суббота, 16 июля 2016 г.

ՀԱՅԱՍՏԱՆ



Առանց քեզ չկա՜մ,
Գոյությո՜ւն չունեմ,
Այսինքն կա՜մ, բայց չե՛մ կարող ապրել…

Հետաքրքիր է
Թե ինչո՞ւ ես ինձ փետուրի նման
Քամու ահավոր ձեռքերին հանձնել…

Հարազա՛տ չեն ինձ ափերը օտար,
Ես ի՛մն եմ ուզում,
Սարե՜ր ու քարեր,

Ոչ թե օտարի հողի ջերմությունը,
Որն անկարող է սի՛րտս տաքացնել…

Օտա՜ր են այստեղ կանանց աչքերը,
Եվ «Բարի լույսեր»-ը անծանոթ մարդկանց,

…Աչքիս առջև են հայուհու կոպերը,
Որոնք փակվում են ամոթխածությամբ…

Հայուհու աչքին անփույթ տատանվող
Մե՛կ մազափունջը
Սո՜ւրբ է ինձ համար,

Այստե՜ղ, այս օտար աշխարհի շունչը
Հոգեվարքի պես տխո՜ւր է, դաժա՜ն…

Ես իմ հայկական Լուսի՛նն եմ ուզում,
Աստղե՛րն եմ ուզում ցնորված երկնի,

Ես մի հասարակ «Բարև՜» եմ ուզում՝
Այլ ոչ օտարի
«Bonjour,  mon ami»-ին

Այստեղի լույսը ուրի՛շ է, խավա՜ր,
Իմ ապրած կյանքն էլ ուրիշ է արդեն,

Ես, արդեն ե՛ս չեմ,
Ե՛ս չեմ, Հավատա՝
Տարաբախտ որդիդ խելագար ու խենթ…

Առանց քեզ չկա՜մ,
չե՛մ կարող ապրել…
… Դու ինչո՞ւ ես ինձ փետուրի նման
Քամու ահավոր ձեռքերին հանձնել…

Ս.Ումառ-Հարությունյան



Комментариев нет: