суббота, 23 апреля 2016 г.

Զինվորի Սիրտը


Զինվորին սիրելը - Հպարտություն է,
Զինվորին սպասելը՝ Պատիվ,
Զինվորը քո Խի՛ղճն է, քո Տո՛ւնը
Զինվորին մոռանալը՝ Պատիժ…

*
Սսկվել էին հրանոթները բոլոր,
Դադա՜ր  էր, գուցե կա՛րճ կամ երկա՜ր,
Հողե ակոսում նստած մի զինվոր
Կարդում էր սիրային մի նամակ:

Կարդալիս դողում էին շուրթերը,
Մատները շոշափում  ամեն տառ,
… Դաժան են կռվի օրենքները,
Ընդմիջումները՝ առավել դաժան:

Երբ հասավ «Համբուրում եմ…» բառին
Մոտերքում մի տանկ հռնդաց.
- Տղե՜րք, վե՛ր կացեք, թշնամի՜ն…
Նամակը ձեռքից ընկավ ցած:

Իր հո՛ղն էր պաշտպանում,
Իր սե՛րը,
Իր կրծքո՛վ էր պահում թշնամուն,
… Այսպես են ապրում զինվորները
Այս դաժա՜ն, արնախում աշխարհում…

*
Չէր հազում երկաթն օրվա ավարտին,
էլ չէր բաբախում սիրտը Զինվորի,

Քամին մեղավոր թևերին
Մի նամակ էր տանում սիրային …

Ս.Ումառ-Հարությունյան
22.04.16  Երևան


Комментариев нет: