пятница, 13 июня 2014 г.

Նվիրիր ինձ ծաղիկներ…





           Նվիրի´ր ինձ ծաղիկներ՝ զանգակածաղիկ, վարդ շուշան,մեխակ, երիցուկ,… Նվիրիր շա~տ, շա~տ.. . Ուզում եմ զգալ նրանց բոլորի բույրը միանգամից …Պոկի´ր ինձ համար յասամանի մի ճյուղ, նվիրի´ր թրաշուշաններ  բոլոր գույների….

* * *
- Մի քիչ արագ շարժվի´ր, ինձ երեք ժամ է մնացել, կուշանամ:
- Մա´մ, չես ուշանա, ամեն անգամ նույն պատմությունն է: Այսօր ո՞ւր եք գնում: Ինչպե՞ս չես հոգնել այդ գործուղումներից:
- Դե, աշխատանք է: Այդ  խմբին անհրաժեշտ էր լավ հաշվապահ: Լավ էլ վճարում են: Այս անգամ հանքերն ենք գնալու` Քաջարան: Կգամ երեք օրից: Հարևան Սեդային ասել եմ, որ նայի մեկ-մեկ:
- Երեխա՞ եմ, մա´մ, արդեն քսանհինգ եմ…
- Գիտեմ, մի անգամ Վահեի հետ մենակ մնաս, արդեն պատկերացնում եմ…հետևանքը: Այդ տղան ինձ դուր չի գալիս, չգիտեմ ինչու, մի տեսակ չար է հայացքը:

<Իսկ ես սիրում եմ նրան, նա էլ ինձ: Մի քիչ գործերը կարգավորվեն, կամուսնանանք:
Մեր հարաբերությունները համբույրից այն կողմ չեն անցել: Բելլան՝ մորաքրոջս աղջիկը, ասում է, որ այդպես կկորցնեմ նրան: Բայց չէ՞ որ սիրում ենք իրար, մի՞թե ֆիզիկականն է կարևորը>: 

- Մա´մ, լա´վ էլի: Դու չե՞ս քրոջդ աղջկան կանչել, որ հետս մնա, կարծես փոքր լինեմ: 
- Բելլան մի բարի պտուղ չէ, բայց քո նման միամիտ չէ: Աննա´, Վահեն ոչ մի տեղ չի աշխատում, այդ ի՞նչ փողերով է քեզ ամեն անգամ ծաղիկներ առնում,  այն էլ` ոչ էժան: Այդ ի՞նչ փողով է մեքենան պահում: Ոչինչ չի ասում, որ իմանանք:
- Լավ էլի, սկսվե~ց, մա´մ, դե տղամարդ է, մի բան անում է, ես հո չե՞մ հարցնելու: Համ էլ սովորական մեքենա է, թանկերից չէ:
- Իսկ նա փորձ արե՞լ է, դե քեզ …
- Մա´մ, Վահեն կարգին տղա է, քո մտքով….
Մայրը գլուխն օրօրեց ու նորից մի անհաջող փորձ արեց փակելու ճամպրուկը:

<Գլուխս պտտվում է : Մի բաժակ գինո՞ւց է, թե՞ Վահեի ձեռքերից, որ  ուսումնասիրում են մարմինս, շուրթերը չի կարողանում կտրել իմ շուրթերից…
Ճիշտ է, գլուխս պտտվում է, բայց զգում եմ, որ ձեռքերը բավականին հեռու են գնում, միթե՞ այդպիսին է սերը, ո~չ այդպիսին չէ:
- Վահե´, ի՞նչ ես անում, այդ ո՞ւր, անհարմար է…
- Սիրում եմ, միթե՞ չի կարելի: Դու ի՞նչ է, 16-րդ դարի՞ց ես եկել:
Աննան Վահեի ձեռքը հանեց շրջազգեստի տակից ու  հետ քաշվեց:
 Հետո զգաց, որ մի քիչ անարդար վարվեց, նորից գրկեց Վահեին ու շուրթերով ձուլվեց նրա շուրթերին: Հաճելի~ էր:
Վահեն սկսեց քանդել զգեստի կոճակները: Ինքը դեմ չէր: Հետո, երբ զգաց հաճելի տաքություն կրծքեր վրա, մի ուժեղ տաք ալիք անցավ մարմնով, ու դողաց:
Զգաց, որ կրծկալը քանդած չէ, իջեցրած է կրծքի տակ,  ու,  չգիտես ինչու, Վահեի ատամները նուրբ կծում են ձախ կրծքի գլխիկը:
Վեր թռավ տեղից:
- Քեզնից չէի սպասում, Վահե´, ինձ ո՞ւմ տեղն ես դրել:
Երեք օր չէր կարողանում զանգահարել Վահեին. հեռախոսն անջատված էր:
Երեք օր ուղեղը կրծում էին ինչ-որ սրատամ մանր կենդանիներ, մարմինը կարծես ծակում էին բազմաթիվ ասեղներ, ու ցավ էր հոգում:
Մի՞թե սխալվեցի, մի՞թե պետք է թույլ տայի, մի՞թե դա սիրո ամենաբաղադրիչ մասն է: Ինչո՞ւ, ինչո՞ւ մայրերը չեն սովորեցնում` ինչպես վարվել նման դեպքերում:
Վերջապես այսօր հաջողվել էր կապվել Վահեի հետ: Առանց ավելորդ բացատրությունների  խոստացել էր, որ գալու է երեկոյան>:
  
* * *
Աննան ու Բելան պատուհանից նայում էին:
Բակ մտավ մի սպիտակ <Մերսեդես>:
- Մա´մ, եկան, իջի´ր:
- Գոնե ծաղիկ բերեին,- Բելլան նայեց մորաքրոջը:
- Գործուղման գնալուց ծաղիկ են բերո՞ւմ, Բելլա´: Գլխումդ քամիներ են, ե՞րբ ես լրջանալու: Լա´վ, եկեք համբուրեմ: Ես գնացի:
Ճամպրուկը բեռնախցիկում տեղավորելուց հետո <Մերսեդեսը> շարժվեց` ճանապարհ տալով բակ մտնող մի այլ մեքենայի:
Մեքենայից դուրս եկավ Վահեն` ծաղկեփնջի պոչից  բռնած, ծաղիկների գլուխները ներքև:
- Վա~խ, Ա´ն, ի~նչ լավ ծաղիկներն են,- Բելլան հիացմունքով նայում էր:
- Հիմա այդ ծաղիկները կգան մեր տուն:

           Տեսնում եմ, թե ինչպես ես մոտենում: Տեսնում եմ, թե ինչպես են նրբերանգ գույներով ճառագայթում ձեռքիդ բնության այդ գեղեցիկ զավակները` թեկուզ պոկված հողից, բայց այն պայմանով, որ կարողանան պարգևեն ուրախություն, ջերմություն, որ կարղանան ցույց տալ քո սերը, քո զգացմունքները, հավատարմությունը…
Ուզում եմ, որ նրանք լինեն հաճելի քո նվիրական մտքերի` ինձ պատկանելիության նման:

- Սա՞  է Վահեն, Ա´ն: Լավն է, ինչո՞ւ մամայիդ դուր չի գալիս: Ես ձեզ մենակ կթողնեմ, լա՞վ: Մամադ չի իմանա:
- Չէ´, ի՞նչ ես ասում, - Աննան կարմրեց,- Գժվեցի՞ր, նման բան չկա:
- Դու չես հասկանում, Ա´ն: Ուզում ես կորցնե՞լ նրան:

* * *
Ու շադրություն դարձրել եք, արդյոք,  թե ինչպես է տղամարդու քայլվածքը փոխվում ծաղիկներ տանելիս…
Կնոջը`արագ քայլերով, գլուխը կախ…
Սիրած կնոջը` գլուխը բարձր, ժպիտը դեմքին…
Դստերը, հպարտ, հանդարտ, ծաղիկները սեղմած կրծքին…
Մորը`կարծես սահելով օդում, թեթև քայլերով…
Կին տնօրենին` արհամարական կիսաժպիտով, ծաղիկների գլուխները պահած ներքև…

