вторник, 28 августа 2018 г.

Մի նեղացրեք բանաստեղծին…




Շուտով օրերը կանձրևե՜ն,
Կմերկանա՜ն ծառերը,
Ու ամե՜ն ինչ կթրջեն
Աշնան խոնավ ձեռքերը:

Թեթև քամին տերև՜-տերև՜
Մեր օրերը կտանի
Դեպի սա՜ռը, անշունչ ձմեռ
Ո՜ւ…կհիշենք Տերյանին:

Պոետները լա՜ց կլինեն-
Պատուհանին սևեռված,
Չքնաղ կանայք դո՜ւրս կելնեն
Շորերի մեջ փաթաթված:

Էլ չե՜նք տեսնի Կնոջ քնքո՜ւշ
Կոր գծերը  հաճելի,
… Փողոցներում շորերի կո՜ւյտ,
…Տխո՜ւր դեմքեր այրերի:

Գարունը իր  բուրմո՜ւնքն  ունի,
Ամառը իր կի՜րքն  անեղծ,
Ձմեռն ունի  ձնծաղի՜կ,
Իսկ աշո՞ւնը…բանաստեղծ:

Մի նեղացրեք բանաստեղծին,
Երբ իր աշո՜ւնն է երգում,
Երբ խոսքերով ձմռան ցրտի՜ն
Սե՜ր կամ կիրք է բորբոքում:

Բանաստեղծը մի գարո՜ւն է
Տարվա բոլոր օրերին,
Գարնան նման հեռանո՜ւմ է
Գարուն մնո՜ւմ,
Գարո՜ւն սնում սրտերին:

Շուտով օրերը կանձրևե՜ն,
Կմերկանա՜ն ծառերը,
Կրկի՜ն, կրկի՜ն գործի կանցնեն               
Բանաստեղծի  ձեռքերը:






Комментариев нет: