суббота, 2 июля 2016 г.

Քո ճանապարհը…



Պոետը նաև բուժող բժիշկ է -
Կարող է բուժել վերքերը հոգու,
Քեզ իր հետ տանել դեպի  հեռուներ
Ու գերի պահել 
քեզ իր  երգերում…

Մի՞թե չես կարող փախչել նրանից,
Արհամարե՜լ  կամ  մոռանալ նրան,
Ամե՜ն ինչ  հե՛շտ է անել աշխարհում -
Պոետի սրտից
Դուրս գա՜լն  է դժվար:

Դու նրա Լո՜ւյսն ես, Անձրև՜ը,  Քամի՛ն,
Դու նրա Կի՜րքն ես, Դրո՜շմը շուրթի,
Դու նրա Մի՜տքն ես գալիք օրերի,
Դու նրա Ծաղկած
Այգին ես հուռթի…

Թող սուրբ չլինի՜ Քո պոետը խենթ…
Եվ ո՛չ էլ ծնված մի Սուրբ  քաղաքում,
Պոետի սրտում կամ պոետի հետ
Դու միլիո՜ն պատճառ
Ունես ապրելու…

Դու Կի՛ն ես - այրող խարույկի նման
Եվ ցավեցնելու հատկություն ունես,
Դու մեկ Մուսա՜ ես,  մե՛կ  էլ սատանա…
Պոետի աչքում
Դու հանգիստ չունես:

Հոգիդ համարձա՛կ ու տեսքդ գերո՛ղ,
(Ցանկալի լինել - պատճառներ չունես)
Պոետի նման էլ ո՞վ է կարող
Գեղեցիկ ձևով  
Մերկացնելու քեզ:

Մերկացնելու քեզ ի՛ր աչքերի մեջ,
Ի՛ր մեջ հանգցնել հրաբուխը քո,
Դու Կի՛ն ես, Կի՛ն ես և այնքա՜ն ես Մեծ-
Պոետի հոգում
Տեղավորվելու…

Քո ճանապարհը պոետի սի՜րտն է,
Դու՝ մի Աշխա՜րհ մեկ ուրիշ  Աշխարհում,
Քո Պոետը քո ցա՜վն է,  քո  վի՜շտն է,
Որից բաժանվել
Դու չե՛ս ցանկանում


Ս.Ումառ-Հարությունյան

Комментариев нет: