«Ինձ ո՛չ ոք
չի սպասում»
Հնչո՜ւմ է
աղոթքի նման,
Տխո՜ւր
աղոթքի
(Ուրախ
աղոթքներ չեն լինում հարկավ)
Իսկ եթե
իրոք չե՛ն սպասում
Մնում է
թողնե՜լ,
Հեռանա՜լ…
Հեռանալ
սևամորթ գիշերը սրտում,
Հույսերը
քամու թաթիկներին հեզ,
Առանց
բացատրել թե ի՞նչ ես թողնում
Եվ ո՞ւմ ես
թողնում,
Հեռանում
հավերժ…
Ես ողջ
կյանքում
Թևածել եմ
սովորել,
Ամպերին եմ
հպվե՜լ, գգվե՜լ
Կուրծքը
շոյել արևի
Եվ բույրերն
եմ հոտոտել
Որ բերել է
ինձ քամին…
Աստղերի հետ խենթացե՛լ եմ,
Կայծակի հետ բղավե՛լ,
Հեռանալու գաղջ
ու տխո՜ւր արվեստը
Տակավին չեմ
սովորել …
Ես չգիտեմ
Ե՞րբ,
Որտե՞ղ
և ինչպիսին
է լինելու
Իմ Դա՛տը,
Բայց մի բան
գիտե՜մ,
Որ Ե՛ս եմ
լինելու
Եվ դատավորը
և մեղադրյալը,
Ե՛ս եմ
լինելու մեղադրող կողմը
և վկան և
փաստաբանը:
Կյանքի
հմուտ ոտքերի տակ
Հոգիս շատ է
ամրացել -
Դրանից
է՝գիտեմ հաստատ
Որ չեմ լինի
խղճալի՝
Դողդողալով
չեմ մոտենա
անմեկնելի
վախճանին…
«Ինձ ո՛չ ոք
չի սպասում»
Աղո՞թք է,
Բողո՞ք,
Թե՞ փաստացի
լուր…
…Արդարության
ձախակողմյան նժարում
Հացի փոքրիկ
մի կտոր է,
Իսկ
մյուսում խորտակված
անուրջների
մի բլուր…
Ս.Ումառ-Հարությունյան
21.05.16 Երևան
Комментариев нет:
Отправить комментарий