- Լա՛վ նայիր գուշա՛կ, թեկուզ մի բա՜ռ,
մի տա՜ռ Նրա անունից,
Ա՜խ, ես շատ եմ կարոտել,
մի բան ասա Նրանից…
- Չե՛մ տեսնում ոչինչ, ո՛չ բառ, ո՛չ տառ,
Ո՛չ էլ ճանապարհ…
Ինձ մի՛ շտապեցրու, սովորի՛ր սպասել,
Բայց սպասիր կարծես,
Տեսնում եմ միայն անամոթ մի սեր…
- Անամոթ մի սե՞ր…
Երբ լույսն աչքերի կուրծքս է այրո՞ւմ,
Երբ նրա խոնավ մատները կոնքիս բառե՞ր
են գրում,
Երգե՞ր հորինում…
Ա՜խ, գուշա՜կ, գուշա՜կ, ի՞նչ դաժան ես դու…
Ու ոչի՜նչ, ոչի՜նչ դու չես հասկանում:
- Ինձ մի՛ շտապեցրու, սովորի՛ր
սպասել …
Տեսնում եմ միայն անամոթ մի սեր…
- Անամոթ մի սե՜ր…
Երբ իմ մարմնի հողմի կենտրոնում
Բախվում են իրար լույսն ու ստվերը,
Երբ իմ քունքերին անձրևն է թակում,
Երբ արեգակի այրվող ազդրերը
Տաք ձյուն են մաղում,
Երբ հոգիս են գրկում նրա շուրթերը,
Երբ որ բացվելու պատրաստ իմ վերքը
Դառնում է նրա կարոտի երգը…
… Դու խոսի՛ր գուշակ, թող որ
կարճանա սպասման գիշերը…
- Կին ես, հասկացի՛ր
Սա ընդամենը մրուր է սուրճի,
Մի հիմարություն, դատա՜րկ, սնամե՜ջ
Ու խոսքե՜ր, խոսքե՜ր…
- Ո՛չ, լավ ասացիր,
Մի անամոթ սեր…
… Կրակից այրվող սառցե բեկորներ,
Հանգիստ վայելող հագուստի վրա
Եռացող կաթի այրող կաթիլներ,
Ի՞նչ լավ ասացիր,
Անամո՜թ մի սեր…
- Գիտեմ սիրո՜ւմ ես, շատ չե՛մ խորանա,
միայն թե ասա՛, ո՞վ է,
որտեղի՞ց և ի՞նչ մարդ է նա՞
- Չեմ կարող թաքցնել, սիրելի գուշակ
Գուցե և մարդ չէ,
Գազան է վայրի,
Մեղվի խայթոց է, ծիծաղ վարազի…
Մեկ պարզից պարզ է, մեկ էլ առեղծված,
Մեկ այգաբաց է, մեկ էլ խուլ գիշեր,
Բանաստեղծ է նա գրողի տարած…
Անամո՜թ մի սեր…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий