четверг, 24 мая 2018 г.

Ես գտա ինձ


Կորցրե՜լ էի ինձ:
Կորել էի իմ մտորումների մեջ ու ո՛չ մի կերպ, ո՛չ մի ճանապարհ չէի գտնում վերադառնալու…ո՞ւր վերադառնալու չգիտեի:
Իրականությունը մի ավտոբուս էր, շատ սիմվոլիկ 22 համարով, որտեղ կար ամե՜ն ինչ, սկսած սկսած տհաճ հոտերից, վերջացրած քրտինքի ու ֆրանսիական թվացող օծանելիքի բուրմունքներով:
Կանգնած եմ գնում, կանգնել եմ մի նստարանի մոտ, որտեղ նստած է մի կին:
Նայում եմ վերևից:
Մազերը շագանակագույն են, հաստատ ինքն իր ձեռքով է ներկել, մազարմատների մոտ սպիտակին են տալիս ներկից թաքնված բազմաթիվ մազեր:
Կլինի մոտ 57-58 տարեկան:
Պարանոցից դեպի ուսն ընկած հատվածում մի քանի հնադարյա ծալքեր կան, որոնք ապացուցում են նրա տարիքի հետ ունեցած իմ կանխորոշումները:
Մտածում եմ.
Աղջիկ չունի, քանի որ նման մազերի հետ վառ կարմիր շրթներկ չեն օգտագործում, կանաչ գույնի շոր չեն հագնում, սև պայուսակ չեն բռնում:
Դուստր ունենար ճիշ խորհուրդ կտար:
Ամուսին չունի, անցավ մտքովս երբ ուշադիր նայեցի պայուսակի կաշեփոկերի միացման տեղում անտանելի վատ հագցրած երկաթյա կիսաօղերին:
Մի ինչ-որ կանացի բնազդով երևի հասկացավ, որ իր մասին եմ մտածում ու վեր կենալով իր տեղից շատ տարօրինակ բարձր ձայնով ասաց.
- Նստի՛ր հայրիկ ջան, - գրավելով առավոտյան տխուր դեմքերով աշխատանքի գնացող ավտոբուսի մարդկանց ժպիտը:
Հասկացա, որ ուզում էր շատ երիտասարդ երևալ, մի ակնթարթ մեղքս եկավ ճիշտն ասած:
Ծիծաղս մի կերպ զսպելով, որ չվիրավորեմ, անկախ ինձնից ավելի բարձր ձայնով պատասխանեցի.
- Ոչինչ ես կկանգնեմ աղջիկ ջան, դու նստիր:
Ավտոբուսում պայթեց ծիծաղը…
Պայթյունից ես վերջնականապես գտա ինձ, բայց ինչ-որ մեկը կորցրեց իրեն:
Բոլորը ծիծաղում էին, բացի ինձնից ու ինձ նայող կնոջից, որ կանգնած շարունակում էինք ընթանալ…ո՞ւր, չգիտեինք:

Комментариев нет: