суббота, 25 марта 2017 г.

Մեր Մայրերը



Մոր արցունքը այրող հո՛ւր է,
Ջո՜ւր է, կյանքն իր մեջ առած,
Մայրը մեզ հետ ամենո՜ւր է,
Մայրը՝ մի մե՜ծ Առեղծված:
*
Սիրտը նրա անհանգիստ է
Որսորդ տեսած վիթի պես,
Մայրը ոտքից գլուխ խի՜ղճ է՝
Հոգին հանած-տված քեզ:
*
Մեկ –մեկ այնպես  խե՜ղճ է թվում -
Կրակն ընկած գրքի պես,
Մե՛կ էլ վայրի գազան դառնում,
Երբ տագնապն է սպառնում քեզ:
*
Գիրկը նրա - խենթ մի ամառ,
Ձեռքերը  ձեռք չեն՝ այլ թևեր,
Ու թվում է թե քեզ համար
Մի նոր աշխարհ է բացվել:
*
Որտեղի՞ց է այդքան ջերմը-
Մի բուռ մարմնում գտել բույն,
Ա՜խ,  ինչո՞ւ մոր արցունքները
Երբե՜ք, երբեք չեն հատնում…
*
Ի՜նչ էլ տեսան մոր աչքերը
Նախամարդուց մինչ այսօր,
Նույնը մնաց նրանց սերը-
Անփոփոխ, անմնացորդ:
*
Միամիտ են մայրերը մեր
Ծաղկաթերթի նման նուրբ
Չեն սովորել լացը պահել
Վշտից դաղված աչքերում:   
*
Միշտ էլ բարձը թաց է եղել
Մոր անհանգիստ գլխի տակ,
Մայրն ի՞նչպես է գլուխ դրել,
Ի՞նչպես  քնել բարձին այդ:
*
Միշտ մի բա՜ն է նրանց մտքո՜ւմ,
Շրթի՜ն, աչքի՜ն ու սրտո՜ւմ.
- Է՜հ, գիշերվա կե՜սն է արդեն,
Ո՜ւշ է, որդիս չեկավ տուն:
*
Հարցե՜ր,  հարցե՜ր …մո՞րը ուղղված,
Թե՞ մայր ստեղծող Արարչին,
… Այս աշխարհում այլասերված
Միայն մայրն է  պայծա՜ռ, ջի՜նջ:
*
Հնարել ենք հեծանիվ,
Սի՛րտը ճեղքել ատոմի,
Դեգերել ենք տիեզերքի
Անհուններում ամայի:

Ոչ մայրական լեզվի գա՜նձը,
Տա՜ք, գուրգուրո՜ղ`ու քնքուշ,
Ոչ մոր սրտի առեղծվածը
Դեռ չե՛նք գտել այս կյանքում:
*
Մայրերը չե՜ն ծերանում -
Բերք չտվող ծառի պես,
Տարիքն առնո՜ւմ փոքրանո՜ւմ են,
Կծկվո՜ւմ՝ դառնում լո՜ւռ ու հեզ:
*
Մոր արցունքը այրող հո՛ւր է,
Ջո՜ւր է, կյանքն իր մեջ առած,
Մայրը մեզ հետ ամենո՜ւր է,
Մայրը՝ մի մե՜ծ Առեղծված:


Ս.Ումառ-Հարությունյան

суббота, 18 марта 2017 г.

ԱՐԹՈւՐԻՆ



… Երբ անկոչ հյուրի նման աներես
Սովն է մոտենում դռանդ շեմին,

Մի հին հարցական է անվերջ տանջում քեզ՝
Ո՞վ է քեզ տալու պատառն իր վերջին:

Երբ նոր է ծնվում արևածագը,
Շուրջդ դեռ մութ է- անլո՜ւյս մի տարածք,

Բայց լուսավոր է լեռան գագաթը,
Ու չի հասկացվում -
Լո՞ւյս է, թե՞ խավար:

Ու մոգեր չեն գալիս  երկրպագելու,
Ու Լույսը միայնակ է մնում խավարում,

…Չի՜ մնում,  գնո՜ւմ է գլխահակ ու լուռ
Նահատակներին իր հացը տալու…
------------------------------------------
Ցմահ անիծվի ձե՛ռքն այն մեղավոր,
Որ Հաց Բերող քեզ  մեզնից հեռացրեց,

Լուսավոր լինի հոգիդ Հա՛ց  Բերող,
Դու հող չդարձա՜ր -
Մե՛նք մնացինք հող…


Ս.Ումառ-Հարությունյան

Հայացք



Սի՛րտդ էի ուզում տեսնել -
Հայացքդ տեսա,
Գիշերվա  նման անգութ ու  մռայլ

Սրտիս պատերը քարուքանդ անող
Լուտա՛նքդ շռայլ…

Ու փլվե՜ց,
Քանդվե՜ց
Երազի մի պատ՝
Փոշի ու աղմուկ հանելով,
… Ո՞վ էր մեղավոր, դա՞րը այս դաժան,
Թե՞ քո հայացքը
Անմե՜ղ-մեղավոր…

Սի՛րտդ էի ուզում տեսնել -
Հայացքդ տեսա
Ահավոր դարի ճիրանների մեջ,
Կարծես թե մի բուռ հո՜ղ էր սեղմված
Աղոթքներ մերժող ձեռքի ափի մեջ…

Մայրամուտները կքվեցի՜ն
Դարձան կորացած ինչու- ներ,

Դատա՜րկ մի տարածք,
Դատա՜րկ մի հայացք,

Ու հարցականնե՜ր…

Ու հարցականնե՜ր…      13.03.17