суббота, 29 марта 2014 г.

"Երևանյան օրեր" շարք օր չորորդ

* * * 

Աղքատները դեմք չունեն:
Դեմքերը մաշվել գնացել են, թողնելով հետքեր:
Բայց դեռ հայացքները մնում են և եթե չես ուզում ինքդ քեզ նվաստացնել քո աչքերում, ապա պետք է բաց չթողնես այն հայացքները, որոնք քեզ շատ բան կասեն:

… - Պապ, ես լավ հիշում եմ, դրել եմ այստեղ, «Գարուն» ամսագրի մեջ, գիտե՞ս որ արդեն երրորդ ամիսն է հավաքում եմ, կոշիկ չունեմ, անհարմար եմ զգում մի տեղ գնամ:
- Անի ջան, լա՛վ նայիր, ես մորդ գերեզմանով եմ երդվում, չեմ վերցրել, համ էլ գիտես որ արդեն չեմ խմում, ինչքան ժամանակ է:
- Պապ, գոնե գերեզմանով չերդվեիր,- լաց է լինում:
- Վաղը, մյուս օրն էլ մամայի մատանին կանհայտանա, իմ մի քանի մելքեորի զարդերը, հետո էլ տունը կդնես գրավի… բա դու հա՞յր ես, ոչ աշխատում ես, ոչ…
Ապտակը շառաչես դստեր երեսին:
Ուշ հասկացավ, որ սխալվեց, բայց դե արդեն ետ չես վերադարձնի ժամանակը:
Առավոտյան մի թղթի կտոր տեսավ սեղանին.
«Ինձ չփնտրես, ապրիր ինչպես հարմար ես գտնում»:
Երկար փնտրեց հեռու, մոտ հարազատների մոտ, բայց անարդյունք:
Հետո պատահաբար իմացավ, որ մեկնել է Դոնի-Ռոստով՝ քեռու մոտ:
Փորձեց կապ հաստատել հեռախոսով, բայց աներձագը վիրավորեց ու արգելեց զանգել:

Կոնսերվատորիայի դիմացի այգու նստարանին գրքեր են շարված:
Վաճառողը քիչ այն կողմ, ծառին հենված ծխում է:
Էժանագին ծխախոտի ծուխն անտանելի է:
Հագին մաշված բաճկոն է, ճմրթված, որի վերևի գրպանի մոտ երևում է դեռ նախնադարից կպցրած ու այդպես էլ չպոկած մի կրծքանշան:
Մոտեցա ավելի շատ կրծքանշանին քան նրան նայելու համար:
- Լուցկի ունես չէ՞, կամ էլ կպցնեմ:
Անխոս մեկնում է լուցկու տուփը:
Կրծքանշանի վրա գրված է "Участник ВДНХ":
Ինժեներ է եղել երևի:
Այն ժամանակ դժվար էր նման տեղերում մասնակցելը:
- Մի բան վաճառվո՞ւմ է, - մի բան աելու համար եմ ասում:
- Քիչ-միչ, հիմա ո՞վ է գիրք առնում:
Կարդում եմ գրքերի վերնագրերը:
Մոտ երեսուն-քառասուն տարվա գրքեր են, շատերի վերնագրերը ծանոթ:
- Ի՞նչ գիրք գնեմ, ի՞նչ խորհուրդ կտաս:
Աչքերի մեջ վիրավորանք եմ նկատում ու շարունակում:
- Գիշերները քունս չի տանում, մեկ-մեկ կարդում եմ, օգնում է:
- Այ սա՛ վերցրու,- ցույց է տալիս «Առաջին մարդը տիեզերքում» վերնագրով գիրքն ու շարունակում:
- Մի հինգ էջ կկարդաս ու կքնես, ցանկացած քնաբերից լավ է, անվնաս օրգանիզմին:
- Իսկ ինչ արժե,- մոտս ընդամենը 1000 դրամ է ու հաստատ կզրկվեմ ճաշելու հաճույքից:
- Երեք հարյուրով կտամ:
Հրաժարվելն անհարմար էր, բարձրացրեցի գիրքը ու տեսա որ տակն էլ գիրք կա՝ Վ.Պետրոսյանի «Անի Դեղատուն»-ը: «Մի տես է ինչքան եմ ման եկել, հարցրել:»
- Իսկ սա ի՞նչ արժե:
- Դա թանկ է, աղջկաս սիրած գիրքն է, յոթ հարյուր դրամ, վերցնո՞ւմ եք, իսկ քնաբերը չեք ցանկանո՞ւմ:
Մեկնում են հազար դրամանոցը, երթուղայինի փող կմնա, տուն կհասնեմ:
Լուռ, խմող մարդուն հատուկ դողացող մատներով մեկնեց մանրը՝ երեք հարյուր դրամը ու երբ ձեռքիցս ուզում էր վերցնել «Առաջին մարդը տիեզերքում» գիրքը, գիրքը ձեռքից վայր ընկավ:
Գրքի միջից գետնին թափվեցին չորս հատ հիսուն դոլարանոց թղթադրամներ:

* * *
- Երևում է ինձ նման բախտ չունես, վերցնեիր էլի քնաբերը,- հավաքում է թղթադրամները:
- Համ ինձ լավ կլիներ, համ քեզ: Վերջին հազարանո՞ցն էր որ տվեցիր: Մի նեղսրտիր, վերցրո՛ւ:
Պարզում է գտնված հիսուն դոլարանոցներից մեկը:
- Անկեղծ, մաքուր սրտով եմ առաջարկում:

Դեմքը դատարկ է, թափանցիկ:
Թափանցիկ դեմքում պարզ երևում են մահացած հայ մտավորականներ խավի կերպարները, իսկ հայացքո՞ւմ… հայացքում մոլեգնում է ցավի ու վիրավորանքի կատաղած փոթորիկը:
Աղքատները դեմք չունեն:

Դեմքերը մաշվել գնացել են, թողնելով հետքեր:

"Երևանյան օրեր" շարք օր երրորդ

* * * 

Ժամանակը չի սպասում մարդուն:
Ժամանակը իր ահռելի մեծ քայլերով մոտենում է ու կուլ տալիս քեզ:
Այն ինչ եղել է երեկ, դա արդեն անցնում  է պատմության գիրկը:
Ի՞նչ կլինի վաղը, պետք չէ իմանալ
Գնահատի՛ր, փայփայի՛ր ժամանակդ, հատկապես ժամանակի այն հատվածը, որն անցնում է քեզ սիրելի մարդու հետ:

Այսօր կիրակի է ինչպես միշտ գնումներ կատարելու օր:
- Մեքենան հանիր մինչև իջնեմ, լա՞վ, ես հիմա սանրվեմ ու… պատրաստ եմ:
- Գիտեմ քո սանրվելը, մի կես ժամ կտևի:
- Ե՞րբ է այդպես եղել, որ…
Բնակարանիցս մինչև ավտոտնակ մի 10-12 րոպեի ճանապարհ է:
Ճանապարհն ասֆալտապատ չէ: 
Մեքենայի շարժիչը  տաքացրեցի, անցավ ևս 5-7 րոպե:
Երբ կանգնեցրեցի շենքի մոտ, կինս վերևից բղավեց:
- Նոր եմ մանիկյուր քսել, բարձրացիր, որ պայուսակներն իջեցնես:
Բարձրանում եմ 5-րդ հարկ:
Իջնում ենք միասին:
Անցավ 10 րոպե:
- Վայ, Գագ ջան, հեռախոսս մոռացա, կբարձրանա՞ս, ես բարձրակրունկներով եմ:
- Հեռախոսն ի՞նչիդ է պետք, մի կես ժամից երևի տանը կլինենք:
- Բա ՞որ մամաս զանգի, խնդրում եմ, ցավդ տանեմ:
Նորից բարձրանում եմ…իջնում… ևս 10 րոպե:
Ճանապարհը տևեց 35 րոպե, ամեն փողոցում փոքր, բայց ամեն դեպքում խցանումներ են:
… «Բիրիքնոց» կոչվող շուկայում կանգնեցնելու տեղ եմ փնտրում, մի կերպ տեղավորում եմ մեքենան սյան մոտ, առանց հաշվի առնելու որ իմ կողմի դուռը չեմ կարող բացել:
Մեքենայից իջա կողքի դռնով:
Առևտուրը տևեց 30 րոպե, խոսքը իմ կողմից կատարված առևտրի մասին է:
Կինս մոտեցավ 20 րոպե հետո:
Վերադարձանք:
Մինչև բարձրացրեցինք պայուսակները, ավելի ճիշտ ես երկու անգամ բարձրացա իջա, տևեց 20 րոպե:
Մեքենան նորից տարա ավտոտնակ:
Աստված իմ, ե՞րբ պետք է վերջապես հանգիստ պառկեմ հանգստանամ:
Հեռվից տեսա  շենքի մուտք մտնող հարևանիս՝ Համոյին, պայուսակները ձեռքին, երևի նա էլ է շուկայից գալիս:
- Համո, լիֆտը պահի մինչև գամ:
Վերելակում օղու անտանելի հոտ եմ առնում:
- Համո, ե՞րբ ես հասցրել, քո տունը շինվի:
- Խմածս 100 գրամ է, շուկայից եմ գալիս, Գագ ջան, բա դո՞ւ:
- Ոտքո՞վ ես գնացել շուկա:

- Հա, բա ինչ, ոտքով ընդամենը 15 րոպեի ճանապարհ է:

"Երևանյան օրեր" շարք օր երկրորդ

* * *
Անձրևից հետո քաղաքի ասֆալտը նմանվել է մոխրագույն վարդի:
Տեղ-տեղ հավաքված անձրևաջրերը փայլում են ամպերի տակից զգույշ ծիկրակող արևի թույլ ճառագայթներից:
Բնության հետ համահունչ ժպտում են նաև կանգառում հավաքված մարդիկ:
Կարծես միայն թերթի կրպակի աշխատողի դեմքն է, որ մտախոհ է:
Միգուցե նրանից, որ գնորդ չկա, թե արդեն նորությունները չեն հետաքրքրում մարդկանց:
Օպերայի վրա տեղադրված ժամացույցը շարժվում է չափից արագ, ժամը 19.40 րոպե:
Այդպես է թվում այն աղջկան, որը երևի ժամադրված է ու սպասում է անհանգիստ, քանի որ ժամադրության հավանական ժամը երևի եղել է 19.30 կամ 19.00:
Հետաքրքրության և ալարկոտ հետաքրքրության վեճը միշտ ավարտվել է առաջինի հաղթանակով:
Մի քայլ մոտեցա աղջկան ու ավելի ուշադիր նայեցի:
Անկախ ինձնից ես էլ եմ նայում ժամացույցին:
Իրոք որ շատ արագ է գնում ժամանակը:
- Ժամը քանի՞սն է,- թոռան ձեռքը բռնած մի պապիկ է հարցնում ինձ:
Աչքերով ցույց եմ տալիս օպերայի վրայի ժամացույցը:
- Սրանց ժամն էլ է սխալ, տղա ջան, բջջայինով նայիր:
- Սրանց, ո՞ւմ…
Երբ ձեռքս տարա հեռախոսս հանելու, բարձր լսվեց հեռախոսի զանգ:
Աղջիկն անհամբեր միացրեց հեռախոսն ու մոտեցրեց ականջին:
Անցավ ուղիղ երկու րոպե ու պարզ երևում են աղջկա աչքերից գլորվող արցունքները:
- Արժե՞ այսքանից հետո ապրել, երբ արդեն ապրել եմ կյանքիս լավագույն օրը:
Նա նույնիսկ այդ վիճակում այնքան գեղեցիկ էր, որ նրա հարցը կարծես մի ապտակ լիներ կենդանի կյանքին:
Արժե՞ ապրել: Կարծես թե մարդն ունի ընտրություն:
Մոտեցած երթուղային տաքսուն աղջիկը ինձնից առաջ մոտեցավ, կարծես առանց համարը նայելու:
Անտարբեր բարձրացավ:
Կողքն ազատ էր:
Նստեցի:
Մեքենայում, մագնիտոֆոնից լսվում էր իրեն երգիչ համարող մեկի բղավոցով ձայնը:
Կարծես մեկի բացված վերքին Թուրքիայում արտադրված աղ էին լցնում:
Աղջիկն ականջակալները հագցրեց ականջներին:
Երևի չի օգնում, որովհետև մի քանի վայրկյան անց հանկարծ հանեց ականջակալներն ու դիմեց վարորդին:
- Անջատեք, հա՞, այնքան էլ բարձր է…
- Ինչո՞ւ, քույրիկ ջան, քո այդ անճաշակ սիմֆոնիաներից լա՞վ չի, ուզո՞ւմ ես Թաթուլ դնեմ:
- Թո'ղ երգի, եթե քեզ խանգարում է կարող ես իջնել, - տարիքով մարդ է ասողը, հին մարդկանցից, որոնք ամբողջ կյանքում ջուր են լցրել ուրիշի ջրաղացին:
Վարորդն անջատեց երաժշտությունը:
- Լավ, լավ, ուզում էի կուլտուրական սպասարկել, չեղավ: Անցած տարի խոպան էի գնացել,- դիմում է կողքը նստած երիտասարդին,- եկա տեսա հարսս թոռանս տվել է թագջութագի (երևի խոսքը թավջութակի մասին է), կատաղեցի, հանեցի տարա դհոլի բաժին:
Շարունակությունը չի լսվում:
Աղջիկը ցածր ձայնով խոսում է ինքն իր հետ:
« Նա էլ է երաժիշտ, թավջութակ է նվագում, ֆիլհարմոնիկի նվագախմբում: Վաղը հյուրախաղերով մեկնում են Հունաստան: Միայն ինձ է ասել, որ էլ չի վերադառնալու: Վերջին անգամ էլ չեկավ ժամադրության: Ատում եմ կյանքը:»
Վեր կացավ անսպասելի, ափերով փակեց բերանը, սրտխառնոց ուներ:
- Կանգնի'ր, այստեղ կանգնի'ր, - չգիտես ինչու անսպասելի գոռացի վարորդի վրա:
Օգնեցի աղջկան իջնելու:
Երթուղային տաքսին շարունակեց իր վազքուղին:

Մեքենայում շարունակում էին երգել Թաթուլը, Արմենչիկը կամ  չգիտեմ թե էլ ով: 

"Երևանյան օրեր" շարք օր առաջին

* * * 


Եղանակը բանի նման չի:
Կապույտ երկինքը ծածկվել է մոխրագույն կարկատաններով, հոնքերը կիտել ու կարծես սպասում է ինչ որ բանի` միանգամից իր ասելիքն ասելու:
Դե երկնքի ասելիքը անձրևը պետք է որ լինի ու թույլ փչող քամին դա հասկանալով աշխատում է արագացնել ընթացքը:
Կանգառում հավաքված մարդիկ աչքերով փնտրում են սպասվող անձրևից թաքնվելու տեղ:
Որտեղի՞ց կամ ինչպե՞ս կանգառում հայտնվեց այդ կինը, ոչ ոք չհասկացավ:
Երևի գյուղից է, կամ տանից  քաղաք է դուրս եկել բավականին ուշացած ժամանակով:
Ամեն մոտեցող ավտոբուսի կամ «Գազելի» մոտենում է, փորձում կարդալ թե որ երթուղով է գնում ու նորից վերադառնում ծառի տակ, սպասելով հերթական տրանսպորտին:
Կանգառում բոլորի դեմքին ժպիտ է:
Կանգառին մոտեցավ հերթական ավտոբուսը:
Նրանք ովքեր պետք է որ նստեին մի պահ կանգ առան, երևի սպասելով հին մատներով կապոց-տոպրակն ամուր սեղմած կնոջ մոտենալուն, մտածելով, որ կօգնեն:
Այս անգամ մոտեցավ առջևի բացած դռանը:
Դռնից իջնում էր կանաչ շրջազգեստով ու վարդագույն կոշիկներով մի հաստամարմին կին:
- Այ պառավ, տե՞ղ ես գտել կանգնելու, ճանապարհ  տուր իջնենք: Օ~ֆ, էս գեղացիք ամեն տեղ պետք ա խանգարեն:
Կինը քիչ կողմ քաշվեց առանց պատասխանելու:
Երբ դռնից էլ իջնող չկար գլուխը ներս մտցրեց ու դիմելով վարորդին հարցրեց:
- Տղա ջան, հիվանդանոց հասնո՞ւմ ես:
- Ո՞ր հիվանդանոց, մայրիկ:
- Էն որ գլխավորի անունը Ռազմիկ է:
- Չգիտեմ, հիվանդանոցի անունն ասա:
- Չեմ հիշում բալա ջան, գիտեմ, որ մեր նախագահի պարտիայի հիվանդանոցն ա:
- Բոլորն էլ իրանն են էլի, թե նստում ես, արագացրու:
Մի ուսանողուհի ներսից մոտեցավ դռանը:
- Գնում է տատի ջան, նստի'ր,- ձեռքը պարզեց, որ օգնի բարձրանալու:
- Ապրի արևդ աղջիկ ջան, հաստատ գնում ա, չէ՞, Գարեգինս երևի մեռավ ինձ սպասելով:
- Գնում է տատի ջան, քեզ Հանրապետական հիվանդանոցն է պետք, կհիշե՞ս:
- Էդ նախագահինն ա, չէ՞:
Նստեց, կապոցը դրեց գոգը ու նայեց շուրջը:
Հետո իրեն նստելու տեղ տված, կանգնած աղջկան դիմելով հարցրեց:
- Բա տոմսավաճառն ո՞ւր ա:
- Չկա', մայրիկ ջան,
- Ֆրանսիա է տեղափոխվել, - սրամտեց  աջ կողմում նստած ծաղկավոր փողկապով մարդը:
Աղջիկը նայեց նրա կողմն ու նորից դեմքով դարձավ դեպի կինը:
- Իջնելուց փողը կտաս վարորդին, ինքը քեզ կասի որտեղ իջնես:
- Ինչքա՞ն եմ տալու,- աչքերը տագնապալից են:
- Հարյուր դրամ:
- Որ գաթա տամ կլինի՞, մաքուր տնական, խորիզով սարքած, Գարեգինս շատ է սիրում:
- Չգիտեմ մայրիկ ջան, իրեն հարցրու, Գարեգինն ո՞վ է:
- Ի~, մեղա քեզ..,- խաչակնքեց ու նայեց կողքերը:
- Մարդս է, բա ուրիշ ո՞ւմ անունը պետք է տամ: Շտապօգնությունով են տարել, տանեմ հասցնեմ կարող ա վերջին անգամ ա, ձեռքիս թխածը թող ուտի, նոր ինչ լինում է, Աստծո կամքն է:
- Լավ տատի ջան, քեզ հաջողություն, քո  ամուսնուն էլ առողջություն, ես պետք է իջնեմ:
Մոտեցավ վարորդին ցածր ձայնով ասաց:
- Երկու հատ, տատիկից փող չվերցնեք, այ այստեղ կպահեք:
Կինն աչքերով փնտրում էր մեկին երևի խոսելու համար:
Ավտոբուսում լսվեց վարորդի ձայնը:
- Մայրիկ ջան, տուր տեսնենք էդ ի՞նչ գաթա ա, քո սարքածը համով կլինի:
Կինն արագ բացեց գոգի կապոցը:

… Ավտոբուսում  անտարբեր, դավաճան լռությունն էր ու մի ձեռքով ղեկը բռնած, մյուս ձեռքով գաթան բերանը տանող վարորդը:

Հանդիպում


* * *
Բոլորի Պահապան Հրեշտակները կարգին Հրեշտակներ են: Իմ Պահապան Հրեշտակը մի հաստավիզ անկյալ է, որ ոչինչ չի անում:
Ոչ մի անգամ չի երևացել աչքիս, բայց իր գոյությունը միշտ ցույց է տալիս:
Հաճախ էլ առանց ինձ տեղյակ պահելու գնում է արձակուրդ:
Գլուխը` քարը: Գնում է, թո´ղ գնա: Բայց իմ հույսերից ու գաղափարներից անպայման վերցնում է ինչ որ բան, խցկում իր հնամաշ, քրքրված պայուսակը ու տանում:
Վերադառնում է անսպասելիորեն՝ հանգստացած, կազդուրված, հիվանդագին երևակայություններով ու անցնում է գործի:
Սկզբից փորձում է պարզել, թե ինչեր եմ արել առանց իրեն: Հետո իր կոպիտ ձեռքը թափ է տալիս օդում ու նորից, առանց իմ համաձայնության սկսում իր` ինձ հավասար` ներկայությունն իմ կյանքում:

* * *
Ձյուն է գալիս:
Արդեն երկրորդ օրն է:
Ինչպե՞ս եմ հասնելու այս սառած ճանապարհներով:
Մի՞գուցե զանգեմ…
- Կարե´ն, ողջո´ւյն: Կարո՞ղ ես ինքդ գալ, ճանապարհներն ամբողջովին սառած են: Իհարկե´, կարոտել եմ: Կսպասես հարևան շենքի մոտ, բակ չմտնես: Համբուրում եմ:
Խոհանոցում էր ու չլսեց, թե ինչպես բացվեց դուռը:
- Լիլի՞թ, տա՞նն ես: Սոված եմ, արագացրո´ւ:
Արդեն երեք տարի է` նույն սցենարն է` <Սոված եմ, արագացրո´ւ>, <Ֆուտբոլ եմ նայելու, չխանգարե´ս>, <Ինչպես ուզում ես, այնպես էլ արա´>, <Երեխա՞, դեռ շուտ է, ինչպե՞ս ենք պահելու>, <Հիվանդ ես, գնա´ մորդ տուն>…
- Լվացվի´ր, հիմա բերում եմ: Կամ գուցե խոհանոցո՞ւմ Ճաշենք:
- Ինչպես ուզում ես, միևնույնն է:
Ճաշից հետո` ափսեները լվանալիս, երբ ամուսինը վառեց ծխախոտը , Լիլիթը  սկսեց խոսակցությունը.
- Մայրս վատառողջ է: Պետք է մի երկու օրով գնամ: Ճաշ կա սառնարանում: Կդիմանա՞ս առանց ինձ:
- Գնա´, ինչպես կուզես: Բայց ճանապարհները…
- Ոչի´նչ, մի կերպ կհասնեմ: Կարևորը դու ես:
Քմծիծաղն ամուսնուն ոչինչ չասաց:

* * *
Շենքի մուտքից դուրս թռավ գլխաբաց: Մազերը սառը քամուն ու ձյանը հանձնած` վազեց դեպի հարևան շենքը:
Կարենը դուրս թռավ մեքենայից ու ձեռքերը պարզած` վազեց ընդառաջ:
Գրկախառնվեցին: Մի քանի րոպե անշարժ նայում էին իրար, հետո ժպտացին ներկա անհավանականությունից:
Միաժամանակ գլուխները թափ տվեցին ձյունից ազատվելու համար ու նստեցին մեքենան:

* * *
Քանի դեռ Կարենը խոհանոցում սուրճ էր պատրաստում`  քթի տակ ինչ-որ մեղեդի երգելով, Լիլիթը սկսեց ուշադիր նայել միջանցքի պատերին կախված նկարները:
Քանի-քանի անգամ էր տեսել, բայց էլի հետաքրքիր էր:
Խոհանոցից լսվեց Կարենի ձայնը.
- Ամուսնուդ ի՞նչ ասացիր, որ կարողացար դուրս գալ տանից:
- Ասացի մի երկու օրով գնում եմ գյուղ` մորս մոտ: Ասացի` վատառողջ է: Կինդ էլ այդպես քեզ է ասել, չէ՞,  որ գնացել է Նոր տարվա այս օրերին:
- Դե, նրա մայրն իրոք հիվանդ է, այնպես որ….
- Դե, լա´վ, վերջացրո´ւ, ինչպես իմն է հիվանդ, այնպես էլ` նրանը,- քթի տակ ասաց Լիլիթն ու մտավ հյուրասենյակ:
Հյուրասենյակում` բազկաթոռին նստած էր մի կին ու նայում էր պատուհանից դուրս:
Լիլիթին  թվաց, որ տասը-տասնհիգ րոպե անցավ, մինչև ուշքի եկավ:
Կինը շարունակում էր նստած մնալ ու գլուխը չշրջեց նրա քայլերի ձայնից:
Հազիվ էր ուշքի եկել, երբ հասկացավ, որ կինը շատ-շատ` ինչպես ջրի երկու  կաթիլ նման է իրեն:
Լիլիթին թվաց, թե ուղիղ կանգնած է հայելու դիմաց, բայց չգիտես ինչու` տեսնում է միայն սեփական կիսադեմը:
Երևի զգալով Լիլիթի հարցական ու վախեցած հայացքը` անծանոթուհին շրջվեց դեպի Լիլիթը:
Նրանց աչքերը հանդիպեցին:
Լիլիթի դեմքը սկսեց այրվել բարկությունից:
Անծանոթուհին զարմանքով հոնքերը բարձրացրեց, ու հայացքն արտահայտում էր տեսիլք տեսնելու վախ:

* * *
Ներս մտավ Կարենը` սկուտեղը ձեռքին:
- Ի՞նչ եղավ, Լիլի´թ, առաջին անգա՞մ ես իմ տանը:
- Միգուցե ծանոթացնե՞ս մեզ, - ձեռքով ցույց տվեց բազկաթոռը:
- Լավն է, չէ՞: Ասես քո կրկնօրինակը լինի: Ամանորի` քո նվերն է: Կարենը մոտեցավ, բազկաթոռից բարձրացրեց գեղեցիկ տիկնիկին ու մեկնեց Լիլիթին.
- Երբ խանութում տեսա, հասկացա, որ շատ լավ նվեր կլինի քեզ համար: Իսկ վարդակակաչները խոհանոցում են… Պատկերացնո՞ւմ ես, ձմռանը` վարդակակաչներ…
- Ես ննջարանում եմ միշտ դնում:
Տիկնիկը սեղմած կրծքին` Լիլիթը նայում էր դատարկ բազկաթոռին:

* * *
Սուրճ խմելիս Լիլիթն անընդհատ նայում էր բազկաթոռի կողմը, որտեղ տիկնիկն էր:
Կարենն ինչ- որ բան էր պատմում, տալիս հարցեր, որոնց գլխով պատասխանում էր` առանց հասկանալու:
Հետո զգաց Կարենի ձեռքը շրջազգեստի տակ, զգաց շուրթերին նրբորեն հպվող` նրա բեղերը:
Պե´տք է, որ մոռանար ամենն, ինչ աչքին երևացել էր, բայց չէր ստացվում:
- Երկու օր մերն է, չէ՞, Լիլիթ: Քնելու ժամանակն է….
-Այո, ցնցուղ ընդունեմ….

* * *
Երբ դուրս եկավ լողասենյակից`սպիտակ խալաթը հագին, Կարենն արդեն պառկել էր:
Զգույշ մոտեցավ հյուրասենյակի դռանն ու ներս նայեց:
Տիկնիկը, բազկաթոռի մեջ էր, դեմքով` դեպի պատուհանը::
Մտավ ննջարան:
- Ի~նչ գեղեցիկն ես խալաթով, Լիլի´թ: Գիտե՞ս ինչու եմ քեզ սիրում:
Լիլիթը մտավ անկողին:
- Ինչո՞ւ, որովհետև կնոջդ չես սիրում: Քանի որ քեզնից ութ տարով մեծ է, մեծահարուստի քույր  է
Կարենը համբույրով լռեցրեց նրան:
Անշտապ ճանապարհորդության դուրս եկած Կարենի ձեռքերը սկսեցին շարժվել` ամեն մի շարժման հետ մի ջերմ ալիք ներարկելով մարմնին:
Մոռացած ամեն ինչ` Լիլիթը զգաց, որ իր մեջ բարձրանում է ցանկությունների հավերժական հոսքը` պարուրելով գիտակցությունն ու ապագայի հույսերը:
Այսօր ոչինչ սովորականի նման չէր` ո´չ ձեռքերի հպվելը, ո´չ գրկախառնություննները, ո´չ մարմինների անհավանական ձգտումն իրար:  Կարծես ամեն մեկն առանձին-առանձին դարձել էր հակառակ սեռի ցանկությունների տերն ու տիրուհին:

Իրար ընդառաջ էին գնում Նա և Նա` ունենալով ԱՅՍՕՐ: Իսկ եթե ունես ԱՅՍՕՐ, կունենաս Վաղը, բայց, ա´յ ,ԱՊԱԳԱ Ո՞վ գիտե` կունենա՞ս, թե ոչ:
Հանդիպումն ընդամենը քառասունութ ժամ էր ու կանցներ, ինչպես  քառասունութ վայրկյան:
Ապագան կարող էր լինել վաթսուն, ութսուն կամ չգիտես, թե քանի ժամ հետո:
Կար ԱՅՍՕՐԸ,  կար զգացմունքը, կար կիրքը, ու այդ ամենը, լցվելով մարմինների մեջ, վերացնում էր ամեն ինչ:
Անկողնուն ասես լիալուսնի ամբողջական արտացոլումն էր` փոքրիկ պարզ լճի վրա:Նրանց շուրթերին առավոտյան ցողի թարմ կաթիլներ  էին: Երջանիկ էին` դառնալով բնության անքակտելի մի մասնիկը:
Երջանի՞կ:

* * *
Մի անգամ մի Իմաստուն աշակերտների ներկայությամբ ապակյա անոթում լցրեց քարի կտորներ: Երբ անոթը լցվեց բերնեբերան, նա հարցրեց աշակերտներին.
- Լցվե՞ց, էլ տեղ չկա՞:
- Չկա´,- պատասխանեցին աշակերտները:
Իմաստունը վերցրեց ավելի մանր քարի կտորներ ու նորից լցրեց անոթի մեջ:
Մանր քարի կտորները լրացրեցին ավելի մեծ կտորներից առաջացած ազատ տարածքները:
Իմաստունը նորից հարցրեց.
- Լցվե՞ց, էլ տեղ չկա՞:
- Չկա´,- պատասխանեցին աշակերտները:
Այնժամ Իմաստունը վերցրեց ու անոթը լրացրեց ավազով:
Ավազահատիկները լցվեցին բոլոր մնացած ազատ տարածությունները:
Իմաստունը շարունակեց.
- Հիմա այս անոթի օրինակով ճանաչեք Ձեր կյանքը: Կարո՞ղ եք:
Աշակերտները չգիտեին ինչ պատասխանել….
 …- Քարի մեծ կտորները խորհրդանշում են Ձեր կյանքի կարևոր մասը՝ ընտանիք, սիրելի կողակից, երեխաներ…
Մանր քարերը` աշխատանք, տուն, արտաքին տեսք…
Ավազը`ամենօրյա ունայնությունն է:
Եթե անոթը սկզբից լցնեք ավազով ապա տեղ չի մնա խոշոր և մանր քարերի համար:
Այդպես էլ կյանքն է:

* * *
Կարենը նորածնի պես քնած էր:
Երևի գոհ կյանքից:
Բախտից:
Ունեցածից:
Լիլիթը մերկ մարմնի վրա գցեց խալաթն ու գնաց խոհանոց` ծխելու:
Միջանցքով անցնելիս մի վախվորած հայացք նետեց հյուրասենյակ ու տեսավ բազկաթոռի մեջ նստած տիկնիկին:
Մտավ խոհանոց, բացեց օդանցքը:
Վառեց ծխախոտն  ու թիկունքով զգաց ինչ-որ մեկի ներկայությունը:
Վստահ էր, որ Կարենը չէ: Ու չգիտես ինչու` չվախեցավ այս անգամ:
Առանց շրջվելու հարցրեց.
- Դե՞, ի՞նչ կասես:
- Թե ինչո՞ւ եմ քեզ նման:
- Նաև այդ:
- Ես` Դու ես:
- Չհասկացա:
- Ի՞նչ կա չհասկանալո՞ւ: Ես` Դու ես: Հիմա պա՞րզ է:
- Իսկապե՞ս, Դու` Ե՞ս եմ, Ե՞ս` Դու ես: Ծխի´ր,- մեկնեց տուփը:
- Ես չեմ ծխում,- ժպտաց:
- Իսկ ես ծխում եմ, վաղուց: Հիմա ի՞նչ կասես, Դու` Ե՞ս եմ:
- Ես չասացի, որ քո կրկնօրինակն եմ, ասացի, որ Ես` Դու ես: Այն Դու-ն, որին սիրում է Նա:
- Ո՞վ, - Լիլիթը ձեռքը մեկնեց դեպի ննջարանը:
- Ո´չ, մեր ամուսինը, որը քեզ պատկերացնում է ԻՆՁ նման: Ինձ սիրում է, քեզ տանել չի կարողանում:
Լիլիթի ձեռքից ծխախոտն ընկավ:
- Ինչպե՞ս թե, ինչո՞ւ, ինչե՞ր ես դուրս տալիս:
- Ես նրա հետ կարող եմ լինել օրական քսանչորս ժամ: Ընկերացել եմ նույնիսկ նրա Պահապան Հրեշտակի հետ: Մենք երեքով ենք ՄԻՇՏ, իսկ դո՞ւ, խնդրե´մ,- ձեռքով ցույց տվեց դեպի ննջարանը:
- Բայց ես  Կարենին սիրում եմ:
- Նա ի´նձ  էլ է սիրում, ապացուցե՞մ, -  չսպասելով պատասխանի` անձայն վազեց  դեպի ննջարանն, ու մինչև Լիլիթը կհասներ իր հետևից, մտավ անկողին:
Կարենը քնի մեջ գրկեց անկողին մտածին:
-  Ո~նց եմ սիրում եմ: Ծխելու ժամանա՞կ էիր գտել ,- համբուրեց շուրթերը, հետո գլուխը զգույշ դրեց կրծքին:
- Սիրում եմ համբուրել ուսիդ զույգ խալը, գժվո~ւմ եմ: Ինչո՞ւ ես հագնված, ե՞րբ հասցրեցիր:
Շրջազգեստից մերկացրեց աջ ուսն ու համբուրեց երկու`կողք-կողքի փոքրիկ խալերը:
Նորից քնեց:
- Ի՞նչ արեցիր, - Լիլիթը երկու ձեռքով բռնած երեսը` ծնկած հատակին` արտասվում էր:
Երևույթը վեր կացավ անկողնուց, ուղղեց շրջազգեստը, արհամարական նայեց Լիլիթին:
- Գիտես ինչո՞ւ քեզ չեն սիրում ո´չ սա, ո´չ էլ ամուսինդ: Չգիտեմ, հասկանա՞ս արդյոք:
Դու չես կարողանում նրանց տալ իրենց ցանկացածը: Որովհետև Դու գաղափար  իսկ չունես, թե նրանց ինչ է պետք:
Լիլիթը լուռ վեր կացավ, սկսեց հագնվել ու հավաքել իրերը:

* * *
Ցուրտը կարծես ականջներում ինչ -որ բան էր շշնջում:
Լիլիթի քայլերը հաստատուն էին ու վստահ:
<Բոլորի Պահապան Հրեշտակները կարգին Հրեշտակներ են, իմ Պահապան Հրեշտակը մի հաստավիզ անկյալ է, սրիկայի մեկը:
Ոչ մի անգամ չէր երևացել աչքիս: Ինչո՞ւ այսօր ցույց տվեց իր գոյությունը, չհասկացա: Չնայած շատ բան պարզվեց>:

* * *
Մոտ երկու ժամ հետո` գիշերվա երկուսին կանգնած էր իր դռան առաջ:
Բանալիով զգույշ բացեց դուռը:
<Քնած կլինի, չարթնացնեմ: Կոնյակ ու շոկոլադ եմ գնել: Առավոտյան այլ կերպ կվերաբերոեմ քեզ: Ես հասկացա քեզ, սիրելի´ս, կներես ինձ: Գիտեմ, որ սիրում ես>:
Ննջարանի դուռը կիսաբաց էր:
Ականջին շշնջոցներ հասան, խուլ ծիծաղ, ցածր հազ…
Նայեց ներս:
Մահճակալի կողքը դրված պահարանիկի վրա՝ ծաղկամանի մեջ վարդակակաչների մի փունջ էր:
Իր անկողնում՝ ամուսնու գրկում տեսավ  արդեն ծանոթ կնոջը`աջ ուսին երկու փոքրիկ խալերով:
Հետո լսեց ամուսնու ցածր ձայնը.
- Սիրում եմ համբուրել  ուսիդ զույգ խալը, գժվո~ւմ եմ:
Անկարող զսպելու արցունքները` գլխիկոր դուրս եկավ տանից:
Երբ բանալիով փակում էր դուռը, պայուսակում սկսեց զնգալ բջջայինը:
Անհամբեր նայեց զանգող համարին:
Եղբայրն էր:
- Ալո´, այս ժամին ի՞նչ է եղել, Վահա´գ, ինչո՞ւ ես զանգում:
- Լի´լ, լա՞ց ես լինում: Երևի զգացե՞լ ես, հա՞: Կարո՞ղ ես տաքսիով գալ: Մաման շատ վատ է, քեզ է ուզում:
Մի կերպ բռնվեց աստիճանաձողերից:
Հետո կարծես մի ձեռք իր ձեռքը պոկեց աստիճանաձողերից ու ինքը գլորվեց աստիճաններով ներքև:
Երբ բացեց աչքերը  աստիճանավանդակում մենակ էր:
Նայեց միջանցքի առաստաղին, փորձեց շարժվել, չկարողացավ:
<Բոլորի Պահապան Հրեշտակները կարգին Հրեշտակներ են, իմ Պահապան Հրեշտակը Պահապան Սատանա է` հաստավիզ մի անկյալ, որ ոչինչ չի անում>:

Ս.Ումառ