четверг, 2 августа 2018 г.

Մենություն

Իսկ դուք ծանո՞թ եք Մենությանը,
Եթե ո՜չ,
ցավո՜ւմ եմ Ձեզ համար,
Նշանակում է ծանո՜թ չեք ձեր բնությանը
Եվ գաղտնիքներին անհամար:
Նշանակում է
Խոսե՜լ չգիտեք, լսե՜լ չգիտեք ինքներդ Ձեզ,
Նշանակում է
Գիշե՜ր ու ցերե՜կ անծանոթ մի ձայն է
զրուցում ձեզ հետ:
Նշանակում է
տեսնե՜լ չգիտեք
Ի՞նչպես են ուռենու կախված վարսերը
համբուրում վազող գետակին,
Ի՞նչպես է բացված ծաղիկն իր շուրթե՜րը
Հպում հեռացող թիթեռին:
Չգիտեք ի՞նչպես է լռում ջութակը,
Ի՞նչպես է Լուսինը փա՜յլն իր կորցնում,
Երբ միլիո՜ն տարեկան իմաստուն արեգակը
Մենության առաջ գլո՜ւխն է կախում…
Չգիտեք գիշերվա անթափանց գո՜ւյնը
Ի՞նչպես է քսվում աչքերին,
Ի՞նչպես է մո՜ւթը գտնում իր բո՜ւյնը
Սև կոչված սրտի պատերին:
Չգիտեք ի՞նչպես է ընկնում զարկերակը՝
Ուղղվո՜ւմ, դառնում ճառագայթ…
Ի՞նչպես է մահվան դատարկ պատգարակը
Դանդա՜ղ օրորվում աչքերի առաջ:
Մենությունը դարձել է խարա՜ն-
Եվ հոգո՜ւ և մարմնի՜ կառափնարանը,
Ի՜նքս էլ չգիտեմ, ցավե՞մ ձեզ համար
Թե՞ նախանձեմ, որ ծանո՜թ չեք
Մենությանը…

Комментариев нет: