четверг, 29 июня 2017 г.

Բառե՜րդ չասված



*
Օրե՞ր,
Ինձ համար էլ օրեր չկա՜ն,
Օրերն ինձ համար բառե՜ր են սպասված,
Օրերն ինձ համար
Տողատակերի խորքում թաքնված
Բառե՜ր են չասված…

*
Անցած տարիներս բառերով չափված
Հաստափոր մի գիրք են՝
Անհայտ բառարան,
Կամ ավելի ճիշտ լոկ մի թա՜ց հայացք,
Որի էջերը դեռ չի հաջողվել
Ոչ մեկին կարդալ…

*
Ի՛նքս էլ չեմ կարող այդ գիրքը կարդալ,
Մեկնաբանե՜լ կամ
Մի՜տքը հասկանալ,
Եվ դուրս է գալիս, որ մի ամբո՜ղջ կյանք
Կախված է միայն բառերից չասված…

*
Աղոթքի նման պա՜րզ ու հասարակ,
Մեկնության նման անհասկանալի՜,
Սեղմո՛ւմ եմ կրծքիս բառե՛րդ չասված
Ու ինքս դառնում անհասկանալի գիր…



Комментариев нет: