среда, 30 декабря 2015 г.

Փնտրո՜ւմի աչքեր…



Անորոշ մի ցա՛վ է մենակ մնալը,
Նման է ձմռանը,
Երբ նահանջում է նույնիսկ Արեգակը:
Մխիթարա՞նք է թե՞
Ինքնախաբեություն,
Թե՞ ցրտից ցավն է
Սեղմվո՜ւմ
Փոքրանո՜ւմ
Դառնում պոտենցիալ մի հուժկո՛ւ հարված,
Որ չես իմանում թե ե՞րբ,
Ո՞ր ժամին
Կպայթի հանկարծ -
Կվարակի քեզ մի հիվանդությամբ «դատարկ» անունով
Կմնա որպես առեղծվա՜ծ կամ
Բնավորությո՜ւն…

Դու մի՛ զարմացիր…
(Ճիշտն ասած հաճախ ինքս եմ զարմանում)
Որ Սերն ամեն ինչ մոռացել
Դարձել է մի ծանր
Բնավորություն…

Դու մի՛ բարկացիր…
(Չնայած ինքս եմ հաճախ բարկանում)
Որ խելակորույս այս հերթերի հերթում
Ոտքե՜րդ եմ փնտրում,
Դատարկ սենյակում խլուրդի նման
Հե՜տքդ որոնում
Ու չգտնելով՝
Պատուհաններիս ապակիներին
Աչքեր եմ դառնում…

Փնտրո՜ւմի աչքեր…
Դու մի՛ նեղսրտիր,
Որ փնթփնթան եմ ես այսպես դարձել:

Գուցե ինձ նման սե՞րս է ծերացել
Կամ իմաստացել
Այն աստիճանի, որ որոշել է
Կտրուկ մոռանալ քեզ,
(Միամիտ բանաստեղծ,
Միթե որոշմամբ են սիրուց ազատվում
Կամ էլ ասենք թե սեփական արյունդ խմած այն փայտոջիլի պես,
Որին մի մատով սեղմում ես պատին ու
Սատկացնո՜ւմ, սատկացնո՜ւմ…)

Ո՜չ,
Իրո՛ք դժվար է ամե՜ն ինչ ջնջել
(Ես հո Աստվա՞ծ չեմ, որ բնավորություն ջնջեմ)

Ստիպված քաշո՜ւմ եմ
Սիրո հուշերիս երկար շարանը
Անկյունից-անկյուն,
Ինքնախաբեությո՞ւն, թե՞
Սահմանին հասած սիրո ծերություն…

Է՜հ, ո՞վ իմանա,
Ո՞վ կդիմանա…

Երևի միայն,
Միա՜յն Դու…..

Ս.Ումառ-Հարությունյան


Комментариев нет: