пятница, 27 марта 2015 г.

Աստված իմ



Փոքրիկ սրճարանի ապակիները այցելուների պակասից այնքան էին խամրել, որ նույնիսկ վարագույրի կարիք չէին զգում փողոցի անդուդարձը ներս թափանցելը խանգարելու համար:
Մատուցողուհին, որը նաև հավաքարարն էր,նաև խոհարարն էր նաև դռնապանը տխուր աչքերով նայում էր համարյա անթափանց ապակիներին:
«Աստվա՜ծ իմ, այսօր էլ այցելու չի լինի, այսօր էլ ոչինչ չեմ ստանա»
մտածելու պատասխանը համընկավ դռնից կախված զանգակների ձայնին:
Ներս մտավ միջին տարիքի, ճմրթված շորերով, մի քանի օր չսափրված դեմքով մի մարդ:
Հաճախ էին նման այցելուներ լինում, որոնք միայն խնդրում էին հաց կամ թեյ, վստահ իմանալով, որ աղջիկը ոչնչով չէր կարող օգնել իրենց, բայց դե սովը ստիպում էր, որի դեմ անկարող էր և աղջիկը և խնդրողը:
«Աստվա՜ծ իմ, նորից սրանք, չէ՞ որ ես ոչնչով չեմ կարող օգնել, իսկ նրանք գալիս են, անձայն,  իրենց խնդրողի աչքերով հարցնում, պատասխանը ստանում իմ աչքերով ու գլխահակ հեռանում, որից ես ավելի վատ եմ զգում:»

Այս մեկի աչքերը խնդրողի չեն, չնայած բարի են, դեմքն էլ անծանոթ, նման չէ ամենորյա կիսաայցելող բոմժերին, բայց տեսքը…

- Բարև Ձեզ,  ես Աստվածն եմ:
- Ներեցե՞ք…
- Ո՛չ մի ներեցեք, խորհուրդներ չեմ ընդունում, ի՛նքս եմ որոշում:
- Բա՞յց…
- Ո՛չ մի բայց, ասացի չէ՞ խորհուրդներ չեմ ընդունում:
- Ուրե՜մն…
- Դա՛ էլ եմ ես որոշում, մի բաժակ քաղցր սուրճ, մեկ հատիկ ծխախոտ, միայն արա՛գ, շտապո՛ւմ եմ:
Ի՞նչը ստիպեց աղջկան ենթարկվել, չհասկացավ արագ անցավ գործի, հետո նոր միայն մտքում ասաց.
«Պատկերացնեմ, որ հայրս է, որին կյանքում չեմ տեսել, այս անգամ էլ թող այսպես լինի, տնօրենին էլ մի բան կխաբեմ, Աստվա՜ծ իմ, ո՞ր մեղքիս համար:»

Արագ –արագ ծխախոտի ծուխն ագահաբար ներս քաշելով, աչքը չկտրելով աղջկա ձեռքերից, որոնք ծալել էր կրծքին, խմեց սուրճն ու առանց վճարելու հպարտ հեռացավ…
Խմած սուրճի բաժակը դեռ չէր հասցրել լվացարանի մոտ երբ վազելով ներս մտան երեք քաղաքացիական հագուստով մարդիկ:
- Այստեղ մարդ մտե՞լ է, ճմրթված շորերով, կեղտոտ փողկապով, իրեն Աստված է անվանում, դա ի՞ր խմած բաժակն է:
Աղջիկը, որ շատ էր ցանկանում ստել, բայց ստել չգիտեր, պատասխանեց գլխով:
Նրանցից մեկը, որն ավելի տարիքով էր զայրացած հարցրեց.
- Իսկ ինչո՞ւ չես զանգահարել:
- Ո՞ւմ, ինչո՞ւ համար:
- Ինչպե՞ս թե ում, դու ի՞նչ է հեռուստացույց  չես նայում:
- Ես հեռուստացույց չունեմ, նա ասաց, որ Աստվածն է:
- Այդ մարդը հոգեբուժարանից է փախել, ամբողջ քաղաքն է նրան փնտրում:
- Լա՜վ, թող աղջկան, հեռու չի կարող գնալ, սուրճ խմենք ու նոր շարունակենք, միևնույն է նա անվնաս է: Երեք սուրճ ու խմորեղեն:
Աղջիկն ուրախությունից անցավ գործի:
Նոր էին դուրս եկել նրանք երբ ներս մտան երկու ոստիկան:
- Այստե՞ղ է մտել իրեն Աստված անվանող մարդը, դու հիմա կպատասխանես մեր հարցերին: Սկզբից երկու ՛՛Ամարեթո՛՛ հետո սուրճ, միայն թե արագ: Նրա խմած բաժակը չլվանալ, փորձագետներ են գալու, պա՞րզ է:

Հետո եկան հոգեբուժարանից, ինչ որ լրատվական թերթից, եկան քաղաքապետարանից, շտապ օգնությունից, եկան փորձագետներ, եկավ սրճարանի տնօրենը, եկան ինչ որ կուսակցություններից…
…եկավ մի երիտասարդ տղա, ասաց, որ այդ մարդը իր հայրն է, որ մեկ ամիս առաջ քաղաքապետն էր ու իր կամքով հրաժարական է տվել, նրան համարում են հոգեկան խանգարված մարդ ու խնդրեց, երբ երևա անմիջապես զանգի իրեն, մեծ գումար թողեց աղջկան ու հեռացավ:
Աղջիկն ամբողջ օրը վազվզում էր մի սեղանից մյուսն ու ժամանակ չուներ մտածելու:

Երբ պատրաստվում էր փակել սրճարանի դուռը, անսպասելի, կարծես ստվերից հայտնվեց այդ մարդը:
- Բարև Ձեզ,  ես Աստվածն եմ:
- Գիտե՜մ…
- Կարո՞ղ եմ այս գիշեր քնել այստեղ, այստեղ ինձ ոչ ոք չի փնտրի:


Ս.Ումառ-Հարությունյան

четверг, 26 марта 2015 г.

Կարմիր թումբանով աքլորը



Տարօրինակ է, բայց և այնպես փաստ է, որ անդորրը լինում է միայն գիշերով:
Անդորրը խաթարել կարող է միայն որոտի ձայնը, որոտ որը կարող է խառնել ամեն, ամեն ինչ, իսկ թե ի՞նչն է ամեն ինչ՝ մնում է հարց…
Սա ինչ որ մե՞կն է ասել, չեմ հիշում, բայց վստահ եմ, որ սխալվել է:
 Անդորրը կարող է խաթարել նաև հիշողությունը, երևակայությունը, սնոտիապաշտությունն ու …գուցե նաև երազը:
Անդորրը կարող է խաթարել նաև կողքը պակած կնոջ կամ ամուսնու քնի մեջ խոսե՜լը, բղավե՜լը, որը վերը նշված որոտից ավելի հզոր ուժ ունի, ավելի իրական է  ու գուցե ցավալի՞:

* * *
Անդորր էր,  սովորական մեկսենյականոց գիշերային անդորր, երբ մթան մեջ պայթեց տղամարդու ձայնը:
- Ո՛չ, չե՛մ ուզում, չե՛մ ուզում:
Ձայնից արթնացած կնոջ աչքերը սարսափահար չէին, ավելի շատ հանդիմանող:
- Նորի՞ց, արդեն երեք օր է չեմ կարողանում քնել, դու գիտես, որ երբ արթնանում եմ էլ չեմ կարողանում քնել:
- Կներես, բայց, հասկանո՞ւմ ես նորից այդ կարմիր թումբանով աքլորը կտուցը ցցած սլանում էր դեպի ինձ:
- Տղամարդը աքլորից վախենա՞, ստրինգ հագած հավ լիներ չէիր բղավի, չէ՞, առաջին անգամ եմ տեսնում, որ տղամարդը լաց լինի երազում:
- Կներես: Բայց վատ նշան է:
- Ի՞նչ կներես, արդեն հոգնե՜լ եմ, որտեղի՞ց քեզ այդ սնոտիապաշտությունը՝ տանից դուրս գալիս անպայման նայիր հայելու մեջ, դռնից աջ ոտքով դուրս արի, անկողնուց ոտքերդ իջեցնելիս անպայման սկզբից ձախ հողաթափը հագիր, թեյ խմելիս գդալը բաժակից մի հանիր, սև կատու հանդիպելիս թքիր ուսիդ վրայով…հիմա էլ հիմար երազդ, հոգնել եմ արդեն:

«Տղամարդիկ լաց չեն լինում…»
«Զինվորը արցունք չի թափում…»
«Տղամարդու արցունքն ագահ է…»
Տասնյակ տարիներով հավատացել են այս և նման խոսքերին՝ ինչպես Կումունիզմի պայծառ ապագային, բայց դե կյանքն ամեն ինչ  դրեց իրենց տեղերը:

Կոմունիզմի աչքերով Սուտը շրջում էր սենյակում, զարնվում պատերին ու ամեն անգամ անդրադառնալով խաչվում անկողնու մեջ նստած տղամարդու դեմքին:

Սուտ է, որ տղամարդիկ լաց լինել չգիտեն, լաց են լինում այն էլ ինչպես՝ հատկապես երբ սպառվում է հոգեկան ուժը ու հոգեկան այրվածքները կարող են ցավազրկվել Աստվածների ցավ կոչվող դառը ըմպելիքով՝ արցունքով…

* * *
Լուսաբացը դեռ չէր բարեհաճել իր ձեռքերով ճեղքել պատուհանի ապակիներն ու ներս խցկվել սենյակ, երբ անդորրը խախտվեց հեռախոսի ձայնից:
Տղամարդը վախեցած նստեց անկողնում :
Հարցական աչքերը ուղղված էին դեպի հեռախոսը, բայց ձեռքը չէր մեկնում:
Կինը, որ լուսամուտի մոտ ծխում էր, դանդաղ, առանց շտապելու մոտեցավ, մի արհամարական հայացք ձգեց տղամարդուն ու վերցրեց ընկալուչը:
- Ալլո՞,
…հա մա՞մ,
…ի՞նչ է եղել:
Դրա՞ համար ես առավոտ շուտ զանգել,
դե մեծ կին էր, …
չգիտե՜մ, համ ե՛ս եմ աշխատանքի հա՛մ էլ Հովիկը,
… ոչ թե չենք ուզում այլ,
… լավ էլի՜ մամ, ինչո՞վ է օգնել, ամեն անգամ նույն պատմությունը:

* * *
Վաղ առավոտ էր, գյուղը դեռ քնած էր, երբ մայրը իր ձեռքը բռնած թակեց հարևան Գոհարի դուռը:
Գոհարը՝ իր հնարավոր սկեսուրը, ինչպես որ խոսում էին ամբողջ գյուղում զարմացած նայում էր աքլորներից վաղ արթնացած հյուրերին:
- Գոհար ջան, պետք է օգնես, խայտառակ կլինենք գյուղով մեկ, անըզգամը չի էլ ասում ով է մեղավոր, չնայած պետք է որ քո Սամվելը լինի, արդեն մեկ ամիս է, ուրիշ ճանապարհ չկա, Սամվելդ էլ խոպանից շուտ եկողը չի:
- Սամվելս նման բան չէր անի, տղայիս ո”ւմ տեղն եք դրել, աննամուս աղջիկ իմ տուն չէր բերի, ուզածդ ի”նչ է, հետ կանչե”մ խոպանից, խելքներդ թռցրե”լ եք, համ էլ որ նույնիսկ Սամվելը լինի իմ տուն այդ վիճակով քո աղջիկը չի մտնի, հարամ  ոսկոր է:
Մայրն ընկավ ծնկների վրա:
- Գոհար, գիտես ամուսինս համ ինձ, համ էլ սրան կսպանի, մի բան արա:
- Լավ, քանի հարևանների ականջը չի ընկել անցեք ներս, մի տարբերակ է մնում, էն էլ լավության կարգով, որպես հարևան, համ էլ բախտներդ բերել է որ բուժքույր եմ, էհ ինչ ասեմ, վերևն Աստված կա:

…Մայրն ափերով փակել էր աղջկա բերանը, որ ցավից չբղավի ու լաց էր լինում, իսկ աղջկա աչքերը այդպես էլ գամված էին մնացել հեռվում  աթոռից կախված Սամվելի կարմիր սպորտային տաբատին…

Կյանքում լինում են պահեր, երբ հասկանում ես, որ ինչ որ անբացատրելի մի բան է տեղի ունենում, երբ արթնանում է քո մեջ մի ինչ որ քնած գազան կամ աներադառնալիորեն աչքերն է փակում թռիչքի պատրաստ մի վայրի միտք, որը երկար ժամանակ կերել է հոգիդ, այրե՜լ, ցավեցրե՜լ, բայց միշտ հավատացել ես, որ կարող ես դիմակայել, պե՛տք է դիմակայես ցանկացած գնով, հակառակ դեպքում կկորցնես այն ինչը աննկատ միշտ եղել է կողքիդ ու հույս տվել քեզ…
Կկորցես առանց իմանալու թե ի՞նչ կարող է նրա փոխարեն լցնել այդ դատարկ տարածությունը…

* * *
- Ի՞նչ է եղել Հասմիկ, ո՞ւմ մասին էր խոսքը:
- Ոչինչ, առանձնապես ոչինչ, գյուղում մարդ է մահացել, հարևաններից:
- Միգուցե…
- Ո՛չ:
Մոտեցավ նստեց անկողնու եզրին, չհասկացավ ինչու սկսեց բարձրաձայն լաց լինել:
- Մոտ էիք երևի հա՞, տարիքո՞վ էր, հարազա՞տ…
- Մո՜տ էինք, տարիքո՜վ էր, հարազա՜տ էր, թքա՛ծ ամեն ինչի վրա, գրկի՛ր ինձ, խնդրո՜ւմ եմ, ամո՜ւր…էլ չես տեսնի այդ հիմար երազը՝ կարմիր թումբանով այդ աքլորին, մեռա՜վ…

Ս.Ումառ-Հարությունյան




воскресенье, 22 марта 2015 г.

Ծերերը


Ծերերը չեն մահանում
Չեն վերանում,
Այլ ուղղակի  գնում են,
Ուղղակի հեռանում:

Երբ կրակն իր վերջին
Բոցն է տալիս ու հանգում,
Երբ ճնճղուկների գունաթափ երանգները
Նրանց լքում են, հեռանում,
Երբ ամեն անգամՆրանց  տուն գալը
Բալենու նուրբ ճյուղերով է ողջունվում՝
Երբ աչքերով ծեր, ծնկներ մաշող
Սովորական,
Ամենօրյա իրենց ծեսը -
Ավարտին է մոտենում:

Նրանց միջով հոսում է գիշերը,
Սա՜ռն, անտարբե՜ր ու դաժա՜ն,
Ջնջում էՆրանց բոլոր հուշերը
Մատներով իր անկենդան…

Տարիները, որ առվակներ էին,
Կաթիլ առ կաթիլ դառնում են լճակ,
Ավելի են Նրանք մոտենում լուսնին:
Հույսները՝
Ճաղատ սրբող թաշկինակ…


Ս.Ումառ -Հարությունյան

пятница, 20 марта 2015 г.

Առեղծված


Ոչ մի աշխատանք այնքան դաժան չէ,
Որքան որ սիրտն է աշխատում մթում,
Ոչ մի գույն այնքան բազմաերանգ չէ,
Որքան որ սպիտակ գույնն է
Մեզ թվում…

Գիշերը դավաճան չի՛ լինում երբեք,
Մի՛շտ դավաճան է եղել ցերեկը,
Ցերե՞կ չէր արդյոք, (պետք է որ հիշեք)
Երբ այն տասներկու աստղերից մեկը
Ցույց տվեց իրեն…

Ցերե՞կ չէր արդյոք, երբ Ուսուցիչը մեծ
Կռացավ, լվաց ոտքերն Հուդայի,
Ցերե՞կ չէր արդյոք, երբ նիզակ խրվեց
Ու արյուն կաթաց սրբազան հողին:

Գիշերով էր, երբ հոր ուրվականի
Լեզվով բարբառվեց ճմարտությունը,
Ցերեկով էր, երբ իշխան Համլետի
Արյունով հեղվեց արդարությունը:

… Գիշերով է
Երբ պատուհանդ  դառնում է  անբիծ,
Դրսում իշխում է մութը կասկածյալ,
Ու թվում է թե անհայտությունից
Քեզ հյուր է եկել օտար արարած:

Օտա՜ր ու այնքան հարազատ,
Քանզի լսում է թակոցը սրտիդ,
Ու ինչպես հմուտ, ճկուն աճպարար
Բացում է թանձր շղարշն աչքերիդ:

Կոպերիդ աստղերն է նստեցնում հանդարտ,
Լուսնին է վկա բերում զրույցի,
Իր արդա՜ր, ներո՜ղ լեզվով անարատ
Խոսում է քեզ հետ սրտիդ աղմուկից:

…Նույնիսկ պոետը զորու չէ բացել
Գիշերվա առեղծված, բովանդակ գիրքը,
Առավել ևս հանգի վերածել
Գիշերվա գրկում աշխատող սիրտը…


Ս.Ումառ-Հարությունյան

четверг, 19 марта 2015 г.

Արդա՜ր չես, Տե՛ր իմ



Լո՜ւյս էի տենչում  քո Որդու նման,
Այլ ոչ թե ցա՜վ ու մորմո՜ք,
Արդա՛ր չէ, Տե՛ր իմ,
Դրա՛խտ խոստացար,
Բերեցիր  դժոխք:

Խավարից բարի Բաներ չեն ծնվում,
Ծնվո՛ւմ է անե՜ծք կամ էլ հայհոյանք,
Արդա՛ր չէ, Տե՛ր իմ,
Որ այս աշխարհում
Դատարկ բաներից նենգանանք:

Երբեք չե՛ս սիրել բանաստեղծներին
Երկրի ցավերը քաշել են նրանք,
Արդա՛ր չէ, Տե՛ր իմ,
Նրանց գլխներին
Մի՜շտ էլ խաղեր ես խաղացել դաժան:

Միշտ էլ պոետի արյո՛ւնն է եղել
Հատուցման գինը մի չնչին բանի,
Արդա՛ր չէ, Տե՛ր իմ,
Դափնու փոխարեն
Ծաղկեպսակն է եղել փրկագին:

Փորձությունների դարը անցե՜լ է
Հացն հանապազորյա կյանքո՛վ է չափվում,
Արդա՞ր է, Տե՛ր իմ,
Որ քեզ ուրանամ
Ու երկրպագեմ աստծուն թշնամու:

Միշտ կասկածում ամաչում եմ հայելուն նայելիս,
Որ քո տեսքով եմ եկել այս աշխարհ,
Արդա՛ր չէ, Տե՛ր իմ,
Կամ ի՛նքդ փոխվիր
Կամ այս դժոխքը ինձնից հեռու տար:

Ս.Ումառ-Հարությունյան