пятница, 30 ноября 2018 г.

ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ (3)




Այսօր մի սովորական օր է,
Սովորական առավոտ,  
Սովորակ առավոտյան սուրճ,
Սովորական կանգառ,
Սովորական, շտապող մարդիկ  ու մի սովորական տղա, ականջակալներն ականջներին, ամեն ինչին անտարբեր…

Նա չգիտի, որ քիչ հետո կհանդիպի մի սովորական թվացող գեղեցիկ աղջկա և մի սովորական օր առաջարկություն կանի ու չի մերժվի:
Նա չգիտի, որ հետո կխնդրի այդ աղջկան իր համար աշխարհ բերելու մի հրաշք և այդ աղջիկը կկատարի իր խնդրանքը ու բացի հրաշք աշխարհ բերելուց ինքը կդառնա հրաշք՝ մայր ….ու տղային կդարձնի կրկնակի հրաշքների պահապան-հրեշտակ:

Մի պահ անտանելի ցանկություն առաջացավ ներկա լինելու այդ ամեն ինչին անտարբեր տղայի հարսանիքին ու տեսնել թե ինչպիսի բերկրանքով կբռնի իր հարսնացուի ձեռքը ու կմոտենա հյուրերին, իր գեղեցկուհուն ծանոթացնելու կամ օրհնանք, բարի ցանկություններ լսելու համար…

Մի սովորական կանգառ էր՝ իմ կանգառը ու տղային թողնելով  իմ երևակայական աշխարհում, սրտի դողով իջա մեքենայից:
Շուրջս սովորական մարդիկ էին ու անսովոր դեմքերով նայում էին իմ ժպտացող հայացքին…

Շատերին թվում էր թե մի հիվանդ մարդ եմ, որն ինքն իրեն ժպտալով ուղղակի քայլում է…առանց իմանալու, որ քայլում է դեպի դատարան, որպես փաստաբան ներկա լինելու ամուսնական բաժանման մի զզվելի դատի:


Комментариев нет: