четверг, 7 июля 2016 г.

Լռության լեզուն



Մի լեզու կա աշխարհում՝
Լռության լեզուն -
Տանջվա՜ծ, քրքրված քերականությամբ,
Ոչ հոլով ունի,  ո՛չ էլ ժամանա՛կ -
Միշտ սեղմված է ատամներիդ տակ…

Ամե՛ն չասված բառ մի ամբողջ գի՜րք է,
Սիրած աղջկա խենթությո՛ւն է վառ,
Ամե՛ն չասված բառ նաև
Արհավիրք է - 
Կարդալ իմացող էակի համար,

Ամեն չասված բառ անեծքի նման
Այրո՛ւմ է,
Պայթյունի ուժով լցվում է հոգիդ
Ու քեզ թվում է -  աշխարհը քանդվում է -
Թափվում է գլխիդ:

Թիկունքին նայող հայացքի նման,
Լռության լեզուն
Եվ պա՛րզ է և բարդ,
Դողդոջ շուրթերի նման հարուստ է…
Աղոթքի նման մաշված ու աղքատ…

Լռության լեզուն և լույս է և մութ -
Այրվող գրքերը լափող հրդեհի նման,
Մեկ ջերմություն ես նրանից ստանում,
Մե՛կ էլ ցանկանում նզովել նրան:
Եվ կգա մի օր – ե՜րգս կկարդաս…
Եվ իմ լռության լեզուն կըմբռնես,
Գուցե հարազատ ինչ-որ բա՞ն կզգաս…
Գուցե թե ժպտա՜ս…
Գուցե թե տխրես…


Ս.Ումառ-Հարությունյան

06.07.16   Երևա ն

Комментариев нет: