вторник, 16 июня 2015 г.

Սերը ստեղծագործ …

* * *
Զայրացե՛լ է,
Ցնծացե՜լ է,
Դառնացե՜լ է,
Հասկացե՛լ է, որ
Հասկակալե՜լ է…

Հիմա մի քիչ վշտացե՜լ է,
Գուցե սերս ծերացե՞լ է …

Սերը ծերացա՞ծ, չի՛ լինում այդպես,
Այն միշտ էլ թա՜րմ է՝
Ցողի նման վաղորդյան,
Նույնիսկ, երբ որ ձյունն է ծածկում
Տարիներդ և
Մարմինդ հուրհրան…

Զայրացե՛լ է,
Ցնծացե՜լ է,
Դառնացե՜լ է,
Հասկացե՛լ է, որ
Հասկակալե՜լ է…
Հայտնաբերել է մի Նոր մոլորակ,
Գտել իր տարրերը,
Գույնե՜րը,
Ձևե՜րը,
Ապրելո՛ւ…
Ապրեցնելո՜ւ…իրավունք ունեցող
Սերը ստեղծագործ …


Ս.Ումառ-Հարությունյան

Տունս ամպերում

* * *
Մի՛ կասկածիր,
Ու ցավ մի՛ ապրիր,
Ո՛չ խնդության պահին,
Ո՛չ տխրության,
Մի՛ խնդրիր, այլ պահանջի՜ր,
Պահանջի՛ր, որ  քո՜նը դառնամ:

Որ սարքեմ իմ տո՛ւնն ամպերում,
Որտեղից երևա պատուհա՛նդ,
Որ ամե՜ն առավո՜տ, իրիկո՜ւն,
Աչքե՜րս լինեն պահապա՛նդ:

Որ քնքշությունդ սեղմե՜մ իմ կրծքին,
Որ վա՛խդ թաքցնեմ  իմ սրտո՜ւմ,
Որ ամեն վայրկյան հայացքի՜դ,
Հայացքս համբուրի  երկնքում…

Մի՛ ճչա  խո՜ւլ ու մոլո՜ր,
Ես ծանոթ եմ և քո՛ և ի՛մ ցավերին,
Կտեսնես դու ինձ ամեն օ՜ր,
Երբ տունս հենվի ամպերին…


Ս.Ումառ-Հարությունյան

Խենթ եմ եղել

Է՜հ, չկա՜ս,
Գուցե չես կարող լինե՞լ,
ընկերացել եմ ես ինքս ինձ հետ,
Է՜հ, ի՞նչ անեմ՝
Այդպե՜ս եմ սիրել…
(Միշտ ծիծաղե՜լ ես, ինձ անվանել «խենթ»)

… Սպասո՜ւմն աչքերիս մեջ, որ ե՛րգ էր,
Քարացել է հայացքիս նման,
Կարոտներս արձանացել են -
Դարձել մախրագույն ծիածան:

… Եվ սպասելով ես գնում եմ՝  փախչելով
Հույսի աչքերից,
Խենթ եղել եմ, գիտե՜մ
Գիտե՜մ ,
Խենթ էլ կգնամ աշխարհից…


Ս.Ումառ-Հարությունյան

понедельник, 15 июня 2015 г.

Արի՜ Անտարբերություն խաղանք, Կյա՜նք,


Արի՛ Անտարբերությո՜ւն խաղանք,
Կյա՜նք,
Ես լինեմ մանո՜ւկ,
Դու՝ փորձված վհո՛ւկ, կամ մի պառավ կին,
Միայն խնդրո՜ւմ եմ եղիր մի քիչ զգո՜ւյշ,
Որ չարյունոտես նորից իմ հոգին…

Անտարբե՜ր եղիր, բայց մի՛ կերակրիր
Խաղերով քո սին,
Մի՛ փորձիր կրկին իմ հին ցավերը
Դնել իմ ուսին,
Ջնջի՛ր ճակատիս խարանված մերժումդ:
Ես էլ կլինեմ անտարբեր մի քիչ՝
Չե՛մ ծաղրի տարի՜քդ
Չե՛մ տա անունդ…

Արի՜ Անտարբերություն խաղանք, Կյա՜նք,
Զբաղվենք մի բանով, ու գուցե այդպես
Իրար  մոռանանք…


Ս.Ումառ-Հարությունյան

воскресенье, 14 июня 2015 г.

Օրերը մեր կորցրած

* * *
Ո՞ւր են գնում արդյոք
Օրերը մեր կորցրած,
Ախր ինչո՞ւ այսպես
Անտարբեր դարձանք…

Կորցրած օրերի պես-
Կորցրեցի՜նք մեզ,
Չներեցինք իրար ո՛չ շփոթվածություն
Ո՛չ էլ երկմտանք,
Ախր ինչո՞ւ այսպես
Անտարբեր դարձանք…

Չէ՞ որ ամեն խնդիր,
Ամեն հանգույց ու հարց ունի պատասխան,
Ի՞նչ պատահեց մեզ,
որ կանգնեցինք հանկարծ…

Կյանքի վայրի  ռի՛թմը – կյա՛նքը կարճացրեց,
Լուծո՜ւմ չգտանք…
Արև չտեսած ծաղիկների պես
Կորանք անսահմանության 
սահմանների մեջ:
Չիմացանք խոնարհվենք հողի՞ն թե՞ ձգվենք վերև,
Ախր ինչո՞ւ այսպես
Դարձանք անտարբեր …

Մեր ափերում՝ ճերմակ թախիծ,
Կարոտներ՝ կաղապարով մութ…

Մեր Համբերությունը
Դարձավ սովորույթ…

Ո՞ւր են գնում արդյոք
Օրերը մեր կորցրած,
Ախր ինչո՞ւ այսպես
Անտարբեր դարձանք…

Ս.Ումառ-Հարությունյան
13.06.2015 թ.
Երևան