* * *
- Ծանոթացի´ր, Վահե´, մորաքրոջս աղջիկն է` Բելլան:
- Ուրախ եմ, Բելլա´:
Վահեն ուշադիր նայում էր Բելլային: Ժպտաց:
- Դե, ո՞վ է սուրճ պատրաստում ինձ համար:
Բելլան անխոս գնաց խոհանոց:
Խոսակցությունը չէր ստացվում: Նստած իրար դիմաց, Աննան ուշադիր նայում էր Վահեին` կարոտած աչքերով: Վահեն ծխում էր գլուխը թեքած:
<Ինչքա~ն եմ քեզ սպասել, երեք օր, ո~չ,  մի ամբողջ հավերժություն, ինչո՞ւ այդպես եղավ, ինչո՞ւ չհասկացար ինձ…>:
<Մայրը գնաց հերթական գործուղման, ինձ կանչեց, ու մենակ չէ, ոչինչ չեմ հասկանում>:
Բելլան բերեց սուրճը:
- Մի՞գուցե ավելի թունդ մի բան խմենք, - Բելլան նայեց Վահեին:
- Ես մեքենայով եմ:
- Վահե´, ինձ ծխախոտ տուր: Հիմա սուրճս խմեմ, գնում եմ, գործ ունեմ:
Անան կարմրեց: Ցանկացավ ինչ-որ բան ասել, բայց չկարողացավ:
- Ես էլ եմ գնում, գործ ունեմ, Աննային կարոտել էի, մտա մի կես ժամով…
- Ինչո՞ւ, դուք մնացեք, դեռ ասելու բան կունենաք իրար: Ես անպայման պետք է  մեր տանը լինեմ:
- Չէ, հաստատ չեմ կարող, միգուցե ավելի ուշ կարողանամ:
- Դե, այդ դեպքում ինձ էլ կտանես, մինչև կանգառ:
- Իհարկե:

* * *
- Վահե´, ինչ լավ ես վարում` հանգիստ, վստահ:
- Դու որտե՞ղ ես ապրում:
- Էրեբունի, հիվանդանոցի մոտ:
- Կտանեմ, ես էլ եմ այդ կողմը գնում, ուզո՞ւմ ես վարել սովորել:
- Այո, շատ, կսովորեցնե՞ս: Հիմա եմ ուզում:
- Դե լավ, խաչմերուկն անցնենք:
Վահեն թեքվեց աջ` դեպի Բուսաբանական այգի ու կանգնեցրեց մեքենան:
- Արի´ տեղերով փոխվենք,  հիմա կփորձենք վարել:
- Չէ´, միանգամից վախենում եմ…
Բելլան տեղավորվեց ղեկի մոտ:
-  Այդպես, լավ է: Չէ´, մյուս ոտքով ոտնակը  հավասարաչափ…
-  Ո՞ր ոտքով, չեմ կարողանում:
Վահեն ձեռքը դրեց  ոտքին, ծնկից քիչ վերև:
- Այ, ա´յս ոտքով սեղմում ես արագության…
-  Իսկ կարելի՞ է, ես ծնկներիդ նստեմ, այդպես սովորեցնես: Հեշտ կլինի սկզբի համար:
Բելլան նստեց Վահեի ծնկներին…
Հատ ու կենտ անցնող մեքենաները երկար նայում էին ղեկի մոտ համբուրվող զույգին, մեկն էլ նույնիսկ ձայնային ազդանշանով ուշքի բերեց:
Հիվանդանոցի մոտ ծաղիկներ էին վաճառում:
- Այստեղից ձախ,  ա´յ, այստեղ կանգնիր, բան եմ ասում:
… Նվիրի´ր ինձ ծաղիկներ՝ զանգակածաղիկ, վարդ, շուշան, մեխակ, երիցուկ,… Նվիրի´ր  շա~տ,  շա~տ… Ուզում եմ զգալ նրանց բոլորի բույրը միանգամից …Պոկի´ր ինձ համար յասամանի մի ճյուղ, նվիրի´ր թրաշուշաններ  բոլոր գույների….ինչպիսին որ Աննային ես նվիրել:

Վահեն իջավ մեքենայից ու վերադարձավ   մուգ կարմիր վարդերի մի փնջով:

* * *
Երբ մտան ներս, դեռ միջանցքում Բելլան գցեց պայուսակը հատակին ու գրկեց Վահեին:
Չէր ցանկանում, որ դանդաղ հեռացող ջերմությունը լքեր մարմինն այդքան շուտ:
Մարմնում կարծես հալվեց վերջին սառույցը, ու մի տաք ալիք հարվածեց ոտքից գլուխ:
Զգաց մի այնպիսի թեթևություն, ինչպես զգացել էր քիչ առաջ այգու մոտ :
<Ես կստանամ ինձ հասանելիք երջանկության բաժինը>:

Կանգնի´ր ժամանակ,  մի´ պտտվիր մեր շուրջը:
Ամեն ինչ կանգ է առել աշխարհում, մնացել ենք միայն ես ու դու:
Ավելի մոտիկ եմ ուզում, սա է, որ երբեք չէի պատկերացնի:
Չեմ հասկանում, այդ ե՞րբ մերկացանք, ե՞րբ հասանք ննջարան` իմ մահճակալին:
Սիրտս այնքան արագ է աշխատում, որ կարծես փորձ է անում դուրս գալ ականջներիս միջից:
Գլուխդ մազերիս մեջ է: Շնչառությունդ չի կարգավորվում, չեմ ուզում այսպիսի լարվածություն, թող թեթև լինի, եթերային…
Վախենում եմ նորից սառնություն մտնի մարմինս, հեռանաս մեր հպման տեղից ու աչքերդ թաքցնելով, հագնվես ու գնաս…
Համբուրի´ր, համբուրի´ր,  լուսնոտ ափերով ազդրերիս վրայով  անցիր հասիր….որ կարողանամ ճախրել`շուրթերդ շուրթերիս: Բաց չթողնես ինձ, խնդրում եմ…
Ինչպես են կարողանում մեր մարմինները հասկանալ միմյանց:
Նորից մի տաք ալիք, դիմանում եմ, նորից…նորից…
Երևի  կիսամութի մեջ լույս եմ արձակում, ի՞նչ իմանամ, ոչինչ չեմ զգում բացի քեզնից:
Ես այրվո~ւմ եմ….
Հաճույքից իմ ատամները  խրում եմ Վահեի ուսին…

* * *
Անկողնում նստած հեռախոսով է խոսում:
- Չէ´, Ա´ն, մի´ սպասիր, գործեր ունեմ: Չէ´, չեմ գալու: Լա´վ, մոտս մարդ եկավ: Դու մի´ զանգիր, ես ազատվեմ, ինքս կզանգեմ: 
Վահեի ուսին մի մանուշակագույն  հետք է ու իմ ատամներից մնացած կարմիր բծերը:
Շոյում եմ, համբուրում  Վահեի ուսը:
- Ինձ ամեն օր ծաղիկներ կնվիրե՞ս:
- Ամե~ն օր:

* * *
- Աննա, ո՞նց եք: Ի՞նչ եք անում:
- Լավ ենք մա´մ, ե՞րբ ես գալու:
- Աննա´, ի՞նչ է եղել: Բելլան այդտե՞ղ է: Մենակ ե՞ք, չխաբես: Բելլայի´ն տուր հեռախոսը:
- Հա ,մա´մ, մենակ եմ, Բելլան քնած է արդեն: Համբուրում եմ, բարի գիշեր:

Նվիրիր ինձ ծաղիկներ…
Աննան բացեց պատուհանը ու դուրս շպրտեց ծաղիկները:
Զգաց, որ մարմինն ապրում է, բայց հոգին մահացել է:
Սիրտը սկզբում մի քիչ դիմադրեց, բայց հիմա մի ծանր քարի նման ընկած է կրծքավանդակում:                
Կյանքը խեղդվեց Հուսահատության մեջ ու նույնպես քարի նման ընկավ  Դավաճանության բառի ոտքերի տակ:

Ս.Ումառ


 

вторник, 10 июня 2014 г.

Տարփերգ (բանաստեղծություն)



Քո՛ մեջ Արևն է այրվում…
Քո՛ մեջ Սպասումը չի ձանձրանում…
Քո՛ մեջ սպասումը անձրև է դառնում…

Բարոյակա՜ն է անձրևը,
Սպասումն առաքինի՛…
… ու մոտեցող անդունդի հաճելի շնչառությունն է
քո դեմքին:
Դու երկնքի բաշին ես՝
Օրորվո՜ւմ ես նրա նրա վազքին համահունչ՝
Ծա՛ռս ես լինում լո՜ւռ ու մունջ:
Տիեզերքի աչքերը թա՜ց են ու
Շուրթերն են են ժպտում,
Տիեզերքը քեզնով է ծածկվում …
Տիեզերքի ժպտացող շուրթերը
Ընկնո՛ւմ են գետնին
Ու հեծկլտո՜ւմ…
Քսվում ես լուսնի եռացող կատարին
ու ցորենի կիսածլած հասկի մի կտոր
շշնջում է քո             ականջին…
- Սա՞ էիր, ցանկանում, դե մահացի՛ր…ու
մահանում ես ապրելո՛ւ համար:

Մահանում ես ամենաբարո անձրևի
Կաթիլների հարվածներից,
Ու զարկերակդ հանձնած առվակի ալիքներին
Փլվո՜ւմ ես,
Ինչպես փլվում են երազանքներդ…
Գրկո՜ւմ ես…

Նախապես ձևած ու չափած քո շրջագիծը՝
Դերձակի մկրատը հմուտ
Սեղմում է,  ծամում,
Դու չես դիմադրում,
տեղի ես տալիս ինչպես մթանն է տեղի տալիս
իրիկնապահը,
Քեզ լափում է պահը…
(Ինչո՞ւ դիմադրել, երբ այսքան քաղցր է Մահը)
Փորձ ես անում հավաքել ինքդ քեզ,
Մի տեղ՝ քո գրկում…
Փորձում ես մտնել սեփական գիրկդ,
Որտեղ տեղ չկա քեզ համար…

Քեզ կուլ է տալիս երկինքը…
- Սա՞ էիր ցանկանում, մահանա՞լ…
Ու մահանում ես ապրելու համար:

Մահանում ես, ցանկանում
Նորի՛ց
Մահանալ…

Ս.Ումառ

суббота, 7 июня 2014 г.

Տուր ինձ քո հասցեն





«   Կյանքս սկսվել է մեր ծանոթության առաջին օրից,
… հասկացա որ անիմաստ են եղել իմ բոլոր սերերը,
երբ արթնացար դու երակներիս մեջ,
երբ իմ մեջ դու ծնվեցիր - Այրվեց վայրաբար քո գոյն իմ մեջ
ու օրերը սին իմ հիշողության,
Ինձ ծնված օրից երբեք չէր տանջել ոչ մահվան սկիզբը և ոչ էլ վերջը հավերժության…
Այսօր ուրիշ է, ուրիշ հարթություն՝
Ապրում ես իմ մեջ ու թողնում ես, որ
կեսգիշերային աստղերն իրենց սառնությամբ ծակծկեն հոգիս, այնինչ բղավում եմ,
որ ինչ որ մեկն ինձ ուղարկի այն վայրի կոորդինատները,
որտեղ հավաքվել են կրքերն աշխարհի…
որտեղ կրակը կանաչ է Քո աչքերիդ նման,
որտեղ աշխարհն է ծվարել հողի ծալքերում,
որտեղ օրորվում են սերերն աշխարհի մի թեթև հովից,
որտեղ արեգակը երբեք  չի իջնում, ծունր չի գալիս
գիշերվա փեշին՝
ալյ եռացնում է ու մասունք սարքում Քո զգեստի փոշին…

Տվեք ինձ հասցեն թե ուր են գնում Նրա աչքերից թափված արցունքները…
Ու որպես ի լուր՝ աշխարհին հայտնեմ, որ դրանք սոսկ նետված աղի կաթիլներ չեն այլ վարդագույն մարգարիտներ, որ ցանկացած մարդու ծոցագրպանում, նրան վերածում  են,  որպես մի խենթի, մի խելագարի, մի մունետիկի սիրո ու կրքի…
Հասցեն խնդրում եմ… այն խորհրդավոր կղզու, որտեղ
Նրա բարակ ու նուրբ զեփյուռ- մատները սահում են օրերիս նման սպիտակ ու սև ստեղների վրայուվ ու որպես հրաժեշտի նշան թափահարում վարսերը… դեղին ու կարմիր բաժակների մեջ խեղդում  ցավը, տանջանքն ու  հոգնածությունը…
Այսօր իմ մեջ ես տեսնում եմ Նրա շարժը, որ ոտքերիցս բարձրանում է հասնում մազերիս ծայրն ու ուրանի ատոմի նման տրոհվում ուղեղիս մեջ՝ սիրտս պայթում է իմ և Նրա հեռավորությունը պատկերացնելիս ու արյունս ցփնվում մարմնիս պատերին…մարմինս նարիջ, որ կլպվում է Նրա ձեռքերով ու մերկ կանգնում մի սարի գագաթին, որը դարեր շարունակ կանաչ չի տեսել, որտեղից ստվերս սահելով սարի լանջերի վրայով հասնում է Նրա ծովի ափերին, զարնվում, ափամերձ քարերին ու բղավում է.
- Սե՜ր, տուր ինձ քո անհասցե հասցեն…»

* * *
- Ինչո՞վ ես զբաղված, գիշերվա երեքն է:
- Նամակ եմ գրում:
- Ո՞ւմ:
- Ռուսաց թագավորին:
- Ես լուրջ եմ հարցնում,- տեղավորվեց հեռուստացույցի վրա:
- Ե՛ս էլ, ինչո՞ւ դուրս եկար իմ միջից, այնքա՜ն լավ էր:
- Ինձ լավ չէր, անհանգի՜ստ էի մի տեսակ:
- Երբ ինձ համար լավ է, քեզ համար ո՛չ և հակառակը, ինչո՞ւ:
- Այդպիսին է կյանքը, ի՞նչ արած: Մի բան հարցնե՞մ, երբ դու մահանաս ես ի՞նչ եմ անելու, ո՞ւր եմ գնալու, մեկը չկա որ…
- Կգնաս Միջերկրական ծով, այնտեղ մի խորհրդավոր կղզի կա:
- Չե՛մ ուզում, եթե կղզի է, ուրեմն ծով, եթե ծով է ափամերձ քարեր, չե՛մ ցանկանում զարնվել ու փշրվել, ինչպես դու էիր քիչ առաջ գրել:
- Կամակորություն մի արա, այդպիսին է իմ կյանքը, ի՞նչ արած, դու էլ անբաժան ես ինձնից ու միշտ քո հիմար խորհուրդներով փչացնում ես ամեն ինչ:
Հոգիս ոտքերը կախեց հեռուստացույցի էկրանին, լնդերը քշտեց ու հռհռալով թռավ հատակին:
Մոտեցավ արդեն լրջացած, երբ կես քայլ էր մնացել մինչև ինձ հասնելը հարվածեց գլխիս:
Դեմքով հարվածեցի գրածս թղթին, վեր թռա տեղիցս ու իմ բռունցքն էլ իջավ նրա դեմքին:
Առաջին դեպքն էր, որ ձեռք էի բարձրացնում սեփական հոգուս վրա ու չկառավարելով հարվածիս ուժգնությունը նրան բաժանեցի բազմաթիվ մասերի, որոնք լցվելով սենյակովս մեկ սկսեցին լաց լինել:
Չէի հասկանում թե՞ որտեղից  էր գալիս ձայնը, ո՞ր կողմից, ո՞ր անկյունից:
- Ինչո՞ւ խփեցիր, ես ընդամենը ցանկանում էի քեզ սթափեցնել, ինչո՞ւ ես դաժան, ինչո՞ւ չես սիրում ինձ, չէ՞ որ ես քոնն եմ, անառարկելի հեծկլտալի փաստ: Իսկ դո՞ւ…

Հատակին մանր խեցիներ էին, ամեն մի խեցու մեջ արցունքի մի կաթիլ, սպիտակ, թափանցիկ, պսպղուն, որ դանդաղ դառնում էին մարգարիտներ, ուռչում ու պայթում ցրվելով օդում:
Անսպասելի բացվեց պատուհանի փեղկն ու բազմաթիվ նեղացած մասնիկներ ձեռքերը թափահարելով սուրացին դուրս…
- Ո՞ւր, ի՞սկ ես, ես ի՞նչ պետք է անեմ…մենա՜կ, անհոգի՜:
- Միջերկրական ծո՜վ, խորհրդավոր կղզի՜…իսկ դու, դու արդեն վերջացար, մեզ միայն հասցեն էր պետք:

« …Հոգուց դատարկված մարմինը
նման է մի խաղալիքի, որը չի կարող ունենալ
մանկություն, հիշողություն, ձգտումներ,
սպասելիք, երազանք, կարոտ, հավատ…
Մարմինդ դառնում է մի դատարկ անձավ,
անտարբեր կյանքին՝ սոված ու ծարավ,
չի կարողանում մութը լույսից զատել,
չի կարողանում սիրել, ատել,
փնտրում է օտար ոտնահետքեր ու
փորձ է անում է նրանցով քայլել,
(Աստված մի արասցե)
ի՞նչ տարբերություն
հասցե, անհասցե…»

 Աջ ձեռքս արագ-արագ գրում էր, իսկ ձախ ափիս մեջ  ցավ էր, այրում, փորձ՝ կծելու, ազատվելու իմ մատներից…
… անհաջող փորձերից ուժասպառ վերջապես շշնջաց:
- Բա՛ց թող, խնդրում եմ, ես էլ եմ ուզում բոլորի նման…
- Չե՛մ կարող, դու իմ վեջին հույսն ես, իմ միա՛կ հույսը, քո մեջ դեռ մնացել են որոշ բաներ ինձ համար թանկ, անփոխարինելի ու պատահան չէր, որ քեզ գտա հատակին ընկած վերջին խեցու մի անկյունում՝ վախեցած ու կարկամած: Մի՛ լքիր ինձ խնդրում եմ, դու իմ վերջի՜ն, վերջի՜ն հույսն ես:
- Չե՛մ ուզում լինել վերջինը:
- Գիտե՜մ, ինձ նման կամակոր ես:
- Կամակոր չեմ այլ պահանջկոտ, փակի՛ր պատուհանիդ փեղկը, կարող է չդիմանամ գայթակղությանը:
- Գիտե՜մ, ինձ նման ես, չհամակերպվող: Սպասիր այստեղ իմ գրած թղթի վրա, ես կփակեմ պատուհանը:
Մինչ կմոտենայի պատուհանին, նա արագ թռավ ու հեռացավ…
Գիտեի՜…
Փակեցի պատուհանն ու մոտեցա գրասեղանիս:
«Կգրեմ վերջին տողս ու…»
Պատուհանը թակեցին:
Գիտեի՜…
Մոտեցա, Նա էր՝ իմ վերջին հույսը:
- Ի՞նչ ես ուզում, ինչո՞ւ եկար:
- Բաժանվեցինք առանց կռվի, այդպես լավ չէ, նե՛րս թող: Գիտեիր չէ՞, որ կգամ:
- Գիտե՜ի: Նման ենք: Բայց մի՞գուցե հիմա գնաս, եթե հետո հեռանաս, շատ ցավոտ կլինի, դե՜…մեկ էլ ասա՛ խնդրում եմ, իմ հոգու ո՞ր մասնիկն ես, ո՞ր մասից:
- Իմ տեղը, իմ հասցեն  քո կապույտ աչքերի թարթիչների տակ է..
Ես միայն այդ հասցեն գիտեմ…

Ս.Ումառ   2014 մայիս


Տանդեմ




- Ինչո՞ւ ես ցածր խոսում, ձա՞յնդ է քաշվել:
- Ո՛չ, մերոնք քնած են, ի՞նչ է պատահել:
- Առավոտյան կգա՞ս, ես ուզում եմ քեզ ցույց տալ արշալույսը, քաղաքի վերջնամասում այն հիանալի է երևում:
- Դե՜, եթե ստացվի, լավ, կգա՛մ անպայման, կսպասես մուտքի մոտ:

- Սա ի՞նչ է, սրանո՞վ պետք է գնանք:
- Սա երկտեղանի հեծանիվ է, տանդեմ, հարկավոր է երկուսով պտտել ոտնակները, համահունչ: Նստիր այստեղ, բարձրացրու ոտքդ:
- Ես կարճ շրջազգեստով եմ, ի՞նչպես պետք է պտտեմ ոտնակները, շորս կբարձրանա:
- Ես մեջքով եմ լինելու, ոչինչ չեմ տեսնի:
- Ի՞սկ մարդիկ:
- Ի՞նչ կապ ունեն մարդիկ, մի՞թե կարևորը ես չեմ:
- Չգիտե՜մ, մի տեսակ չեմ ուզում, անհարմար է: Իսկ դու կգնա՞ս առանց ինձ:
- Չգիտե՜մ… եթե չես ցանկանում, ես անպայման պետք է տեսնեմ այսօրվա արշալույսը:
- Ինչո՞ւ:
- Այսօր մի նոր աստղ է լուսարձակելու, ասում են երբ նոր սեր է ծնվում, երկնքում նոր աստղ է ծնվում, մի՞թե քեզ հետաքրքիր չէ:
- Չգիտե՜մ, մի տեսակ չեմ ուզում, անհարմար է:

… Քաղաքի վերջնամասին մի տանդեմ էր մոտենում:
Տանդեմի ղեկին մի տղա է,ր որ անվստահ էր քշում հեծանիվը միայնակ լինելուց:
Նա գիտեր, որ երկնքում այսօր չի տեսնի նոր լուսարձակող իր աստղի փայլը, բայց գնում էր ընդառաջ:

Այտերին արցունքներից մնացած փոքրիկ հետքեր էին, որոնց հանդիպակած թեթև քամին չորացնում էր, դարձնում աղի հետքեր ու դրանից ավելի մրմռեցնում…սիրտը:

Նա գիտեր որ միայնակ է դիմավորելու նոր բացվող արշալույսին, այդքան գեղեցիկ բայց տխուր գույներով:

Ետևի նստատեղը դատարկ էր, տղան զգում էր ոչ թե միայնություն այլ մի դատարկություն, որն առաջանում է սպասման ու միայնության  մեջտեղում՝ նման այն հիասքանչ գեղանկարին, որի համար կարող են վճարել մեծ հարստություն, բայց որը որ կախվել է քո նկուղի պատից ու դու նայելով նրան ցանկանում ես ունենալ ոչ թե այդ անկենդան նկարը այլ մի սովորական կենդանի հեռուստացույց:
Լուսանում էր…


Ծաղկեփունջ



* * *
Փողոցում մի ծաղկեփունջ է ընկած
Փոշու, կեղտի մեջ, բայց երևում է, որ մի ժամանակ եղել է գեղեցիկ ծաղկեփունջ:
Մի խառը ծաղկեփունջ է, սպիտակ, կապույտ, կարմիր, վարդագույն ծաղիկներից կազմված...
Մի պահ թվաց, թե նման է կյանքի օրերից կազմված մի փնջի, որտեղ ծաղիկների փոխարեն օրեր են տխուր, ուրախ...
Կարծես փողոց է շպրտվել ինչ որ մեկի մի փոքրիկ կյանքի հատված, որը հիմա անտարբեր մարդկանց ոտքերի տակ, փոշու մեջ ոչ մեկին հարկավոր չէ...
 Հետաքրքիր է ու՞մ է նախատեսված եղել, սիրած էակի՞ն, ծննդան օրվա՞ն, կնունքի,՞ նշանդրեքի,՞ հարսանիքի,՞ հարավոր չէ իմանալ...
Ընկած է ծաղկեփունջը և ոչ մեկին պետք չէ, քամին էլ փորձում է քանդել ցելոֆանը, ցրիվ տալ ծաղիկներին...
Ծաղկեփունջը հոգին ավանդել է, ծաղիկները չորացել...

Մեր օրերն էլ հերթով չորանում են, ժամանակին թափված արցունքներից հետք չի մնում, հոգիներս էլ կարծրանում են...
Միգուցե վերցնել այդ ծաղկեփունջը, հեռացնել մարդկանց ոտքերի տակից, միգուցե հանձնել հողին...
Ինչ է կյանքը, պայքար, առնետների վազք, շտապողականության մրցում, անտարբեր լինելու հաճույք...

Աստված մի արասցե, որ կյանքի որևէ հատվածում, թեկուզ վերջին հատվածում, հայտնվենք այս ծաղկեփնջի նման ընկած փոշու մեջ ու բոլորի համար լինենք մոռացված...

Ս.Ումառ