понедельник, 22 июня 2015 г.

Ջութա՛կ եմ զգացմունքի մատներով լարած

* * *
Ես ընդունո՛ւմ եմ, որ մի գործի՛ք եմ
Զգացմունքի այրվող մատներով սարքված,
Զգո՜ւյշ,  
Կարող է հանկարծ կոտրվե՛մ
Ու մնամ այդպես կոտրված:

Հիմա ապրում եմ ժամանակի մեջ,
Որը  ի՜մը չէ ու լինել էլ չի՛  կարող,
Ո՜չ էլ կարող է ինչ-որ բան անել -
Ո՛չ անցյալ հերքել,  ո՛չ ճնշել կարոտ:

Կգա ժամանակ ու կկործանվի
Եվ այս լեգենդը գործիք լինելու,
Հոգիս ինքնակա՜մ, հրաշքով վայրի՛
Պարեր կպարի Մեծ տիեզերքում:

Գործիք լինե՞լս - սխալ չհասկացվեմ՝
Ջութա՛կ եմ զգացմունքի մատներով  լարած,                                      
Զգո՜ւյշ, 
Կարող է հանկարծ կոտրվեմ
Ու մնամ այդպես կոտրված:

Ս.Ումառ-Հարությունյան

Հունիս-2015
Երևան


Խմեցի՛նք կուրուստի կենացը

Կորցրեցի՜նք՝
Խմեցի՛նք կուրուստի կենացը,
Գտա՜նք,
Նորի՛ց խմեցինք կուրուստի կենացը,
Ապրո՜ւմ ենք՝
Խմում կուրուստի կենացը…
Ի՞սկ մնացածը…

Մնացածով էլ խմում ենք հիշողության կենացը:
Ո՞վ կհասկանա պոետի նիստուկացը…

Պոե՜տը

Այդ ի՞նչպես եղավ, որ մի բանաստեղծ
Սիրե՜ց, տարվեց քեզ նման  կնոջով,
… Գինո՜վ էր հարբած, սիրելի՜ս, գինո՜վ,
Ուրիշ բան թող  չանցնի քո մտքով:

Այդ ի՞նչպես եղավ -  գրեց քո մասին.
« Կյանքի հողմերից կփրկեմ ես քեզ..»
…Գինո՜վ էր հարբած,, խոսո՛ւմ էր գինին,
Պոետի հոգու հետ գործ չունես…

Նուրբ կրծիքիդ մասին աղո՜թք էր գրում,
Սաղմոսներ՝ լո՜ւյսի, ծաղիկների ալ,
…Լո՜ւռ էր պոետը, գինի՛ն էր խոսում,
Դե փորձի՜ր պոետին հասկանալ:

Փնջեր էր արել  իր կարոտներո՜վ ,
Հա՛տ-հա՛տ ընտրելով տառապանքներից,
… Գինո՜վ էր հարբած, սիրելի՜ս, գինո՜վ,
Ու  դու հեռացար պոետից…

Մի օր էլ գրեց թե «Ես Առանց քեզ,
չեմ կարող ապրե՜լ, եկավ իմ հե՜րթը»         
… Ընկավ ու սիրտը պոետի կանգնեց,
Այդ օրը գինով չէր պոետը:

Ս.Ումառ-Հարությունյան


Սերն անժամանակ

* * *
Սե՜րը սե՛ր չէ, երբ ծնվում է
Անժամանակ…
Շա՜տ նման է
ժայռի ամուլ ծերպից մի կերպ
գլուխն հանած,
Անօգնական փոքրիկ ծաղկի…
Ու կանչերը գարնանային անձրևներին
Հանձնվում են աշնան հազի չո՜ր ձայներին…

Ստորոտից էլ ժայռի ծայրը բարձրանալու
Ուժ չունեցող Սոխակին Հի՛ն-
Լավն ու վատը այս աշխարհի
Վաղուց արդեն պետք չե՛ն գալիս…

Սե՜րը, սե՛ր չէ երբ ծնվում է
Անժամանակ…

Ա՜յն ժամանակ, երբ
Ինչ-որ մեկն արդեն հաշտված պարտության հետ-
աշնան թևին քարշ է գալիս,
Իսկ մյուսը դեռ դուրս չեկած մոր արգանդից
Դուռն է բացում երազանքի,
Ձայն է տալիս
Ծա՜ռս եղած հոգուն հրակ…

Սե՜րը սե՛ր չէ, երբ ծնվում է
Անժամանակ…


Ս.Ումառ-Հարությունյան

Փորձությո՞ւն

* * *
Դո՞ւ ես ինձ տանում հերթական փորձության
(Հուսա՜մ)
Թե՞ ես եմ մի վերջին անգամ փորձ անում
Համոզվելո՛ւ,
(Ինչո՞ւ չէ, գուցե նաև ինքս ինձ խաբելու)
Որ կա՜ս, ուղղակի մոռացե՜լ ես
Կամ անտարբե՜ր ես…

Անտարբերությո՞ւնն էլ այսքա՜ն անտարբե՞ր…

Մի մարդու հանդեպ, որը չի սիրում խնդրե՛լ,
Որը միշտ վերցրել է ի՛ր հասանելիքը
Ո՛չ պակաս և ո՛չ էլ ավել:
Հասանելիքն էլ եղել է միայն
Արցունքներ տխրության-սգի
(Հանուն արդարության մի քիչ էլ կրքի)
Ու բավարարվե՜լ…

Դե ուրեմն ի՞նչ,
Նորի՞ց փորձ անենք-
Ես՝ քայլեմ դեպի քեզ,
Դու՝ ետ քայլ անես,
Այնքան մինչև իմ և քո միջև միջմոլորակային
Տարածությունը,
Մեկ  այլ հարթության մեջ
Նորի՞ց քննարկենք…

Տարաձայնություննե՜ր,
տարածություննե՜ր…

Անտարբերությո՞ւնն էլ այսքա՜ն անտարբե՞ր…

Ս.Ումառ-Հարությունյան


Երբ աշխարհը խե՛լքն է գցում

* * *
Երբ աշխարհը խե՛լքն է գցում
Ու քո դռնով դուրս գալիս,
Նա քեզնի՛ց չի հեռանում
Նա փախչում է իրենից:

Դու մնում ես առանց աշխա՜րհ
Թախիծի խորթ ձեռքերում,
Եկեղեցու ներսի նման
Խորհրդավոր ու տխուր:

Օրե՛րդ ես հիշում անցած,
Ապրո՛ւմ ես հին օրերով
Ու վարգո՜ւմ են աչքիդ առաջ
Ինչ-որ ձիեր խելացնոր:

Անսա՜նձ, անթա՜մբ մի քիչ խելա՛ռ
Երամակն իր ոտքերով
Տրորում է սիրտդ հպարտ ու
Երազներդ բոլոր…

…Երբ ետ չի՛ գալիս աշխարհդ,
Ի՛նքդ ես թռչո՜ւմ նրա մոտ,
Դա՛ է վերջին ճանապարհդ
Եթերայի՜ն ու ցավոտ…