вторник, 30 января 2018 г.

Իմ բարի…


Հո՜ւյս խնդրեցի քեզանից
Աչքիս լույսի համար,
Դու խնդրանքս մերժեցի՛ր
Ու թողեցիր գլխահակ:
Հավատն ի՞նչ էր, մերժեցի՛ր
Սի՜րտս խոցվեց անիմաստ,
Դու անհարկի ժպտացի՜ր,
Երբ որ շուրջս մո՜ւթ էր, լա՜ց:
Չէ՞ որ Սե՜ր չէր աղերսածս
(Ո՞վ է սերը աղերսում)
Ընդամենը՝ ցանկացածս,
Որ մի՜շտ լինես բարձունքում:
Եղար անչափ առատաձե՜ռն՝
Բո՜ւռ-բո՜ւռ կարոտ տվեցիր,
Կյա՜նքը ինձ չա՛ր դարձրեց,
Իսկ դու բարի՜ մնացիր…

XXI դար



Առանց իսկ մի փշուր ցավ-ափսոսանքի,
Դա՜ր, նվիրում եմ քեզ կյանքս մնացած,
… Այս աղտոտ դարում արհամարանքի
Այսպես ապրելը դարձել է հանցանք:

Ապրել եմ մի կյա՜նք, որտեղ զարթո՜նք կար,
Դարը կարող էր ստեղծե՜լ ու ստեղծել, 
… Հիմա ավերված վանքերի նման
Ստիպված եմ ընկած քարերդ հաշվել:

Միգուցե քի՞չ է տվածս կյանքը,
Բայց ուրիշ էլ ոչի՜նչ ես չունեմ,
…Դու դարձար բոլոր դարերի տականքը
Իսկ տականքի հե՜տ դժվա՛ր է ապրել:

Այն ինչ տվե՜լ ես - վերադարձնում եմ քեզ՝
Ցա՜վ, կսկի՜ծ, մորմո՜ք ու գեյահանդես,
…Անցած դարում ապրածս կյա՜նքը

Չեմ ուզում քեզնով աղտոտել:

Համր բանաստեղծը


Երկնքում մի՜ ամպ
Հրեց մյուսին,
Այդ մյուսը նեղացա՜վ, հեռացա՜վ,
Թե ի՞նչ պատահեց այս լուսաբացին-
Ամպերից բացի ո՛չ ոք չիմացավ…
Տխրե՜ց լուսաբացը…
Արևի դեմքով մի ստվեր անցավ,
Արևին նայող բանաստե՜ղծը
Գրիչը ձեռքից գցեց վայր…
Բանաստեղծը մտքում մի տո՜ղ հորինեց
Թե՝ ամպե՜րը լեզու չունեն խոսելու,
Հետո միտքը շարունակեց,
Որ « Բառե՜րը ընդունակ են խոցելու:
Ընդունակ են այրելո՜ւ, ավերելու
Ամե՜ն բան,
Ընդունակ են քաղցրացնելո՜ւ,
Նույնիսկ կյա՜նքը դառնահամ:
Ընդունակ են թև՜ դառնալու՝
Թռցնելու քեզ երկինք,
Ընդունակ են տարիները անտեսելո՜ւ՝
Քեզ սարքելու խաղալիք:»
… Երկնքում մի ամպ հրե՜ց մյուսին-
Պատուհանից դուրս անձրև էր՝ սելա՜վ,
… Պատուհանի մոտ խո՜ւլ, հա՜մր պոետն էր-
Անձրևի ձայնը չէ՜ր հուզում նրան:

Քո աչքերում…



Թվա՜ց, հասկացա իմաստը
Կյանքի,
Երբ աչքերիդ մեջ տեսա տխրությո՜ւն,
Ես էլ ի՜մ բաժինն ունեի մեղքի
Ու չգիտեի ի՞նչ եմ անելու…

Մեղքս գրկիս մեջ՝
Մի ամբո՜ղջ աշխարհ,
Գիտեի՜ արև կա այս մութ աշխարհում,
Լո՜ւյսն երևում էր, ջերմությո՜ւն չկար-
Կա՜ր, սակայն  էլ  չէ՜ր տաքացնում…

Գարունն ո՞ւմ է պետք առանց
Ջերմության,
Աշո՜ւնը՝ առա՜նց տերևաթափի,
Ձմեռը սրտո՜ւմ ամառն ո՞ւմ է պետք-
Թերևս միայն տա՜ք հուզումներին …

Երբ տխրություն տեսա աչքերի՜դ,
Թվա՜ց, հասկացա իմաստը
Կյանքի,
Բայց իրականում կատա՜կ էր անսիրտ
Կամակո՜ր, չկա՜մ, քինապահ

Բախտի…

Ճիչ

Ասում ես. «Ների՜ր»,
Ներե՜մ, բայց ի՞նչպես,
Երբ դեռ սրտումս սպի չի գոյացել,
Երբ վերքերս թաց լալի՜ս են այնպես՝
Ինչպես լալիս է ծա՜ռն այն անպտուղ
Որի պատճառով այն պետք ՝ հատել…

Ժամանակը քո՛նն է,
Ժամանակն ի՜մն է,
Քեզ համար այն բժի՜շկ է
Ինձ՝ դիահերձո՛ղ,
Արածս ի՞նչ էր՝ լոկ մի կաթի՜լ էր,
Որ դու վերցրեցի՜ր ու սարքեցիր
Ծով…

Իսկ սրտումս դեռ բառե՜ր կան չասված
Բառեր կան անթիվ-
Դավաճանությա՜ն…
Սիրելո՜ւ,Կրքի,՜
Դեռ շատ գործ ունեմ,
Վկա է Աստված
Ներելու համա՜ր, խնդրո՜ւմ եմ
Փրկի՜ր:

Դեռ պե՛տք է գտնեմ կորցրած մի բա՜ռ,
Որը դեռ ո՛չ ոք չի արտասանել,
Փրկի՛ր, կգտնե՜մ բառն այդ փրկության
Քե՞զ համար թե՝ ինձ՝
Հաստա՜տ չգիտեմ…

Արածը տանջա՜նք է,
Չարածն – ափսոսանք,
Տառապա՜նք է չլինելը աշխարհում,

Ի՞նչ է մնում՝ կամ   Լռե՜լ

Կամ էլ  Ճչա՜լ խավարում…

четверг, 11 января 2018 г.

Ես սիրեցի երկմտանքդ Ձմռան խոնավ ծոցում…



Լո՜ւյսը այսօր այլ կերպ բացվեց,
Գուցե՞ տոն է աշխարհում,
Իրո՜ք, ինչ-որ մի բան կարծե՜ս
Ձևափոխվեց երկնքում:

Ինչ-որ մեկը ծիծաղո՜ւմ է-
Տխրությունը ցրելու,
Ինչ-որ մեկը արտասվում է-
Թրջվում է իր արցունքում:

Ինչ-որ մեկը բղավո՜ւմ է
Օգնությո՜ւն է խնդրում՝
Խիստ ձմեռը փաթաթվել
Ու մարմինն է խեղդում…

Ինչ-որ մեկին բա՜ն է պատմում
Իր թափառող հոգին,
Ինչ-որ մեկն էլ փո՜րձ է անում
Փրկե՜լ  ինչ-որ մեկին:

Աշխարհն ասես չի՜ արթնացել
Քնա՜ծ է և քամին,
Ինչ-որ մեկը լուսնամարմին
Այսօր ծնվեց կրկին:

Ձմռան շո՜ւնչը դիմավորեց
Փափուկ փաթիլ-էակին,
Այսօր լույսը այլ կերպ բացվեց՝
Ծնո՜ւնդ է…
Լույս կրկնակի:


Սիրերգ

Ես լուսնի նման մի մո՜ւթ էակ եմ,
(Մութ բառի վրա գուցե ծիծաղես)
Իմ արծաթ լույսը քո արտացոլա՜նքն է-
Խնդրո՜ւմ եմ հանկարծ
Չարտասվես:

Թե որ արտասվես ու անձրև տեղա
Լուսինը թրջվի արցունքից,
Ես լուսնի նման մի մութ էա՛կս
Կանհետանա՜մ, կչքանամ
Աշխարհից:

Ի՜նչ խոսք, թո՜ւյլ եմ, կո՜ւյր եմ, տկա՜ր
Առանց արև-աչքերիդ,  
Թույլ տուր գոնե վերջի՜ն անգամ
Փարվեմ գիշեր-վարսերիդ:

Գոնե դառնամ ամպի՜կ մի մութ     
Արցունքահամ մարմնով,  
Կամ էլ շքե՜ղ մի մայրամուտ-
Լուսավորեմ գիշերով:

Իմն ու քոնը Լուսի՜նն է  ծեր,
Որը միշտ կա՝  ցերեկո՜վ թե գիշերով,
Ա՜խ,  Լուսինը թե  չլիներ՝
Կարտաասվեի, միայն ա՜չքդ լիներ չոր:


Ս.Ումառ-Հարությունյան

ԿԱՐՈՏ



Թե իմանա՜մ, որ կուրանամ
Էլ երազներ չե՛մ տեսնի -
Խոստանո՜ւմ եմ – կկուրանա՜մ,
Քանզի դա՜ռն են երազներս
Թե քնա՜ծ, թե արթմնի՜…

Թե իմանա՜մ, որ խլանամ
Էլ չե՛մ լսի հեռվից կանչող ձա՜յնը քո,
Աստվա՜ծ վկա -  կխլանա՜մ,
Քանզի ծա՜նր է ձայնդ՝
Սի՜րտ ու հոգի ավերող …

Թե իմանա՜մ, որ համրանամ
Ու անունդ լեզվիս վրա խելառապար
Չի՜ պարի-
Կհամրանա՜մ,
Քանզի լեզուս  ուշաթափվե՜լ,
Լլկվե՜լ է
Քո անունի հնչյուններից բերկրալի:

Թե իմանա՜մ, որ մահանա՜մ,
Բայց խոսքերս կանմահանա՜ն քո սրտում,
Չե՛մ կասկածի – կմահանա՜մ -
Քանզի քո՛ մեջ կանմահանամ,
Կանմահացնե՜մ
Քեզ իմ սիրո երգերում…

Ո՛չ երանի կտամ նրան
Ով չի՛ զգացել մենություն,
Չի՛ համտեսել  դառնահամը մենության -
Քանզի դառից ավել դա՜ռը
Միշտ բերում է բախտի վրա քմծիծաղի
Կամ էլ տտի՜պ քաղցրության…

Քո անո՜ւնն եմ հիմա քաղցր
Ատամներիս տակ սեղմում,
Քանզի ամեն պահի պատրաստ
Շրթունքներս բա՜րձր-բարձր

Քեզ ինձ մո՜տ են կանչելու…

Վերլիբր հունվարյան

* * *
Ինքդ քեզ հասնելու համար
Հարկավոր չէ արագ քայլ,
Շնչակտուր վազք,
Սրտի տրոփյուն ու շնչահեղձություն
Հարկավոր է ընդամենը կանգնել
Եվ
Կզգաս որ Լույսը դարձավ Ջերմություն
Ջերմությունը դարձավ Լույս
Իսկ եթե Լույս ես կարող ես շփվել ինչ-որ մեկի հետ
Այդ ինչ-որ մեկին ասում են Աստված
Կամ ավելի ճիշտ
Մենախոսություն Մենախոսության հետ
Երաժշտությունը կնվագի լռություն
Լռությունը կնվագի լռություն
Միտքը կթաքնվի բառերում
Որոնք ծնվում են կոկորդում
Ու կբղավես Լռություն
Ես հասել եմ ինձ
Ու տեսնում եմ որ բացակա եմ
Իսկ եթե բացակա եմ
Ուրեմն ինձ կհիշեն բոլորը
Իսկ բոլորը՝

