среда, 9 ноября 2016 г.

Պատուհաննե՜րը


Նայե՞լ եք արդյոք պատուհաններին,
Տեսե՞լ եք արդյոք պատուհաններից
Ձեզ նայող աչքեր՝
Փնտրումի, Հավատի ,
Սպասմա՜ն ու Հույսի…

Դա՜ռն են,
Դաժա՜ն են պատուհանները
Որբանոցների …
*
Դե ե՛կ բացատրիր անմեղ մանկանը,
Որ նաև ծիծա՜ղ կա  աշխարհում դաժան,
Որ նաև սե՜ր կա՝
Մայրակա՜ն,
Հայրակա՜ն,
Որ  իրեն գրկո՜ղ, գուրգուրող Ձեռք կա,
Որ Սի՜րտ կա բաբախող իր համար…
*
Լսե՞լ եք արդյոք որբանոցներում
Երազում խոսող երեխաներին՝
Լույսի լեզուն է,
Հույսի լեզուն է  նրանց բերանում,
Որ այդ կյանքի մեջ առանց գիտակցել
Մա՜հ է աղերսում…
*
- Մի՛ խփիր, ցավո՜ւմ է , մամայիս կասեմ:
- Տե՞ս, պապաս կգա՛ քիթդ կջարդի:
- Ես երբեք տիկնիկ չեմ էլ ունեցել:
- Տատի՜կ, պապի՜կ ջան, շա՜տ եմ կարոտել…
*
Կյանքը մահաշեղբ դանակի նման
Ասես կտրել է երակը բախտի,
Ու ցփնվել է արյունը մանկան
Որբանոցների պատուհաններին…
*
Ուր մա՛հ են կարծես անցնող օրերը…
Ուր մորթոտվում է հույսն հավատի հետ…
Ուր մանկան մաքո՜ւր, ջինջ աչուկները
Տխրո՜ւմ են, դառնում մո՜ւթ պատուհաններ…
*
Թե սա մա՛հը չէ,
Էլ ո՞րն է մահը՝
Հողին հանձնվող մարմի՞նը անշունչ,

Մա՛հն աչքե՛րում է  որբ մանուկների- 
…Սպասումից կաթացող արցունքում աղի,
…Փնտրումից հոգնած փակվող կոպերում,
…Որբանոցների պատուհաններին…

Ս.Ումառ-Հարությունյան
08.11.16 Երևան


вторник, 1 ноября 2016 г.

Ես էլ քե՜զ…


Կարևոր չէ պատուհանը,
Որի՛ց այն կողմ
Կամ անձրև՜ է կամ էլ ձյո՜ւն,

Լուսաբաց կամ մայրամուտ,
Կամ արև՜ է կամ լուսի՜ն,

Կարևորը, այդ ամենը
Մենք չենք նայում միասին…

*
Կարևոր չէ թե ի՞նչպես ես տաքանում՝
Վերմակի տա՞կ,
Թե՞ ձեռքերով ուրիշի,

Կարևոր չէ
Թե ի՞նչպես եմ ես մրսո՜ւմ
Կամ տաքանում մեկուսի…

Կարևորը,
Որ մրսում ու տաքանում ենք
Մենք իրարից առանձին…

*
Կարևոր չէ դաշնամուրի  մեղեդին,
Որ լսում ես գլխահակ,
Դեմքդ սեղմած ապակուն…

Ես էլ  վաղո՜ւց անտարբեր եմ
Հեռվից կանչող
Թավջութակի աղերսին,

Կարևորը բարիտոնն է սաքսոֆոնի,
Որ լսել ենք մի  ժամանակ
Միասին:

*
Կարևոր չէ թե աստղերը ում են ժպտում
Ի՞նձ, թե՞ քեզ,
Կարևո՛ր չէ ի՞նչ է  պատմում
Ծե՜ր լուսինը աներես,

Կարևորը պատասխանն է
- Ես էլ քե՜զ…
Որ լսո՜ւմ ենք, որ ասո՜ւմ ենք
Դո՛ւ և ե՛ս:


Ս.Ումառ-Հարությունյան



Կարոտ



Ցա՜յգը - փոքրիկ աղոթարան,
Ծագող լույսը՝ աղոթքի տող,
Ա՛չքս է բացում մի կարոտախտ
Տարօրինակ դիմախաղով…
*
Ե՜ս եմ, Լո՜ւյսն ու Կարոտա՜խտը,
Ոչ ոք չկա՛ մեզնից բացի,
Ու երեքով  մեկնվո՜ւմ ենք
Քնարի մոտ լուսաբացի…
*
Լուսաբացը ե՛րգ է երգում
Մի տխուր ե՜րգ սիրո մասին,
Ժամանակը դո՛ւռն է բացում
Նոր սկիզբ առնող մի հեքիաթի:
*
Քո հեքիաթին չե՛մ հավատում
Կյա՜նք, խաբո՛ւմ ես ինչպես միշտ,
Հեքիաթ ունեմ օտար հողում
Ինձ պես խելա՜ռ, ինձ պես գի՛ժ…
*
Առանց նրա կյա՛նքս է թափուր,
Երգերս էլ անվերնագիր,
Խոռոչնե՜ր են սրտիս խորքում
Ավելանում ամեն պահի…
*
Իմ հեքիաթը, կրքով ագահ
Կգա կարոտս վայելի,
Կարոտախտս ոտքերի տակ
Կտրորի՜,
Կտրորի՜…
*
Կտրորի կյանքի հիմար
Բաժանումը ժամանակի,
Որ հայացքն իր իմ հայացքում
Մինչև մահս տեղավորի…
*
Ցա՜յգը - փոքրիկ աղոթարան,
Մաշված հույսի աղոթքով,
Աչքս է բացում մի կարոտախտ
Տարօրինակ աչքերով

Ս.Ումառ-Հարությունյան




воскресенье, 9 октября 2016 г.

Փնտրումի աչքեր…



Մի ժամանակ բուրո՜ւմ էր աշխարհը,
Երբ որ կրա՛կ էր վառվում իմ հոգում…

Հիմա դատա՛րկ է սիրո բուրվառը,
Ոչ խնկարկո՛ւմ է ու
Ո՛չ էլ գովում…

Օրն արթնանո՜ւմ է…
Հարությո՜ւն լուսո…
Հոգեհանգի՛ստն է նշում գիշերն անաստված,

Մի  սև թիկնոցով ամուր փաթաթվում
Ու մահանում է օրը երեկվա….

Կյանքն արթնանում է Աստծո աչքերով,
Որոնցից լազո՜ւրն ես խմում ցնորված,

…Ու ապրումները թափառող խմբով
Մի նոր քարկապ են քանդում առեղծված:

Ասես գտել ես մի օտարական՝
Անցյալ թարգմանող թարգմանիչ,

Որը փորձում է առավոտ-ներկադ
Մի կերպ անջատել անցյալից:

Խաղա՛ղ չեն լույսի շողերը պայծառ -
Գրոհո՛ւմ են քեզ՝ փորձեր ու
 Փորձեր                                                 

Իսկ քո մեջ արդեն վաղուց հրդեհված
Ավերակնե՜ր են ու
Փնտրումի աչքեր…


Ս.Ումառ-Հարությունյան

пятница, 7 октября 2016 г.

Օրերիս խորքում


Ջրում խեղդվողին օղա՛կ են գցում՝
Փրկարա՛ր օղակ
Ու տագնապալից
շարժումնե՜ր,
աչքե՜ր…
Խեղդվողին ափում սպասո՜ղ է լինում
Ու աղաղակնե՜ր,
Ու աղաղակներ…

Իսկ ի՞նչ են նետում
Որպես փրկության մի օղակ վերջին
Իր իսկ օրերի խորքում խեղդվողին,

Ընդամենը մի հայա՜ցք են նետում,
Ուրի՞շ,
Ուրիշ ի՞նչ…

Մի սա՜ռը հայացք,
Չնկատո՛ղ կիսափակ աչքե՜ր,
Արագ հեռացող ստվեր գլխահակ
Ու Ճանապարհներ երկա՜ր ու դատարկ:

Իր իսկ օրերի խորքում խեղդվողը
Իր իսկ արյո՛ւնն է խմում
Աստվածարարյալ,
Իսկ հոգին որպես կենդանի հայացք
Իր ակունքներն է փնտրում
Կորուսյալ:

Իր իսկ օրերի խորքում խեղդվողի
Աչքերում չի լինում հույսի ոչ մի շող

Խեղդվողը դառնում է թրթռուն մի ջիղ
Մինչ բարձրանում է իր օրերի միջով…


07.10. 2016