կարող լինել ճանապարհին՝ իր ճանապարհին:
Սերգեյն արդեն երրորդ օրն էր ինչ վերադարձել էր արտասահմանյան գործուղումից ու հիվանդ պառկած էր:
«Տեսնես որտե՞ղ է մրսել: Ինչո՞ւ հենց այսօր կանչեց ծանոթացնելու ծնողների հետ, ինչո՞ւ այս ժամին: Չնայած ընդամենը ժամը քսանմեկն է, բայց ամեն դեպքում լավ կլիներ…»
Հաջորդ լուսաֆորն էլ էր կանաչ՝ վերջին լուսաֆորը, որտեղից պետք է ձախ թեքվեր:
Սեղմեց ոտնակը ավելացնելով արագությունը, որ հասցնի անցնել կանաչ լույսի տակ:
Մնացել էր ընդամենը մի քանի մետր խաչմերուկի անցումն ավարտելուն, երբ զգաց որ կողքից հարվածեցին…

3
Երբ փրկարարները դուրս էին բերում աղջկա դիակը մեքենայից, մոտեցավ հարվածող մեքենայի վարորդը:
Տարեց ճաղատ մարդ էր:
- Հույս չկա՞, տղաներ:
- Ո՛չ, վերջացած է, գեղեցիկն է, կլինի քսաներկու-քսանհինգ տարեկան: Դո՞ւք էիք մեզ կանչել:
- Այո, և Ձե՛զ, և ոստիկաններին և շտապօգնություն: Հիմա ի՞նչ է լինելու իմ վիճակը:
- Դե որ չեք փախել դեպքի վայրից, միգուցե…բայց շատ երիտասարդ էր…
Տղամարդն անօգնական նստեց մայթեզրին:
Աչքերը կարմիր էին, տրօրինակ:
Տարօրինակ էին նաև ոստիկանների գործողությունները, քանի որ նրանից գալիս էր խմիչքի հոտ:
 
Փորձեր
1
Ամպերից երկինքն ազատվել ու թափանցիկ էր:
Չնայած ժամն արդեն քսանմեկն անց էր, բայց պարզ երևում էր հողագունդը:
Սպիտակ դեմքով սեռը չերևացող մի էակ էր նստած աշխատանքային սեղանի ետևում:
Սեղանին անկանոն թափված էին բազմաթիվ թղթեր՝ անուն, ազգանուններով:
Ամեն անուն ազգանուն ուներ երկու թուղթ, իրար սոսնձած՝ հոգու և մարմնի:
Նա պետք է դասակարգեր մահացածների հետագա ուղին, թե ո՞ւմ, ո՞ւր…
Աշխատասենյակ մտավ նրա երկվորյակն ու սեղանին դնելով ևս մի թուղթ, որի հերթական համարը 36 էր, փորձ արեց հեռանալ:
- Ինչո՞ւ է մեկ թուղթ, Նաթան:
- Չգիտե՜մ, տարօրինակ է, մարմինը կա, հոգին չկա, մի երիտասարդ աղջիկ է, ավտովթար:
Կյանքում ոչ մի վատ բան չի արել, երևի չի հասցրել վատն անելու:
- Այդպես չի լինում, ինչ որ բան կարգին չէ, միգուցե հայտնե՞մ վերև: Այսօր հոգնած եմ:
- Սուլան էլի չկա այսօր, էլի փախել է Երկիր: Նորից վերադառնալու է հարբած: Ես էլ զզվել եմ նրան պատժելուց:
- Իսկ աղջկան հարվածողի դիա՞կը, հոգի՞ն, չե՞ս հետաքրքրվել:
- Ո՛չ, նրա հետ ամեն ինչ նորմալ է, մի քանի քերծվածքներ միայն: Դեպքի վայրից չի փախել, կանչել է օգնություն, հիմա էլ մայթեզրին նստած ագահորեն ծխում է:
- Ոստիկանները չե՞ն տարել նրան, ինչո՞ւ:
- Չգիտե՜մ, կասկածելի գործ է, հոգնե՜լ եմ, թող գնամ հանգստանալու, վա՛ղը կպարզենք:
- Ուշ կլինի, ապա ցույց տուր նրան, տեսարանը պա՞րզ է:
- Պա՛րզ է, մոտեցիր երրորդ հարկի երեսունվեցերորդ սենյակի պատուհանին կտեսնես, ես գնացի, դեռ պետք է մնացածի ներկայությունը ստուգեմ:
Մոտեցավ պատուհանին ու նայեց ներքև:
Տեսավ այն ինչի մասին որ կասկածում էր:
Իր երկվորյակն այդպես էլ չսովորեց մինչև վերջ գործերն ավարտել:
Մայթեզրին նստած ծխում էր Սուլան:
- Հիմա՛ր, ես քեզ դժողք կուղարկեմ, հիմա արդեն քո հովանավորը քեզ չի կարող օգնել:
Կռացավ պատուհանից կիսով չափ կախվեց, ձեռքը երկարեց ու դանդաղ վեր քաշեց ճաղատ մարդուն:

2
Մինչև աշխատասենյակ ոչ մի բառ չասաց:
Զգում էր ետևից գլխիկոր քայլող ճաղատի՝ Սուլայի վրայից եկող էժանագին խմիչքի դառնահոտը:
Երբ նրա ետևից դուռը փակեց, մոտեցավ ու ապտակեց:
- Դու հասկանո՞ւմ ես ինչ ես արել, դու դեմ ես գնացել մեր օրենքներին, դու դեմ եմ ես եղել նաև Նրանց օրենքներին՝ հարբած մեքենա ես վարել: Իսկ ո՞ւր է հոգին այդ խեղճ աղջկա, դե բնական է բաց ես թողել պահը, հիմա՛ր չքվիր աչքիցս ու պատրաստվիր աքսորի:
- Ես մոռացել էի, որ մութ ժամանակ իմ կարմիր աչքերը կարմիր գույնը չեն տեսնում, ինձ չե՞ս ների վերջին անգամ, շա՜տ եմ խնդրում…
- Հասկացիր, որ քո չքվելուց հետո ոստիկանությունը քեզ է փնտրելու, իսկ աղջկա ծնողները…
Գոնե պահը բաց չթողնեիր, գոնե գցեիր կոմայի մեջ, այդ ժամանակ ես կարող էի օգնել նրան, խե՜ղճ աղջիկ:
- Ես կօգնեմ, ինչ որ ասես կանեմ, միայն թե…մտքումս երեսունվեցերորդ սենյակն էր, մեզ մոտ…ես ոչինչ չէի հասկանում այդ պահին:
- Ո՞վ է այնտեղ, ինչ որ չեմ հիշում:
- Մի պառավ օրիորդ է, կարծես թե դեռ մեր, ավելի ճիշտ նրանց թվարկությունից առաջ:
- Դու դեռ կատակո՞ւմ ես: Հա հիշեցի, Մաթան է, բայց նա սո՜ւրբ է, եթե նրա հոգին փոխառնենք նա կվերանա, իսկ նրան ընդամենը մեկ փորձություն է մնացել յոթերորդ երկինք գնալու: Տեսնո՞ւմ ես ինչ արեցիր:
- Արագ կողմնորոշվիր, քիչ ժամանակ է մնացել, եթե աղջկա դին հասնի դիահերձարան, էլ ոչինչ չենք կարող անել…

3

Երբ մտավ երեսունվեցերորդ սենյակ, ծեր օրիորդն աղոթում էր:
Չնայեց նույնիսկ նրա կողմը:
Աղոթում էր մի ինչ որ աբեղայի համար, ինչ որ բան էր խնդրում:
«Մինչև հիմա ո՞վ է հասկացել օրիորդներին, որ ես հասկանամ» - մտածեց Սուլան:
Ետևից մոտեցավ, բռնեց մազերից, բարձրացրեց, հետո մազերը թողեց ու երկու ձեռքերով բռնեց կոկորդն ու սկսեց դանդաղ սեղմել…

4

Սեռ չունեցող երկվորյակներից մեկը՝ Վալուկեն, զեկուցում էր Գլխավորին:
- Հարյուր տասնչորս դեպք, ոչ մի արտառոց բան, ամեն բան գնում է իր հունով:
- Լավ է, այսօր դեպքերը քիչ են: Ի՞սկ այն անբանը, որի համար խնդրել եմ…
- Ճաղա՞տը, լավ է աշխատում, դեռ սովորում է, ոչինչ, նրա՞ նմանների ենք սովորեցրել:
- Բայց շատ երես չտաս: Ուրի՞շ, եթե էլ բան չկա ասելու…
- Հա, մոռացել էի, երեսունվեցերորդ սենյակն ազատ է, այն հին օրիորդը կյանքին վերջ տվեց, չդիմացա՛վ:
- Բայց նա, Մաթա՞ էր չէ անունը:
- Այո, պետք է յոթերորդ երկինք ուղարկեինք, բայց ոչինչ, Նաթայի միջոցով ուղարկեցի դրախտ: Վատ ավարտ չէ:

Հոգսեր

1
«… Տեսնես որտե՞ղ է մրսել: Ինչո՞ւ հենց այսօր կանչեց ծանոթացնելու ծնողների հետ, ինչո՞ւ այս ժամին: Չնայած ընդամենը ժամը քսանմեկն է, բայց ամեն դեպքում լավ կլիներ…»
Հաջորդ լուսաֆորն էլ էր կանաչ՝ վերջին լուսաֆորը, որտեղից պետք է ձախ թեքվեր:
Սեղմեց ոտնակը փորձելով ավելացնել արագությունը, որ հասցնի անցնել կանաչ լույսի տակ:
Մնացել էր ընդամենը մի քանի մետր խաչմերուկի անցումն ավարտելուն, երբ զգաց որ…կոշիկը խանգարում է սեղմել ոտնակը: Ոտքի բութ մատի մոտ ցավ զգաց ու քաշեց ոտքը ետ:
Ընդամենը մի քանի սանտիմետր հեռավորության վրա մի սև «Վոլգա» սլացավ խելակորույս արագությամբ:
 Վոլգայի ղեկի մոտ նստած ճաղատ մարդը նույնիսկ չզգաց թե ինչ արեց ու շարունակում էր սլանալ…

2

Դուռը բացեց  հաճելի արտաքւնով մի կին:
«Սերգեյի մայրն է» - անցավ մտքով:
- Համեցեք, մենք սպասում էինք Ձեզ: Սերգեյը տանը չէ, իր հայրիկի հետ դուրս է եկել:
- Բայց ինձ ասաց, որ հիվանդ է:
- Հանգամանքներ, ի՞նչ կարող եմ անել, չլսեց ինձ, հորը չթողեց մենակ գնալու ոստիկանություն; Պատկերացնո՞ւմ եք մի երկու ժամ առաջ իմացանք որ մեր մեքենան՝ մեր սև «Վոլգան» բակից գողացել են: Դուք հանվեք, հիմա մենք թեյ կխմենք ու կծանոթանանք ինչպես ասում են մոտիկից:
Մաթան անձրևանոցը կախեց կախիչից:
- Իսկ, կոշիկնե՞րը:
- Մեզ մոտ չեն հանում, բայց հանեք, ավելի հանգիստ կլինի:
Մաթան երբ հանեց աջ երկարաճիտք կոշիկը, կոշիկի միջից ընկավ մոմլաթե մի կտոր:
«Ինչպե՞ս է հայտնվել կոշիկիս մեջ, այ քեզ բա՜ն, իսկ ինձ թվաց թե ընկել է սենյակում:»
Հատակից, Սերգեյի մոր զարմացած աչքերի  առաջ, բարձրացրեց ու մի անգամ ևս կարդաց:
« N 36 - աղջիկ, Մագթաղ Սիմոնի Մելիք- Օհանջյան, 11.03.1943 թ.»:


Ս.Ումառ

понедельник, 14 июля 2014 г.

Հայրի՜կ…





Աշխարհի ամենամեծ քաղաքը Սիդնեյն է,
ամենափոքրը Բուֆորդը,
ամենագեղեցիկը Փարիզը,
ամենառոմանտիկը Վենետիկը,
ամենահինը Երուսաղեմը,
ամենաուրախը Ռիո դե Ժանեյրոն…
Աշխարհի ամենահրաշալի քաղաքը դա Երևանն է…այստեղ են ծնվում բոլոր հրաշքները, բայց ամենահրաշքը դա այն փոքրիկ տղան է եղել, որի մասին էլ ես կփորձեմ պատմել…

* * *
Տղան փոքրիկ էր ու դեռ խոսել չգիտեր, բալորն էին այդպես ասում, չնայած իր հասակակիցները վաղուց արդեն խոսում էին:
Տղայի հորը դուր չէր գալիս տղայի խուլ ու համր ձևով շփվելը և հայրը նրան սովորեցրել էր գրել, շփվել գրելով:
Ամեն երեկո տղան նստած հոր ուսերին դուրս էր գալիս զբոսանքի, այդպես սիրում էր և հայրը և տղան:
Հրճվում էր տղան նայելով քաղաքին ու ամեն անգամ ոտքով հարվածում հոր կրծքին:
Հայրը չէր առարկում ու շարունակում էր խոսել տղայի հետ բացատրելով այս կամ այն երևույթը…
Տղան ծանոթանում էր աշխարհի հետ, նստած հուսալի հենարանի վրա՝ սեփական հոր ուսերին:
Ամենազվարճալին ու հաճելին դրանք այն օրերն էին երբ քաղաքում հրավառություն էր:
Փոքրիկը հաճույքից երկու ոտքերով հարվածում էր հոր կրծքին, բղավում ուրախությունից, ծափ տալիս ու ձեռքով շոյում հոր գլուխը, այդպես հասկացնելով, որ ուզում է ստանալ պատասխան…
- Տեսնո՞ւմ ես ինչ գույներ են, ի՞նչ կախարդական երանգներ, դրանք մարդկային երազանքներն են, որոնք չիրականանալուց ուռչում են, հավաքում էներգիա ու տեղ չունենալու պատճառով բարձրանում են երկինք, …պայթում: Պայթում են, որ հետո նորից հավաքվեն, զարգանան, դառնան ավելի ռեալ, հասկանո՞ւմ ես չէ:
Իմ երազանքը դեռ այնտեղ չէ, ես երազում եմ քո բերանից լսելու «Հայրիկ» բառը…

Փոքրիկ տղան, որ իրոք փոքրիկ էր, հասկանում էր ամեն ինչ ու ամեն անգամ հոր այդ բառերը լսելիս, ուսերի վրայից կռանում համբուրում էր հոր գլուխը:
Հայրն ամեն անգամ արտասվում էր:

* * *
Աշխարհում չկա ամենատխուր քաղաք, բոլոր քաղաքներում էլ լինում է մի պահ, որ ինչ որ մեկի համար քաղաքն այդ պահին դառնում է ամենատխուր քաղաքը աշխարհում:
Երևան հրաշալի քաղաքն էլ բացառություն չէր:

Ձմռան վերջին օրն էր երբ մահացավ տղայի հայրը:
Տղան անընդհատ արտասվում էր, թղթի փոքրիկ կտորների (ինչպես շփվում էր հոր կենդանության օրոք) վրա ինչ որ բաներ էր գրում, դնում դագաղում պառկած հոր ձեռքերին, բարձի տակ, խցկում գրպանները…
Գերեզմանափոսի մոտ տղայի լացը վերջացավ:
Մի պահ փախավ մոր՝ իրեն բռնող ձեռքերից ու մոտեցավ փոսին:
Փոսի կողքը հողաթմբին հոր դագաղն էր, որին էլ գլխի կողմից մոտեցել էր փոքրիկը:
Մայրը մի պահ բղավեց, բայց տղայի տատիկը ձեռքով հասկացրեց, որ չխանգարեն տղային:
Տղան երկար նայեց հորիզոնական դիրքով հոր ուսերին, որոնց վրա անց էր կացրել իր կարճ կյանքի լավագույն տարիները:
Փորձ արեց ասելու մի բառ, բնական է որ փորձում էի «Հայրիկ» արտասանել, բայց չստացվեց:
… Գրպանից հանեց մի սրվակ, բացեց կափարիչը ու բոլորի ներկայությամբ փչեց…
Բազմաթիվ օճառագնդիկներ օդ բարձրացան, ձմռան արևի լույսի տակ ստացան բազմաթիվ երանգներ ու մեկիկ - մեկիկ իջան պառկած հոր վրա…
Դա տղայի հրավառությունն էր, իր վերջին նվերը…

* * *
Երևան քաղաքը հրաշքների քաղաք է…
Այնտեղ ապրում էր մի փոքրիկ տղա, որն ամեն անգամ, տարվա բոլոր եղանակներին, գրիչը վերցրած քայլում էր իր հրաշալի քաղաքի փողոցներով ու իր հասակին համապատասխան, ցած կռացած ծառի ճյուղերի տերևների վրա ինչ որ բաներ գրում…
Բարի մաղթանքներ, ցանկություններ, գեղեցիկ տողեր…
Շատ տեղերում երբ տրամադրություն էր ունենում, ինքն էր բարձրանում ծառի վրա, ընտրում էր տերևներն ու նորից գրո՜ւմ, գրո՜ւմ…
Բոլորը գիտեին նրա մասին ու անհամբեր սպասում էին…
Հրաշքի՞, ոչ, սպասում էին որ կարդան նրա գրածները…
Աշնանը քամին պոկում էր տերևները, քշում, տանում էր քաղաքի փողոցներով, մարդիկ դուրս էին գալիս ընկնում տերևներ հավաքելով…
Կանա՜չ, դեղի՜ն կարմի՜ր…կապ չուներ, միայն թե կարդային, չէ՞ որ դրանից նրանք դառնում էին բարի, կամեցող, հանդուրժող…

Մի անգամ էլ գարնանը, տերևները շատ սպասեցին հրաշք տղային, դողում էին, սրթսրթում, իրենց լեզվով կանչում տղային, որն արդեն այդքան փոքրիկ չէր ինչպես առաջ…
Բայց տղան տանից դուրս չեկավ:
Քաղաքի մարդիկ, որ գարնան գալու հետ մերկացրել էին իրենց հոգիները չկարողացան ասել գեղեցիկ, ռոմանտիկ, հուզիչ բառեր իրենց սիրելիներին, բարկացան, որ առանց տղայի չեն կարողանում խոսել, ծառերի տերևներն էլ գարնաը սկսել էին դեղնել, որ մինչ այդ երբեք այդպես չէր եղել:

Տղան անկողնում պառկած էր ձեռքերն էլ արյունոտ:
Չէր հասկանում թե ինչ էչ կատարվում իր հետ, ինչ հիվանդություն է…

Փայտերով, քարերով ու տարբեր տեսակի երկաթի կտորներով զինված մարդիկ հավաքվեցին տղայի տան մոտ:
Դուրս բերեցին տղային, որը չէր կարողանում բացատրել, որ հիվանդ է, անկարող…
Սկսեցին անխնա հարվածել տղային, ով ինչով որ կարող էր:
Տղան չէր դիմադրում, միայն, երբ հասկացավ որ արդեն անկարող է ապրել, բարձրացավ տեղից, ծնկների վրա մի պահ նայեց երկինք ու սովորական ձայնով, ինչպես որ բոլորի մոտ է բղավեց.
- Հայրի՜կ…
Արյան մեջ կորած ժպտաց, աչքերը փակեց ու անշունչ ընկավ գետնին…

* * *
Այդ օրվանից ամեն ինչ փոխվեց մի ժամանակ հրաշալի կոչվող քաղաքում:
Ծառերը չէին կարողանում ոչինչ ասել, միայն կատաղի թափահարում էին իրեն ճյուղերով:
Մարդիկ կորցրեցին երազելու իրենց կարողությունը, բայց մտածելով, որ այդպես ավելի հանգիստ է սկսեցին շարունակել հոգով խոսել…
… չնկատեցին, որ նրանց հոգուց դուրս են գալիս մահացած բառեր, որոնք նրանց շուրթերին դառնում էին դառնահամ հյութ ու համբուրվելիս թողնում էին  բաժանման, մահվան, ցավի ոչ սովորական այլ  տարօրինակ համ…

Ս.Ումառ