Բոլորը վազում են ու չեն հասնում իրենց

Վերլիբր հունվարյան

* * *
Երբ սոված էի,
Երբ չկար հոսանք,
Երբ գազ չկար,
Երբ ցուրտը դարձել էր հարազատ՝
Ես չգիտեի թե ինչ բան է Մակդոնալդը,
Ու երբ մի սևամորթ McDonalds-ից
Մի համբուրգեր գողացավ՝
Ես նրան անվանեցի սրիկա…

Հոսանք չկա՜ր,
Գազ չկա՜ր,
Մրսո՜ւմ էի,
Սովա՜ծ էի…

Ինձ ասացին.

- Ռասի՛ստ:

Վերլիբր հունվարյան

* * *
Ասո՜ւմ են առաջին սերը չի՛ մոռացվում
Ո՜չ, ուղղակի
Առաջին սերը դառնում է լավ հիշողություն,
Քանի՜-քանի սերեր դառնում են հիշողություններ-
Հոգնած բանաստեղծի տրամադրության նման,
Բանաստեղծի անհիմն վախի՜,
Հիմնավոր կորստի նման:
Առաջին սերը մոռացվում է ա՜յն պահի նման,
Երբ բանաստեղծը կորցնում է լավագույն ժամանակը
Բանաստեղծական տող երկնելու համար և
Սկսվում է մի շքերթ անհանգ բառերի
Ու շքերթի ցանկացած անդամ բղավում է, որ
ինքն է առաջինը, որ
բանաստեղծն իրենն է…

Չի՛ մոռացվում վերջին սերը

Քանի դեռ վերջինն է…

Վերլիբր հունվարյան

* * *
Ներկան միայն զարմացնում է,
Տանջում է անցյալը,
Հիշողությունը՝ ցավեցնում,
Թարմացնում է մի գավաթ դա՜ռը սուրճը`
Դառը թարմացնո՜ւմ է,
Թարմանում են վերքերը,
Բոլոր սպիացած տեղերում բացվում են աչքեր
Ու աչքերի մեջ տափաստաննե՜ր,
Տափաստաննե՜ր…
Դաշտամկներն իրեն հետույքներով
Փակում են բների մուտքը թշնամիներից,
Անձրևի՜ց…
Անձրևը թշնամի՜ է,
Անձրևը մաքրում է աչքերիդ ներկամատիտը-
Սև առվակներ են հոսում այտերիդ վրայով,
Նայում եմ զարմացած՝

Ներկան միայն զարմացնում է:

Ծնունդ

Ես սիրեցի երկմտանքդ
Ձմռան խոնավ ծոցում

Լո՜ւյսը այսօր այլ կերպ բացվեց,
Գուցե՞ տոն է աշխարհում,
Իրո՜ք, ինչ-որ մի բան կարծե՜ս
Ձևափոխվեց երկնքում:

Ինչ-որ մեկը ծիծաղո՜ւմ է-
Տխրությունը ցրելու,
Ինչ-որ մեկը արտասվում է-
Թրջվում է իր արցունքում:

Ինչ-որ մեկը բղավո՜ւմ է
Օգնությո՜ւն է խնդրում՝
Խիստ ձմեռը փաթաթվել
Ու մարմինն է խեղդում…

Ինչ-որ մեկին բա՜ն է պատմում
Իր թափառող հոգին,
Ինչ-որ մեկն էլ փո՜րձ է անում
Փրկե՜լ  ինչ-որ մեկին:

Աշխարհն ասես չի՜ արթնացել
Քնած է և քամին,
Ինչ-որ մեկը լուսնամարմին
Այսօր ծնվեց կրկին:

Ձմռան շունչը դիմավորեց
Փափուկ փաթիլ-էակին
Այսօր լույսը այլ կերպ բացվեց՝
Ծնո՜ւնդ է…

Լույս կրկնակի: