четверг, 4 февраля 2016 г.

ՃԱԿԱՏԱԳԻՐ



Ճակատագի´ր  իմ,
Քե´զ ապավինե՜լ՝
Հավատացել եմ գոյությանը քո,
Բայց կարոտներս արդեն ծերացել,
Ու ծնկել են քո ճանկերի ներքո:

* * *
Մաքո՜ւր,
Չգրված թղթերս վկա՛,
Երդվո՛ւմ եմ, որ էլ չեմ գրի,
Եթե ճակատագիրս մեկ վայրկյանով գա՝
Թղթերս վերցնի որպես սևագիր:

Օրերը  կյանքիս սևագիր անի -
Ցո՛ւյց տա ինձ, կարդա՜մ,
Սրբագրե՜մ
Տե՛րը ես դառնամ իմ ճակատագրի -
Ինչպես ուզո՛ւմ եմ, ինչպես որ ճի՛շտ է՝
Այնպես էլ ապրեմ…

Սաղարթներին տրվող քամու
Ձայնը սարքեմ մեղեդի,
Որ կյանք առնեն ողջ աշխարհում
Շիրիմները
Անպատասխան սերերի…

Որ չլինեն աշնան նման
Օրերը կարճ ու սադրիչ,
Լուռ ու խաղաղ պատվար դառնա   
Ժամանակը`
Բռնազավթող ամեն ինչ…

Որ չլինեն կեղծ մուսաներ
Պոետներին այցելող,
Պոետներն էլ չզբաղվեն
Տարեգրությամբ ստույգ ու չոր…

Որ հնձանից Ճակատագրի
Չքամելով ոչ մի կում,
Դատարկաձեռն  չհեռանան
Տարիները լավագույն:

Ճակատագիր
Հիմա չունեմ այն հարվածը քո մոլի,
Որ կործանել կարողանամ
Օրենքները,
Ավանդույթներն աշխարհի…

Սակայն գիտե՜մ,
Որ դու ստո՛ր ես ճակատագիր,
Թշվառության նման սև ու ավերիչ,
Դու Կայենի աչքերի պես խույս ես տալիս
Արդարության հայացքից:

Ճակատագի´ր  իմ,
Բա´խտ իմ դիվահար,
Քո  ճանապարհը վերջ ունի՞ արդյոք,
Սկիզբը ես գիտեմ՝
Ցա´վ  էր ինձ համար,
Ու երկա՜ր, երկա՜ր կսկիծ էր՝ մորմոք:

* * *
Ճակատագի´ր  իմ,
Ես քեզ ստրուկ չե՛մ եղել
(Եվ երբեք էլ չե՛մ լինի)
Խոստովանե՜մ, -  վախենո՜ւմ եմ,
Որ Աբելի նման ազնիվ
Մի օր զոհդ կլինեմ…

Ս.Ումառ-Հարությունյան
04.02.16 Երևան





понедельник, 1 февраля 2016 г.

Այն սևաչյա հայուհուն…



Հեռո՜ւ, օտա՜ր քաղաքում
Լուսամուտից կիսաբաց,
Մի կարո՜տ էր երևում,
Երևում էր
Մի հայացք…

Դառը  ցավի հետ ձուլվել
Քարացել էր շուրթերին,
Ինչպես ամուլ ծառի ստվերները
Նարնջենու փեշերին:

Կարծես մահը գլխից սկսվել
Դանդաղ սրտին էր իջնում,
Տեսնես ո՞ւմ կամ ի՞նչ էր փնտրում
Հեռո՜ւ, օտա՜ր այդ երկրում:

Ազատությո՞ւն թե
Ոսկի,
Ճոխությո՞ւն  թե
Զեխությո՞ւն,
Աստեղային ճաճանչնե՞ր …

Ա՜խր, չէ՞ որ օտար հողում,
Նույնիսկ քամի՜ն, քամի՛ չէ…

Արեգակը դիմակո՛վ է,
Ձեռնոցներո՛վ է լույսը արարիչ,
Կյանքն անճոռնի երախով է՝
Կլանում է ամե՜ն ինչ…

Անկանգ են բոլոր ստվերները,
Ամեն ծառ ու թուփ արյունոտ,
Պատիվ է - պատիվը վաճառելը,
Մի կաթիլ ջո՜ւրը կում է մի ամբողջ:

Ի՞նչ գտար,
Ի՞նչ կորցրեցիր,
Ի՛մ հայուհի սևաչյա,
Հարուստությո՞ւն,
Պատի՞վ, փա՞ռք,
Թե դեմ առար առատությունը կրծող
Ատամներին երկաթյա…

Դե՜ մի՛ տխրիր,
Այս աշխարհում
Միշտ էլ ցա՛վ կա ու չարիք,
… Անհոգ է նա ով կյանքում
Չի՛ կորցրել հայրենիք…

…Հեռո՜ւ օտա՜ր քաղաքում
Լուսամուտից կիսաբաց,
Ինչպես ծառի կեղևին փորագրված մի անուն,
Մի կարո՜տ էր…
Մի հայացք …

Ս.Ումառ-Հարությունյան

01.02.16

суббота, 30 января 2016 г.

Աստվածուհիս սիրակեզ...


Իմ Հին Սիրո Աստվածուհին
Սիրակեզ,
Որ աղջիկ էր  ժամանակին,
Ճակատագրի վերքերի պես
Հասունացա՜վ-
Դարձավ կին:

Նայում է ինձ մայրական
Գորովանքով թախծալի -
Մենք իրար հետ մեծացա՛նք,
Բա՜յց…

Նո՛ւյնը մնաց իմ հոգին…

Ի՞մն է ցավը, թե՞ նրանը,
Կյանքն իմ մե՞ջ է,   թե՞ նրա-

Ի՞նչ կլիներ, եթե հոգիս
Մարմնիս նման ծերանար…

Դուր չէին գա
Ոռնող քամու սուլոցները ոխակալ,
Անձրևների շղարշներով պատված սիրո օրերս…
… Եվ սիրուհուս կուրծքը փարթամ
Գովերգող նոր տողերս:

Ծիծաղը չէ՛ր փոխարինվի
Տառապանքի էջերով,
Կրկներգերը կլինեին
Վշտի բոլոր երգերով:

Չէի խղճա նախանձ մարդկանց
Կապարագույն սրտերին,
… Կլսեի շեմիս կանգնած
Ձայնը Մահվան  ստվերի:
- Արի՜, արի՛ սիրահար,
Իմ դռները միշտ էլ բաց են քեզ համար.-

Ահա թե ինչ կլիներ
Եթե հոգիս
Ծերանար…

Հոգիս հիմա քրքջո՛ւմ է
Եվ իսկո՛ւյն էլ հեկեկում,
Քանզի մանուկ է մնացել
Սիրո հզոր ձեռքերում:

Իմ Հին Սիրո Աստվածուհի
Սիրակեզ,
Ինձ մի՛ նայիր մոր նման,
Սիրո հանդեպ եվ դո՛ւ և ե՛ս
Անզոր եղանք հավատա…

Մարմնիս պես լուռ լքեցիր-հեռացար
Սիրո քաղցր տանջանքից…

Իսկ ես միայն Վերջին շնչում կլքե՜մ -
Կբաժանվեմ նրանից:


Ս.Ումառ-Հարությունյան

пятница, 29 января 2016 г.

Հոգի՜ս

Շո՜գ է բերում
Քո անունը  շուրթերիս,
Տո՜թ է բերում
Ժլատ լեզուդ հույզերիս:

Ի՞նչ մոլուցք է,
Խա՞ղ է,
Կատա՞կ,
Մի տարա՞ծք է անհատակ,
Ուր ամեն մի երեկո
Մի ողջ կյանք է բովանդակ:

Ուր ճախրո՜ւմ են՝
չե՛ն սողում,
Ուր քնելիս հավի նման
Գլուխները թևերի տակ չեն դնում:

Ո՜ւր որ դո՛ւ ես երգը բոլոր երգերի,
(Հավատացե՜ք,
Ով մոտիկ է եղել նրան
Այլ կնոջ չի մեծարի…)

Վաղո՜ւց արդեն դու իմ մեջ ես
(Թե՞ ես քո մեջ՝
Չգիտե՜մ)
Սևագրվող թղթի նման
Ճմրթեց սերն ինձ այսպես…

Ի՞նչ պատահեց,
Եվ ինչպե՞ս,
Տրվեցի այդ մոլուցքին,
Կորցրեցի
Պատրանքներով անդունդ վազող
Իմ հոգին…

Կվռնդվե՞մ ատելությամբ
Թե՞ կընդունվեմ,

Չգիտե՜մ…

…Ինչպե՞ս պետք է վերջին պահին
Հոգիս Աստծուն նվիրեմ…


Ս.Ումառ-Հարությունյան

вторник, 26 января 2016 г.

Լ Ռ Ու Թ Յ Ու Ն



Պարտված են եղել իմ բոլոր վեճերը
Լռության հարուստ բառապաշարի հետ,
Նույնիսկ ահել տարիներս
Զորու չեն եղել մարտնչել
և տկա՜ր
և հզո՜ր,
խո՜ւլ, հա՜մր, անխի՜ղճ
Լռություն կոչվող երևույթի հետ:

Երկխոսությունը լռության հետ
Դարեր է ապրել՝
Ծա՜նր
Ցավալի՜
Մի վեճ անհեթեթ,
Ասես վիճո՛ւմ ես այլ մոլորակային
օտար մարդու հետ,
Ասես չի՛ լսում,
Քեզ չի՛ հասկանում,
Ասես բառերդ օտա՛ր են ու բարդ,
Ասես նա էլ է քեզ նման տանջվում
Ու ամեն դեպքում - պատասխան չկա…

Քեզ պահպանող գամփռի նման ծերացած,
Դունչը դրած թաթերին,
Լռությունը մեկնվում է
Վաղուց հետքեր չտեսած
Դռանդ կամ պատուհանիդ…
Ո՛չ թույնն է ազդում,
Ու ո՛չ էլ մաղձը,
Ո՛չ արհամարանքը,
ո՛չ էլ ծիծաղը,
Մնում է բա՜հը…
Վերցնո՜ւմ ու թաղո՛ւմ ես լռությանը…

Համրությո՛ւնն ես թաղում լռության,
Շուրթերը կապում քարկապով,
Փորձո՜ւմ ես ամեն ինչ մոռանալ,
Փորձո՜ւմ ես ապրել աղմուկով:

Աղմո՛ւկն է մնում - սիրտդ քրքրող
Ճռինչով փակվող ձա՜յնը կոպերիդ,
Մատներիդ կաթացող արցունքդ այրող
Ու ատամներիցդ քրքրվող ձայնը շուրթերիդ:

Թվում է ամեն ինչ վերջացավ - դարձավ հող,
Ու «ոչինչը»  ուղարկվեց գրողի ծոցը,
Բայց չի ընդհատվում նախանձդ շարժող
Անձրևի տանիքին համբուրող փսփսոցը…

Լռության հետ երկխոսություն՝ 
Ծա՜նր,
Ցավալի՜ ու համր
Մի վեճ…
Լռությունից չկա պրծում
Միևնույն է ինչ էլ որ անես…

Լռությունից վատթար թշնամի չկա՛,
Լռությո՜ւն, որ դարեր շարունակ եղել է ոսկի,

… Մարդ կա ոսկի է փնտրում անընդհատ,
Մարդ էլ կա թաղո՛ւմ է ունեցած ոսկին…

Ս.Ումառ-Հարությունյան

25.01.2016