пятница, 27 июля 2018 г.

Մենություն...



Իսկ դուք ծանո՞թ եք Մենությանը,
Եթե ո՜չ,
ցավո՜ւմ եմ Ձեզ համար,
Նշանակում է ծանո՜թ չեք ձեր բնությանը
Եվ գաղտնիքներին անհամար:

Նշանակում է
Խոսե՜լ  չգիտեք, լսե՜լ  չգիտեք ինքներդ Ձեզ,
Նշանակում է
Գիշե՜ր ու ցերե՜կ անծանոթ մի ձայն է
զրուցում ձեզ հետ:

Նշանակում է
տեսնե՜լ  չգիտեք
Ի՞նչպես են ուռենու կախված վարսերը
համբուրում վազող գետակին,
Ի՞նչպես է բացված ծաղիկն իր շուրթե՜րը
Հպում հեռացող թիթեռին:

Չգիտեք ի՞նչպես է լռում ջութակը,
Ի՞նչպես է Լուսինը փա՜յլն իր կորցնում,
Երբ միլիո՜ն տարեկան իմաստուն արեգակը
Մենության առաջ գլո՜ւխն է կախում…

Չգիտեք գիշերվա անթափանց գո՜ւյնը
Ի՞նչպես է քսվում աչքերին,
Ի՞նչպես է մո՜ւթը գտնում իր բո՜ւյնը
Սև կոչված սրտի պատերին:

Չգիտեք ի՞նչպես է ընկնում զարկերակը՝
Ուղղվո՜ւմ, դառնում ճառագայթ…
Ի՞նչպես է մահվան դատարկ պատգարակը
Դանդա՜ղ օրորվում աչքերի առաջ:

Մենությունը դարձել է խարա՜ն-
Եվ հոգո՜ւ և մարմնի՜ կառափնարանը,
Ի՜նքս էլ չգիտեմ,  ցավե՞մ ձեզ համար
Թե՞ նախանձեմ,  որ ծանո՜թ չեք
Մենությանը…


Комментариев нет: