вторник, 16 июня 2015 г.

Տունս ամպերում

* * *
Մի՛ կասկածիր,
Ու ցավ մի՛ ապրիր,
Ո՛չ խնդության պահին,
Ո՛չ տխրության,
Մի՛ խնդրիր, այլ պահանջի՜ր,
Պահանջի՛ր, որ  քո՜նը դառնամ:

Որ սարքեմ իմ տո՛ւնն ամպերում,
Որտեղից երևա պատուհա՛նդ,
Որ ամե՜ն առավո՜տ, իրիկո՜ւն,
Աչքե՜րս լինեն պահապա՛նդ:

Որ քնքշությունդ սեղմե՜մ իմ կրծքին,
Որ վա՛խդ թաքցնեմ  իմ սրտո՜ւմ,
Որ ամեն վայրկյան հայացքի՜դ,
Հայացքս համբուրի  երկնքում…

Մի՛ ճչա  խո՜ւլ ու մոլո՜ր,
Ես ծանոթ եմ և քո՛ և ի՛մ ցավերին,
Կտեսնես դու ինձ ամեն օ՜ր,
Երբ տունս հենվի ամպերին…


Ս.Ումառ-Հարությունյան

Խենթ եմ եղել

Է՜հ, չկա՜ս,
Գուցե չես կարող լինե՞լ,
ընկերացել եմ ես ինքս ինձ հետ,
Է՜հ, ի՞նչ անեմ՝
Այդպե՜ս եմ սիրել…
(Միշտ ծիծաղե՜լ ես, ինձ անվանել «խենթ»)

… Սպասո՜ւմն աչքերիս մեջ, որ ե՛րգ էր,
Քարացել է հայացքիս նման,
Կարոտներս արձանացել են -
Դարձել մախրագույն ծիածան:

… Եվ սպասելով ես գնում եմ՝  փախչելով
Հույսի աչքերից,
Խենթ եղել եմ, գիտե՜մ
Գիտե՜մ ,
Խենթ էլ կգնամ աշխարհից…


Ս.Ումառ-Հարությունյան

понедельник, 15 июня 2015 г.

Արի՜ Անտարբերություն խաղանք, Կյա՜նք,


Արի՛ Անտարբերությո՜ւն խաղանք,
Կյա՜նք,
Ես լինեմ մանո՜ւկ,
Դու՝ փորձված վհո՛ւկ, կամ մի պառավ կին,
Միայն խնդրո՜ւմ եմ եղիր մի քիչ զգո՜ւյշ,
Որ չարյունոտես նորից իմ հոգին…

Անտարբե՜ր եղիր, բայց մի՛ կերակրիր
Խաղերով քո սին,
Մի՛ փորձիր կրկին իմ հին ցավերը
Դնել իմ ուսին,
Ջնջի՛ր ճակատիս խարանված մերժումդ:
Ես էլ կլինեմ անտարբեր մի քիչ՝
Չե՛մ ծաղրի տարի՜քդ
Չե՛մ տա անունդ…

Արի՜ Անտարբերություն խաղանք, Կյա՜նք,
Զբաղվենք մի բանով, ու գուցե այդպես
Իրար  մոռանանք…


Ս.Ումառ-Հարությունյան

воскресенье, 14 июня 2015 г.

Օրերը մեր կորցրած

* * *
Ո՞ւր են գնում արդյոք
Օրերը մեր կորցրած,
Ախր ինչո՞ւ այսպես
Անտարբեր դարձանք…

Կորցրած օրերի պես-
Կորցրեցի՜նք մեզ,
Չներեցինք իրար ո՛չ շփոթվածություն
Ո՛չ էլ երկմտանք,
Ախր ինչո՞ւ այսպես
Անտարբեր դարձանք…

Չէ՞ որ ամեն խնդիր,
Ամեն հանգույց ու հարց ունի պատասխան,
Ի՞նչ պատահեց մեզ,
որ կանգնեցինք հանկարծ…

Կյանքի վայրի  ռի՛թմը – կյա՛նքը կարճացրեց,
Լուծո՜ւմ չգտանք…
Արև չտեսած ծաղիկների պես
Կորանք անսահմանության 
սահմանների մեջ:
Չիմացանք խոնարհվենք հողի՞ն թե՞ ձգվենք վերև,
Ախր ինչո՞ւ այսպես
Դարձանք անտարբեր …

Մեր ափերում՝ ճերմակ թախիծ,
Կարոտներ՝ կաղապարով մութ…

Մեր Համբերությունը
Դարձավ սովորույթ…

Ո՞ւր են գնում արդյոք
Օրերը մեր կորցրած,
Ախր ինչո՞ւ այսպես
Անտարբեր դարձանք…

Ս.Ումառ-Հարությունյան
13.06.2015 թ.
Երևան


четверг, 11 июня 2015 г.

Քահանայի կատուն



Կատուն, որի անունը ոչ ոք չգիտեր, անհասկանալի գույնի կատու էր՝ գազարագույն ու սև աչքերով:
Մի ժամանակ ապրում էր ողորմածիկ Արեգնազի տան նկուղում, բայց երբ տիրուհին մահացավ, երբ չգիտես թե որտեղից հայտնվեցին բազմաթիվ ազգականներ ու հոգեհանգստի սեղանից սկսվեցին տան հանդեպ ունեցած վեճերը՝ ազգակցական առաջին երկրորդ, երրորդ կարգի, կատուն հասկացավ, որ իրեն կամ դուրս են անելու կամ կամ էլ հանձնեն ինչ որ լաբորատորիայի:
Փախավ տանից ու հայտնվեց իր գույնի մի «Մոսկվիչ» ավտոմեքենայի մոտ՝ գյուղի միակ փոքրիկ եկեղեցու ետևի բակում:
Քահանան, որը ռեալ հավատացյալ էր, նկատել էր կատվին, որ գիշերները քնում էր մեքենայի մեջ, բայց չգիտես ինչու չէր խառնվում նրա կյանքին մինչև այն պահը, երբ մի օր կատուն փորձ արեց մտնել եկեղեցի:
Մտավ:
Այդ օրվանից սկսվեց նրանց՝ Աստծո կողմից տված երկու արարծների մտերմությունը:
Քահանան ուր որ գնար՝ թաղում, հարսանիք, կնունք կատուն ետևից գնում էր ու միշտ նստում քահանայի ծնկներին, երբ քահանան ինքը նստում էր:
Գյուղացիներին դուր չէր գալիս կատվի ներկայությունը, բայց ամեն անգամ լսում էին քահանայի միակ պատասխանը.
- Տիրոջ տվա՜ծն է, ինչպես տվեց այնպե՜ս էլ կվերցնի:

Մի հինգշաբթի օր էր, անհասկանալի ինչպես բոլոր հինգշաբթի օրերը, երբ եկեղեցու բակում, ծառից մի վիրավոր ճնճղուկ ընկավ գետնին:
Փորձ արեց թռչելու, չստացվեց, դա չվրիպեց բնածին որսորդի կարգավիճակով լույս աշխարհ եկած կատվին, որը մի ոստյունով փորձեց հասնել ու բռնել ճնճղուկին:
Ճնճղուկի հուսահատ վերջին փորձը պսակվեց ծառի ամենացածր ճյուղին հայտնվելը:
Կատուն էլ բարձրացավ ծառը, թռչակը մի ճյուղ էլ բարձրացավ, կատուն ետևից, հետո նորից մինչև համարյա ծառի կատարը, կատում էլ ետևից ու երբ թռչակն ընկավ ծառից,  կատուն մի այնպիսի վայնասուն բարձրացրեց, որ ձայնից քահանան դուրս եկավ եկեղեցուց ու հասկացավ, որ նա չի կարող իջնել:
Փորձ արեց բարձրանալու, բայց հասկացավ, որ անիմաստ է, ճյուղերը չեն դիմանա:
Կատվի աղիողորմ կանչերը եկեղեցու բակ հավաքեցին գյուղացիներին:
Ըստ հայկական ավանդական սովորությունների սկսվեց խորհուրդների տարափը:
- Տե՜ր Հայր, զանգերը խփի՛ր, վախից մի կերպ կիջնի:
- Քաղաքից հրշեջ մեքենա կանչենք, աստիճանով:
- Քարո՛վ խփենք, վախից կընկնի, կատուները չեն սատկում ընկնելուց:
- Մի երկար փայտ բերենք դեմ տանք ճյուղին, թո՛ղ իջնի:
- Չէ՜, անկյունը, փոքր կլինի, չի՛ կարող:
Կատուն շարունակում էր ականջ ծակող ձայով մլավելը:
- Տիրոջ տվա՜ծն է, ինչպես տվեց այնպե՜ս էլ կվերցնի:
Քահանան բարկացած նայեց վերջին խորհուրդ տվողին, որը դեմքը թաքցրեց մեկ ուրիշի մեջքով:
- Հրե՜ն, Ենոքը գալիս է, մի բան կգտնի:
Ենոքը գյուղի ամենասրամիտ մարդն էր ու ամենաերկար բեղ ունեցողը:
Մոտեցավ, իր տեղն իմացողի լրջությամբ, առանց բարևելու, պտտվեց ծառի շուրջը, բեղի տակ մի հատ  «Հը՜մ»  արեց ու դարձավ քահանային:
- Պարան ունե՞ս, Տեր Հայր, - լուրջ դեմքով բարձր հարցրեց Ենոքը:
- Ի՞նչ անի, գնա կախվի՞, - սրամտեց մեկը ու շարժեց հավաքվածների ծիծաղը:
- Մեքենայում կա, որ ի՞նչ:
- Հանգույց ենք անում, գցում ճյուղին ու քաշո՜ւմ կպցնում գետնին, էլ ի՞նչ:
- Ա՛յ քեզ Ենո՜ք, դե՜ սրամիտն ուրիշ է, էլի՜:
- Հա էլի՜…
Քահանան վազեց դեպի իր «Մոսկվիչը»:

Եկեղեցու հարևանությամբ ապրում էր աշխարհագրության ուսուցչուհի, Արզումանի աստվածավախ այրի Երանուհին՝ իր չորս տարեկան Մարիամիկի հետ:
Բաց պատուհանից երևում էին հավաքված մարդիկ ու եկեղեցու բակում կատարվելիքը:
Անընդհատ խաչակնքելով Երանուհին ինչ որ բան էր շշնջում, երբ լսեց  երեխայի լացակումած ձայնը:
- Մա՜մ, ո՞վ է լաց լինում, արի՜:
Մայրը մոտեցավ, գրկեց երեխային ու նորից եկավ պատուհանի մոտ:
- Այ անիծվե՜ք դուք, անիծվե՜ք, բա՞ Աստծու տված արարածին կտանջեն այդպես, վա՜յ չունենամ ձեզ…
- Մա՜մ, ի՞նչու է լաց լինում փիսիկը, փիսիկ եմ ուզում, ա՜յ նրանից, որ լաց է լինում:
- Կունենաս Մարիամիկ ջան, կունենա՜ս, աղոթիր Աստծուն, ոնց ես եմ սովորեցրել ու քեզ Աստված կտա, հագնվի՜ր, մոտեցիր Ատվածամոր նկարին ու ինչպես որ սովորեցրել եմ, հիշո՞ւմ ես չէ:

Երրորդ փորձից Բուդաղյան Հրաչի փեսա Ավագին հաջողվեց պարանն իր հանգույցով գցել ճյուղի համապատասխան տեղը:
- Փա՜ռք Աստծո,- միաժանակ լսվեց հավաքվածներ ձայնը:
 Քահանան ու Բուդաղյան Հրաչի փեսա Ավագը սկսեցին քաշել պարանը:
Ճյուղն ընդամենը մի քսան սանտիմետր իջավ, իսկ կատվի ձայնն ավելի աղիողորմ դարձավ:
- Ա՛յ գեղացիք, ի՞նչ եք կանգնել, ձեռք գցեք:
Հինգ տղամարդով չկարողացան ճյուղը կախել ցած:
- Հը՞, Ենոք, հիմա ի՞նչ կասես:
- Տե՛ր հայր «Մոսկվիչը»  խոդ տո՛ւր, մոտեցրու, կապենք ավտոյից:
- Ա՜յ քեզ Ենոք, դե սրամիտն ուրիշ է էլի՜:
Երբ մեքենան մոտեցավ, գյուղի ավտոմեքենաներից ամենալավ գլուխ հանող, Թանաքուտողանց Պետրոսի ձեռքերով պարանը կապվեց մեքենայի ետևի մասից:
- Դե, ինչպես կասեր մեծն Գագարինը «Գնացի՜նք», մենակ թե Տեր Հայր, դանդա՜ղ, հավասարաչա՜փ, - Ենոքը գոհ, հպարտ  հայացքով նայեց հավաքվածներին:
Քահանան գլխով արեց ու մեքենան սկսեց շարժվել:
Ճյուղը սկսեց տեղի տալ ու դանդաղ սկսեց մոտենալ գետնին:
Ծափերի ձայնը խլացրեց կատվի խելահեղ մլավոցը:
Երբ մնացել էր մի երկու մետր ճյուղը գետնին հասնելու, պարանը կտրվեց…
Ճյուղը Գագարինի տիեզերք թռնելու սկզբնական արագությամբ վերադարձավ իր տեղն ու կատվին շպրտեց…

Կատուն օդում մի քանի պտույտ անելով աշխարհագրության ուսուցչուհի, Արզումանի աստվածավախ այրի Երանուհու պատուհանից ընկավ ներս…

Ս. Ումառ-Հարությունյան
12.06.15 թ.

Երևան