пятница, 6 февраля 2015 г.

Առանց քեզ

 


Աստվա՛ծ իմ, ի՞նչ կարճ է կյանքը,
Վեճե՜ր, խա՜նդ,
Ցավեր անհամար,
Ես հագնում եմ քո փոքրիկ հողաթափերը
Իմը - թողնելով քեզ համար:

Փորձում եմ տաքացնել հոգիս
Դողացող կոպիտ ձեռքերով,
Մի հիմար աստղ երկնքից
Ձեռքով է անում ժպտալով:

Մի՞թե ավարտը սա է,
Այրված, վերջացած հույսի մի կտոր,
Քամին՝ մոլագար այդ դերասանը
Տերևներն է ավլում գիշերով…

Մի ամբողջ աշխարհ է աթոռիս թիկնակին՝
Քո սպիտակ կրծկալը՝ աչքերը չռած,
Ու կարծես մի ձեռք երկնային
Աչքերս է փակում սարսափած:

Շուտով կայցելի և լույսը
Եվ արևը…
Երկի՜նքը անամպ…
Ու կչքվի այն փոքրիկ մի հույսը
Որ մթով ստեղծեցիր ինձ համար:

Շրթունքիս անկյունում մի արցունք է ծնվել,
Ալեհեր մի ցավ է ձեռքերս այրում…
Մի՞թե աշխարհն է  իմ մեջ խենթացել…
…Թ՞ե ես եմ խենթացել աշխարհում…

Ս.Ումառ-Հարությունյան

Բա՛ց արա դուռդ...



* * *
Երջանիկ մարդիկ նորից են ծնվում,
Գուցե այդպես է օրենքն աշխարհի,
Երջանիկ մարդիկ սկզբից կուրանում,
Հետո այլ կերպ են աշխարհին նայում:

Քո սերը վաղուց կուրացրել է ինձ,
Կյանքին նայում եմ ակնոցներով մութ,
Իսկ ձեռքիս փայտը ճանապարհներից
Քո ճանապարհը փնտրում,չի գտնում:

Հիշի՛ր, որ ես եմ քո պատուհանին
Նկարել լուսին ագահ աչքերով,
Հետո էլ խանդից կոտրել ապակին,
Որ քեզ լուսինն էր նայում գիշերով:

Հիշի՛ր, որ ես եմ սրտիդ օրագրում
Արևագույնի ակնոցներ ներկել,
Հիշի՛ր, արև եմ եղել քո կյանքում,
Հիմա ստիպված եմ սև ակնոց կրել:

Կիսալուսինն է մտել իմ թևը,
Մութ գիշերներն են աչքերս փակում,
Իսկ տարիներիս կուրացած բեռը
Քո փակված դուռն է անընդհատ թակում:

Բա՛ց արա դուռդ, վերադա՛րձ եմ ես,
Արևագույներ ներկող այն տղա՜ն,
Բա՛ց արա դուռդ ,գուցե դո՞ւ փշրես
Կույր տարիներիս ժանգոտված շղթան:

Ս.Ումառ

среда, 4 февраля 2015 г.

Ների՜ր, սիրելիս



Ասո՜ւմ են…
Աստված չի ջնջում անցյալդ, որ
Չմոռանաս ա՛յն,
Ինչը որ շատ ես ուզում մոռանալ…
… Ուրեմն ների՜ր,
Ների՜ր սիրելիս -
Քո հետ չանցկացրած
Իմ բոլո՜ր, բոլո՜ր
Օրերի համար…

Ասո՜ւմ են…
Իբր իմ խնդիրները
Լուծում է Աստված,
Իսկ երբ չի լուծում ու
Ես եմ լուծում բոլոր հարցերս -
Իմ առջև ծագած.
Դուրս է գալիս, որ ե՞ս էլ եմ Աստված…
… Ուրեմն ների՜ր,
Ների՜ր սիրելիս,
Ինձնից ի՞նչ Աստված…

Ասո՜ւմ են…
Աստված Ներում է նրանց,
Ովքեր իրենք են ներողի դերում ու
Ի՞նչ է ստացվում,
Որ ներողն ինքը դառնում է Աստվա՞ծ…
… Ուրեմն ների՜ր,
Ների՜ր սիրելիս,
Իմ բոլոր գործած,
Նաև չգործած
Մեղքերի համար…


Ս. Ումառ Հարությունյան

вторник, 3 февраля 2015 г.

Աստղաթափը տխուր մի երգ է

* * *
Ծառերը՝ մերկացած փերիներ,
Պարում են գրկում գիշերվա,
Դանդա՜ղ ու ցավո՜տ գիշերը
Ճանաչում է իմ ներկան…

Ամպերը անձրևոտ շապիկով
Վազում են խելագար աջ ու ձախ,
Լալի՜ս են, ընկնո՜ւմ կարոտով
Գիշերվա կրծքին լուսնաշաղ:

Աստղաթափը տխուր մի երգ է,
Կարծես թե` սառած արցունքներ,
Շշուկն է՝ լռության այդ մահերգը
Գիշերվա աչքերում ծվարել:

… Գիշերն անարև,
Անաղմո՜ւկ, խաղա՜ղ
Իբրև մարգարե իջնում է ծնկի…

…Գիշերն ուժասպառ է եղել…
Ծխում է օրվա
Ծխախոտն իր վերջին…

…Գիշերն արտասվում է
Իր մերկության վրա…
Լուսնաթովն է գիշերվա այտերին..

…Գիշերը ցավերով երկունքի,
Արարում է
Այս թավշյա՜ ու քնքո՜ւշ մեղեդին:


Ս.Հարությունյան (Ումառ)

Քայլում էիր

Քայլում էիր:
Կյանքն էր կծկվել -
Հարմարվելով շորերիդ մեջ,
Ու քաշում էր իր հետևից
Բյուր աչքերի հոծ բանակը
Ուղտերի պես:

Քայլում էիր…
Տառապանքների փշոտ հուշերը
Մեջքիդ բեռ բարձած,
Քայլով դողացող:
Ժպտում էիր,
Ինչպես կապույտ երազում
Արև խայտացող:

Դառն էր քայլքդ,
Բայց գեղեցիկ՝ ոչ ինձ համար,
Քանզի քայլքիդ ու աչքերիս ճանապարհը
Մեծանում էր ոչ իմ օգտին,
Քանզի քայլքդ հեռանալով
Կուլ էր գնում
Արդեն մեռնող

Մայրամուտին: