вторник, 19 декабря 2017 г.

Առավոտը բացվեց տխո՜ւր

* * *
Առավոտը բացվեց տխո՜ւր,
Առանց երա՜զ, առանց լա՜ց,
… Մի քիչ արև՜ հիվա՜նդ ու թույլ,
Հույսի կտո՜ր - ափիս չափ:
*
Ցա՜վը եղա ես քո վերջին
Կա՛մ էլ մե՜ղքդ հանցավոր,
Ես կռապա՜շտ դարձա չնչին՝
Կուռքիս հանդեպ մեղավոր:
*
Գիշերներո՜ւմ կծերանամ,
Օրե՜ր կանցնեն առանց քեզ,
Ամուրի՜ է մարդու նման
Դարձել հոգիս լո՜ւռ ու հեզ…
*
Հեռացողին ե՛տ չեն կանչում,
Մոռացողին չե՛ն հիշում,
Երազանքին չե՜ն չարչարում-
Խղճի դեմ չե՜ն մեղանչում:
*
Տառապանքին ճանաչո՜ւմ են,
Իսկ տանջվելուն սովորո՛ւմ,
Պատկառանքը կշռո՜ւմ են
Վայրկյաններով իմաստուն:
* * *
Առավոտը բացվեց տխո՜ւր,
Առանց երա՜զ, առանց լա՜ց,
… Մի քիչ արև՜ հիվա՜նդ ու թույլ,

Հույսի կտո՜ր- ափիս չափ:

Տրորված կակաչներ…



Քամին խաղո՜ւմ էր
Կակաչների հետ-
Ասես թե դաշտում
Հարյո՜ւր, հազա՜ր, տա՜սը հազար
Սրտե՜ր էին բացված,
… Ինչո՞ւ տրորեցիր կակաչները,
Երբ կարո՜ղ էիր
Հանգի՜ստ հեռանալ…

Ոտքերդ լվացիր կակաչացողո՜վ,
Կակաչներն անարյո՜ւն,
Անարցո՜ւնք դարձան,
Հո՜ղը երերաց ոտքերիդ դողով
Ու կակաչներին
Իր գիրկը առավ…

Քամին անխա՜ղ  մնաց՝
Ձանձրացա՜վ,
Արևը խոնարհվեց հողի՜ն,
Հարյո՜ւր, հազա՜ր, տա՜սը հազար
Կակաչներ մեռան՝
Կարոտ աչքերից
Արձակված շողին:

Ցողից քնքշաբո՜ւյր
Մի կակա՜չ մնաց-
Նկարվեց կրծքիս իբրև մի պարգև,
Հարյո՜ւր, հազա՜ր, տա՜սը հազար անգամ
Գիշերը դողա՜ց-

Աչքերիս՝  տրորված կակաչներ…

Հրապուրիչ մի գիշե՜ր



Հրապուրիչ մի գիշե՜ր էր,
Բայց ամե՜ն ինչ թարսվեց,
Նման  բանի ո՞վ կսպասեր՝
Վշտիս ծառը ծաղկեց…

Հիմա սիրտս ո՞վ կամոքի
Ձմռան ցրտին անհոգի՜,
Ո՞վ կհանի մթան միջի՛ց
Արհամարհվա՜ծ իմ կարոտը
Անհարկի…

Ո՞վ կմեկնի երազներս
Աստղանկա՜ր գիշերներում երկնքի,
… Ցնորածի՜ն տեսիլքներս
Հեռուներից անհայտի…

Դուրս եկավ – ի՛նքս ինձ խաբեցի՜
Հայտնվեցի՜ ստվերների դավերում,
Լավ չէ՞ր արդյոք կո՜ւյր լինեի-
Չտեսնեի արհավիրքը այս դժգույն…

Շոյո՜ւմ են ինձ տանջանքները,
Ծա՜նր ցավերն օրորում,
Պա՛ր են պարում վշտիս ծառի
ծաղիկները,

Ձմեռվա ցուրտ ձեռքերում…

воскресенье, 3 декабря 2017 г.

Աչքիդ մեջ կյանքի մի կտոր ընկավ


Աչքիդ մեջ կյանքի մի կտոր ընկավ-
Աչքդ արցունքից  բորբոքվեց,
Վախի՞ց, թե՞ ցավից տեղից վեր կացար-
Աշխարհն աչքերումդ
Մարեց:

Կույրի աչքերով լո՜ւյս էիր փնտրում -
Շոշափելով  մի պոետ գտար խելագար,
Հոգնա՜ծ էր պոետը, տե՜ղ էր որոնում -
Մտավ աչքիդ մեջ՝
Մահացավ…

Կյանքի մի կտոր՝ պոետի հոգին
Պտտվեց քո մեջ մոլորված,
Ինչպես անցավո՜ր, անհանգիստ քամի
Դուրս եկավ քեզնից,
Հեռացավ:

Ու մշուշ դարձա՜վ,
նոսրացա՛վ պոետը`
Քո ողն ու ծուծը ոռոգող սիրով,

Ու հիշողությո՜ւն դարձավ,
խո՛հ դարձավ պոետը,

Որ հյուլեի պես անցավ քո միջով …

Եվ նորից ձմե՜ռ

Եվ նորից ձմե՜ռ,
Ձյո՜ւն,
Քամի,՜
Սառո՜ւյց,
…Եվ այնքան վստահ քայլերով եկավ
Ասես թե իրեն սպասո՜ւմ են վաղուց:

Ասես թե գարնան շնչով բորբոքված
վազող արյունը,
Ամռան շողերով օծված
տաք կրքաբույրը
Աշնան տերևի գիժ քամուն տված
վերջին համբույրը
Եղել են նման անկոչ հյուրերի
Ու հարազատն ի՜նքն է՝ 
Ծա՜նր, ցավալի՜,
Մատներով սա՜ռը
Սակայն նազանի…
Ասես աշխարհում ո՛չ մեկը չկա,
Որ իր սառեցրած
Սիրտը տաքացնի:

Ուրեմն էլ ի՞նչ,
Ոչի՜նչ
Ուղղակի «Բարև՜»
Ձյո՜ւն,
Քամի,՜
Սառո՜ւյց,

Բարև՜ սառցե կին,
Սառույց մատներով
Ու սառույց սրտով…
Քո հիմար դերը կատարիր պատվով,
Բարով եկե՜լ ես

Ու… գնա՜ս բարով…