Սյունյաց աշխարհի
Լեռներին կարո՜տ,
Մի սի՜րտ
է հիմա իմ մեջ բաբախում,
…Հոգի՞ս է այնտեղ՝ լեռներում ամպոտ,
Թե՞ իմ ստվերն է այնտեղ
թափառում:
Սյունյաց առավո՜տը դեղահաբի պես
Մեղմո՜ւմ
է ցավերդ, ամոքո՜ւմ,
Ասես համբուրվում ես ծաղիկների հետ
Կամ ծաղիկնե՜րն
են օրդ ողջունում…
Սյունյաց սարերի նոթոտ աչքերո՜ւմ
Խոհուն արև՜ն
է կիսաթաքնված,
Ասես գտնվում ես անծի՜ր գգվանքում
Ու ծիածա՜նը
գրկումդ սեղմած…
Եվ սիրտդ ասես արյո՜ւն չի լցվում-
Այլ Ոխջի՜,
Որոտա՜ն գետերի վազքը,
Մեկ ա՜յլ
սիրով է սիրտդ ջերմացնում
Չքնաղ Խուստուփի աչալուրջ աչքը:
Կապուտջո՜ւղ,
Ծղո՜ւկ, Մե՜ծ Իշխանասար-
Բաղաց աշխարհի հսկանե՜ր,
… Ձեր մեջ անսովո՜ր ինչ-որ պատարագ,
… Ձեզ ի պահ տված բազո՜ւմ երազներ…
Իմ նախնյաց
երկիր Սյունիք աննման,
Սյունի՜ք – Դիցարան, Լեռնահայաստա՜ն,
Դու լռել գիտես աստղերի նման
Ու նաև
կանչել հոգու պես ծարավ:
Սյունյաց
գեղամե՜ջք կանանց աչքերում,
Որ շա՜տ են
նման մորթվող արևի,
Ես միշտ
տեսել եմ թարթվող տխրություն
Ու զգացել ո՜ւժը
Սիսական հողի…
Սյունյաց
այրերը հոգով հսկանե՜ր,
Սրտերով
քնքո՜ւշ, Անդոկի պես խի՛ստ,
Ունա՜կ են
օտարին ատե՜լ և սիրե՜լ
Նաև զարդարե՜լ
գորշ օրերը սին…
Սյունյաց աշխարհի լեռներին կարո՜տ,
Մի սի՜րտ
է հիմա իմ մեջ բաբախում,
Սյունյաց աշխարհից շա՜տ հեռու,
բայց մո՜տ
Ես՝ որդի՜ս սյունյաց
Տխրո՜ւմ եմ, տխրո՜ւմ…
Комментариев нет:
Отправить комментарий